Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2022
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.02.2022
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2022

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2022 թվականի

ք. Երևան

թիվ 16-Ա

 

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (այսուհետ` Հանձնաժողով) ուսումնասիրելով 2022 թվականի փետրվարի 12-ին իր նախաձեռնությամբ հարուցված թիվ 4 վարչական վարույթի նյութերը` պարզեց.

Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության (այսուհետ` Հեռարձակող) «ԱՐՄՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագրի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել է, որ 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից Հեռարձակողն ավելի քան 24 ժամ չի ապահովում տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով՝ 2022 թվականի փետրվարի 12-ին Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ինչպես նաեւ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հաշվի առնելով, որ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս է Հեռարձակողին վարչական վարույթ հարուցելիս չի ծանուցել։

Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը.

Հեռարձակողի կողմից 2022 թվականի փետրվարի 11-ին ժամը՝ 00:01։00-ից առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովվել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը եւ որևէ հիմնավորում չի ներկայացրել տեսալսողական հաղորդումների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

Իսկ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

«Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:

«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը սահմանում է.

Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել` օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հանձնաժողովն ամրագրում է, որ առկա է Հեռարձակողի լիցենզիայի գործողության կասեցման հիմքը, քանի որ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։

Փաստում ենք նաև, որ Հեռարձակողը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ է, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

1. Կիրառել վարչական տույժ՝ կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ հինգ օր ժամկետով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

          

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ՝

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

   

2022 թ. փետրվարի 12

ք. Երևան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2022 թվական: