Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 182-Ն

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

      

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 182-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ

 

1. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն որոշմամբ սահմանվում են բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները:

2. Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեության ընթացքում պարտավոր է`

1) հարգել մարդու արժանապատվությունը.

2) գործել ապացուցողական բժշկության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով գիտության ձեռքբերումները և պացիենտի վիճակը.

3) ցանկացած բժշկական միջամտության ժամանակ գործել համաչափության և մասնագիտական անհրաժեշտության սկզբունքներին համապատասխան.

4) հարգալից վերաբերվել պացիենտի ընտանիքի անդամներին, օրինական ներկայացուցիչներին, կոնտակտային անձին.

5) իր իրավասության շրջանակում ձեռնարկել միջոցներ` ուղղված բժշկական օգնության և սպասարկման որակի շարունակական բարելավմանը.

6) լինել իրազեկ գիտատեխնիկական առաջընթացի ձեռքբերումներին, բարեխղճորեն իրականացնել իր մասնագիտական գործունեությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: Ընդ որում, բուժաշխատողի գործողությունները չեն կարող գերազանցել մասնագիտական որակավորման շրջանակները:

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ՊԱՑԻԵՆՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

3. Բուժաշխատողը պացիենտի հետ իր հարաբերություններում պարտավոր է՝

1) դիմել անհրաժեշտ միջոցների՝ պացիենտի առողջությունն ամրապնդելու (բարելավելու) և ցավը մեղմելու համար.

2) հարգել պացիենտի արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, հիմնական իրավունքները և ազատությունները.

3) հարգել պացիենտի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հարգալից վերաբերվել նրա դավանած կրոնին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներին.

4) ձեռնպահ մնալ պացիենտի վարքի վերաբերյալ դատողություններից և չպարտադրել սեփական մոտեցումներն ու արժեքները.

5) օգտագործել իր իրավասությունը և մասնագիտական կարողությունները` ի շահ և ի բարօրություն պացիենտի, բացառել գործելակերպը, որը հակասում է պացիենտի շահերին կամ ենթադրում կամ ստեղծում է սպառման արհեստական կարիք.

6) հոգատար լինել պացիենտի նկատմամբ և գործել նվիրումով՝ պացիենտի առողջությունն ամրապնդելու կամ վերականգնելու, վերջինիս կյանքը և դրա որակը պահպանելու համար.

7) իր իրավասության սահմաններում պաշտպանել խոցելի խմբերին պատկանող պացիենտների իրավունքները, այդ թվում՝

ա. երեխաներին՝ պաշտպանելով նրանց ցանկացած տեսակի ոտնձգությունից,

բ. տարեցներին՝ նպաստելով նրանց ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական անկախությանը և ինքնասպասարկման կարողությանը՝ նպատակ ունենալով բարելավել նրանց կյանքի որակը,

գ. հաշմանդամություն ունեցող անձանց.

8) իր մասնագիտական գործունեության ընթացքում բացառել որևէ հիմքով խտրականություն կամ խոշտանգման, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք պացիենտի նկատմամբ:

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

4. Բուժաշխատողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնում է հավասարության, արդարության, համերաշխության սկզբունքներին համապատասխան, որոնց շրջանակներում պարտավոր է՝

1) հարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը.

2) հարգալից վերաբերմունք և քաղաքավարություն դրսևորել այլ բուժաշխատողների նկատմամբ.

3) դրսևորել համագործակցային վարքագիծ և փոխվստահություն այլ բուժաշխատողների նկատմամբ.

4) պացիենտներ ներգրավելու նպատակով չթերագնահատել կամ որևէ այլ կերպ բացասական գնահատականներ չտալ այլ բուժաշխատողների վերաբերյալ.

5) իր պատվին և արժանապատվությանը համապատասխան դրսևորել հասարակական և մասնագիտական վարքագիծ:

 

4. ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

5. Մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում բուժաշխատողը հանրային առողջության պահպանման նպատակով պարտավոր է՝

1) սահմանված կարգով անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվառման և հաղորդման ենթակա հիվանդությունների մասին.

2) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքում իրավասու մարմնի պահանջով տրամադրել բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ՝ շարունակելով սպասարկել նաև իր պացիենտներին․

3) hամագործակցել իրավասու մարմինների հետ` հիվանդությունների և առողջության հետ կապված այլ խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման գործում.

4) իրավասու մարմիններին տրամադրել իրեն հասանելի տեղեկատվությունը՝ հանրային առողջապահության հետ կապված փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

5) ապահովել հանրային առողջության պահպանման ոլորտում իրավասու մարմինների որոշումները՝ պահպանելով սույն կանոնները։

 

5. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ-ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

6. Բուժաշխատողն իրավունք չունի առողջապահության բնագավառում, մասնավորապես, դեղերի, բժշկական արտադրատեսակների արտադրության, մեծածախ և մանրածախ ներմուծման, արտահանման գործունեություն իրականացնողից ընդունել նվեր կամ տալ այն հետագայում ընդունելու համաձայնություն, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա:

 

6. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

 

7. Սույն գլխի իմաստով շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ բուժաշխատողի` պացիենտի շահերից գործելու պարտականությունը վտանգվում է կամ կարող է վտանգվել կամ որևէ այլ կերպ ներազդեցություն ունենալ՝ ելնելով բուժաշխատողի, նրան փոխկապակցված անձանց և երրորդ անձանց միջև առկա մասնավոր հարաբերություններից: Սույն կետի իմաստով փոխկապակցված անձ հասկացությունը կիրառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով:

8. Բուժաշխատողն իր մասնագիտական պարտականությունների իրականացման ընթացքում պարտավոր է բացառել շահերի բախումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական: