ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0426/11/18 | ||
Գործ թիվ ԵԴ/0426/11/18 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
|
|
|
2020 թվականի մայիսի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ դիմող Հրայր Սվյատոսլավի Հովսեփյանի փաստաբան, ներկայացուցիչ Ռ.Ահարոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննիչ Հ.Մկրտչյանի (այսուհետ՝ նաև Հետաքննիչ)՝ 2016 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ դիմող Հրայր Հովսեփյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ռ.Ահարոնյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնակատար Մ.Գրիգորյանի (այսուհետ՝ նաև Դատախազ)՝ 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
2. Փաստաբան Ռ.Ահարոնյանի՝ բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Ռ.Ահարոնյանի՝ բողոք բերելու իրավասություն չունենալու պատճառաբանությամբ։
3. Վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ բողոք բերելու իրավասություն չունենալու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ռ.Ահարոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
4.1. Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել փաստաբան Ռ.Ահարոնյանի բողոքի վերաբերյալ վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին:
4.2. «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը» Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴԱՈ-110 որոշմամբ քննության ընդունվել է քննության և Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճվել։
4.3. Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 23-ի որոշմամբ Ռ.Ահարոնյանի բողոքի վերաբերյալ վարույթը վերսկսվել է:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանի` բողոքը մերժելու մասին որոշման համաձայն՝ «(…) Հրայր Հովսեփյանի կողմից Ռոմեն Ահարոնյանին տրված լիազորագիրը՝ վերապահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով հայցվորին կամ պատասխանողին վերապահված բոլոր լիազորությունները, չի նախատեսում մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումներն ու գործողությունները բողոքարկելու լիազորությունը։ Բացի այդ, լիազորագիրը տրվել է 2014 թվականի հոկտեմբերի ութին՝ երեք տարի ժամկետով, դրա գործողության ժամկետը լրացել է շուրջ մեկ տարի առաջ, հետևաբար, այդ պահից այն կորցրել է իրավաբանական ուժը։ Վերոգրյալից բխում է, որ Ռոմեն Ահարոնյանն իրավասու չէ կատարելու որևէ գործողություն Հրայր Հովսեփյանի անունից, այդ թվում՝ բողոքարկելու (…)»1:
6. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքը` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով, արձանագրել է. «(…) [Վ]երաքննիչ բողոքին կից չի ներկայացվել փաստաբան Ռոմեն Ահարոնյանի կողմից Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը Հրայր Հովսեփյանի անունից բողոքարկելու իրավունք ունենալու վերաբերյալ համապատասխան լիազորությունը։ Ինչ վերաբերում է գործի նյութերում առկա լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն փաստաբան Ռոմեն Ահարոնյանին նման իրավասությամբ չի օժտում։ (…)»2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
7. Բողոքի հեղինակը գտել է, որ Առաջին ատյանի դատարանն ըստ էության չքննարկելով իր բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանն առանց քննության թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը՝ իրեն ոչ իրավաչափորեն դիտարկել են որպես բողոք բերելու իրավունք չունեցող անձ, այնինչ ինքն ունեցել է այդպիսի լիազորություն։
Բողոք բերած անձը նշել է, որ բողոքը չքննարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ զրկել է իրեն դատական բողոքարկման իրավունքից, որը և հանգեցրել է դատական պաշտպանության իրավունքի ակնհայտ խախտման։ Ըստ բողոքաբերի՝ եթե նույնիսկ իր հետևություններում Վերաքննիչ դատարանը լիներ իրավացի, միևնույնն է պարտավոր էր քննել բողոքը։
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը՝ ճանաչելով դիմողի իրավունքների խախտումը և սահմանելով խախտված իրավունքները վերականգնելու պարտականություն կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։
Սահմանադրական դատարանում Վճռաբեկ դատարանի դիմումի քննությունը․
9․ Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի հատուկ կարգավիճակին, դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքին, դատական վերանայման առանձնահատկություններին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, մեկնաբանելով դատական վերանայման իրավունքի իրացման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների) արդյունավետ իրականացման երաշխիքները, ինչպես նաև կարևորելով Սահմանադրական դատարանի որոշումները՝ Սահմանադրության գերակայության երաշխավորման համատեքստում, Վճռաբեկ դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան3՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանադրական խնդիր առաջանալու դեպքում Սահմանադրական դատարանը պետք է կայացնի նոր որոշում4։
Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը միջնորդել է Սահմանադրական դատարանին՝ որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածում, 415-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված ընթացակարգերի և կառուցակարգերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 79-րդ հոդվածներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցն այնքանով, որքանով գործն ըստ էության չլուծող դատական ակտի իրավաչափությունը բացառապես վճռաբեկ բողոքի առարկայի և սահմանների շրջանակում ստուգելիս Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ վերոնշյալ քրեադատավարական նորմերի հետ անմիջականորեն փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում, առանց գործը նոր քննության ուղարկելու իրավասության, զրկված է վերջնական որոշում կայացնելու և իրավունքի խախտումը փաստելով այն վերացնելու հնարավորությունից5։
10․ Նշված դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանում որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովը դիրքորոշումներ է հայտնել՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածը և 415-րդ հոդվածի 1-ին մասը դիտարկելով ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման լույսի ներքո՝ պետք է փաստել, որ միանգամայն ողջամիտ է միջանկյալ դատական ակտերի վերանայումը որպես կանոն Վճռաբեկ դատարանում ավարտելու պահանջը, սակայն այդ կանոնից պետք է նախատեսել բացառություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ վճռաբեկ բողոքի առարկան սահմանափակված է բացառապես ընթացակարգային բնույթի խախտումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումներով՝ առանց անդրադառնալու ստորադաս դատարաններում ըստ էության վիճարկվող խնդրի իրավաչափության հարցին (նման մի շարք իրավիճակներ նկարագրվել են դիմողի կողմից)։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Վճռաբեկ դատարանին վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայել միայն վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ինչի արդյունքում վերը նկարագրված իրավիճակներում Վճռաբեկ դատարանն օբյեկտիվորեն զրկված է վերջնական որոշում կայացնելու հնարավորությունից։
Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի խախտման փաստն արձանագրելուց հետո անձն այլևս հնարավորություն չունի վիճարկվող խնդրի իրավաչափության հարցը ստորադաս դատարաններում բարձրացնել՝ միջանկյալ դատական ակտի վերանայման վարույթն ավարտված լինելու պատճառով։ Այսինքն՝ կստացվեն իրավիճակներ, երբ Վճռաբեկ դատարանը կարձանագրի իրավունքի խախտումը, սակայն հնարավորություն չի ունենա վերացնել այն, քանի որ սահմանափակված է վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, մինչդեռ Սահմանադրական դատարանն իր հիշյալ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը պարտավոր է սահմանել վճռաբեկ ատյանում արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության անհրաժեշտ նախադրյալներ՝ այն հաշվով, որ Վճռաբեկ դատարանը, հանգելով որևէ իրավունքի կամ ազատության խախտման մասին եզրակացության, պարտադիր կարգով և արդյունավետ ընթացակարգի շրջանակներում, իրականացնելով արդարադատություն, վերացնի այդ խախտումը6։
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովը կարևոր է համարել հստակորեն ընդգծել այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը քննարկվող որոշման շրջանակներում կարծես թե ստեղծել է մի փակուղային իրավիճակ, որի պայմաններում միջանկյալ դատական ակտերով Վճռաբեկ դատարանն իրավունքի խախտում արձանագրելուց զատ հնարավորություն չի ունենալու գործուն միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ։
Վերոգրյալի հիման վրա՝ Ազգային ժողովն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածը և 415-րդ հոդվածի 1-ին մասը՝ ինքնին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանության պայմաններում չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը։
11․ «Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի և 415-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը» Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի թիվ ՍԴԱՈ-66 որոշմամբ կարճելու մասին որոշման համաձայն՝ «(…) Վճռաբեկ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել իր դիրքորոշումը և չի անդրադարձել այն հարցերին, թե վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտերի վերանայման վերաբերյալ օրենսդրական կարգավորումն ինչու՞ է հակասում Սահմանադրությանը, արդյո՞ք այդ ակտերը չպետք է վերանայվեն, կամ այլ ակտեր ևս պետք է ենթակա լինե՞ն վերանայման, կամ այդ ակտերը ոչ թե պետք է վերանայվեն, այլ վերանայումից տարբերվող ա՞յլ գործընթաց պետք է տեղի ունենա և այլն։
Դիմողն Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը չհամապատասխանելու մասին նույնպես հիմնավորումներ չի ներկայացրել, այլ փաստացի պնդել է, որ Վճռաբեկ դատարանում գործի քննության սահմաններ նախատեսող այդ դրույթի պայմաններում, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար պետք է հնարավորություն ունենա գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում գործն ուղարկել նոր քննության:
Սահմանադրական դատարանը վերստին արձանագրում է, որ «նոր դատական ակտ» եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ, և օրենսդիրը, կիրառելով «նոր դատական ակտ» եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում:
Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում տվյալ հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու ընդհանուր կանոնից բացառություններ նախատեսելն անհրաժեշտ է համարել նաև պատասխանողը:
Սահմանադրական դատարանը նշում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրման սահմանադրական պահանջների կենսագործման նկատառումներից ելնելով՝ օրենսդրական զարգացումների ապահովումն Ազգային ժողովի իրավասությունն է, և հետևաբար՝ դիմողի բարձրացրած հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին»7։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման համատեքստում, Վճռաբեկ դատարանի լիազորությունների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
12․1 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչ Վճռաբեկ դատարանի լիազորությունների կապակցությամբ օրենքի միատեսակ կիրառության ապահովման հարցի քննությանն անդրադառնալը՝ նախևառաջ անհրաժեշտ է քննարկել Վերաքննիչ դատարանի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման իրավաչափությունը։
I. Վերաքննիչ դատարանի՝ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման իրավաչափությունը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք բողոքարկման իրավասություն չունենալու հիմքով փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
14. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
14.1 Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառույթային տարանջատվածության մասին Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում8։
Վճռաբեկ դատարանը Գոռ Դուրյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ (…)։
Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու տրամաբանական պահանջից։ Մասնավորապես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով։ Հետևաբար մեկ ատյանի կողմից մյուսի լիազորությունների յուրացումը կամ միմյանց փոխարինումն անթույլատրելի է և հանդիսանում է օրինականության սկզբունքի կոպիտ խախտում։ (…)»9:
15․ Նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ «վերաքննությունը», որը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նշվածը՝ որպես վերաքննիչ դատարանի հիմնական գործառույթ, ամրագրվեց նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ հստակեցնելով վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը։
Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Հետաքննիչի՝ 2016 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ դիմող Հրայր Հովսեփյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով10,
- որպես դիմողի ներկայացուցիչ հանդես եկող փաստաբան Ռ.Ահարոնյանի բողոքը Դատախազի՝ 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ևս մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ11,
- վերոնշյալ որոշումների դեմ Ռ.Ահարոնյանի բողոքն Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ մերժել է՝ վերջինիս՝ բողոք բերելու իրավասություն չունենալու պատճառաբանությամբ՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու Ռ.Ահարոնյանի բողոքը և առանց անդրադառնալու վիճարկվող որոշումների իրավաչափության հարցին12,
- Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ընթացակարգային բնույթի խախտումներով ներկայացված վերաքննիչ բողոքը՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով, Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ Ռ․Ահարոնյանի՝ բողոք բերելու իրավասություն չունենալու այդ նույն պատճառաբանությամբ13:
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, առանց քննարկման առարկա դարձնելու Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությունը և իրավաչափությունը, առանց քննության է թողել Ռ․Ահարոնյանի բողոքն այն նույն հիմքով, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր ըստ էության քննարկել նրա բողոքը։ Նման պայմաններում, Ռ․Ահարոնյանի՝ բողոք բերելու իրավասության առնչությամբ Առաջին ատյանի դատարանի փաստարկը ստուգման չի ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից այն դեպքում, երբ այդ դատարանի գործառույթն էր Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգումը։ Արդյունքում խախտվել է Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, անհամաչափորեն սահմանափակվել անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս զրկվել է բողոք բերելու իրավասության բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի փաստարկը վերադաս դատարանի կողմից ստուգման ենթարկելու հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բողոքարկման իրավասություն չունենալու հիմքով փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ։
II. Գործն ըստ էության չլուծող դատական ակտի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանի լիազորությունները
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման իրավաչափությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, կարող է արդյո՞ք առանց գործը նոր քննության ուղարկելու կայացնել վերջնական որոշում և իրավունքի խախտումը փաստելով վերացնել այն՝ ապահովելով անձի հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխիքները:
19. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր»:
ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի` (…) դատական ակտերը՝ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն oրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»։
20. Անձի դատական վերանայման իրավունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատական ակտի բողոքարկման օրենսդրական ընթացակարգով պետք է լիարժեք պաշտպանելի լինեն անձի` առանց բացառության բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, որն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունը նաև վճռաբեկ վարույթում գնահատելու առումով14,
- բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը՝ ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում՝ մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին։ Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը15,
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները16։
20.1 Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի հատուկ իրավական կարգավիճակին՝ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- վճռաբեկության կարգով սահմանադրական իր վերահսկողական գործառույթի իրականացմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելիս և դատական սխալներն ուղղելիս Վճռաբեկ դատարանը բացառապես պետք է լուծի իրավունքի իրացման հարցեր17,
- վճռաբեկ ատյանի մատչելիության իրավունքը պետք է ապահովվի՝ հաշվի առնելով վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը և վճռաբեկ դատարանում վարույթի առանձնահատկությունները18,
- վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման դեպքում վերանայման իրավունքի իրացման հնարավորությունն իրավաչափորեն սահմանափակվում է վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակով և գործառնական դերով19,
- Վճռաբեկ դատարանը գործն ըստ էության քննող դատարան չէ, այլ ստուգում է դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը20,
- Վճռաբեկ դատարանը չի իրականացնում փաստերի անմիջական հաստատման լիազորություն և գործը վերանայում է նախորդ ատյանների դատարաններում հաստատված փաստերի շրջանակներում21։
20.2. Միևնույն ժամանակ, դատական վերանայման վերընթաց նվազման սկզբունքի առնչությամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից՝ համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան՝ «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,
2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է՝ արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել՝ ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից,
3) գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը՝ ի տարբերություն գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման, կարող է իրականացվել միմյանցից զգալիորեն տարբերակված կանոնների համաձայն՝ այն հաշվով, որ պատշաճ կերպով ապահովվի գործն ըստ էության լուծող դատական ակտերի արդյունավետ և արդարացի քննությունը բոլոր դատական ատյաններում, ուստի և կանխվի այդ հարցերով դատավարական շրջապտույտը և դրա ազդեցությունը բուն արդարադատության արդյունավետության վրա:
Վերոգրյալի տեսանկյունից անդրադառնալով վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալների խնդրին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքում որդեգրված լուծումները՝ վերաքննիչ ատյանում վիճարկվող միջանկյալ դատական ակտերի շրջանակը սահմանափակելը, իսկ վճռաբեկ ատյանում՝ այդ սահմանափակ շրջանակը հավելյալ՝ վճռաբեկ բողոքի ընդունելիության առավել բարդ ընդհանուր նախադրյալների հաղթահարման պահանջով զուգորդելը, ինքնին համահունչ են Սահմանադրության հիշյալ հոդվածների տրամաբանությանը»22:
21. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, համաձայն որի` Եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից23։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այն հանգամանքը, թե Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը որքանով է կիրառելի վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների առնչությամբ, կախված է այդ դատարաններում վարույթի առանձնահատկություններից, դիտարկվելով իր ամբողջության մեջ` հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի առանձնահատուկ կարգավիճակը24։
Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով ընդգծել է, որ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի առանձնահատուկ դերը` համապատասխան ընթացակարգն այստեղ կարող է ավելի ֆորմալ լինել հատկապես այն պարագայում, երբ վճռաբեկ վերանայմանը նախորդում է գործի քննությունն առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում, որոնք իրավասու են անդրադառնալու նաև փաստի հարցերին25:
22. Դատական ակտերի վերանայման հայրենական մոդելի զարգացման պայմաններում հստակեցվել է ոչ միայն Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը։ Վերջինս արտացոլում է դատական ատյանների աստիճանակարգությանը համապատասխան դատական վերանայման ծավալի և ստորադաս դատական ատյանի համեմատ վերադաս դատական ատյանի լիազորությունների նվազումը26։ Այսինքն՝ դատական ատյանի բարձրության աստիճանը ուղիղ համեմատական է դատական վերանայման ծավալին. որքան բարձր է դատական ատյանը, այնքան դատական վերանայման առարկան առավել սահմանափակ է, ինչպես փաստել է նաև Սահմանադրական դատարանը27։
Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների գործառութային տարբերությունների հաշվառմամբ Սահմանադրական դատարանը քննարկվող սկզբունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Սահմանադրությունն էապես տարբերակում է վճռաբեկ և վերաքննիչ ատյանների դատարանների գործառույթները և կարգավիճակը, ինչը չի կարող չանդրադառնալ նաև դատական ակտերի, հատկապես՝ միջանկյալ դատական ակտերի վերանայման ծավալի վրա, և որ ամեն դեպքում Սահմանադրությամբ ապահովված՝ վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքի ուժով դրանք չեն կարող չտարբերվել միմյանցից, հետևապես՝ միջանկյալ դատական ակտերի և հատկապես կալանավորման իրավաչափության վերաբերյալ դատական ակտերի առնչությամբ վերաքննիչ դատարանի իրավասության ծավալն ավելին է, քան Վճռաբեկ դատարանինը: Այս տարբերությունը կանխորոշված է Սահմանադրությամբ ամրագրված՝ Վճռաբեկ դատարանի գործառույթներից և կարգավիճակից ածանցվող իրավական նախադրյալներով, որոնք էապես ավելի բարձր շեմ են սահմանում վճռաբեկ բողոքի ընդունելիության համար, ինչն էլ, իր հերթին, կանխորոշում է Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտերի վերանայման ծավալը»28։
Վերոնշյալ իրավական դիրքորոշման հաշվառմամբ պետք է փաստել, որ դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի համատեքստում, վերադաս դատական ատյանը, լինելով սահմանափակված վիճարկվող դատական ակտում քննարկված հարցերի շրջանակով՝ չի կարող իր վերստուգիչ լիազորությունն իրացնելիս անդրադառնալ ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին։ Այլ կերպ, վերադաս դատական ատյաններում դատական վերանայման առարկան սահմանափակված է ստորադաս դատարաններում քննարկված հարցերով։ Օրինակ՝ եթե Առաջին ատյանի դատարանը մերժել է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը` հանցանքի կատարման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ իր հերթին հաստատելով հանցանքի կատարման հիմնավոր կասկածի բացակայությունը, ապա Վճռաբեկ դատարանը, ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերի հետ չհամաձայնելու և հանցանքի կատարման հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու դեպքում, չի կարող քննարկման առարկա դարձնել կալանավորման հիմքերի առկայության հարցը և կայացնել վերջնական որոշում։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով դատական վերանայման առարկայի ծավալով չի կարող քննարկել կալանավորման հիմքերի առկայության հարցը, որը չի քննարկվել ստորադաս դատական ատյաններում29։ Հակառակ մոտեցումը կհանգեցնի Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի խախտմանը։ Ավելին, կխախտվեն նաև անձի` կալանավորման հիմքերի առկայության մասով դատարանի դիրքորոշումների օրինականությունը դատական ստուգման ենթարկելու մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները։
Հետևաբար, եռաստիճան դատական համակարգի պայմաններում, որտեղ նաև իրավունքի զարգացման ներկայիս ժամանակաշրջանում հստակ տարանջատվել են դատական ակտերի վերանայման ձևերը, պետք է արձանագրել, որ դատական ատյաններն իրենց ունեցած գործառութային առանձնահատկություններով պայմանավորված՝ չեն կարող «փոխարինել» միմյանց (վերոնշյալ օրինակում Վճռաբեկ դատարանը, կալանավորման հիմքերը քննարկելու դեպքում, հանդես կգար որպես փաստեր հետազոտող և հաստատող առաջին ատյանի դատարան, ինչը համահունչ չէր լինի Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին, ինչպես նաև վճռաբեկ վարույթին բնորոշ առանձնահատկություններին, որոնց մասին նշել է նաև Սահմանադրական դատարանը30։ Բացի այդ, կայացված որոշումը եռաստիճան դատական համակարգի պայմաններում բողոքարկման ենթակա լինել չէր կարող)։
Ուստի, դատական ակտերի վերանայման կառուցակարգը գործադրելիս, պետք է պաշտպանել անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները, ինչպես նաև ապահովել Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը։ Այլ կերպ, անձի հիմնարար իրավունքների պաշտպանության նկատառումներից ելնելով՝ դատական ակտերի վերանայման կառուցակարգում հետևողականորեն պետք է երաշխավորել վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։
23. Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործելով «նոր դատական ակտ» ձևակերպումը՝ չի հստակեցրել դրա դրսևորման ձևերը, ինչն ըստ էության գործնականում հանգեցրել է իրավական անորոշության` դրա մեկնաբանման առումով։ Այդ համատեքստում հարկ է նկատի ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները՝ իրավական անորոշությունը դատական պրակտիկայում հաղթահարելու վերաբերյալ։ Մասնավորապես այն, որ՝
- շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է31,
- նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով32,
- չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց` իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է33։
Հիմք ընդունելով վերոնշյալը, ինչպես նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում, որոշ դեպքերում, գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու ձևավորված իրավակիրառ պրակտիկան, Վճռաբեկ դատարանը, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով, «Արցախբանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ գործով 2011 թվականի մայիսի 11-ի որոշմամբ իրավական դիրքորոշում ձևավորեց այն մասին, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված լիազորություններով34:
Արդյունքում, անձի դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի, դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումն ապահովելու նպատակով, ինչպես մինչև 2011 թվականը, այնպես էլ դրանից ի վեր, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարաններում ձևավորվել էր կայուն իրավակիրառ պրակտիկա` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս ղեկավարվել գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս օրենսդրի կողմից սահմանված լիազորություններով, այդ թվում` գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու առումով։
24. Սակայն, Սահմանադրական դատարանը 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտեց հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) [Տ]արանջատելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքերում, ինչպես նաև սահմանափակելով Վճռաբեկ դատարանի լիազորությունները գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում նոր դատական ակտեր ընդունելու պահանջով, օրենսդիրը հետապնդել է գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ դատավարական շրջապտույտը կանխելու, ընդսմին՝ այդ հարցերով վճռաբեկ ատյանում վերջնական իրավական դիրքորոշում ձևավորելու և այն ամրագրելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու նպատակներ:
Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ այս կարգավորումն ունի կանխարգելիչ բնույթ և ուղղված է վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքի տեսանկյունից գործով ըստ էության վերջնական որոշում կայացնելու հիմնական գործառույթի երաշխավորված ապահովմանը, ինչը հնարավոր չի լինի իրականացնել գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման դեպքում:
Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի անվերջ վերանայման իրավական հնարավորությունը, որը կարող էր առկա լինել Վճռաբեկ դատարանի առավել ընդգրկուն լիազորությունների օրենսդրական ամրագրման դեպքում, կարող էր էականորեն ազդել ինչպես ստորադաս դատարաններում, այնպես էլ նույն վճռաբեկ ատյանում տվյալ գործի ըստ էության քննության վրա՝ խաթարելով դրա արդյունավետությունը: Ավելին՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերն անսահմանափակ վերանայելու հնարավորությունն օրենսդրորեն չկանխելը կարող էր վտանգել արդարադատության բուն գործառույթը, քանի որ անհնարին կլիներ կանխատեսել միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումների իրական կամ հնարավոր ազդեցությունը գործի ըստ էության լուծման վրա, ուստի՝ վերջնարդյունքում կա՛մ դատաքննության տևողությունը պետք է անհարկի երկարաձգվեր, կա՛մ դատարանները միջանկյալ դատական ակտերի քննությանը պետք է հարկադրված լինեին անդրադառնալ գործով ըստ էության որոշում կայացնելուց հետո, ինչն անթույլատրելի կլիներ»35:
Միևնույն ժամանակ, նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է. «(…) [Օ]րենսդիրը տարանջատել է կալանքի ձևով անձնական ազատությունից զրկելու առնչությամբ մինչդատական վարույթի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգերը տարբեր դատական ատյաններում: Եթե առաջին ատյանի դատարանն ամբողջ ծավալով պետք է նախապես վերահսկի կալանավորման իրավաչափությունը՝ այդ հարցով կայացնելով սկզբնական որոշում, ապա վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանները պետք է հետագայում որոշեն արդեն դատական ակտի իրավաչափության հարցը՝ համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում»36։
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթներին՝ Սահմանադրական դատարանը շեշտել է. «Որևէ դատարանի կողմից իրավունքի խախտումը փաստելը` առանց այն վերացնելու, նշանակում է չիրականացնել արդարադատություն, մինչդեռ, եթե դատարանը կոչված է վերանայելու ստորադաս դատարանների դատական ակտերը (իսկ Վճռաբեկ դատարանի համար այդ պահանջն ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում), ապա չի կարող չիրականացնել արդարադատություն, այսինքն, նաև չվերացնել հիմնական կամ այլ իրավունքների և ազատությունների խախտումները, հատկապես եթե արձանագրում է դրանք: Ակնհայտ է, որ որևէ նման օրենսդրական կառուցակարգ կամ դատական պրակտիկա հակասության մեջ կմտնեն Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ընդ որում, նման դեպքերում երաշխավորված չեն լինի նաև արդար դատաքննության երաշխիքները»37 (ընդգծումը` Վճռաբեկ դատարանի)։
25. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում այն պնդումը, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` խնդրո հարցի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովելու նպատակներով։
Սակայն հիշյալ մոտեցումը, ինչպես նշել է նաև ՀՀ Ազգային ժողովը՝ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումներում, բացարձակ բնույթ կրել չի կարող, քանի որ գործնականում, որոշ դեպքերում, օբյեկտիվորեն անհնարին է լինում կայացնել վարույթի հետագա ընթացքը բացառող վերջնական որոշում, և Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միակ ճանապարհը դառնում է գործը նոր քննության ուղարկելը, որի միջոցով միայն կարող են վերականգնվել անձի խախտված իրավունքներն ու ազատությունները։
Այլ կերպ, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի օրինականությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, գործը նոր քննության ուղարկելու իրավասության բացակայության պարագայում, օբյեկտիվորեն զրկված կլինի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության անհրաժեշտ նախադրյալների ապահովման հնարավորությունից, որի կարևորության մասին նշել է Սահմանադրական դատարանը։ Ավելին, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի օրինականությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, գործը նոր քննության չուղարկելու պարագայում, որոշ գործերով ստիպված կլինի փաստել իրավունքի խախտումը` առանց այն վերացնելու, ինչն ըստ Սահմանադրական դատարանի` կնշանակի չիրականացնել արդարադատություն, իսկ որպես արդյունք՝ կվտանգի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երաշխիքները։
Բացի այդ, հարկ է նկատել, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտի օրինականությունը վերանայելիս վերջնական որոշում կայացնելու և անձի իրավունքի խախտումը վերացնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որոշ դեպքերում անիրագործելի կլինի` այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքի առարկայի բացակայության պատճառով։ Այսպես.
Սահմանադրական դատարանն իրավացիորեն նշել է, որ վճռաբեկ և վերաքննիչ ատյանների դատարանները պետք է որոշեն դատական ակտի իրավաչափության հարցը՝ համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում։ Սակայն գործնականում, որոշ դեպքերում, վճռաբեկ բողոքի առարկան սահմանափակված է լինում բացառապես ընթացակարգային բնույթի խախտումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումներով` առանց անդրադառնալու ստորադաս դատարաններում ըստ էության վիճարկվող խնդրի իրավաչափության հարցին։ Վերջինը պայմանավորված է այն հանգամանքով, որ բողոքաբերը, դիմելով Վճռաբեկ դատարան, պահանջում է արձանագրել ստորադաս դատարանի կողմից թույլ տրված իր իրավունքի ընթացակարգային բնույթի խախտման փաստը և այն վերացնելու նպատակով գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության, որտեղ հնարավոր կլինի ըստ էության քննության առնել իր կողմից վիճարկվող խնդրի իրավաչափության հարցը։ Արդյունքում, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, օբյեկտիվորեն զրկված է լինում վերջնական որոշում կայացնելու հնարավորությունից։ Հակառակ պարագայում, իրավունքի խախտման փաստն արձանագրելով գործն ըստ էության չլուծող դատական ակտի վերանայման վարույթն ավարտելու դեպքում, անձը զրկված կլինի ստորադաս դատարաններում վիճարկվող խնդրի իրավաչափությունն այլևս քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից, ինչը prima facie կվտանգի նրա արդար դատաքննության իրավունքը։ Այսինքն՝ տվյալ պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «նոր դատական ակտ» եզրույթը նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով որպես «վերջնական որոշում» մեկնաբանելը համահունչ չի լինի վկայակոչված սահմանադրաիրավական երաշխիքներին։
Վերոգրյալի հիման վրա, պետք է արձանագրել, որ Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս անձի իրավունքի խախտումը փաստելով, որոշ դեպքերում այն կարող է արդար դատաքննության երաշխիքներին համահունչ վերականգնվել ոչ այլ կերպ, քան գործը նոր քննության ուղարկելու միջոցով։
26. Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման կայացումից հետո, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի օրինականությունը ստուգելիս, ոչ միայն իրավունքի խախտման փաստն արձանագրելու, այլ նաև անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նկատառումներով, Վերաքննիչ դատարանում շարունակվում է ըստ էության չլուծող դատական ակտերը վերանայելիս գործերը նոր քննության ուղարկելու` նախկինում ձևավորված կայուն իրավակիրառ պրակտիկան38։ Ավելին, հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի` վերոնշյալ որոշման կայացումից հետո, Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ դիմել էր Սահմանադրական դատարան` բարձրացնելով գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու հնարավորության առնչությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-54 որոշմամբ նշված գործը քննության ընդունելը մերժել էր` նշելով, որ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, ինչպես նաև վերաբերելի օրենսդրական կարգավորումների հիման վրա դատարանները պետք է ձևավորեն համապատասխան դատական պրակտիկա։
27. Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով մի կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը, օրենքի կիրառման դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման համատեքստում փաստում է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերով գործը նոր քննության ուղարկելու իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման) երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծվող դատական ակտերը վերանայելիս Վերաքննիչ դատարանի նույնաբնույթ լիազորությունների նկատմամբ39։
28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- փաստաբան Ռ.Ահարոնյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ ստորադաս դատարանների կողմից անհիմն կերպով Հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու և Դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների իրավաչափությունն ըստ էության քննության չառնելու, Առաջին ատյանի դատարանի եզրահանգման իրավաչափությունը Վերաքննիչ դատարանի կողմից դատական ստուգման չենթարկելու և նույն պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ40,
- վճռաբեկ բողոքի առարկան սահմանափակված է բացառապես վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից քննության չառնելու իրավաչափության ստուգման հիմնավորումներով41։
29. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-27-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը մի կողմից՝ սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, մյուս կողմից՝ ապահովելով բողոքաբերի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքները՝ օբյեկտիվորեն զրկված է, սույն որոշման 17-րդ կետում նշված իրավունքի խախտման փաստի արձանագրման պայմաններում իրավունքի խախտումը վերացնելու և գործով վերջնական որոշում կայացնելու հնարավորությունից։
Մասնավորապես, գործը ստորադաս դատարան նոր քննության չուղարկելու պարագայում, անձի` արդար դատաքննության իրավունքի խախտումը փաստելուց զատ, անհնարին կլինի այն գործնականորեն վերականգնելը: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն ըստ էության քննարկման առարկա չի դարձվի և չի ապահովվի անձի՝ Վերաքննիչ դատարանի մատչելիության իրավունքը։ Ավելին, վճռաբեկ բողոքի համապատասխան առարկայի բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանի որոշումը հնարավոր ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում, բողոքաբերը կզրկվի նաև Հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու և Դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների իրավաչափությունը դատական ստուգման ենթարկելու հնարավորությունից, որպիսի մոտեցումն անհամատեղելի կլինի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքի հետ։
Այսինքն` տվյալ պարագայում անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Ռ.Ահարոնյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու որոշման իրավաչափությունը ստուգելիս, Վճռաբեկ դատարանը, սահմանափակված լինելով վճռաբեկ բողոքի առարկայով և սահմաններով, չի կարող կայացնել վերջնական որոշում և իրավունքի խախտումը փաստելով վերացնել այն՝ առանց գործը նոր քննության ուղարկելու՝ ապահովելով անձի հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխիքները:
30. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար: Վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Հրայր Սվյատոսլավի Հովսեփյանի ներկայացուցիչ Ռ․Ահարոնյանի՝ բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________________________
1 Տե՛ս նյութեր, թերթեր 31-42:
2 Տե՛ս նյութեր, թերթեր 74-75:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի սույն գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը։
4 Տե՛ս CDL-PI(2017)008, European Commission For Democracy Through Law (Venice Commision), Compilation of Venice Commision opinions, reports and studies on Constitutional justice, 18 December 2017։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ի սույն գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը։
6 Տե՛ս նյութեր, թերթեր 170-199։
7 Տե՛ս նյութեր, թերթեր 207-212։
8 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 19-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։
11 Տե՛ս նույն տեղում։
12 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
14 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշման 8-րդ կետը։
15 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։
16 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշման 6-րդ կետը։
17 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշման 6-րդ կետը։
18 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-765 որոշման 12-րդ կետը։
19 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2010 թվականի հունվարի 19-ի թիվ ՍԴՈ-852 որոշման 7-րդ կետը։
20 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-849 որոշման 7-րդ կետը։
21 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ ՍԴՈ-1452 որոշման 4.1-րդ կետը։
22 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման 4․6-րդ կետը։
23 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի մարտի 22-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, կետ 125:
24 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Sialkowska v. Poland գործով 2007 թվականի մարտի 22-ի վճիռը, գանգատ թիվ 8932/05, կետ 104:
25 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Levages Prestations Services v. France գործով 1996 թվականի հոկտեմբերի 23-ի վճիռը, գանգատ թիվ 23920/93, 44-48-րդ կետեր, Brualla Gցmez de la Torre v. Spain գործով 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 26737/95, 34-39-րդ կետեր, Meftah and Others v. France [GC] գործով 2002 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատներ թիվ 32911/96, 35237/97 և 34595/97, կետ 41:
26 Տե՛ս, mutatis mutandis, Ռուբիկ Արշալույսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԱՐԱԴ/0021/01/08 որոշման 21-րդ կետը, որի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը` որպես վերանայող ատյան, գործի էության վերաբերյալ չի կարող ավելի լայն լիազորություններ ունենալ, քան առաջին ատյանի դատարանը։
27 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։
28 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման 4․6-րդ կետը։
29 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը։ Այդ գործով ստորադաս դատարանները մերժել էին Է․Եղիազարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ հանցանքի կատարման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչի հետ Վճռաբեկ դատարանը չհամաձայնելով որոշում էր կայացրել ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին, քանի որ կալանավորման այլ պայմանները և հիմքերը քննարկման առարկա չէին դարձվել ստորադաս դատական ատյաններում։
30 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
31 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման 5-րդ կետը։
32 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման 7-րդ կետը,
33 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ The Sunday Times v. the United Kingdom գործով 1979 թվականի ապրիլի 26-ի վճիռը, գանգատ թիվ 6538/74, կետ 49, Busuioc v. Moldova գործով 2004 թվականի դեկտեմբերի 21-ի վճիռը, գանգատ թիվ 61513/00:
34 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշումը, կետ 11:
35 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման 4.1-րդ կետը։
36 Տե՛ս նույն որոշման 4.2-րդ կետը։
37 Տե՛ս նույն որոշման 4.4-րդ կետը։
38 Տե՛ս օրինակ՝ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ ԵԴ/0095/06/19 որոշումը, 2019 թվականի հուլիսի 8-ի թիվ ԵԴ/0312/06/19 որոշումը և այլն։
39 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը։
40 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։
41 Տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը։
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: