ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
08 փետրվարի 2022 թվականի |
թիվ 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կարգավորվող շուկայի օպերատորին թույլատրել քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման շրջանակներում իրականացնել հաշվի օպերատորի ծառայություններ՝ քրաուդֆանդինգի ծառայությունների արագ և արդյունավետ մատուցումը ապահովելու համար,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 175-րդ, 176-րդ հոդվածները և 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ««Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10–ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 84.2-րդ կետով.
«84.2. Հաշվարկային համակարգի անդամ կարող է լինել կարգավորվող շուկայի օպերատորը՝ միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցելու համար: Կարգավորվող շուկայի օպերատորի համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան կարգավորվող շուկայի օպերատորին շնորհում է սահմանափակ իրավասությամբ հաշվի օպերատորի կարգավիճակ՝ քրաուդֆանդինգի ծառայությունների մասով, որի լիազորությունների շրջանակը սահմանվում է Կարգավորվող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրով: Կարգավորվող շուկայի օպերատորի՝ որպես քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման շրջանակում հաշվի օպերատորի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. փետրվարի 10 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|