ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
08 փետրվարի 2022 թվականի |
թիվ 20-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/23-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման ընթացքում վճարումների սահուն և ապահով իրականացման նախապայմանները՝ նախատեսելով հատուկ բանկային հաշիվ քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի համար, ինչպես նաև սահմանելով այդ հաշվում ներդրված միջոցների օգտագործման հստակ ուղղությունները, դեպքերը և պայմանները,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվը, դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը և պայմանները» կանոնակարգ 4/23-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 20-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 4/23
ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից բացվող հաշիվը՝ որպես հատուկ բանկային հաշիվ, ինչպես նաև կարգավորում է դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը և պայմանները:
2. Սույն կանոնակարգում օգտագործված «քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր» և «քրաուդֆանդինիգի ծառայություն» հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ում կիրառվող նշանակությունները:
ԳԼՈՒԽ 2. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ
3. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշիվը Քաղաքացիական օրենսգրքի 928.1-րդ հոդվածով սահմանված հատուկ բանկային հաշիվ է, որը կարող է օգտագործվել միայն քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված գործառնությունների իրականացման համար:
4. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հաշվում առկա միջոցները չեն համարվում քրաուդֆանդինիգի հարթակի օպերատորի սեփականությունը, դրանք չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել քրաուդֆանդինիգի հարթակի օպերատորի պարտավորությունների դիմաց կամ քրաուդֆանդինիգի հարթակի օպերատորի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, քրաուդֆանդինիգի հարթակի օպերատորի հաշվում առկա միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն քրաուդֆանդինիգի հարթակի օպերատորի հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: