Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 փետրվարի 2022 թվականի

թիվ 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԹԻՎ 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորվող շուկայի օպերատորին թույլատրել իրականացնել լրացուցիչ գործունեության տեսակներ և միաժամանակ սահմանել այդ գործունեությունների իրականացման նկատմամբ արդյունավետ և ներդրողների շահերը պաշտպանող պահանջներ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ մասը և 112-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 253-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 80-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգի 1-ին կետը «տեսակները» բառից հետո լրացնել «և դրանց իրականացման նկատմամբ պահանջները» բառերով։

2) Կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) «Օրենք»՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) «Օպերատոր»՝ կարգավորվող շուկայի օպերատոր,

3) «Կենտրոնական բանկ»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

4) «Վարկային ռեսուրսների առևտուր»՝ վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը՝ կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով,

5) «Կանոնակարգ 4/07»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07:»։

3) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Քաղաքացիական օրենսգրքում, Օրենքում, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կամ դրանց հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերում կիրառվող նշանակությունը:»:

4) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետով.

«4) սույն կանոնակարգի 4.1-րդ և 4.2-րդ կետերի համաձայն՝ քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի գործունեություն:»։

5) Կանոնակարգի 2-րդ գլուխը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ և 4.2-րդ կետերով.

«4.1. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեությունն իրականացնելու դեպքում Օպերատորը մատուցում է Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ներդրումային ծառայություն և Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:

4.2. Սույն կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեությունն իրականացնելու դեպքում Օպերատորի վրա տարածվում են (ըստ կիրառելիության) քրաուդֆանդինգի ծառայությունների և քրաուդֆանդինգի հարթակի օպերատորների համար «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև Օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված հետևյալ պահանջները՝ Օրենքի 27-րդ հոդվածի 4–րդ մասը, 50-53-րդ հոդվածները (Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված ծառայությունները մատուցող աշխատակիցների որակավորման մասով), 61-րդ հոդվածը, Օրենքի 6-րդ գլուխը, 7-րդ գլուխը (միայն կանոնադրական և ընդհանուր կապիտալի մասով), 8-րդ գլուխը (միայն տեղաբաշխման մասին հաշվետվության և 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հրապարակվող տեղեկությունների մասով), 10-րդ գլուխը, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերը:»:

6) Կանոնակարգի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 3

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Լրացուցիչ գործունեության յուրաքանչյուր տեսակի իրականացման թույլտվություն ստանալու համար Օպերատորը էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով (անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային փոստով) Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) լրացուցիչ գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու դիմումը,

2) Օպերատորի կանոնների կամ դրանց փոփոխությունների գրանցման միջնորդագիրը՝ համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի,

3) լրացուցիչ գործունեության իրականացումն ապահովող կանոնները (դրանց փոփոխությունները, լրացումները): Լրացուցիչ գործունեության իրականացումն ապահովող կանոնների (դրանց փոփոխությունների, լրացումների) նկատմամբ կիրառվում են Օրենքով սահմանված՝ Օպերատորի կանոնների (դրանց փոփոխությունների, լրացումների) և դրանց գրանցման վերաբերյալ պահանջները: Քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում կանոնները (դրանց փոփոխությունները, լրացումները) առնվազն պետք է ներառեն թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման ընթացակարգը, գործունեության անընդհատության ծրագիրը, շահերի բախման սահմանափակման քաղաքականությունը, հարթակի օպերատորի գործառույթների պատվիրակման կանոնները, տվյալների մշակման և պահպանման համակարգերի նկարագրությունը, հաճախորդներից ստացված բողոքների լուծման ընթացակարգերը:

4) լրացուցիչ գործունեության իրականացման հետ կապված ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգը (ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի փոփոխությունները, լրացումները): Ընդ որում`

ա. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրվում են Օպերատորի ներքին իրավական ակտերում, որոնք կարող են լինել կարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և այլ ակտի տեսքով,

բ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգում բացահայտվում են լրացուցիչ գործունեության իրականացումից բխող բոլոր էական ռիսկերը, այդ թվում` ֆինանսական, գործառնական, իրավական, բարի համբավի, Օպերատորի համար այդ ռիսկերի ընդունելի մակարդակը, ռիսկերի հսկման և ընդունելի մակարդակում պահելու մեխանիզմները,

գ. Օպերատորն ապահովում է ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերը նկարագրող ներքին իրավական ակտերի հասանելիությունն իր անձնակազմին և անձնակազմի կողմից դրանց տեղեկացվածությունը` իրենց կողմից իրականացվող գործառույթների մասով,

դ. ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգի դրույթների` արդեն իրականացվող լրացուցիչ գործունեությամբ պայմանավորված փոփոխությունների վերաբերյալ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորը տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

6. Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար՝ սահմանելով դրանց ներկայացման վերջնաժամկետ:

7. Կենտրոնական բանկը կարող է մերժել լրացուցիչ գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը, եթե.

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ,

2) Օպերատորը հրաժարվում է ներկայացնել կամ սահմանված ժամկետում չի ներկայացնում սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը,

3) Օպերատորը չի բավարարում կամ կարող է չբավարարել Օրենքով և այլ իրավական ակտերով լրացուցիչ գործունեության իրականացման համար սահմանված պահանջներին,

4) լրացուցիչ գործունեության իրականացումն ապահովող կանոնների նախագծերը հակասում են Օրենքին և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, կամ կանոնների դրույթները ճշգրիտ և բավականաչափ հստակ չեն, ինչի պատճառով կարող են վտանգվել շուկայի բնականոն գործունեությունը կամ ներդրողների շահերը, կամ

5) չի վճարվել Կենտրոնական բանկի կողմից սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը:

8. Կենտրոնական բանկը լրացուցիչ գործունեության իրականացման վերաբերյալ թույլտվություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է սույն կանոնակարգով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից 45 օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում դիմումը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին Օպերատորին չտեղեկացնելու դեպքում լրացուցիչ գործունեության իրականացման վերաբերյալ թույլտվությունը համարվում է տրամադրված:

9. Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա Օպերատորը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները մինչև Կենտրոնական բանկի կողմից լրացուցիչ գործունեության իրականացման վերաբերյալ թույլտվությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշման կայացումը: Այդ դեպքում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից:

10. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար Օպերատորի կողմից ներկայացված լրացուցիչ գործունեության իրականացման վերաբերյալ թույլտվության ստացման դիմումի քննության 45-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի 45-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

11. Լրացուցիչ գործունեության իրականացման թույլտվության վերաբերյալ որոշում ընդունելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցում է լրացուցիչ գործունեության իրականացումն ապահովող կանոնները (դրանց փոփոխությունները, լրացումները):

12. Կենտրոնական բանկը լրացուցիչ գործունեության իրականացման վերաբերյալ թույլտվություն տրամադրելու կամ մերժելու մասին որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Օպերատորին:»։

7) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 4.

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Լրացուցիչ գործունեության իրականացումը կարող է դադարեցվել Օպերատորի դիմումի հիման վրա կամ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ:

14. Լրացուցիչ գործունեության իրականացումը կարող է դադարեցվել Օպերատորի դիմումի հիման վրա պայմանով, որ Օպերատորի հաճախորդների օրինական շահերը պաշտպանված են:

15. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված դիմումը, եթե առկա են բավարար հիմքեր եզրակացնելու, որ լրացուցիչ գործունեության իրականացման դադարեցումը կարող է վնասել Օպերատորի հաճախորդների շահերը կամ վտանգել ֆինանսական կայունությունը:

16. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 14-րդ կետով նախատեսված դիմումը ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, որոշում է կայացնում լրացուցիչ գործունեության իրականացումը դադարեցնելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ: Սույն կետում սահմանված ժամկետում դիմումը չմերժելու կամ նշված ժամկետում կասեցնելու մասին Օպերատորին չտեղեկացնելու դեպքում Օպերատորի կողմից լրացուցիչ գործունեության իրականացումը դադարեցնելու վերաբերյալ թույլտվությունը համարվում է տրված:

17. Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ լրացուցիչ գործունեության իրականացումը կարող է դադարեցվել, եթե

1) լրացուցիչ գործունեության իրականացման թույլտվության ստացման համար դիմելիս Օպերատորը Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,

2) Օպերատորը հրապարակել կամ Կենտրոնական բանկ է ներկայացրել ապակողմնորոշիչ, ոչ արժանահավատ տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր,

3) Օպերատորը կամ նրա ղեկավարները թույլ են տվել Օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև լրացուցիչ գործունեության իրականացումն ապահովող կանոնների պահանջների պարբերական (երկու և ավելի) կամ էական խախտումներ,

4) Օպերատորն այլևս չի բավարարում այն պահանջներին, որոնց հիման վրա տրամադրվել է լրացուցիչ գործունեության իրականացման թույլտվությունը,

5) Օպերատորը սահմանված ժամկետում չի իրականացրել Կենտրոնական բանկի կողմից Օրենքի կամ դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերի համաձայն տրված հանձնարարականները կամ

6) խախտվել են Օրենքով և դրա հիման վրա ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվները:

18. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար Օպերատորի կողմից ներկայացված դադարեցման դիմումի քննության 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկությունները ստանալուց հետո դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

19. Լրացուցիչ գործունեության իրականացումը դադարեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենն այն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, տրամադրվում է Օպերատորին։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. փետրվարի 10

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: