Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-66-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2006-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.06.21/32(487) Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
13.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Հայաստանի Հանրապետության
Նախագահի առաջարկությամբ
2006 թվականի հունիսի 13-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի) 114-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներին համապատասխան:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության այլ ներկայացուցիչներ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 115.

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

 

1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդագրի հետ ներկայացվում է նաև դատապարտյալի անձնական գործը:

3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշումը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը քննարկում է հավանություն չստանալու որոշումը կայացվելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց վեց ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

4. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները օրենսդրությանը հակասելու դեպքում կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշումը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման հարցը քննարկում է հավանություն չստանալու որոշումը կայացվելուց մեկուկես տարի անց:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց երեք տարի անց։»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 16
Երևան
ՀՕ-66-Ն