Գլխավոր տեղեկություն
Համար
N 298-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 11.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2022 թվականի N 298-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-168-16.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-168-16.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նաև նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 314-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ընդ որում, առաջարկվող հոդվածի 1-ին մասը՝ բովանդակային առումով նույն ձևակերպմամբ՝ ինչ գործող օրենսգրքում, պատասխանատվություն է նախատեսում պաշտոնական կեղծիքի համար:

Ինչ վերաբերում է նախագծի 2-րդ և 3-րդ մասերին, ապա դրանցով առաջարկվում է քրեականացնել այնպիսի արարքները, ինչպիսիք են պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական պարտականություններից բխող և

ա. ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը կամ

բ. հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը:

Նախագծի 3-րդ մասով որպես որակյալ հատկանիշ է նախատեսված քննարկվող արարքների կատարումը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին:

Վերոնշյալի կապակցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ մատնանշվել է, որ բանավոր հայտարարությունների, ելույթների և լրագրողական հարցերին հրապարակային պատասխանների ժամանակ պաշտոնատար անձանց կողմից հաճախ հայտնվում են կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչը, ըստ նախագծի հեղինակների, ունի հանրային բարձր վտանգավորություն և պայմանավորում է նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Չհամաձայնելով ներկայացված դիտարկումներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.

Օրենսգրքով արդեն իսկ սահմանված են որոշակի կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը, ինչպես նաև հանրային շահի ու ազգային անվտանգության պաշտպանությունը։

Այսպես, օրենսգրքի 148-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելու կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելու համար, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել:

Օրենսգրքի 278-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելու կամ աղավաղելու համար, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է քննարկվող արարքի որակյալ հատկանիշը, այն է՝ նշված գործողությունները պաշտոնական դիրքն օգտագործելով կատարելու համար:

Նույն օրենսգրքի 282-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելու կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու համար:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ օրենսդրի կողմից արդարացիորեն քրեականացվել են միայն այնպիսի բնույթի կեղծ տեղեկություններ հայտնելու կամ հրապարակումներ կատարելու վերաբերյալ դրսևորումները, որոնք հանգեցնում են անձանց իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև անձանց, պետության կամ հասարակության շահերին որոշակի վնասի պատճառման, ինչից ելնելով՝ ունեն բարձր հանրային վտանգավորության աստիճան: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակներում կամ դրանցից դուրս կատարված մյուս գործողություններին, ապա վերջիններս համապատասխան հատկանիշների առկայության դեպքում ենթակա են որակման այլ հոդվածներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, անցում և այլն)։

Ուշադրության է արժանի նաև այն, որ նախագծում ներառված ձևակերպումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին1: Այսպես, նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ հանցագործության հատկանիշ համարվող տեղեկությունների շրջանակն անորոշ է և գնահատողական: Խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր չէ հստակեցնել այն չափանիշները, որոնց առկայությունը կարող է վկայել օգտագործվող հասկացության բովանդակության մասին: «Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» ձևակերպումը չի կարող հաջողված համարվել, քանի որ այն կարող է ընդգրկել հարցերի խիստ լայն շրջանակում, մյուս կողմից հասկանալի չէ նաև այն, թե հասարակության քանի՞ անդամ պետք է հետաքրքրված լինի, որպեսզի «հարցը» դիտարկվի այդպիսին: Այլ կերպ՝ նշվածն առավել քան վկայում է այն մասին, որ առանց նման չափանիշների հստակեցման ոչ միայն թույլ են տրվելու իրավական որոշակիության սկզբունքի խախտումներ, այլև նման իրավիճակը հանգեցնելու է քրեաիրավական նորմի կիրառման կամայական դրսևորման, ինչն անթույլատրելի է:

Տարընկալումների տեղիք է տալիս նաև «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձևակերպումը: Ազգային անվտանգության հասկացությունը սահմանվում է միայն «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից», սակայն այն հարցերի շրջանակը, որոնք առնչվում են քննարկվող հասկացության հետ, ևս հստակ չէ: Ասվածը պայմանավորվում է նրանով, որ ինքնին «ազգային անվտանգության» հասկացության նման ընդգրկուն ձևակերպման պայմաններում յուրաքանչյուր հայտարարություն, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի վերը նշված բարիքների հետ, հանգեցնելու է այն կատարած անձի մեխանիկական քրեական պատասխանատվությանը:

Այս համատեքստում հարկ է փաստել, որ քրեական օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները՝ որպես անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքի բաղադրիչ, ավելի բարձր համապատասխանություն պետք է ունենան իրավական որոշակիության սկզբունքին, քան այլ իրավակարգավորումների դեպքերում: Ուստի, քրեաիրավական նորմերի որոշակի և կանխատեսելի լինելու պահանջների ապահովման տեսանկյունից առաջարկվող ձևակերպումները հստակ չեն, ինչը գործնականում կարող է անհամաչափորեն ընդլայնել հոդվածի կիրառման շրջանակը՝ ստեղծելով բարդություններ։

Հարկ է նաև դիտարկել նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում օգտագործվող՝ «կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնել» բառակապակցությունը խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատության իրավունքի համատեքստում:

Այսպես, կարևոր է արձանագրել, որ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա, ՄԻԵԿ) սահմանվում են այն իրավաչափ նպատակները, որոնց առկայության պարագայում միայն խոսքի կամ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել։

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Խնդրո առարկա հանգամանքի կապակցությամբ ուշագրավ պետք է համարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ դատարան) դիրքորոշումն այն մասին, որ «Այս ազատությունը կիրառելի է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք բարյացակամորեն կամ անտարբերությամբ են ընդունվում կամ համարվում են անվնաս, այլև այնպիսիների, որոնք վրդովեցուցիչ, ցնցող կամ անհանգստացնող են: Դա է բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության թելադրանքը, առանց որի չկա «ժողովրդավարական հասարակություն»2:

Վերոգրյալի համատեքստում հարկ է հիշատակել, որ խոսքի ազատության իրավունքի ոչ արդարացված սահմանափակումը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան չարաշահումը՝ արդյունքում սպառնալիք ստեղծելով կամ վնաս հասցնելով անձանց, հասարակության և պետության շահերին:

Ինչպես ընդգծված է դատարանի երկարամյա նախադեպային դատական պրակտիկայում, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն` քաղաքական խոսքի սահմանափակման հնարավորությունները քիչ են3։ Այդ իսկ պատճառով դատարանը մի քանի դեպքերում եզրահանգել է, որ ընտրությունների համատեքստում կեղծ տեղեկատվության տարածումը կանխելուն ուղղված օրենսդրության կիրառումը հանգեցնում է խոսքի ազատությանն անհամաչափ միջամտության4։

Նշվածի համատեքստում ստացվում է, որ պաշտոնատար անձանց խոսքի ազատության բարձր պաշտպանությունը և դրանով պայմանավորված՝ կեղծ տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը, որը հասցեատերերի կողմից հնարավոր է ընկալվի սուբյեկտիվորեն, դեռևս չունի այնքան հանրային վտանգավորություն, քանի դեռ այն վնաս չի հասցրել այն հիմնարար արժեքներին, որոնց պաշտպանության նպատակով կարող է սահմանափակվել այս ազատությունը: Մյուս կողմից, հաշվի առնելով քաղաքական գործիչների գործունեության բնույթը, հնարավոր է, որ նրանց կողմից հնչեցված կամ այլ կերպ հայտնված տեղեկությունները հանդիսանան ոչ թե հաստատակամ դատողություններ, այլ սուբյեկտիվ գնահատականներ կամ քննադատություններ, որոնք համատեղելի չեն խոսքի ազատության իրավունքի սահմանափակման արդարացի հավասարակշռության տեսանկյունից:

Ի վերջո նախագիծը խնդրահարույց է այն առումով, որ դրանով առաջարկվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 29-րդ գլխում, որտեղ զետեղված են պետական ծառայության դեմ ուղղված արարքների համար քրեական պատասխանատվություն սահմանող հանցակազմերը: Նախագծի հիմնավորումից բխում է, որ քննարկվող արարքի քրեականացման անհրաժեշտությունը պայմանավորվում է տեղեկություններ ստանալու սահմանադրական իրավունքի երաշխավորման պահանջից, մինչդեռ կարգավորումներն առաջարկվում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլխում։

Հարկ է նշել, որ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների օբյեկտը պետական ապարատի (կառավարման հանրային ապարատի) նորմալ գործունեությունն է: Բացի հիմնական օբյեկտից՝ նշված հանցագործությունները, կոնկրետ հանգամանքներից կախված, կարող են ունենալ նաև լրացուցիչ օբյեկտ և վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, սեփականությանը, խախտել մարդկանց սահմանադրական և մյուս իրավունքներն ու ազատությունները: Նշվածով պայմանավորված՝ գտնում ենք, որ օրենսգրքի կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված՝ նախագծով առաջարկվող կարգավորումը խախտում է հանցակազմի ամբողջականությունը՝ արդյունքում դուրս մղելով այն բուն հասարակական հարաբերությունների կարգավորման առարկայի շրջանակներից:

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

_______________________________

1 ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449):

2 Տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 դիմումով ՄԻԵԴ 08.07.1986 թվականի վճիռ, պարբ. 41, Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 11662/85 դիմումով ՄԻԵԴ 23.05.1991 թվականի վճիռ, պարբ. 57 և այլն:

3 Տե՛ս օրինակ՝ Կոշչն ընդդեմ Լեհաստանի, 1 հունիսի 2017 թ․, թիվ 34598/12, կետ 35, Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի [GC], 29 մարտի 2016 թ․, թիվ 56925/08, կետ 49, Շուրեկն ընդդեմ Թուրքիայի [GC], 8 հուլիսի 1999 թ․, թիվ 26682/95, կետ 61 և Կաստելսն ընդդեմ Իսպանիայի, 23 ապրիլի 1992 թ․, թիվ 1798/85, կետ 42։

4 Տե՛ս Կվիեչեն ընդդեմ Լեհաստանի, թիվ 51744/99; Կիտան ընդդեմ Լեհաստանի, թիվ. 57659/00; Բրժեզինսկին ընդդեմ Լեհաստանի, թիվ 47542/07։