ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում |
ՎԲ-02/07 | ||
Գործ թիվ ՎԲ-02/07 |
|||
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ | ||
|
|
Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ |
քարտուղար |
Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ |
27 փետրվարի 2007 թվական |
ք. Երևան |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով տուժողի իրավահաջորդ Արման Քրմոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 17-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից 2005 թվականի օգոստոսի 16-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատախազության ավագ քննիչ Ա.Վարդանյանը 2005 թվականի նոյեմբերի 16-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` Ե.Հարությունյանի, Ս.Խաչատրյանի և Շ.Գրիգորյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։
Ա.Քրմոյանը բողոք է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է։
Առաջին ատյանի դատարանի որոշումը տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանը բողոքարկել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանը 2006 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության։
Տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանը ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։
Վճռաբեկ բողոքը 2006 թվականի նոյեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
2. Գործի փաստական հանգամանքները.
Տուժող Սյուզաննա Բադալյանը 2005 թվականի ապրիլի 13-ին դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Որտեղ ուրոլոգի կողմից որոշում է կայացվել հրատապ կարգով կեսարյան հատում, այնուհետև` նեֆրեկտոմիա (երիկամի հեռացում) և ստորին սիներակի թրոմբեկտոմիա (թրոմբի հեռացում) կատարելու վերաբերյալ։ Կեսարյան հատումից հետո ուրոլոգ Երվանդ Հարությունյանը անցել է նեֆրեկտոմիայի և ստորին սիներակի թրոմբեկտոմիայի կատարմանը։ Վիրահատության սկզբում ստորին սիներակի վրա թրոմբից վեր և վար դրվել են սեղմիչներ։ Սեղմիչների դրման փուլում տեղի է ունեցել փորոքների ֆիբրիլյացիա, որը արձանագրվել է անեսթեզիոլոգի կողմից։ Դեֆիբրիլյացիա է կատարվել, որի արդյունքում սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն հինգ րոպե անց կրկին ֆիբրիլյացիա է տեղի ունեցել։ Այս անգամ նորից սրտի աշխատանքը վերականգնվել է։ Սակայն հինգ րոպե անց տեղի է ունեցել երրորդ ֆիբրիլյացիան, որից հետո սրտի աշխատանքը չի վերականգնվել, և ռեանիմացիայի 45-րդ րոպեին արձանագրվել է կենսաբանական մահ։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ա.Քրմոյանը, իր բողոքում բարձրացնելով երկու հարց, խնդրել է պարզաբանել, թե արդյոք քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննիչ դատարան, թե ոչ, և երկրորդ` արդյոք վերաքննիչ բողոքը կարող է առանց քննության թողնվել դատավորի միանձնյա կայացրած որոշմամբ, թե այն պետք է կայացվի դատարանի կոլեգիալ կազմով։
Բողոք բերած անձը գտել է, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Դանիելյանի որոշմամբ խախտվել են իր դատավարական իրավունքները։ Ա.Քրմոյանը պատճառաբանել է, որ վերաքննիչ դատարանի դատավորը բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն չունի, քանի որ «վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու» հասկացություն քրեական դատավարության մեջ գոյություն չունի։ Այսինքն դատավորը կատարել է մի գործողություն, որը առհասարակ օրենքով նախատեսված չէ։
Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով խնդրել է բեկանել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Դանիելյանի 2006 թվականի օգոստոսի 17-ի որոշումը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան` բողոքն ըստ էության քննելու համար։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
1/ Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը վերացնելու մասին պահանջը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը.
Դիմող Ա.Քրմոյանը, բողոքարկելով քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը, հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի սահմանում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։
Այնուհանդերձ, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով, 384-րդ հոդվածով և այլն։
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանվում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելը ըստ էության։
Ներկայացված նյութերից երևում է, որ տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը քննիչի` գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին, այն է` այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։
Ա.Քրմոյանի բողոքը համապատասխանում էր վերաքննիչ բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջներին ևս։ Մասնավորապես, այն բերվել է պատշաճ սուբյեկտի կողմից, քանի որ տուժողի իրավահաջորդը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված է` որպես վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող դատավարության մասնակից, այն ներկայացվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդված), բողոքատուի բաց թողած վերաքննիչ բողոքարկման ժամկետը առաջին ատյանի դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հարգելի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մաս), բողոքի բովանդակությունը համապատասխանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։
Հետևաբար Ա.Քրմոյանը իրավունք ուներ քննիչի` գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը իրավասու չէր տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։
2/ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը մեկ դատավորի կազմով.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 387-րդ հոդվածի հիման վրա` վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով։ Այս ընդհանուր իրավանորմից զատ գոյություն չունի ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի գործունեությունը կանոնակարգող որևէ հատուկ իրավադրույթ, որը սահմաներ քրեական գործ քննող վերաքննիչ դատարանի այլ կազմ, քան երեք դատավորից բաղկացած դատական կազմն է։
Հետևաբար, վերաքննիչ դատարանն իրավասու չէր Ա.Քրմոյանի բողոքը քննել մեկ դատավորի կազմով։
Այսպիսով, խախտվել է օրինականության սկզբունքը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։
Գործը մեկ դատավորի կազմով քննելով և լուծելով` վերաքննիչ դատարանը խախտել է քրեական դատավարության ևս մեկ սկզբունք` արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի` «Ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով»։ Օրենքով վերաքննիչ դատարանի մեկ դատավորին վերապահված չէ քրեական գործ քննելու լիազորություն։ Ուստի Ա.Քրմոյանը զրկվել է իր գործը այն դատարանում և այն դատավորների կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով, այսինքն` իր գործը վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով քննվելու իրավունքից։
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերաքննիչ դատարանի մեկ դատավորը Ա.Քրմոյանի գործով չի կարող դիտվել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։ Ուստի վերաքննիչ դատարանում բողոքատու, տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանի գործի քննությունը մեկ դատավորի կազմով խախտում է դիմողի` արդարացի դատաքննության իրավունքը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։
Վերաքննիչ դատարանի թույլ տված քրեադատավարական օրենքի խախտումներն էական են, քանի որ դրանք քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների խախտումներ են, որոնք թույլ են տրվել դատական քննության ժամանակ, և տուժողի իրավահաջորդ Ա.Քրմոյանին արդարացի դատաքննության իրավունքից զրկելու ճանապարհով այդ խախտումները անվերապահորեն ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։
3/ Բողոքն առանց քննության թողնելը.
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի` «Բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի` «Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության»։ Ուստի բացի նշված երկու դեպքից վերաքննիչ դատարանը լիազորված չէ բողոքը թողնել առանց քննության։
Ա.Քրմոյանի վերաքննիչ բողոքը ստորագրված էր և պարունակում էր նշում բողոքարկվող որոշման մասին։
Թեև Ա.Քրմոյանի վերաքննիչ բողոքը բերվել էր բողոքարկման 15-օրյա ժամկետն անցնելուց հետո, այնուհանդերձ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված կարգով ժամկետը բաց թողնելը վերականգնված էր։
Հետևաբար վերաքննիչ դատարանը լիազորված չէր որոշում կայացնել Ա.Քրմոյանի բողոքն առանց քննության թողնելու մասին։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը վերացնելու պահանջը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու հնարավորության, վերաքննիչ դատարանի կողմից քրեական գործը մեկ դատավորի կազմով քննելու իրավասության, վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելու իրավաչափության հարցերով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Տուժողի իրավահաջորդ Արման Քրմոյանի բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի օգոստոսի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` ըստ էության քննելու համար։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. ՍԱՀԱԿՅԱՆ |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ | |
Մ. ՍԻՄՈՆՅԱՆ |