ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0853/06/18 | ||
Գործ թիվ ԵԴ/0853/06/18 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
|
մասնակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ`
|
Ա. Հարությունյանի |
2020 թվականի մայիսի 25-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աղդաս Մոզաֆարի Կարամիի (Քարամիի) վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 31-ի որոշման դեմ Աղդաս Կարամիի (Քարամիի) պաշտպան Լ.Պինգոլցյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա.Զեյնալյանի միջնորդությունը՝ Աղդաս Մոզաֆարիի Կարամիին (Քարամիին) հանձնելու համար կալանավորում կիրառելու վերաբերյալ, բավարարվել է, և Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ կիրառվել է կալանավորում՝ 2 (երկու) ամիս ժամկետով։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի մայիսի 2-ի որոշմամբ բավարարվել է Ա.Կարամիին (Քարամիին) կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ա.Զեյնալյանի միջնորդությունը:
3. Վերոնշյալ որոշման դեմ Ա.Կարամիի (Քարամիի) պաշտպան Լ.Պինգոլցյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Կարամիի (Քարամիի) պաշտպան Լ.Պինգոլցյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով Ա.Կարամիին (Քարամիին) կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ա.Զեյնալյանի միջնորդությունը, իր դատական ակտի եզրափակիչ մասում արձանագրել է․ «(․․․) Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում»1։
6․ Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Լ.Պինգոլցյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2019 թվականի մայիսի 2-ին, որի պատճենը նույն օրը հանձնվել է Աղդաս Մոզաֆարի Կարամիի (Քարամի) պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանին, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Աղդաս Մոզաֆարի Կարամիի (Քարամի) պաշտպան Լիլիթ Պինգոլցյանի կողմից փոստային ծառայության միջոցով վերաքննիչ բողոք է բերվել 2019 թվականի մայիսի 13-ին:
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Աղդաս Մոզաֆարի Կարամիի (Քարամի) պաշտպան Լիլիթ Պինգոլցյանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է ինչպես Առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվելու պահից, այնպես էլ այն ստանալու օրվանից ավելի քան հինգ օր հետո (Առաջին ատյանի դատարանի որոշման պատճենը պաշտպան Ֆերդինանդ Սարգսյանին հանձնելու օրվանից տասնմեկ օր հետո), այսինքն` չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները»2։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
7․ Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
7.1. Մասնավորապես, բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կիրառվող «կալանավորում» և «հանձնելու համար կալանավորում» հասկացությունների տարբերությունները, փաստել է, որ օրենսդիրը չի նույնացնում քննարկվող դատավարական ինստիտուտները։ Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի տեսակներով պայմանավորված, սահմանել է վերաքննիչ բողոքարկման ընդհանուր՝ տասնօրյա, և հատուկ՝ հնգօրյա ժամկետներ։ Հատուկ ժամկետը նախատեսված է կալանավորման, կալանավորման ժամկետի երկարաձգման և բժշկական հաստատություններում անձանց տեղավորման վերաբերյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման համար։
7.2. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքարկման հնգօրյա ժամկետը վերաբերում է բացառապես կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումների բողոքարկմանը և հետևաբար, հանձնման համար կալանավորման մասին որոշումների վերաքննիչ բողոքարկման համար կիրառելի է բողոքարկման ընդհանուր՝ տասնօրյա ժամկետը։
8. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ա.Կարամիի (Քարամիի) վերաբերյալ կայացված դատավճիռը, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի համաձայն, ենթակա չէ ի կատար ածման, հետևաբար, վերջինս ենթակա չէ հանձնման, ինչից էլ բխում է, որ նրա նկատմամբ չի կարող կիրառվել հանձնման համար կալանավորումը։
9. Բացի այդ, բողոք բերած անձն ընդգծել է, որ հանձնման համար կալանավորման՝ օրենքով սահմանված առավելագույն ութամսյա ժամկետը պետք է հաշվարկել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից և արձանագրել, որ Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու պարագայում վերջինիս կալանքի տակ մնալու ժամկետը գերազանցելու է օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն և անօրինական որոշում:
10. Վերոշարադրյալի հիման վրա, Ա․Կարամիի (Քարամիի) պաշտպան Լ․Պինգոլցյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ՝ արձանագրելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 5-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշումներով թույլ տրված խախտումները։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած և ՀՀ տարածքում ձերբակալված անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կամ հանձնելու համար կալանավորում կիրառելու մասին որոշման վերաքննիչ բողոքարկման ժամկետի հաշվարկման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ կիրառված՝ հանձնելու համար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշման՝ հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
13․ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
13.1. Մեջբերված սահմանադրական նորմերի, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն ամրագրող՝ Միավորված ազգերի կազմակերպության՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:
Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովել քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները3:
14․ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)
7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`
(...)
37) կալանավորում` որպես խափանման միջոց կալանքն ընտրելը.
(...)
38.1) ժամանակավոր կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով.
38.2) հանձնելու համար կալանավորում՝ անձին անազատության մեջ պահել նրա հանձնումն ապահովելու նպատակով.
(․․․)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է»:
14.1. Մեջբերված նորմերի և դրանց համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրն առանձնացրել է կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու հետևյալ տեսակները՝
ա) կալանավորումը՝ որպես խափանման միջոց,
բ) կալանավորումը՝ որպես ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած ու ՀՀ տարածքում ձերբակալված անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով վերջինիս ազատությունը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոց,
գ) կալանավորումը՝ որպես ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած ու ՀՀ տարածքում ձերբակալված անձի հանձնումն ապահովելու նպատակով վերջինիս ազատությունը սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոց։
14.2. Վերոշարադրյալը թույլ է տալիս եզրահանգել, որ կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու նշված տեսակներն ինքնավար են, ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման տարբեր հիմքեր: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ կալանավորման քննարկվող տեսակները, սակայն, ունեն էական ընդհանրություն, այն է` դրանք բոլորն էլ ենթադրում են համապատասխան օրենսդրական հիմքերի առկայության պարագայում որոշակի նպատակի իրացման համար անձնական ազատությունից զրկում:
15․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը, կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին և նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը և ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարաձգելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ բողոք բերվում են՝
(…)
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման (…) մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։
15.1. Վերոշարադրյալ իրավական նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեադատավարական օրենքը տարանջատել է կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու մասին գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման հատուկ՝ հնգօրյա ժամկետ։ Ընդ որում, թեև գործող քրեադատավարական կարգավորումները նախատեսում են կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու երեք տարբեր տեսակներ, այդուհանդերձ, դրանց վերաբերյալ որոշումների վերաքննիչ բողոքարկման առանձնահատուկ կարգավորում առնվազն բողոքարկման ժամկետների առումով չեն սահմանում։ Դա նշանակում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանավորման մասին որոշման բողոքարկման հնգօրյա ժամկետի վերաբերյալ քրեադատավարական նորմի գործողությունը տարածվում է ինչպես քրեական գործով վարույթի ընթացքում կալանավորման՝ որպես խափանման միջոցի մասին, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած և ՀՀ տարածքում ձերբակալված անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու, հանձնումը բացառող հանգամանքները պարզելու կամ հանձնումն ապահովելու նպատակներով կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոքների վրա։ Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման հնգօրյա ժամկետը վերաբերում է ոչ միայն կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, այլև նույն օրենսգրքի 478.2-րդ և 478.3-րդ հոդվածներով սահմանված կարգով կիրառված կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկմանը։
15.2. Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու մասին որոշման բողոքարկման սեղմ ժամկետի նախատեսումը կարևոր դատավարական երաշխիք է՝ ապահովելու անձնական ազատության անհարկի միջամտությունից հնարավորինս սեղմ ժամանակահատվածում արդյունավետորեն պաշտպանվելու անձի իրավունքը։
16․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ կիրառված՝ հանձնելու համար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշում կայացնելով, դատական ակտի եզրափակիչ մասում սահմանել է, որ այն կարող է բողոքարկվել հնգօրյա ժամկետում4։
Նշված դատական ակտի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմը ստացել է 2019 թվականի մայիսի 2-ին, իսկ նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստային առաքման միջոցով 2019 թվականի մայիսի 13-ին ուղարկվել է Վերաքննիչ դատարան, հետևաբար, վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետի խախտմամբ՝ այն ստանալու օրվանից ավելի քան հինգ օր հետո5։
17․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, պատշաճ իրավական գնահատման ենթարկելով կալանավորման եղանակով անձնական ազատությունից զրկելու մասին գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման կառուցակարգերը, հանգել են իրավաչափ հետևության առ այն, որ Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ կիրառված՝ հանձնելու համար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ հնգօրյա ժամկետում։
19. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր են Ա.Կարամիի (Քարամիի) նկատմամբ կիրառված՝ հանձնելու համար կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշման՝ հնգօրյա ժամկետում բողոքարկման ենթակա լինելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, որը պետք է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
21․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնելու համար կալանավորում կիրառելու վերաբերյալ որոշումը վերաքննության կարգով բողոքարկվել է սահմանված ժամկետների խախտմամբ, և Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ՝ Վճռաբեկ դատարանը հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերում նշված փաստարկներին ու գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Աղդաս Մոզաֆարի Կարամիի (Քարամիի) վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս նյութեր, թերթեր 67-71:
2 Տե'ս նյութեր, թերթեր 90-91:
3 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 17-18-րդ կետերը:
4 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: