Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ

դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-55/07

ՎԲ-55/07

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

Դատավորներ`

 Կ. Ղազարյան

 Գ. Մելիք-Սարգսյան

 

    ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան/

               

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար`

դատախազ`

Ք. Մարտիրոսյանի

Վ. Գևորգյանի

     

2007 թվականի մայիսի 04-ին

ք. Երևանում

       

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Ռոբերտ Սուրենի Խատոյանի վճռաբեկ բողոքը Ռոբերտ Խատոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 13-ի դատավճռի դեմ,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

  

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Նախաքննության մարմինը 2006 թվականի մարտի 9-ին Ռոբերտ Սուրենի Խատոյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռով Ռոբերտ Սուրենի Խատոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նույն դատավճռով Վարդան Գեղամի Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Վճռվել է տուժողներից 18-ին հանցագործությամբ պատճառված վնասը բռնագանձել Վարդան Վարդանյանից։

Միաժամանակ որոշվել է Վ.Վարդանյանից և Ռ.Խատոյանից համապարտության կարգով հօգուտ տուժող Անուշ Սիմոնյանի բռնագանձել 5.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հօգուտ Աբրահամ Թորոսյանի` 7.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հօգուտ Գառնիկ Սահակյանի` 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժող Անուշ Սիմոնյանը։

Քննության առնելով տուժողի վերաքննիչ բողոքը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Ռոբերտ Խատոյանի մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճիռը փոփոխել է. Ռոբերտ Սուրենի Խատոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Դատավճռի մնացած մասը թողնվել է անփոփոխ։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 13-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ռոբերտ Խատոյանը ։

Վճռաբեկ դատարանը 2007 թվականի մարտի 22-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով։

   

2. Գործի փաստական հանգամանքները.

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, 2002 թվականի օգոստոսի 12-ին ստեղծելով և ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցելով «Վ.Վ.ՍԱԻՏ» ՍՊԸ-ն, Երևան քաղաքի տարբեր վարձակալած գրասենյակներում 2004 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2005թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքի միջնորդական գործունեությամբ։ Հանդիսանալով նշված ՍՊԸ-ի տնօրեն և մտադրվելով վստահությունը չարաշահելու միջոցով տիրանալ քաղաքացիների գույքին, 2005 թվականի ընթացքում բնակարան ձեռք բերելու պատրվակով 21 քաղաքացիներից նա ստացել է 35.970.212 ՀՀ դրամին համարժեք 77.850 ԱՄՆ դոլար, 87.000 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել։

Երեք դրվագով Ռ.Խատոյանն օժանդակել է Վ.Վարդանյանին խարդախությամբ տիրանալ քաղաքացիների գույքին։

Այսպես` 2005 թվականի հուլիսի 22-ին Վ.Վարդանյանը Ռ.Խատոյանի հետ գնացել է իր ծանոթուհի, գործով տուժող Աշխեն Սարդարյանի՝ Երևանի Ֆրունզեի փողոցի 10-րդ շենքի 48 բնակարան, որտեղ խարդախությամբ նրա գումարին տիրանալու դիտավորությամբ չարաշահել է Ա.Սարդարյանի վստահությունը և 2 ժամ հետո վերադարձնելու մտացածին պայմանով խաբեությամբ նրանից ստացել են 1.401.820 ՀՀ դրամին համարժեք 3.100 ԱՄՆ դոլար և 47.000 ՀՀ դրամ, որոնք հետագայում չեն վերադարձրել, այլ հափշտակել ու ծախսել են իրենց անձնական կարիքների համար, իսկ գումարը վերադարձնելու մասին Ա.Սարդարյանի պահանջներին ի պատասխան` նրա վստահությունն ամրապնդելու համար Վ.Վարդանյանը կազմել և նրան է տվել գումարը վերադարձնելու բովանդակությամբ ձևական պարտավորագիր։

Այնուհետև Վ.Վարդանյանը և Ռ.Խատոյանը վերջինիս հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող գործով տուժող Լուսաբեր Շխրդումյանից պատուհան տեղադրելու պատրվակով վերցրել են նրան պատկանող Երևանի Շիրակի փող. 2ա 2-րդ մասնաշենքի թիվ 812 բնակարանի մուտքի դռան բանալին և սեփականության վկայականի պատճենը, որոնց օգտագործմամբ, Լ.Շխրդումյանից գաղտնի, 2005թվականի հոկտեմբեր ամսի տարբեր օրերի առանձին-առանձին, բնակարան գնելու ցանկությամբ «Վ.Վ.ՍԱԻՏ» ՍՊԸ-ին դիմած հաճախորդներ, գործով տուժողներ Գառնիկ Սահակյանին և Անուշ Սիմոնյանին ցույց են տվել Լ.Շխրդումյանի վերը նշված բնակարանը և ներկայացնելով իբրև վաճառվող բնակարան, նշելով ակնհայտ ցածր արժեք, խաբեությամբ` որպես բնակարանի ձեռքբերման նախավճար, 2005թվականի հոկտեմբերի 8-ին և 17-ին Գ. Սահակյանից մաս-մաս ստացել են 1.357.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար, իսկ որպես բնակարանի ձեռքբերման նախավճար և վերանորոգման վճար Ա.Սիմոնյանից 2005թ. հոկտեմբերի 9-ին և հոկտեմբեր ամսվա վերջերին մաս-մաս ստացել են 2.507.000 ՀՀ դրամին համարժեք 5.500 ԱՄՆ դոլար։ Վստահությունն ամրապնդելու համար նրանք «Վ.Վ.ՍԱԻՏ» ՍՊԸ-ի անունից կազմել և Ա.Սիմոնյանին տրամադրել են կապալի թիվ ԱՖ 33 առ 09.10.2005թվականի ձևական պայմանագիրը, առուվաճառքի առ 09.10.2005թվականի թիվ ԱՖ 114 ձևական պայմանագիրն ու գումարի վճարման նույն ամսաթվի թիվ ԱՖ 115 ձևական անդորրագիրը, իսկ Գ.Սահակյանին տրամադրել են առուվաճառքի առ 08.10.2005թվականի թիվ ԱՖ 113 ձևական պայմանագիրն ու գումարի վճարման ԱՖ 113 առ 08.10.2005թվականի և ԱՖ 115 17.10.2005թվականի անդորրագրերը։ Խոստացված գործարքները նրանք չեն իրականացրել, ստացած գումարները հափշտակել և ծախսել են իրենց անձնական կարիքների համար։

Այնուհետև, բնակարան գնելու ցանկությամբ «Վ.Վ.ՍԱԻՏ» ՍՊԸ-ին դիմած Լիբանանի քաղաքացի, գործով տուժող Աբրահամ Թորոսյանին ամբաստանյալներ Վ. Վարդանյանն ու Ռ.Խատոյանը ցույց են տվել գործով վկա Գագիկ Հովհաննիսյանի կողմից վաճառքի ներկայացված, նրան պատկանող Երևանի Սարի Թաղ 18-րդ փողոցի 69 տունը՝ նշելով ակնհայտ ցածր արժեք, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով տան ձեռքբերման նախավճարի վճարման և վերանորոգման ծախսերի կատարման պատրվակով Ա.Թորոսյանից 2005 թվականի հոկտեմբերի 14-ին ստացել են 3.154.900 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար։ Վստահությունն ամրապնդելու համար նրանք «Վ.Վ.ՍԱԻՏ» ՍՊԸ-ի անունից կազմել և Ա.Թորոսյանին են տրամադրել կապալի թիվ ԱՖ 33 առ 14.10.2005թվականի ձևական պայմանագիրը, առուվաճառքի առ 14.10.2005 թվականի թիվ ԱՖ 114 ձևական պայմանագիրը, նույն տվյալներով գումարի վճարման անդորրագիրը։ Մինչև տուժողից գումար ստանալը ամբաստանյալները Ա.Թորոսյանին և նրա ազգական Վարդուհի Վերանյանին ցույց են տվել գործով վկա Վարդանուշ Շահբազյանի բնակարանում իրականում այլ անձանց կողմից կատարված վերանորոգումը, տուժողին խաբել են, թե իբր վերանորոգումն իրենց ընկերությունն է կատարել և կեղծ խոստում են տվել տուժող Ա.Թորոսյանի կողմից իբր գնվելիք տանը ևս այդ որակի վերանորոգում կատարել։ Գումարները ստանալուց հետո խոստացված գործարքները նրանք չեն իրականացրել, ստացված գումարը հափշտակել և ծախսել են իրենց անձնական կարիքների համար։ Ավելի ուշ տուժողի ներկայացուցիչ Մելանյա Բադալյանի պահանջով ամբաստանյալները վերցրած գումարը վերադարձնելու վերաբերյալ նրան տվել են առ 01.11.2005 թվականի ձևական պարտավորագիր, որտեղ ամբաստանյալ Ռ.Խատոյանը խաբեությամբ ներկայացել է որպես Ռոբերտ Մարտիրոսյան։

   

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքում բողոքի հեղինակը նշել է, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի նորմը, քանի որ դա այն դեպքերի համար է, երբ մեղմացնող հանգամանքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմով իբրև հանցակազմի տարր՝ հանցագործության հատկանիշ։ Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետն անձի մասնակցության աստիճանը հանցագործության կատարմանը խարդախության հանցակազմի տարր կամ այդ հանցագործության հատկանիշ չի համարում, և 178-րդ հոդվածի 3-րդ մասում ընդհանրապես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող նման հանգամանքի մասին որևէ նշում չկա։

Բացի այդ, վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասը, որով նախատեսված է, որ հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով հանցագործությանն իր մասնակցության աստիճանը, այն է՝ որ ինքը Վ.Վարդանյանի բազմադրվագ գործողություններին մասնակցել է ընդամենը երեք էպիզոդով, որ ոչ մեկից որևէ գումար չի վերցրել, իրավացիորեն այն համարել է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։

Ըստ բողոքի հեղինակի` վերաքննիչ դատարանի դատավճռում նշված «դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առնում հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը» պարբերությունից երևում է, որ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված նորմերը, քանի որ 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կիրառելի է միայն այն դեպքում, երբ ծանր հետևանքները ոչ թե հանդիսանում են հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշ, այլ երբ այդ հետևանքներն ավելի վտանգավոր են և էապես բարձրացնում են հանցագործության վտանգավորության աստիճանը և բնույթը, այսինքն՝ «հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը» դատարանը կարող է պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք համարել միայն այն դեպքում, երբ պատճառվել են տվյալ հանցագործության համար սովորականից ավելի ծանր հետևանքներ, մինչդեռ դատարանի կողմից դատավճռում չի նշված, թե որոնք են իր կատարած հանցանքի համար սովորականից առավել ծանր հետևանքները։

Դատարանը, նշված հանցագործությունը դասելով ծանր հանցագործությունների շարքին, նշել է նաև, որ ամբաստանյալ Ռ.Խատոյանը որևէ միջոց չի ձեռնարկել հարթելու տուժողներին պատճառված նյութական վնասը և գտել է, որ նշված հանգամանքներն էականորեն մեծացնում են հանցավորի և հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը։ Բողոքի հեղինակը գտնում է, որ դրանով խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ պատիժ նշանակելիս դատարանի չի կարող հաշվի առնել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքներ, ըստ այդ հոդվածի, ոչ մի կետ տուժողներին պատճառված նյութական վնասը հարթելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելն անձի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի համարում։

Խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջը. չի պարզվել իր պատասխանատվությունը մեղմացնող բոլոր հանգամանքները, մասնավորապես այն հանգամանքը, որ Վ.Վարդանյանի գործողությունների որոշ մասին ինքը մասնակցել է ստիպված, քանի որ ինչպես մյուս տուժողներին, այնպես էլ իրեն Վ.Վարդանյանը գումար է եղել պարտք, ինքը ցանկացել է ետ բերել իր գումարները, և դատարանը պետք է հաշվի առներ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հանգամանքը, այն է՝ հանցանքը նյութական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը։

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է իր նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 13.02.2007 թվականի դատավճիռը և լրացուցիչ պարզաբանում տալով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռին` օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճիռը, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ իր նկատմամբ նշանակված 2 տարի ժամկետով ազատազրկումը թողնել անփոփոխ։

     

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ Ռ. Խատոյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով պետք է բեկանել և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռին հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես երևում է դատավճռից, վերաքննիչ դատարանը, քննության առնելով Ռ. Խատոյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժաչափի և պատժատեսակի հարցը, գտել է, որ առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման ու գնահատման չի ենթարկել նրա կողմից կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները և հաշվի առնելով հանցագործության կատարմանը նրա մասնակցության աստիճանն ու առողջական վիճակը, վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, ինչը չի բխում մատնանշված հոդվածի պահանջներից և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։

Վերաքննիչ դատարանը դատավճռում նշել է.

1. Հանցագործությունը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, բացի այդ, Ռ. Խատոյանը որևէ միջոց չի ձեռնարկել հարթելու տուժողներին պատճառված վնասը, որոնք էականորեն մեծացնում են հանցավորի և հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը։

2. Առաջին ատյանի դատարանը հանցագործության կատարմանը Ռ. Խատոյանի մասնակցության աստիճանը դիտել է որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, սակայն այն պետք է հանել հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների շարքից, քանի որ նշված հանգամանքը սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ և չի կարող կրկին հաշվի առնվել որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք։

3. Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առնում հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը։

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածն ամրագրել է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը։

Պատիժ նշանակելիս արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները։

ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով։

Պատիժ նշանակելիս հանցավորի նկատմամբ անհատական մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի դատարանը պատժի տեսակն ու չափը ընտրելիս համոզվի, որ դրանով կհասնի պատժի նպատակներին։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները։

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանի ու բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը։ Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը միաժամանակ։ Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա։

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ եթե սույն հոդվածի առաջին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։ Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներին վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատիժ նշանակելիս դատարանը չի կարող հաշվի առնել սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված այլ հանգամանքներ, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե սույն հոդվածի առաջին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք։

Օրինականության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով։ Պատիժ նշանակելիս օրինականության սկզբունքն արտահայտվում է նրանում, որ պատժի տեսակը և չափը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի այն հոդվածի սանկցիայով, որի դիսպոզիցիայի հատկանիշներին համապատասխան անձը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ։ ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի առաջին մասը պարտադրում է դուրս չգալ Հատուկ մասի հոդվածի սանկցիայի սահմաններից։ Նշանակվող պատիժը չի կարող հոդվածի սանկցիայում նախատեսված պատժի առավելագույն կամ նվազագույն չափից ավելի խիստ կամ մեղմ լինել։ Այս պահանջից բացառություն կարող է անել միայն ՀՀ քրեական օրենսգիրքը, որը Ընդհանուր մասում նախատեսված հատուկ նորմերի ուժով դատարանին իրավունք է վերապահում դուրս գալ այդ սահմաններից։ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ։ Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը չի բովանդակում հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանն էականորեն նվազեցնող բացառիկ հանգամանքների ցանկը, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն իրավունք ունի բացառիկ ճանաչել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը։ Ընդ որում, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել։

Գործի նյութերից երևում է, որ առաջին ատյանի դատարանը Ռ.Խատոյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից վերաորակել է նույն օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ինչը զգալիորեն փոքրացնում է սկզբնական մեղադրանքի ծավալը և վկայում կատարված հանցագործության նվազ հասարակական վտանգավորության աստիճանի մասին։ Բացի այդ, Ռ.Խատոյանը հանցանք է կատարել առաջին անգամ, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, վատառողջ է, տառապում է «խրոնիկական երկկողմանի պիելոնեֆրիտ» 3-րդ աստիճանի (ծանր ձև) հիպերտոնիկ հիվանդությամբ։ Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նրա կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները և ելնելով ամբաստանյալի առողջական վիճակից, հանցագործության կատարմանը մասնակցության աստիճանից` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ։ Ըստ էության, առաջին ատյանի դատարանը Ռ.Խատոյանի պատիժը ծանրացնող հանգամանք չի գտել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա բացառիկ է ճանաչել առանձին մեղմացնող հանգամանքները` առողջական ծանր վիճակը և հանցագործության կատարմանը մասնակցության աստիճանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը շարադրված հանգամանքների գնահատման արդյունքում առաջին ատյանի դատարանը հիմնավոր հետևության է հանգել Ռ.Խատոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը հասնելու հնարավորության մասին։ Դատարանը նրա նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի նորմերին համապատասխան արդարացի պատիժ, որը որոշվել է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի 64-րդ հոդվածի դրույթները։ Այն բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։

Անհիմն են վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ առաջին ատյանի դատարանը բավարար չափով ստուգման և գնահատման չի ենթարկել Ռ.Խատոյանի կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հաշվի չի առել, որ նա կատարել է ծանր հանցագործություն, միջոցներ չի ձեռնարկել հարթելու տուժողներին պատճառված վնասը, որոնք էականորեն մեծացնում են հանցավորի և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը։

Առաջին ատյանի դատարանի դատավճռից երևում է, որ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել Ռ.Խատոյանի կատարած հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը։ Նշելով, որ Ռ.Խատոյանի կողմից կատարված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը, վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատիժ նշանակելիս պետք է ելնել ոչ միայն տվյալ տեսակի հանցագործության հասարակական վտանգավորության ընդհանուր գնահատականից, այլև ամբաստանյալի կատարած կոնկրետ գործողությունների գնահատականից, նրա անձից, ինչպես նաև գործով պարզված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներից, որոնք առաջին ատյանի դատարանը լիովին հաշվի է առել ու գնահատել։ Բացի այդ, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել։

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի այն փաստարկին, թե տուժողներին պատճառված նյութական վնասը հարթելու ուղղությամբ Ռ.Խատոյանի կողմից որևէ միջոց չձեռնարկելը էականորեն մեծացնում է հանցավորի և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, ապա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները սահմանած ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատիժ նշանակելիս դատարանը չի կարող հաշվի առնել սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված այլ հանգամանքներ։ Դա վկայում է այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված ծանրացնող հանգամանքների ցանկը սպառիչ է և տարածական մեկնաբանման ենթակա չէ։ Քանի որ տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողություն չկատարելը նշված չէ այդ ցանկում, այն Ռ.Խատոյանի պատիժը ծանրացնող հանգամանք դիտվել չի կարող։

Վերաքննիչ դատարանը որպես Ռ.Խատոյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը։

ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը։ Հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելու տակ պետք է նկատի ունենալ ոչ թե հոդվածում նախատեսված ծանր հետևանքը, որը համարվում է տվյալ հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը, այլ այն հետևանքները, որոնք ավելի վտանգավոր են և էապես բարձրացնում են հանցագործության վտանգավորության աստիճանն ու բնույթը։

Ծանր հետևանքների առաջացումը ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի մի շարք հոդվածներում հանդիսանում է հանցագործության հատկանիշ և դրա ուժով այդ հետևանքները չեն կարող լինել պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ։ Դրա հետ միասին ՀՀ քրեական օրենսգրքում կան մի շարք հանցագործություններ, որոնցով ծանր հետևանքները հանցագործության հատկանիշներ չեն, սակայն դրանց կատարման արդյունքում ծանր հետևանքներ վրա են հասնում (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ, 225-րդ, 242-րդ հոդվածներ և այլն)։ Այս դեպքում դատարանն իրավունք ունի ծանր հետևանքների առաջացումը ճանաչել պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք։ Այդ հետևանքները պետք է արարքի հետ գտնվեն պատճառական կապի մեջ և ընդգրկվեն հանցավորի դիտավորությամբ։

Քանի որ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների պարզումն էական նշանակություն ունի հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը ճիշտ լուծելու համար, անհրաժեշտ է բազմակողմանի հետազոտել պատիժը ծանրացնող հանգամանքների առկայության մասին վկայող գործի նյութերը` դատավճռում նշելով ընդունված որոշման շարժառիթը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված են յուրաքանչյուր քրեական գործով ապացուցման ենթակա փաստական հանգամանքները։ Այդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները հաստատվում են միայն ապացույցների հիման վրա։ Մինչդեռ Ռ.Խատոյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի հարցը քննելիս վերաքննիչ դատարանը դատավճռում չի նշել, թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ կետի համապատասխան քրեական օրենքով նախատեսված պատիժը խստացնող ինչ հանգամանքներ են ապացուցված քրեական գործի քննության ընթացքում։ Նշելով, որ որպես Ռ.Խատոյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը, վերաքննիչ դատարանը դատավճռում շարադրված իր հետևությունները պարտավոր էր հիմնավորել կոնկրետ ապացույցներով։ Սակայն հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը հիմնավորող փաստական տվյալները դատավճռում բացակայում են։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ առումով Ռ.Խատոյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատավճիռը հիմնավորված և պատճառաբանված չէ, չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին։ Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավճիռը հիմնավորված է, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա, այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար, դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին։ Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Իսկ դատավճիռը պատճառաբանված է, եթե ապացուցման տրամաբանական և իրավական կանոններին համապատասխան` նրանում շարադրված են դատավճռի նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում բովանդակվող հետևությունները և որոշումները հաստատող բոլոր փաստարկները։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները։ Քանի որ օրինական կարող է լինել միայն այն դատավճիռը, որը կայացվել է քրեական դատավարության ընթացքում՝ քրեադատավարական օրենքի նորմերին համապատասխան, չհիմնավորված և չպատճառաբանված դատավճիռն օրինական չէ։ Բացի այդ, անհիմն կերպով Ռ.Խատոյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը, վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման։

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են։

Վերաքննիչ դատարանը դատավճռում նշել է, որ առաջին ատյանի դատարանը հանցագործության կատարմանը Ռ.Խատոյանի մասնակցության աստիճանը դիտել է որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, սակայն այն պետք է հանել հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների շարքից, քանի որ նշված հանգամանքը սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ և չի կարող կրկին հաշվի առնվել որպես ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք։

Վերաքննիչ դատարանի նշված հետևությունն անհիմն է և չի բխում գործի տվյալներից։ Նախ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասում, նշված պատիժը մեղմացնող հանգամանքներից բացի, գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք նույնպես ազդում են արարքի հասարակական վտանգավորության աստիճանի վրա և պետք է հաշվի առնվեն պատիժն անհատականացնելիս։ Այդ մասին են վկայում նաև նույն հոդվածի 2-րդ մասի նորմերը, որոնց համաձայն, պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին մասում։ Այսպես` պատիժը մեղմացնելու անհրաժեշտության մասին կարող են վկայել չավարտված հանցավոր գործունեությունը՝ ավարտված հանցավոր գործունեության համեմատությամբ, օժանդակողի ֆունկցիան՝ կազմակերպչի ֆունկցիայի համեմատությամբ և այլն։ Առաջին ատյանի դատարանը, ելնելով ամբաստանյալ Ռ.Խատոյանի օժանդակողի դերից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով, իրավացիորեն հանցագործության կատարմանը նրա մասնակցության աստիճանը դիտել է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասը և թույլ տալով նույն օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի սխալ կիրառում, Ռ.Խատոյանի մասնակցության աստիճանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հանել է մեղմացնող հանգամանքների շարքից։ Ընդ որում, վերաքննիչ դատարանն իր այդ հետևությունը չի հիմնավորել և չի պատճառաբանել, որով թույլ է տվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի խախտում։

Գործող ՀՀ քրեական օրենսգիրքը զգալիորեն ընդլայնել է հանցավոր արարքը բացառող հանգամանքները։ Եվ եթե անձը հանցագործություն է կատարում ՀՀ քրեական օրենսգրքի 42-44-րդ, 46-47-րդ հոդվածներում նշված արարքի հանցավորությունը բացառող հանգամանքների իրավաչափության պայմանների խախտմամբ, ապա քրեական պատասխանատվությունը վրա է հասնում, սակայն այդ հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, համարվում են պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ։ Այստեղ կարևոր է մեկ պայման. դրանք կարող են ճանաչվել մեղմացնող, եթե քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի դիսպոզիցիայի մաս չեն, ինչպես, օրինակ՝ հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդված), անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդված) և այլն։ Դրանով էլ պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որ եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք։

Ինչպես երևում է դատավճռից, վերաքննիչ դատարանը չի նշել, թե հանցագործության կատարմանը Ռ.Խատոյանի մասնակցության աստիճանը ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի որ հոդվածով է նախատեսված որպես հանցագործության հատկանիշ, որի ուժով ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ հանցագործության կատարմանն անձի մասնակցության աստիճանը խարդախության հատկանիշ չէ, հետևաբար վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է։

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները նույնպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են։

Անհիմն է բողոքի այն փաստարկը, թե խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջները, չեն պարզվել Ռ.Խատոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող բոլոր հանգամանքները, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված այն հանգամանքը, որ նա հանցանքը կատարել է նյութական կամ այլ կախվածության ազդեցության տակ։ Գործի նյութերում չկան ապացույցներ, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, հաստատեն, որ դատապարտյալը հանցանքը կատարել է նյութական կամ այլ կախվածության ազդեցության տակ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ.Խատոյանի պատիժը խստացնելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված չեն, հետևաբար նրա վերաբերյալ դատավճիռն օրինական չէ։ Վերաքննիչ դատարանի կողմից դատական քննության ընթացքում թույլ տրված վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումներն ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի դատավճռում նշված` Ռ.Խատոյանի պատիժը խստացնելու մասին բոլոր փաստարկները, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա բեկանել նրա վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատավճիռը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

   

Բողոքը բավարարել։ Բեկանել Ռոբերտ Սուրենի Խատոյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 13-ի դատավճիռը և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի նոյեմբերի 2-ի դատավճռին։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

   

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

 

Ս. Օհանյան