Գլխավոր տեղեկություն
Համար
N 234-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2022 թվականի N 234-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 ԹԹ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 28-ի N 234-Ա որոշման

 

Զ Ե Կ Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ (2021-2026 թթ.) 2021 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

2021 թվականը մեկնարկեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի հարուցած անվտանգային, սոցիալ-հոգեբանական, քաղաքական ճգնաժամի պայմաններում: COVID-19-ի համավարակի հետևանքով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններն ավելի խորացան՝ լարումներ ստեղծելով ֆինանսատնտեսական համակարգի համար:

Հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր անհետ կորածներ, բազմաթիվ գերեվարվածներ, խաթարված հանրային կյանք, ատելության մթնոլորտ, ներքաղաքական ճգնաժամ, COVID-19-ի ծավալվող համավարակ, մակրոտնտեսական սպառնալիքներ. այսպիսին էին 2021 թվականի մեկնարկային պայմանները:

Իրադրությունն ավելի սրվեց 2021 թվականի փետրվարին, երբ ԶՈւ հրամկազմը Կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությամբ հանդես եկավ: Զինված ուժերի այս անթույլատրելի քաղաքականացումն էական ազդեցություն չունեցավ ներքաղաքական կյանքի վրա, բայց ավելի սրեց Հայաստանի անվտանգային սպառնալիքները:

2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Հայաստանի Հանրապետությունը, հիմք ընդունելով 1992 թվականի մայիսի 15-ին ընդունված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածը, դիմեց ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահողին և անդամներին (պետությունների ղեկավարներին)՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումների համակարգմանն ու ի հայտ եկած սպառնալիքի չեզոքացման նպատակով քայլերի մշակմանը նվիրված արտահերթ խորհրդատվությունների մեխանիզմի անհապաղ գործարկման ակնկալիքով:

Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի շարունակական ներկայության պայմաններում 2021 թվականի ընթացքում մի քանի անգամ զինված միջադեպեր տեղի ունեցան, որոնց հետևանքով ՀՀ ԶՈւ 13 զինծառայողներ զոհվեցին, 44 զինծառայողներ գերեվարվեցին (գերությունից վերադարձել են 41 զինծառայողներ):

Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով և Արցախի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն իրավիճակի ապակայունացման մշտական պոտենցիալ են պարունակում:

Այս է պատճառը, որ Կառավարությունը կարծում է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ հրատապ և այս ուղղությամբ շարունակում է աշխատանքը ՀԱՊԿ անդամ երկրների հետ: ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնելով՝ Հայաստանի Հանրապետությունն առաջնահերթ է համարել հենց ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի կատարելագործումը, ինչը պատմության մեջ առաջին անգամ կոնկրետ արտահայտություն ստացավ 2022 թվականի մեկնարկին ՀԱՊԿ անդամ Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի համատեքստում:

Կառավարությունը շարունակում է աշխատանքը նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերով նախատեսված կիրառման ընդհանուր պլանի և համատեղ գործողությունների պլանի հաստատման ուղղությամբ, որը հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական գործընկերության զարգացման հերթական փուլը կդառնա:

 

Ճանապարհային քարտեզ

 

2021 թվականի սկզբից Կառավարության առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճգնաժամային իրավիճակի կառավարման ճանապարհային քարտեզի իրագործումն էր: Ճանապարհային քարտեզի կետերը հետևյալն էին.

 

Կետ 1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները և համանախագահող երկրներն ընդունել են 11 հայտարարություն, որոնցում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: 2021 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկու հանդիպում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակներում։ Ադրբեջանական կողմը չեղարկել է Ստոկհոլմում նախատեսված հնգակողմ հանդիպումը՝ որպես դրդապատճառ նշելով Հայաստանի Հանրապետության պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ջանքեր են գործադրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման ուղղությամբ: Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։ Կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների անունից այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քաղաքական բարձր մակարդակում հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չլուծված հարցերի կարգավորման անհրաժեշտությունը։ Շարունակվել է պատերազմի առաջին իսկ օրերից մեկնարկած աշխատանքը՝ ուղղված Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավմանն ու մարդասիրական աջակցության տրամադրմանը։ Առաջնահերթ նպատակը շարունակել է լինել բոլոր տեղահանված անձանց կամավոր, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն Արցախ: ՄԱԿ-ի մարդասիրական մարմինների հետ շարունակաբար քննարկվել է Արցախ մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցը: Ադրբեջանի կողմից մարդասիրական առաքելությունները խոչընդոտելու փաստը հրապարակայնորեն ճանաչվել է ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Դիվանագիտական և միջազգային այլ հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին: Սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվել է «Հայադրբեջանական հակամարտության / Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա։ Եվրոպական խորհրդարանն իր Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության կիրարկման 2021 թվականի ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս ընդգծում է, որ դեռևս պետք է գտնել տևական կարգավորում, և որ խաղաղության հասնելու և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակը հստակեցնելու գործընթացը պետք է առաջնորդվի ՄԽ համանախագահների կողմից և հիմնված լինի ՄԽ հիմնարար սկզբունքների վրա:

 

Կետ 2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:

 

Արցախի Հանրապետության կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2-տասնյակից ավելի միջոցառումներ՝ 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից՝ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում: Արցախի սոցիալտնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների մի մասը դեռևս շարունակվում է:

2021 թվականի ընթացքում ապահովվել է նաև անվճար ուղևորափոխադրում Երևան-Գորիս–Ստեփանակերտ երթուղով, որի համար 2021 թվականի ընթացքում հատկացվել է 175 մլն դրամ: Իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25000 մարդ: Հայաստանի Հանրապետությունում շարունակում են բնակվել պատերազմի արդյունքում տեղահանված 20000-ից ավելի արցախցիներ: Պատերազմի օրերին Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվել շուրջ 98000 արցախցիներ, որոնցից շուրջ 38000 տեղահանվածներ: Ըստ Արցախի կառավարության տվյալների՝ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ Արցախում բնակվում է 117 455-ից ավելի մարդ:

Կառավարության առաջնահերթ նպատակ է շարունակում մնալ բոլոր տեղահանված անձանց կամավոր, անվտանգ ու արժանապատիվ վերադարձն Արցախ:

 

Կետ 3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

Սույն զեկույցի ներկայացման պահի պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվել են 3812 անձ՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ:

Պատերազմի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց տրամադրվել է միանվագ աջակցություն. 87 շահառուի վճարվել է շուրջ 355 մլն դրամ աջակցություն (որոնցից 54-ը՝ զոհվածի ընտանիքի անդամներ, 13-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, 20-ը՝ անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքի անդամներ):

Զեկույցի ներկայացման պահի դրությամբ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող դեպքերի հետևանքով Զինհիմնադրամի շահառու են դարձել 3701 զոհված և անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներ, 114 զինծառայող՝ որպես 1-ին խմբի և 413 զինծառայող՝ որպես 2-րդ խմբի հաշմանդամ:

 

Կետ 4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների ու ենթակառուցվածքների վերականգնում:

 

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով 120 անձի վճարվել է ընդհանուր շուրջ 50 մլն դրամ:

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած բնակիչներին տրամադրվել է դրամական աջակցություն՝ 300,000ական դրամ միանվագ և ամսական 68,000 դրամ՝ հաջորդող 6-ամսյա ժամանակահատվածում: Շուռնուխ համայնքում բնակելի տուն կորցրած ընտանիքների համար բնակելի թաղամաս կառուցելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 470 մլն դրամ: 2021 թվականին իրականացվել են շինարարական աշխատանքներ, 13 առանձնատների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ամռանը:

2021 թվականին պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 10 մլրդ դրամ Սյունիքի մարզում պետական նշանակության ճանապարհների (ընդհանուր՝ շուրջ 80 կմ) հիմնանորոգման ծրագրերն իրականացնելու նպատակով: Մարզում արդեն մեկնարկել և 2022 թվականին կավարտվեն շուրջ 70 կմ ընդհանուր երկարությամբ կենսական ճանապարհների կառուցումը և վերակառուցումը:

Սյունիքի մարզի Շիկահող և Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրերում բացվել են կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր:

Համապատասխան տեխնիկական զինվածությամբ հրշեջ ավտոմեքենաներ են հատկացվել Սյունիքի մարզի Շուռնուխ, Շիկահող և Կոռնիձոր համայնքներում ձևավորված հրշեջ-փրկարարական հենակետերին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մինչ օրս ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարզերում տեղադրվել են 190 նոր էլեկտրաշչակներ, վերանորոգվել են 244 էլեկտրաշչակներ. ներկայումս 929 էլեկտրաշչակ գտնվում է սարքին վիճակում (նախկինում սարքին է եղել 485 էլեկտրաշչակ):

 

Կետ 5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:

 

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգով ձևավորված բազմամասնագիտական թիմի տնայցերի միջոցով իրականացվել է պրոթեզավորման կարիք ունեցող 125 շահառուի կարիքների գնահատում (վերին վերջույթ՝ 20 անձ, ստորին վերջույթ՝ 105 անձ):

2021 թվականի վերջի դրությամբ՝ հիմնական ֆունկցիոնալ պրոթեզ է ստացել 124 անձ (վերին վերջույթ՝ 20 անձ, ստորին վերջույթ՝ 104 անձ):

2021 թվականի վերջի դրությամբ՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված անձանց բժշկասոցիալական փորձաքննությունից հետո 1491 անձի սահմանվել է հաշմանդամություն (1-ին խումբ՝ 111 անձ, 2-րդ խումբ՝ 396 անձ, 3-րդ խումբ՝ 984 անձ):

Ռազմական գործողությունների հետևանքով ծանր վնասվածք կամ խեղում ստացած 393 զինծառայողներին մինչև Զինհիմնադրամի շահառու ճանաչվելը հատկացվել է ամսական 300,000 դրամ աջակցություն: Այս նպատակով պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է շուրջ 500 մլն դրամ:

Պատերազմում վիրավորում ստացած անձանց տրամադրվել է 500,000-ական դրամ միանվագ աջակցություն. ընդհանուր այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 3,7 մլրդ դրամ, աջակցություն է ստացել 7385 անձ:

Կառավարությունը շարունակել է իրականացնել միջոցառումներ ռազմական գործողություններին մասնակցած, այդ թվում՝ հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների մասնագիտական ուսուցման և զբաղվածության աջակցության ուղղությամբ:

 

Կետ 6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:

 

2021 թվականի ընթացքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Հունգարիայի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդությամբ հայրենիք են վերադարձվել Ադրբեջանի կողմից գերեվարված 84 անձ. 44-օրյա պատերազմից ի վեր վերադարձվել է 150 գերեվարված անձ: Սույն զեկույցի ներկայացման պահին ադրբեջանական գերության մեջ են մնում 38 անձինք: Անհայտ է 217 անձի գտնվելու վայրը։

Սոցիալական աջակցություն է տրամադրվել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների ընտանիքներին (ամսական 300,000 դրամ)։ Ընդհանուր վճարվել է շուրջ 2 մլրդ դրամ:

Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցը: Խնդիրը 2021 թվականի ապրիլի 19-ին ներառվել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգում: Շարունակում է ուժի մեջ մնալ նաև Ադրբեջանի նկատմամբ ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը։ 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանը 607 անդամների ձայնով ընդունել է հայ գերիների անհապաղ ազատման և վերադարձի կոչ անող բանաձև: ԵՄ-ի շրջանակներում հայ գերիների վերադարձի անհրաժեշտության խնդիրն արծարծել են Եվրոպական հանձնաժողովի նախագահը, Եվրոպական միության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը, Եվրոպական խորհրդարանի 100-ից ավելի անդամներ: Հայ գերիների վերադարձի խնդրին անդրադարձ են կատարել Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատների քննությունը։

 

Կետ 7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:

 

Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի ծրագրի իրագործման նպատակով պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ: Այս ծրագիրը մինչև 2021 թվականի ավարտն ունեցել է 1358 շահառու, իրականացվել է 15520 հոգեբանական աջակցության մասնագիտացված շփում:

Պատերազմում զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների, աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների համար պետական ֆինանսավորմամբ կազմակերպվել է ամառային հանգիստ՝ երկու հերթափոխով, 20-ական օրով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 337 մլն դրամ:

 

Կետ 8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:

 

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Զինված ուժերում բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը և դրա դրույթների իրականացումն ապահովող ծրագիրժամանակացույցը՝ սահմանելով այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնք հիմք են դառնալու ՀՀ պաշտպանության ոլորտի համակարգային զարգացման համար։ Ոլորտի զարգացումը հիմնվում է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վրա, որտեղ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի:

 

Կետ 9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:

 

2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 418220: Իրականացվել է 2,879,685 թեստավորում: Նույն ամսաթվի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով 8392 մահվան դեպք է արձանագրվել:

2021 թվականին ներդրվել է COVID-19-ի դեմ պատվաստումների համակարգը: 2022 թվականի փետրվարի 24-ի դրությամբ Հայաստանում արդեն կիրառվում է COVID-19-ի դեմ 7 տեսակի պատվաստանյութ և ներկրվել է շուրջ 3.2 մլն դեղաչափ պատվաստանյութ: Նույն ամսաթվի դրությամբ 18 տարեկան և բարձր տարիքի բնակչության առնվազն 40.5%-ը արդեն ստացել է երկրորդ դեղաչափը:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքների չեզոքացման նպատակով իրականացվել է 25 սոցիալ-տնտեսական հիմնական միջոցառում, որոնց շրջանակում շահառուներին հասանելի գումարը կազմել է շուրջ 250 մլրդ դրամ, որը ներառում է նաև բանկերի կողմից սուբսիդավորման խթանով տրամադրված փոխառու միջոցները: 2021 թվականի վերջի դրությամբ՝ սոցիալական միջոցառումների շահառուների թիվը կազմել է շուրջ 1,1 մլն, իսկ տնտեսական միջոցառումներինը՝ 90 հազարից ավելի:

 

Կետ 10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:

 

Տնտեսական ակտիվության վերականգնման ուղղությամբ արագ արձագանքման միջոցառումներ իրականացնելու նպատակով հաստատվել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը` ներառելով նպատակային 12 միջոցառում:

Չնայած համավարակի և պատերազմի դժվարին հետևանքներին՝ Կառավարությունը 2021 թվականի սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը, սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 3,875%, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3,6%, 2019 թվականի թողարկման 4,2% և 3,95% և 2015 թվականի թողարկման 7,5% և 7,15% համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց և բացարձակ մրցակցային եղանակով։

Հատկանշական է, որ միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» և «Մուդիսը» 2021 թվականին վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»՝ կարևորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը։ 2021 թվականին հեղինակավոր «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ՝ գնահատելով Կառավարության կարողությունը մակրոտնտեսական կայունության պահպանման և խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը։

 

Կետ 11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:

 

Համաձայն «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման մասին» Կառավարության որոշման՝ անպտղության հաղթահարմանն ուղղված բժշկական օգնությունից օգտվել են նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված անձանց ծնողները: 2021 թվականի վերջի դրությամբ գրանցվել է 26 հղիություն և 1 ծնունդ:

2021 թվականի տարեվերջին ընդունվել է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ ամսական 50,000 դրամի չափով և մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը դրամական աջակցության ծրագիրը։

Լավարկումներ են իրականացվել 2020 թվականին մեկնարկած Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 20202023 թվականների 3 ծրագրերում, կրկնապատկվել են ծրագրերի գծով բյուջետային հատկացումները, մասնավորապես, 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված շուրջ 526 մլն դրամի փոխարեն նույն տարվա ընթացքում ծրագրերի իրականացմանն է ուղղվել շուրջ 1,3 մլրդ դրամ։ 2021 թվականին ծրագրերի շրջանակներում աջակցություն է ստացել 1949 շահառու։

 

Կետ 12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:

 

Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Որոշ դրույթներ կիրառվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում։

2021 թվականի հունվարին ուժի մեջ է մտել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանվել նաև կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների (այլ ղեկավար մարմինների դեպքում այդ մարմնի անդամների) համար։ Նույն օրենքով սահմանվել է նաև, որ կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքէջում՝ www.azdarar.am հարթակում, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվություն և դրանից հետո եռօրյա ժամկետում հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

 

Կետ 13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:

 

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 14-ին ընդունվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնցով նախատեսվում է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը գործելու է առնվազն 15 դատավորի կազմով և իրականացնելու է նաև կոռուպցիոն գործերով մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն: Նախատեսվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարաններում Հակակոռուպցիոն դատարանի կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքները քննելու իրավասություն ունեցող 6-ական դատավորների հաստիքների ավելացում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ուժով 2021 թվականին ներդրվել է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտը՝ 20 դատավորի հաստիքով: Բացի դրանից, վերաքննիչ քաղաքացիական և վարչական դատարաններում և սնանկության դատարանում դատավորների թիվն ավելացել է 10-ով:

Մինչև հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մասնագիտացված դատական քննությունն ապահովելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավորներին վերապահվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը քննելու իրավասություն:

2021 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացվել է 279 ուսումնասիրություն (214 ուսումնասիրություն սկսելու մասին որոշում կայացվել է 2020 թվականի ընթացքում, 65 որոշում՝ 2021 թվականի ընթացքում), ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան է ներկայացվել 3 հայցադիմում, որոնցից 2-ը ընդունվել են վարույթ: Ներկայացված հայցադիմումներով նախատեսված բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը կազմում է շուրջ 5,9 մլրդ դրամ, բռնագանձման ենթակա է 25 գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է շուրջ 13 մլրդ դրամ։

2021 թվականին սկսվել և 2022 թվականի սկզբին ավարտին է հասցվել Վճռաբեկ դատարանում քաղաքացիական, վարչական, ինչպես նաև նոր հակակոռուպցիոն պալատ ստեղծելու գործընթացը:

2021 թվականի դեկտեմբերին հանրային քննարկման է ներկայացվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք լավարկումներ, որոնք էականորեն կբարելավեն ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման և բռնագանձման գործընթացները:

 

Կետ 14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

 

2021 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ (29.12.2020 թ., 18.03.2021 թ., 04.03.2021 թ.): Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ (30.12.2020 թ., 14.01.2021 թ.): Կայացել են քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ (15.03.2021 թ., 21.03.2021 թ.):

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունիսի 22-25-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ մեկնարկել են քաղաքական խորհրդակցություններ արտախորհրդարանական 13 ուժերի ղեկավարների հետ: Նույն թվականի հուլիսի 9-ին և հուլիսի 24-ին վարչապետն արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ մասնակցել է համագործակցության խորհրդակցական ժողովի նիստերին: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև սփյուռքի հասարակականքաղաքական ուժերի հետ:

 

Կետ 15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:

 

2021 թվականի ընթացքում ՀՀ վարչապետն արտերկիր այցերի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Լիտվայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Տարվա ընթացքում վարչապետն ընդունել է համահայկական, սփյուռքի կառույցների մի քանի տասնյակ ղեկավարների և ներկայացուցիչների, հայտնի գործիչների, մասնավորապես, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդին, Ֆրանսիայի հայկական համայնքները համակարգող խորհրդի համանախագահին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին, ՌԱԿ, ՍԴՀԿ կենտրոնական վարչությունների պատասխանատուներին, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ գործարարների:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել սփյուռքի խոշոր կառույցների ղեկավարների և անհատների հետ: Առցանց հանդիպումներ են կազմակերպվել Հայկական առևտրային ցանցի և սփյուռքյան առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների (Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան և այլն) ավելի քան 30 ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանում և Արցախում բարենպաստ բիզնես միջավայրի զարգացման ուղղությամբ անելիքները, ներդրումների համար ոլորտային շահավետ հնարավորությունները, հայ գործարար ցանցերի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին: Կազմակերպվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցելությունները 3 երկիր՝ Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել շուրջ 80 հանդիպումներ համայնքային տարբեր կառույցների և անհատների հետ:

2021 թվականի ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքի լավարկումներ են իրականացվել՝ սփյուռքի համայնքներում սփյուռքի գործերի հանձնակատարներ նշանակելու նպատակով: Հանձնակատարների ինստիտուտի ներդրումը միտված է զարգացնել և բազմազանեցնել Հայաստան-սփյուռք գործակցությունը:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ժողովրդավարություն

 

Ճանապարհային քարտեզը հրապարակելիս՝ վարչապետ Ն. Փաշինյանն ընդգծել էր. «Այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում»: 2020 թվականի դեկտեմբերին վարչապետը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ քաղաքական խորհրդակցություններ նախաձեռնեց: Խորհրդակցությունները և արտահերթ ընտրությունների գաղափարը մերժվեցին արմատական ընդդիմության կողմից: Այսուհանդերձ, խորհրդակցելով խորհրդարանական ուժերի, Հանրապետության նախագահի, մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, վարչապետ Փաշինյանը 2021 թվականի ապրիլի 25-ին հրաժարական տվեց՝ հայտարարելով 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

2021 թվականին Ընտրական օրենսգրքում կատարվել են համապարփակ փոփոխություններ, որոնք լայնորեն քննարկվել և աջակցության են արժանացել կուսակցությունների և քաղաքացիական հասարակության խմբերի մեծ մասի կողմից: Արդյունքում պարզեցվել է ընտրակարգը և վերացվել է տարածքային ընտրացուցակների համակարգը, բարելավվել են կոալիցիաների ձևավորման, քարոզարշավների անցկացման կարգերը, բարձրացվել է ընտրությունների անցկացման թափանցիկությունը:

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրություններն եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։ ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելությունը, հաշվի առնելով ընտրությունների անցկացման կարճ ժամանակահատվածը, ընդգծել է, որ ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել:

Հայաստանում ժողովրդավարական արժեքների առաջխաղացման մասին են վկայել նաև 43 միավորված համայնքներում 2021 թվականին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք գրեթե բոլոր համայնքներում առաջին անգամ անցնում էին համամասնական ընտրակարգով: Հարկ է նշել, որ 2021 թվականին Հայաստանի 441 համայնքներից միավորման արդյունքում ձևավորվել է 38 խոշորացված համայնք, իսկ ընդհանուր գործընթացի այս փուլի ամփոփման արդյունքում Հայաստանում ձևավորվել է 79 միավորված համայնք:

2022 թվականի հունվարի 27-ին Հայաստանը բարձր գնահատականի է արժանացրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձևը և դրան կից զեկույցը։ Բանաձևում բարձր են գնահատվել 2018 թվականին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը, մեկնարկած բարեփոխումների հետևողական իրականացումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունավետ հանգուցալուծումը, որը հաղթահարվել է 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների շնորհիվ:

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը 2022 թվականի փետրվարի 9-ին հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, ըստ որի Հայաստանն առաջընթաց է գրանցել: Հայաստանը 165 երկրների և 2 տարածքների ցանկում զբաղեցրել է 89-րդ տեղը, ինչպես և 2020 թվականին, միաժամանակ, ստացել է 5,49 միավոր՝ 2020 թվականի 5,35-ի փոխարեն: Ըստ զեկույցի՝ Հայաստանն առաջատար է հարևան բոլոր երկրների համեմատ (Վրաստանը ցանկում 91-րդ տեղն է, Թուրքիան՝ 103-րդ, Ադրբեջանը՝ 141-րդ, Իրանը՝ 154-րդն է):

Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին է խոսում նաև այն փաստը, որ Հայաստանն առաջատար է «Արևելյան գործընկերության համաթիվ 2020-2021» «Ժողովրդավարություն լավ կառավարում» բաժնում (0,73 միավոր): Այստեղ Հայաստանը եղել է առաջատարը հետևյալ ցուցիչներով՝ «Ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն» (0,84 միավոր), «Ազատ մամուլ» (0,67 միավոր), «Կարծիքի և արտահայտման ազատություն, հավաքների և միավորումների ազատություն» (0,84 միավոր), «Կոռուպցիայի դեմ պայքար» (0,88 միավոր) և «Անկախ դատական իշխանություն» (0,71 միավոր):

«Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում» 2021 թվականի զեկույցում Հայաստանին տրվել է 22 միավոր քաղաքական իրավունքների և 33 միավոր՝ քաղաքացիական ազատությունների մասով, որի շնորհիվ մեր երկրի համախառն միավորը 55 է՝ 2 միավորով ավելի 2020 թվականի զեկույցի համեմատ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը ճանաչվել է «մասամբ ազատ» երկիր: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բախվեց համընդհանուր քննադատության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ կապված, որի արդյունքում զինադադարի մասին հայտարարությունից անմիջապես հետո ցուցարարները ժամանակավորապես գրավեցին խորհրդարանը, բայց իշխանությունը պահպանվեց: Զեկույցը փաստում է, որ հաշվետու տարում իշխանությունները շարունակական առաջընթաց են արձանագրել հակակոռուպցիոն ջանքերում:

«Freedom House»-ի մեկ այլ՝ «Համացանցային ազատություն» 2021 թվականի զեկույցում (ուսումնասիրվել է 2020 թվականի հունիս – 2021 թվականի մայիս ժամանակահատվածը) Հայաստանը 70 երկրների շարքում դասակարգված է որպես «ազատ» երկիր: «Ազատ» երկրների ենթակարգում Հայաստանը հայտնվել է 2018 թվականից ի վեր:

2022 թվականի հունվարին «Transparency International» կազմակերպության հրապարակած՝ 2021 թվականն ամփոփող «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ» զեկույցում Հայաստանի ընդհանուր միավորը կազմել է 49, որը նախորդ տարվա համեմատ չի ենթարկվել փոփոխության՝ չնայած հետպատերազմական և համավարակի իրավիճակին։ Այնուամենայնիվ, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը՝ նախորդ տարվա զեկույցի համեմատ դիրքերը բարելավելով 2 հորիզոնականով: Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ցուցիչի համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ Այս ցուցանիշով Հայաստանը երկրորդն է՝ Վրաստանից հետո, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում:

«Henley & Partners» խորհրդատվական ընկերության 2022 թվականի «Անձնագրերի ցուցիչ» վարկանիշային աղյուսակում ընդգրկված 199 երկրներից / տարածքներից Հայաստանն զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը՝ 2 հորիզոնականով բարելավելով դիրքը նախորդ տարվա զեկույցի համեմատ: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի (կամ վիզայի ստացում՝ ժամանման պահին) կարող են այցելել աշխարհի 65 երկիր/տարածք:

Վերոնշյալ համատեքստում, Հայաստանն արժևորում է ժողովրդավարական երկրների հետ իր համագործակցությունը և հարաբերությունների զարգացումը:

Միաժամանակ, Հայաստանը փորձում է հետխորհրդային և, մասնավորապես, կովկասյան տարածաշրջանում կայանալ որպես ժողովրդավարական երկիր՝ նպաստելով տարածաշրջանային բարեկեցության հաստատմանը։ Ավելին, Հայաստանն իր յուրօրինակ փորձով ի ցույց դրեց ժողովրդավարության կայունացնող ազդեցությունը՝ հատկապես ներքաղաքական անվտանգության և պետության դիմակայունության բարձրացման հարցում։ Սա հատկանշական ձեռքբերում է տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունների համատեքստում։ Մասնավորապես, հետպատերազմյան ծանրագույն անվտանգային ժամանակահատվածում, չնայած ծայրահեղ քաղաքական բևեռվածությանն ու սուր հռետորաբանությանը, և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ բոլոր քաղաքական ուժերն ընդունեցին ընտրություններով ճգնաժամը լուծելու ձևաչափը՝ զերծ մնալով ներքաղաքական բռնությունից։

Կառավարությունը ժողովրդավարությունը և ժողովրդավարական Հայաստանի միջազգային համբավը կարևոր գործոններ են համարում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում:

 

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է:

Խաղաղ զարգացման դարաշրջան բացելու Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հայեցակարգը հիմնվում է դիրքորոշումների լեգիտիմության և լեգիտիմության ամրապնդման տրամաբանության վրա:

Այս նպատակի իրագործման Խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար Կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն.

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը չորս անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, չորս անգամ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, երեք անգամ երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, երկու անգամ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Երկկողմ ձևաչափով հանդիպումներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև: Տարվա ընթացքում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև կայացել է մեկ տասնյակից ավելի հեռախոսազրույց, ՀՀ վարչապետի և ՖՀ նախագահի միջև՝ հինգ հեռախոսազրույց։ ՀՀ վարչապետը հեռախոսազրույցներ է ունեցել նաև ԵՄ խորհրդի նախագահի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, Վրաստանի վարչապետի և այլ երկրների ղեկավարների հետ:

2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարությունը: Եռակողմ աշխատանքային խումբն սկսել է իր աշխատանքները, ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողական այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր: 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել Եռակողմ աշխատանքային խմբի 8 աշխատանքային հանդիպում: Որպես արդյունք՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Եվրոպական խորհրդի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին Երասխ-Ջուլֆա-ՕրդուբադՄեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Երկաթուղին գործելու է սահմանային ու մաքսային հսկողության միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն։ Այժմ աշխատանքներ են տարվում ձեռք բերված պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ:

2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ-ի Սոչի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորումը»: Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով:

Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկին: Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորումը: Սա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ խաղաղության պայմանագրի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո:

Հայաստանն ընդգրկվել է 3+3 տարածաշրջանային ֆորմատում, որի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, 2021 թվականի դեկտեմբերի 10-ին:

2021 թվականի Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային դրական հայտարարությունների շնորհիվ երկու երկրների միջև երկխոսության գործընթաց է մեկնարկել՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակով:

2021 թվականի հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացել է հայ-ռուսաստանյան միջտարածաշրջանային 8-րդ համաժողովը, իսկ դեկտեմբերի 21-22-ին՝ երկու երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը: 2021 թվականի սեպտեմբերի 20-ին ՌԴ գործարար առաքելության՝ Երևան այցի շրջանակում կայացել է «Հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառումը: Էականորեն ընդլայնվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառելով առևտրատնտեսական, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկ, տրանսպորտային, տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի, ինչպես նաև սոցիալական, առողջապահական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման նոր ուղղություններ: Հայաստան–Ռուսաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 2,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների՝ տարեկան շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարի և 2018 թվականի՝ շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ:

Հայաստանը շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքներին: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 2,9 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների՝ տարեկան շուրջ 2,4 մլրդ ԱՄՆ դոլարի և 2018 թվականի՝ շուրջ 2,1 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականին շարունակվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող փոխգործակցության հետագա խորացման և կատարելագործման ուղղությամբ քայլերը: Նախապատրաստական աշխատանքներ են տարվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանն ընդառաջ, և ամրագրվել են Հայաստանի հիմնական առաջնահերթությունները՝ միտված կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

2021 թվականի ապրիլի 21-ին Հայաստանն ստանձնել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը:

2021 թվականին ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման գործընթացը, և մարտի 1-ից համաձայնագիրը լիովին ուժի մեջ է մտել։ Վարչապետը հաստատել է ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզ:

Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված շուրջ 2,6 մլրդ եվրո ծավալի աջակցության շրջանակներում Կառավարությունը մշակել և ԵՄ-ի կողմին է փոխանցել ուղենշային նախաձեռնությունների փաթեթ, որոնց նպատակն է, մասնավորապես`

 աջակցել փոքր ու միջին ձեռնարկություններին,

 խթանել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները,

 խթանել թվային վերափոխումը,

 աջակցել Հայաստանի հարավային մարզերին,

 իրականացնել «Խելացի և կանաչ Երևան» նախագիծը,

 ապահովել կրթության լիարժեք հասանելիություն,

 ներդնել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համակարգ:

2021 թվականի սեպտեմբերի 16-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի և Եվրոպայի միջև ռազմավարական համագործակցության առաջին համաձայնագիրը։

2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը։

Շարունակվել է Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի երկխոսությունը: Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին: 2021 թվականին ԱՄՆ-ն Հայաստանին է հատկացրել շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին, տնտեսական զարգացմանը, առողջապահությանը, հումանիտար աջակցմանը և կրթությանը։

2021 թվականի ընթացքում շարունակվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և ընդգրկուն օրակարգի խորացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացել է համատեղ տնտեսական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում ստորագրվել է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզը, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակ:

Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ։ Հայաստան – Իրան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 թվականի՝ շուրջ 398 մլն ԱՄՆ դոլարի, 2019 թվականի՝ շուրջ 408 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի՝ շուրջ 387 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների և համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 19-20-ը երկու երկրների վարչապետերի գլխավորությամբ Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը՝ ընդլայնված կազմով և օրակարգով: Հայաստան – Վրաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 196 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 թվականի՝ շուրջ 135 մլն ԱՄՆ դոլարի, 2019 թվականի՝ շուրջ 159 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի՝ շուրջ 156 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականին Կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ստորագրվել և հաստատվել է համատեղ մշակված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որով սահմանվել է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքն առաջիկա հինգ տարիների ընթացքում: Այդ փաստաթղթով ՄԱԿ-ը նախատեսում է մոբիլիզացնել 230 մլն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացմանը:

2021 թվականի փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի և ԼՂ հետպատերազմյան վերականգնողական աշխատանքների համար միջազգային կազմակերպությունների միջոցով 3,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հումանիտար օգնություն հատկացնելու որոշում ընդունեց: 2021 թվականի ընթացքում իրականացվեցին 2 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր՝ հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին, այդ թվում՝ տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց օժանդակելու նպատակով:

2021 թվականի նոյեմբերի 15-ին տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև, որով ՉԺՀ կառավարության 100 մլն ՉԺՀ յուանի օգնության շրջանակներում կիրականացվի Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր՝ 8-րդ տաղավարի շինարարության նախագիծը: Հայաստան–Չինաստան առևտրաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 1,2 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2020 և 2019 թվականների՝ տարեկան շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի և 2018 թվականի՝ շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

2021 թվականի հոկտեմբերի 12-13-ին կայացավ Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, որը ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցն էր Հայաստան: Այցի ընթացքում կողմերը պայմանավորվեցին նախապատրաստել երկկողմ համագործակցության հետագա զարգացման գործողությունների ծրագիր քաղաքական, տնտեսական, պաշտպանական, հաղորդակցությունների, կրթամշակութային և այլ ոլորտների ընդգրկմամբ:

2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում բացվել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը: Ուրուգվայը Հայաստանի Հանրապետությունում իր ներկայությունը գլխավոր հյուպատոսությունից բարձրացրել է դեսպանության։

Հայաստանի և հայերի համար լուրջ խնդիր է Ադրբեջանում խոր արմատներ ձգած հակահայկականությունը: Նույնիսկ պատերազմից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, Ադրբեջանի պետական պաշտոնյաներն իրենց խոսքում հայերին կոչում են թշնամի՝ այն համեմելով բացասական լիցք պարունակող տարատեսակ ածականներով:

Երկարաժամկետ կտրվածքով խնդիրը լուծելու նպատակով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, վերջինս էլ միջանկյալ որոշումներով արձանագրել է խնդիրը: Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառյալ եկեղեցիները և պաշտամունքի այլ վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանատները և արտեֆակտերը։ Երկկողմ ձևաչափով և միջազգային կառույցներում (այդ թվում՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ) տեղի ունեցող հանդիպումներում Հայաստանը շարունակել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրականացրած հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, ամենաբարձր մակարդակով հայատյացության դրսևորումների, «ռազմավարի պուրակի», Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, այդ ընթացքում կատարված այլ հանցագործությունների վրա՝ հայցելով հրապարակային համարժեք գնահատականներ:

 

Պաշտպանություն և սահմանային անվտանգություն

 

Այս ոլորտում իրականացվել են հետևյալ քայլերը՝

 Ռազմական սպառնալիքների կանխատեսվող մակարդակին պետության պաշտպանունակության մակարդակի համապատասխանեցման նպատակով սահմանվել է ռազմական գործողությունների հավանական բնույթը, կատարվել են կազմկառուցվածքային փոփոխություններ, զորքերին առաջադրվել են նոր խնդիրներ, կատարվել են համակողմանի ապահովման աշխատանքներ:

 Պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի բարելավման նպատակով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների թվաքանակների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի կնքման և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նվազագույն ժամկետը սահմանվել է 12 ամիս (նախկին 5 ամսվա փոխարեն):

 Զորահավաքային նախապատրաստության ոլորտի պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի 2021-2025 թվականների հայեցակարգը: Միաժամանակ, անհրաժեշտ ռազմաուսուցված պահեստազորայիններով զինված ուժերի համալրման և պահուստում պատրաստված պահեստազորայինների կուտակման նպատակով պլանավորվել և անցկացվել են յոթնօրյա, տասնօրյա և եռամսյա վարժական հավաքներ, զինվորական վարժանքներ և զորավարժություններ: Դրանց շնորհիվ զորքերը համալրվել են անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով:

 Ռեսուրսների կառավարման և հաշվետվողականության բարձրացման մեխանիզմների կատարելագործման և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացման նպատակով իրականացվել են Պաշտպանության նախարարության թեժ գծի և ազդարարման համակարգի կատարելագործման աշխատանքներ: Թեժ գծով քաղաքացիներից ստացված առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանմանը:

 Շարունակվել են մարտական դիրքերի կահավորման, կենցաղի և մարտական հերթապահության պայմանների բարելավման, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները: Մարտական հենակետերում և կարևոր ուղղություններում տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Հենակետերում, կրակային և մարտական դիրքերում կազմակերպվել ու բարելավվել է կապը, տեղադրվել են վերահաղորդիչ նոր կայաններ՝ հիմնականում նոր բնագիծ զբաղեցրած զորամիավորումների, զորամասերի, հետախուզության և հակաօդային պաշտպանության զորքերի ռադիոցանցերի ապահովման համար:

 Մշակվել և հաստատվել է Պաշտպանության նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների ծրագիրը:

 Անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման մակարդակի, կարգապահության, մարդու իրավունքների մակարդակի բարձրացման նպատակով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով պրոֆիլակտիկ և կանխարգելիչ միջոցառումներ է իրականացրել զորամասերում զինծառայողների միջև կանոնագրքային փոխհարաբերությունների խախտման դեպքերը բացառելու, ինչպես նաև զորամասերում հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ: Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների կողմից 2021 թվականի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բացահայտվել է 650 դեպք, որից 460-ը՝ հանցակազմ պարունակող:

 Հետպատերազմյան վիճակով պայմանավորված` 50-ից ավելի զորամասերում իրականացվել են ուսումնասիրություններ` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա բացասաբար ազդող հանգամանքների վերաբերյալ:

 Թարմացվել է մարտական հենակետերի գույքը, բարձրացվել են զինծառայողներին հատկացվող բոլոր իրային միջոցների որակական հատկանիշները:

 Մարտական գործողությունների պլանավորման և վարման ձևերի վերանայման նպատակով լրամշակվում են «Օպերացիայի նախապատրաստման և վարման հիմունքները» ձեռնարկը, Օպերատիվ շտաբների ծառայության հրահանգը, նաև իրականացվում են աշխատանքներ «Ռազմական շինարարության և ԶՈՒ շինարարության հիմունքներ», «Ռազմական ռազմավարության հիմնադրույթներ», «Ռազմական և պետական կառավարման հիմունքներ», «Պատերազմների (ռազմական գործողությունների) հավանական բնույթի գնահատման մեթոդիկա» ձեռնարկները զինված ուժերում ներդնելու ուղղությամբ:

 Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ընթացք են ստացել նոր բնագծերում թեթև մետաղական կարկասներով ՄՏՎ-ների կառուցման և հենակետերի կահավորման աշխատանքները։ Տեղադրվել են երկտեղանի տնակներ՝ համալրված գույքով և կահույքով: Ընթանում են մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ:

 Ռազմական համագործակցության զարգացման բնագավառում 2021 թվականի ընթացքում՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 «Կուբինկայի (ՌԴ) «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում պատվիրակություն է մասնակցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 18-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման հարցերը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Մոսկվայում կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված՝ ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ՊՐՈՔՍԻ-2021» մշտական գործողության ազգային շտաբների ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդակցությունը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 պատվիրակություն է մասնակցել ՌԴ «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում անցկացված «ARMY-2021» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի միջոցառումներին,

Ներմուծեք նկարագրությունը_19954 «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվռազմավարական զորավարժության շրջանակում Տաջիկստանում անցկացվել են՝ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ՝ «Փոխգործակցություն-2021», ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների հետ՝ «Որոնում-2021» և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների՝ «Էշելոն-2021» զորավարժությունները, որոնց Հայաստանից մասնակցել է 9 սպաներից բաղկացած խումբ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվռազմավարական զորավարժության շրջանակում ՌԴ-ում անցկացվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունը:

 Զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների իրականացման նպատակով կատարվել են զինված ուժերի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված կառուցվածքային փոփոխություններ. վերանայվել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի, ստորաբաժանումների կազմկառուցվածքը:

 Կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով զինված ուժերի կազմում ձևավորվել է կին զինծառայողներով համալրվող հրաձգային վաշտ:

 Զինված ուժերի միասնական կառավարման ավտոմատացված համակարգի մշակման և ներդրման աշխատանքների շրջանակներում հաստատվել են համակարգի կոնցեպտը և իրականացման ճանապարհային քարտեզը:

 Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման նպատակով զինված ուժերը համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային, հրանետային, կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով, հակաօդային պաշտպանության, հրետանային ռադիոլոկացիոն կայաններով:

 Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացման նպատակով՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 2021 թվականին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով ծրագրի 384 մասնակցի հետ կնքվել են որակավորված հիփոթեքային վարկային պայմանագրեր: Հատկացվել է շուրջ 7,3 մլրդ դրամ հիփոթեքային վարկ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 340 զինծառայողի շուրջ 770 մլն դրամ գումարի չափով հատկացվել է պետական աջակցություն` ձեռք բերված բնակարանի 10 % կանխավճարն անհատույց հատկացնելու միջոցով,

Ներմուծեք նկարագրությունը_19954 421 շահառուի համար (շուրջ 248 մլն դրամ) հատկացվել է պետական աջակցություն` վճարվելիք տոկոսներից 3 % սուբսիդավորելու եղանակով:

Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները: 2021 թվականի ընթացքում առաջին փուլով իրականացվել է նշված սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50%-ը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում:

Հայաստանի սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում՝

 սահմանապահ զորքերում կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը,

 լավարկվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը՝ սահմանային անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին համահունչ,

 իրականացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում,

 իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ,

 իրականացվել են սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ,

 սարքավորվել և կահավորվել են ժամանակավոր սահմանային կետեր և դիտարկման կետեր,

 ընտանի կենդանիների անցումը հարակից պետության տարածք կանխելու նպատակով սահմանին հարող տարբեր տեղամասերում կառուցվել են փշալարային արգելափակոցներ և ցանկապատեր,

 սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր,

 սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով:

Կիբեռտիրույթում և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:

2021 թվականի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերով առգրավվել են տարբեր տրամաչափի 30538 փամփուշտ, տարբեր տեսակի 33 նռնակ, 50 պայթուցիչ, 7 գնդացիր, 72 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 6 սվին դանակ, 36 հրացան, 1 ինքնաշեն զենք, 1 տրատիլային խորանարդիկ, «РПГ» տեսակի հակատանկային 1 նռնականետ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022 թվականների ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության և լրտեսություն կատարելու 8 դեպք, որոնցով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված 8 քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավվել 26 անձինք: Հիշյալ քրեական գործերից 3 քրեական գործեր (6 անձանց նկատմամբ), մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան և գտնվում են դատաքննության փուլում, 2 քրեական գործեր միացվել են այլ գործերի, 2 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 1 քրեական գործով (20 անձանց նկատմամբ) նախաքննությունը շարունակվում է:

 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում

 

2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։

Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Նիդերլանդների կոալիցիոն համաձայնագրում ներառվել է ցեղասպանություններին նվիրված հատված, որտեղ, ի թիվս այլ դրույթների, ներառված է Հայոց ցեղասպանության անհերքելի գիտական ապացույցների առկայությունը։ 2021 թվականի փետրվարի 25-ին Նիդերլանդների խորհրդարանը ևս մեկ բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

2021 թվականի նոյեմբերի 9-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատում ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը առաջին ընթերցմամբ ներկայացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Փաստաթղթի հաջորդ՝ երկրորդ ընթերցումը նշանակվել է 2022 թվականի մարտի 18-ին։

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

2021 թվականի ընթացքում Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը և դրանց հավասար հասանելիության ապահովմանը, մարդու ստեղծարար հմտությունների զարգացմանն ու իրացմանը, ինչպես նաև արտահանումը խթանող միջավայրի ձևավորմանը: Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը շարունակել է հետևողական ջանքեր գործադրել կապիտալի և ֆինանսական միջոցների, ենթակառուցվածքների ու ռեսուրսների հասանելիության բարձրացման ուղղությամբ։

2021 թվականին բարեփոխումներ են իրականացվել նաև ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում քայլեր են ձեռնարկվել նաև նորմատիվատեխնիկական բազայի արդիականացման, նախագծման, տեխնիկական հսկողության, անվտանգության, աուդիտի և շինարարության կարողությունների և գիտելիքների զարգացման ուղղությամբ:

2021 թվականին Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը՝ ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 %, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100 %: 2021 թվականի կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019 թվականի և շուրջ 65,8 մլրդ դրամով 2018 թվականի նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021 թվականի 92,3 % կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020 թվականին այն եղել է 84,9%, 2019 թվականին՝ 73,5 %, իսկ 2018 թվականին 74,0 %: Ընդ որում, 2022 թվականի համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60% կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:

Այս ցուցանիշի, իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021 թվականի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7%, տարեսկզբին կանխատեսված 3,2 %-ի, 2020 թվականի 7,4 % նվազման և 2019 թվականի 7,6% աճի համեմատ։ Ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 %, 2020 թվականի 29,8 % և 2019 թվականի 41,4 %-ի համեմատ, որը փաստում է, որ արտահանման վերականգնումը մեկնարկել է: Ընդ որում, արտահանումը 2021 թվականին ներմուծման նկատմամբ դրսևորել է առաջանցիկ աճ, որի շնորհիվ դրանց բացասական տարբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել և կազմել է -8 % (2019-ի -13,4 % և 2020-ի -10 %-ի փոխարեն): Բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, մյուս ոլորտներում գրանցվել է աճ։ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում մշակող արդյունաբերության աճը կազմել է 3,3%:

Ապրանքների արտահանման գծով 2021 թվականին 2020 թվականի համեմատ գրանցվել է 19,1 % աճ, իսկ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման գծով՝ 18,45 % աճ։ Ապրանքային արտահանումն առաջին անգամ գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը՝ ոչ ճգնաժամային 2019 թվականի նկատմամբ արձանագրելով դոլարային արտահայտությամբ 14,1 % աճ:

2021 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է շուրջ 462,3 մլրդ դրամի ագրոպարենային արտադրանք: 2021 թվականին 2020 թվականի համեմատ արտահանված ագրոպարենային արտադրանքի ծավալն աճել է շուրջ 82 մլրդ դրամով կամ 21,6%-ով, իսկ ոչ ճգնաժամային 2019 թվականի նկատմամբ աճել է շուրջ 78 մլրդ դրամով կամ 20,2 %-ով։

2021 թվականի ընթացքում Հայաստանի արտահանման ապահովագրական պետական ընկերությունն ստացել է Մուդիսի BA3 վարկանիշ։ Այս ընկերությունը 2021 թվականի դրությամբ ապահովագրել է շուրջ 36 մլրդ դրամի արտահանման գործարք, որ 80%-ով ավելի է 2020 թվականի ցուցանիշի համեմատ։

2021 թվականի հունվար–սեպտեմբերին ընդամենն օտարերկրյա ներդրումների զուտ հոսքի ծավալը կազմել է 162,2 մլրդ դրամ, իսկ ուղղակի ներդրումներինը՝ 88 մլրդ դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի 13,8 մլրդ և -43,2 մլրդ դրամի, 2019 թվականի 98,4 մլրդ և -18,6 մլրդ դրամի համեմատ։

2021 թվականին Կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 20 ներդրումային ծրագրի։ Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ներմուծել 61,3 մլրդ դրամի հումք և սարքավորում, իրականացնել 71 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 584 նոր աշխատատեղ։

Կառավարության հավանությանն է արժանացել «Մայլեռ» ներդրումային ծրագիրը: Արագածոտնի մարզում հիմնվում է բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի 1500 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի սպասվելիք ծավալը շուրջ 30 մլրդ դրամ է։

2021 թվականի նոյեմբերից «Լիկվոր» ընկերությունը Հայաստանում արտադրում է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը։

2021 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15%-ի սեփականատերն է: Օտարերկրյա ներդրողների հետ համագործակցությամբ նախատեսվում է Հայաստանում ժամանակակից պղնձաձուլարան հիմնել:

 

Գյուղատնտեսություն

 

Կառավարության քաղաքականությունն ուղղվել է գյուղատնտեսության ոլորտի ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

2021 թվականի ընթացքում Կառավարության կողմից իրականացված օժանդակության ծրագրերի շնորհիվ ավելի քան 30 000 գյուղատնտեսական տնտեսություններ և կազմակերպություններ օգտվել են շուրջ 155 մլրդ դրամ ընդհանուր գումարի արտոնյալ ֆինանսական ռեսուրսներ ստանալու հնարավորությունից։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 100 մլրդ դրամով ավելացել է գյուղատնտեսական համախառն արտադրանքը՝ կազմելով շուրջ 933 մլրդ դրամ։ Տարվա արդյունքներով թարմ պտուղ/բանջարեղենի արտահանումն ավելացել է շուրջ 59 980 տոննայով և կազմել է շուրջ 206 542 տոննա՝ 2020 թվականի շուրջ 146 562 տոննայի համեմատ։ Խիստ սակավաջրության պատճառով 2021 թվականի արդյունքներով գյուղատնտեսական ոլորտում արձանագրվել է 1,1% անկում, մասնավորապես՝ բուսաբուծական համախառն արտադրանքը կրճատվել է 3,1%-ով։ Միաժամանակ, 17,5%-ով ավելացել է նաև ընդհանուր ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը` կազմելով շուրջ 911 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ 2020 թվականի շուրջ 775 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համեմատ։

2021 թվականին ոռոգման ջրի դիմաց գանձումների հանրագումարը կազմել է շուրջ 4,3 մլրդ դրամ, որը նախորդ տարիների համեմատ ամենաբարձր ցուցանիշն է։ 2019 թվականին այն կազմել է շուրջ 4 մլրդ դրամ, 2020 թվականին՝ շուրջ 3,8 մլրդ դրամ։

2021 թվականին Կառավարությունը հաստատել է «Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը», որի շահառու կարող է հանդիսանալ գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղվող ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ, ով մինչև 3 հա հողատարածքում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգեր կիրառելու ներդրում կկատարի: Ծրագրի շահառուները 5 տարի շարունակ կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում:

2021 թվականին հաստատվել է 1456 հա ինտենսիվ այգեհիմնման հայտ, 2020 թվականի 518 հա համեմատ։ Այգեհիմնման հայտերի քանակը 2021 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է շուրջ 2,8 անգամ։

2021 թվականին կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության շուրջ 4300 պայմանագիր, 2020 թվականի շուրջ 1500-ի համեմատ։

2021 թվականի ողջ ընթացքում իրականացվել է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին տրամադրվել է 29487 միավոր վարկ, շուրջ 72,9 մլրդ դրամ ընդհանուր ծավալի, որոնց գծով սուբսիդավորման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 9,8 մլրդ դրամ։

Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրով 2021 թվականի լիզինգային գործարքների ընդհանուր փաթեթի գումարը կազմել է շուրջ 3,2 մլրդ դրամ, սուբսիդավորման ընդհանուր գումարը՝ շուրջ 498 մլն դրամ։

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրով 2021 թվականին հաստատվել է 342 հայտ, շուրջ 10,6 մլրդ դրամի ընդհանուր գումարի, ձեռք է բերվել 776 միավոր սարքավորում, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 967,5 մլն դրամ։

Աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 4000 պայմանագիր, ձեռք է բերվել 4050,4 տոննա բարձրորակ սերմ, և կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա։

Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր, ավելի քան 13000 հա հողատարածքի վրա 2021 թվականի գարնանը ցանք կազմակերպելու նպատակով։

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության խթանման նշված երկու ծրագրերով իրականացվել է ձեռքբերման գնի մինչև 70 % սուբսիդավորում։

2021 թվականի ընթացքում գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում հաստատվել է 274 հայտ, շուրջ 27,3 մլրդ դրամ ընդհանուր գումարի, սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 2,7 մլրդ դրամ։

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգի կիրառմամբ 10 շահառուի վարկի գումարի չբավարարող մասի համար տրամադրվել է շուրջ 5,4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք։

 

Հարկաբյուջետային քաղաքականություն, հարկային և մաքսային վարչարարություն

 

Բիզնես միջավայրի մրցունակության բարձրացման և պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովման նպատակով Կառավարությունը շարունակել է հարկային ոլորտի բարեփոխումները: Քայլեր են ձեռնարկվել ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Հարկային վարչարարության զարգացման շնորհիվ հնարավոր է եղել գերակատարել հարկային եկամուտների և պետական տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով։ Ոլորտում վարչարարության բարելավման արդյունքում հնարավոր է եղել բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,3 տոկոսային կետով և 2021-ին արձանագրել պատմական ամենաբարձր՝ 22,7 տոկոս հարկեր/ՀՆԱ մակարդակը:

Պղնձի և մոլիբդենի միջազգային բարենպաստ կոնյուկտուրայի կապակցությամբ փոփոխություններ են կատարվել այս երկու մետաղների արտահանման հարկման մեխանիզմում, որի շնորհիվ 2021 թվականի ընթացքում բյուջե մուտքագրվել է շուրջ 24,6 մլրդ դրամի լրացուցիչ հարկ, իսկ մինչև 2022 թվականի փետրվարը՝ շուրջ 33,9 մլրդ դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցման Կառավարության որդեգրած քաղաքականության շնորհիվ 2021 թվականի դեկտեմբեր ամսին աշխատատեղերի թվաքանակը կազմել է 659 471, որը բացարձակ ռեկորդ է Հայաստանի՝ նախորդող շրջանի ողջ պատմության համար: 2020 թվականի նույն ամսվա համեմատ աշխատատեղերի աճը կազմել է 6,1%, 2019 թվականի նույն ամսվա համեմատ՝ 4,9%, 2018 թվականի նույն ամսվա համեմատ՝ 12,1%:

2021 թվականի եկամտային հարկի հավաքագրումները շուրջ 29 մլրդ դրամով կամ 7 %-ով գերազանցել են 2020 թվականի, շուրջ 36 մլրդ դրամով կամ 9 %-ով՝ 2019 թվականի, շուրջ 97 մլրդ դրամով կամ 27 %-ով՝ 2018 թվականի հավաքագրումները՝ կազմելով շուրջ 458 մլրդ դրամ:

Բարձրացվել է հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտային հարկի հաշվին փոխհատուցելու համակարգի հասցեականությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել դրա ազդեցությունը տարածքային համաչափ զարգացման նպատակի իրագործման հարցում: Մասնավորապես, որդեգրվել է այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կընձեռի առաջիկա երեք տարիների ընթացքում բնակարանաշինական ծրագրերը Երևանի կենտրոնական գոտիներից աստիճանաբար տեղափոխել ծայրամասային գոտիներ, իսկ այնուհետև՝ մարզեր՝ դրանով նպաստելով հանրապետության մարզերում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացմանն ու կյանքի որակի բարելավմանը։

2021 թվականի հարկ վճարողներին վերադարձված գումարը (հիփոթեքի տոկոս, շահաբաժին, ուսման վարձ) կազմել է շուրջ 32 մլրդ դրամ, որը շուրջ 14 մլրդ դրամով կամ 78 %-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 20 մլրդ դրամով կամ 167 %ով՝ 2019 թվականին, շուրջ 27 մլրդ դրամով կամ 540 %-ով` 2018 թվականին վերադարձված գումարներից:

Գործարկվել է հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակը, որը թույլ է տալիս նախկինում շուրջ 15 օր տևող գործընթացն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

Պետությունը չունի և 2021 թվականի ընթացքում հարկ վճարողներին պարտք չի ունեցել` վերջիններիս դիմումներով պահանջված վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մասով. ԱԱՀ դեբետային գումարների գծով վերադարձն իրականացվում է ամսական պարբերականությամբ: 2021 թվականին վերադարձվել է ռեկորդային չափով՝ շուրջ 146,3 մլրդ դրամի ԱԱՀ, որը շուրջ 26,1 մլրդ դրամով կամ 22 %-ով ավելի է 2020 թվականին, շուրջ 18,3 մլրդ դրամով կամ 11%-ով պակաս է 2019 թվականին, շուրջ 59,6 մլրդ դրամով կամ 69%-ով ավելի է 2018 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գումարներից: Հատկանշական է, որ 2019 թվականի համեմատությամբ անկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019 թվականի ընթացքում հարկ վճարողներին վերադարձված շուրջ 164,6 մլրդ դրամի ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարներից շուրջ 42 մլրդը մինչ 2017 թվականի 2-րդ կիսամյակն առաջացած գումարն է, որը Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության շրջանակներում 2019 թվականի ընթացքում նույնպես վերադարձվեց հարկ վճարողներին (մինչ օրենսդրական փոփոխությունը վերադարձման ենթակա չէր): Այսինքն, եթե 2021 թվականին վերադարձված ԱԱՀ-ի դեբետային գերավճարի գումարների 2019 թվականի հետ համեմատությունը կատարվի առանց նշված շուրջ 42 մլրդ դրամի, ապա 2021 թվականի աճը` 2019 թվականի համեմատությամբ, նույնպես ակնհայտ է և գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը շուրջ 23,7 մլրդ դրամով կամ 19%-ով:

2021 թվականին մեկնարկեց բարեփոխված գույքային հարկերի կիրառումը, որի վերջնանպատակը համայնքների բյուջեների եկամուտների զգալի ավելացումը և տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական անկախության մակարդակի բարձրացումն է: Շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա գույքային հարկերի վճարումը հարկման արդարության արմատավորման ուղղությամբ Կառավարության քաղաքականության կարևոր բաղադրիչներից է: Մասնավորապես, բարեփոխման հիմքում ընկած՝ հարկման ուղղահայաց արդարության սկզբունքի տրամաբանությամբ՝ բարձրարժեք գույքի համար սահմանվել է պրոգրեսիվ հարկային բեռ՝ դրանով վերաիմաստավորելով գույքային հարկերի ինստիտուտը՝ որպես հասարակության եկամուտների վերաբաշխման կարևոր համակարգ։

2021 թվականի ընթացքում պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 3,2 տոկոսային կետով նվազել է՝ հասնելով 60,3 %-ի։ Կառավարությանը հաջողվել է պարտքը վերադարձնել կառավարման տեսանկյունից էականորեն ավելի ապահով միջակայք: Պարտքի բեռի նվազեցմանը զուգահեռ բարելավվել է նաև դրա կառուցվածքը՝ դրամային պարտքը կշիռը կանխատեսվող 27,9 %-ի փոխարեն հասել է 28,8 % մակարդակի:

 

Բարձր տեխնոլոգիաներ

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը, ոլորտում ներգրավվածության բարձրացմանը, նորարարական գաղափարների առևտրայնացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությանը տնտեսության ու հանրային ոլորտներում։

Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում 2021 թվականի ընթացքում նորաստեղծ և կայացած տեխնոլոգիական ընկերություններին դրամաշնորհների տեսքով տրամադրվել է շուրջ 1 մլրդ դրամի պետական աջակցություն:

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի 3 բաղադրիչների շրջանակներում արտադրանքի զարգացման տարբեր փուլերում գտնվող 40 ստարտափների տրամադրվել է շուրջ 429 մլն դրամի դրամաշնորհ:

2021 թվականին գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թողարկման 17,8 % իրական աճ, որն ավելի քան 3 անգամով գերազանցել է տարվա ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանման համար 2021 թվականի ընթացքում իրագործվել է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որը հաջողությամբ ավարտել է 1690 քաղաքացի։

2021 թվականի ընթացքում իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, կազմվել են թվայնացման գործընթացների և պահանջների նվազագույն պահանջների ստեղծման առաջարկություններ: Պետական փոխգործելիության հարթակում ներգրավվել են 24 պետական էլեկտրոնային շտեմարաններ, մշակվել է մետատվյալների ռեգիստրը:

Կիբեռանվտանգության ազգային գործակալության ստեղծման համատեքստում տեխնիկական առաջադրանքի ստեղծման խորհրդատվական ծառայությունների գնման հայտը կազմվել է, որի հիման վրա հայտարարվել է մրցույթ։ Մրցույթով ընտրված ընկերության հետ կնքվել է պայմանագիր։ Նախատեսվում է մշակել Կիբեռանվտանգության և տվյալագիտության ազգային կենտրոնի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:

2021 թվականին միջազգային ոլորտային ցուցահանդեսների մասնակցության շնորհիվ ստորագրվել է 6 պայմանագիր՝ շուրջ 231 մլն դրամ ընդհանուր արժողությամբ (որից 97,5 %-ը՝ վաճառքի պայմանագրեր և 2,5 %-ը՝ շահավետ պայմաններով ձեռքբերման պայմանագրեր):

 

Տրանսպորտ

 

2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շրջանակներում կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթները։ Դրանց շնորհիվ 2022 թվականի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը՝ 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը՝ 46 նոր տրանսպորտային միջոցներով։ Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն։

2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Տեխնիկական զննության նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը, որի շնորհիվ էականորեն կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

2021 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով։

Կառավարության որոշմամբ փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021 թվականին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որով վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը:

2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն, որի շնորհիվ կավելանա Հայաստանից իրականացվող թռիչքների աշխարհագրությունը, ոլորտում կխթանվի մրցակցությունը:

2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել շուրջ 4,7 մլրդ դրամ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է «Էյր Արաբիա» ընկերությունը, որը Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողն է: «Ֆլայ Արնա» (Fly ARNA) hամատեղ ավիաընկերությունն արդեն իսկ ստեղծվել է և առաջիկայում թռիչքներ կիրականացնի:

Երևան քաղաքի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել է «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ:

Երկաթգծի շարժակազմի արդիականացման շրջանակներում 2021 թվականին ձեռք են բերվել և շահագործման հանձնվել 27 ուղևորատար ժամանակակից և հարմարավետ նոր վագոններ և երկու նոր էլեկտրագնացքներ, իսկ ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում կապիտալ վերանորոգվել է 9,5 կմ գիծ: 2021 թվականի արդյունքներով ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2,6 %-ով:

 

Ճանապարհաշինարարություն

 

2021 թվականի ընթացքում ոլորտում իրականացվել են շուրջ 565 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական, հանրապետական, տեղական և այլ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել, վերանորոգվել ու կառուցվել են ևս 113 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:

2021 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի ճանապարհահատվածում իրականացվել է շուրջ 50 կմ երկշերտ ասֆալտապատում, որի շնորհիվ Թալին քաղաքը շրջանցող նորակառույց ճանապարհը բացվել է երթևեկության համար:

Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ բնակչության անվտանգությունն ու կենսական կարիքներն ապահովելու նպատակով 2021 թվականին Սյունիքի մարզում մեկնարկել են այլընտրանքային ճանապարհների կառուցման և վերակառուցման աշխատանքներ։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել՝ Լծեն-Տաթև (19,9 կմ), Որոտան Խոտ (10,3 կմ), Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան (8,7 կմ), Տանձավեր Շուռնուխ (13,2 կմ), Կապան-Ճակատեն շրջանցիկ (7,8 կմ), ԼծենՇամբ (6,19 կմ) և Վերին Խոտանանը շրջանցող (մոտ 11 կմ) շուրջ 77 կմ երկարությամբ ճանապարհներ, որոնց մասով 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 41 կմ հողային պաստառի կառուցման աշխատանքներ:

 

Համայնքների ենթակառուցվածքների զարգացում

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացը, որը միտված է հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելուն, բնակչության բարեկեցությունը բարելավելուն, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն:

2021 թվականին հաստատվել է թվով 678 սուբվենցիայի ծրագրային հայտ, որից շուրջ 620 ծրագրի շրջանակներում ավարտվել են աշխատանքների իրականացման մրցութային գործընթացները և սկսվել շինարարական աշխատանքներն ու գույքի և տեխնիկայի ձեռքբերման գործընթացները։ 2021 թվականին իրականացվել են նաև 2020 թվականին սկսված, սակայն չավարտված ծրագրերը։ Ընդհանուր առմամբ 2021 թվականին իրականացվել է շուրջ 605 սուբվենցիոն ծրագիր, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 13,7 մլրդ դրամ։ Նշված 605 ծրագրերից՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 251-ը 2019-2020 թվականներին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 6,5 մլրդ դրամ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 354-ը՝ 2021 թվականին հաստատված ծրագրերն են, որոնց համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 7,1 մլրդ դրամ։

 

Էներգետիկա

 

2021 թվականին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել երկրի էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի և գազի հուսալի ու որակյալ մատակարարման ապահովմանը։

Շարունակվել են աշխատանքներն էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների ներդրման, ինչպես նաև երկրի վերականգնվող էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: 2021 թվականի ընթացքում ամբողջությամբ ավարտվել են 22 բազմաբնակարան և 2 հանրային շենքերի էներգախնայողության աշխատանքները (տանիքի վերանորոգում, լուսամուտների փոխարինում, աստիճանավանդակների վերանորոգում, արտաքին պատերի ջերմամեկուսացում)։ 2021 թվականի ընթացքում մեկնարկել և շարունակվում են 37 բազմաբնակարան շենքերի էներգախնայողության աշխատանքները։

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Երևանի շուրջ 70 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, որը կնպաստի տվյալ շենքերի ներշենքային և բակային տարածքների արդիականացված լուսավորության ապահովմանը և վերելակների հոսանքի ծախսի ավելի քան 50 %-ով նվազմանը: 2021 թվականին Երևանի 19 մանկապարտեզներում մեկնարկել և շարունակվում են արևային պանելների տեղադրման և ամբողջական ջերմամեկուսացման, ինչպես նաև ժամանակակից օդափոխման համակարգերի տեղադրման և ջեռուցման համակարգերի փոխարինման աշխատանքները:

Հայաստանը միջազգային էներգետիկ վարկանիշում՝ «Էներգետիկ տրիլեմայի ինդեքս 2021»-ում առաջընթաց է գրանցել 127 երկրների շարքում՝ զբաղեցնելով 53-րդ տեղը, 2020 թվականի 54-րդ և 2019 թվականի 60-րդ տեղերի համեմատ:

2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկման նպատակով 2021 թվականի ընթացքում մշակվել է անհրաժեշտ իրավական բազա։ Շուկայի ազատականացման և շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման ծրագիրն անցել է փորձարկման բոլոր փուլերը։

2021 թվականին շահագործման է հանձնվել «Արմփաուեր» 250 ՄՎտ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանը: Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 250 մլն դոլար։

2021 թվականին ավարտվել են «Աշնակ» 220 կՎտ լարման ենթակայանի վերակառուցման աշխատանքները: Ներդրվել է մոտ 9,8 մլն ԱՄՆ դոլար:

«Մասդար» ընկերության կողմից Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանի կառուցման ծրագրով 2021 թվականին «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ընկերության հետ ստորագրվել է Կառավարության աջակցության համաձայնագիրը։ Կայանը շահագործման կհանձնվի 2023 թվականին, ներդրումների ծավալը կկազմի շուրջ 170 մլն դոլար։

Զգալիորեն աճել է ինքնավար արևային կայանների թիվը, մասնավորապես, 2022 թվականի հունվար ամսվա դրությամբ մինչև 500 կՎտ հզորություն ունեցող 6940 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 136.08 ՄՎտ հզորությամբ) կնքել են պայմանագրեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ, որը 2796-ով (59,8 ՄՎտ հզորություն) ավելի է 2021 թվականի հունվարի համեմատությամբ, ևս 518 ինքնավար էներգաարտադրողներ (գումարային շուրջ 11,5 ՄՎտ հզորությամբ) ստացել են տեխնիկական պայմաններ, որ 284-ով (3 ՄՎտ) ավելի է 2021 թվականի հունվարի համեմատությամբ:

2022 թվականի հունվարի դրությամբ ըստ տրամադրված լիցենզիաների՝ էլեկտրաէներգիա են արտադրում 27 արևային էլեկտրակայաններ՝ շուրջ 55,8 ՄՎտ դրվածքային ընդհանուր հզորությամբ:

2022 թվականի հունվարի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրում 2 հողմային էլեկտրակայաններ՝ գումարային շուրջ 2,89 ՄՎտ դրվածքային հզորությամբ, լիցենզիա է ստացել ևս 4 հողմակայան՝ 4,23 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

2021 թվականի ընթացքում Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի պահման ավազանը, իրականացվել են նաև նորոգման այլ աշխատանքներ, որոնց շնորհիվ 1995 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրվել է 92% ջերմային հզորության փոխարեն 98% ջերմային հզորություն, և կայանի ժամային արտադրությունն ավելացել է մոտ 40 ՄՎտ-ով:

 

Շրջակա միջավայրի պահպանություն

 

2021 թվականին միջազգային կլիմայական օրակարգին համահունչ՝ Կառավարությունը հաստատել է «Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 20212030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները», համաձայն որի Հայաստանը պարտավորվում է մինչև 2030 թվականն անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9 % չափով, ինչպես նաև ջերմոցային գազերի 40 % նվազեցում` 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։

Կատարվել են շուրջ 215 հա անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որից շուրջ 151 հա` պետական բյուջեի ֆինանսավորմամբ, 2 տարվա ընդմիջումից հետո 5533 հա անտառներում իրականացվել է վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքար, մոտ 30-ով ավելացվել է թափուկ վառելափայտ ստացող անտառամերձ բնակավայրերի թիվը, որի շնորհիվ ազգաբնակչությանն անվճար տրամադրվել է 74331 խոր. մ թափուկ։

Ջրային ռեսուրսների պահպանության ուղղությամբ` սահմանվել է այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվել է նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը, ինչպես նաև սահմանվել է պարտադիր պահանջ՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների առցանց հսկողական համակարգի առկայության մասով։

2021 թվականին մեկնարկել է ԵՄ ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «ԵՄ Սևանի համար» («EU4Sevan») Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 5,7 մլն եվրո է: Ծրագիրը միտված է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարումը, էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունները, կոյուղաջրերի մշակումը, ինչպես նաև ուժեղացնել

Սևանա լճի պաշտպանության համար իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում։

Շուրջ 132 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ 2021 թվականին 4,18 հա տարածքի վրա իրականացվել են Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներ:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցվել և գործարկվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ:

2021 թվականին ավտոմատ օդերևութաբանական կայանների ներդրմամբ արդիականացվել է Հայաստանում փաստացի գործող 46 օդերևութաբանական կայաններից 23-ը:

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը։

Սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակներում 2021 թվականի օգտագործման համար Կառավարության որոշմամբ սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ: 2021 թվականի մարտի 25֊ից սկսվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Կնքվել է 294 պայմանագիր 221066 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որն սկսվել է 2021 թվականի մայիսի 14-ից՝ որսի համար սահմանված և կահավորված կետերից։ Փաստացի որսվել է 201521 կգ սիգ տեսակի ձուկ: Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2֊ի որոշմամբ՝ սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացվել էր ևս 50 տոննայով, որի ժամկետը սահմանվել էր մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը։ 2021 թվականի հոկտեմբերի 1-15-ը որս է իրականացրել 327 ձկնորս, և որսվել է 92785 կգ սիգ տեսակի ձուկ։ Արագ արձագանքման խմբի կողմից իրականացվել է ամենօրյա հսկողություն Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ արդյունագործական որսը վերահսկելու, ինչպես նաև ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու նպատակով։

 

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

2021 թվականին Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահել մարդկային կապիտալի զարգացմանն առնչվող բոլոր ոլորտները:

Կառավարությունը շարունակել է քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը, նրանց սոցիալական իրավունքների լիարժեք իրականացմանը միտված քաղաքականությունը:

2021 թվականին գրանցվել է միջին ամսական աշխատավարձի աճ։ Մասնավորապես, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը 2021 թվականին կազմել է 204,048 դրամ, այն 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է շուրջ 14,000 դրամով կամ 7.6 %-ով, 2019 թվականի համեմատ՝ ավելի քան 21,000 դրամով կամ 12 %-ով, 2018 թվականի համեմատ՝ 31,000 դրամով կամ 18 %-ով:

Աշխատող քաղաքացիներին վճարված համախառն աշխատավարձը 2021 թվականին կազմել է 139,6 մլրդ դրամ, որը 2020 թվականի համեմատ ավելի է 15,7 մլրդ դրամով կամ 13 %-ով, 2019 թվականի համեմատ՝ 25,2 մլրդ դրամով կամ 22 %-ով, 2018 թվականի նկատմամբ՝ 38,7 մլրդ դրամով կամ 38 %-ով։

Կառավարության 2021 թվականին ընդունած որոշումների համաձայն 2022 թվականի հունվարի 1-ից ավելանալու են 131767 շահառուների վճարվող գումարները, մասնավորապես՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

Ներմուծեք նկարագրությունը_19954 պարտադիր ժամկետային (շարքային) զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ 1-ին խմբի համար՝ 43,000 դրամ (2021 թվականին գործող 40,000 դրամի փոխարեն), 2-րդ խմբի համար՝ 33,000 դրամ (2021 թվականին գործող 30,000 դրամի փոխարեն), 3-րդ խմբի համար՝ 30,000 դրամ (2021 թվականին գործող 27,000 դրամի փոխարեն),

Ներմուծեք նկարագրությունը_19954 պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 30,000 դրամ (2021 թվականին գործող 27,000 դրամի փոխարեն),

Ներմուծեք նկարագրությունը_19954 ծերության, հաշմանդամության, կերակրողը կորցնելու նպաստ՝ 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

Ներմուծեք նկարագրությունը_19954 հաշմանդամ երեխաների նպաստ՝ 37,000 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն),

Ներմուծեք նկարագրությունը_19954 մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 28,600 դրամ (2021 թվականին գործող 26,500 դրամի փոխարեն)։

2021 թվականին սկսվել է կենսաթոշակների և նպաստների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրումը, որը ենթադրում է նշված դրամական վճարների վճարում բացառապես անկանխիկ եղանակով: Բացառություն են կազմում միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, ինչպես նաև 75 տարին լրացած շահառուները, որոնք իրենք են ընտրում իրենց համար հարմար վճարման եղանակը։

2021 թվականին երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների այլընտրանքային խնամքի ձևերի զարգացմանը: 2021 թվականի 61 խնամատար ընտանիքում խնամք է ստացել 88 երեխա, որոնցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամք են ստանում մասնագիտացված խնամատար ընտանիքներում: 2021 թվականի ընթացքում եղել է 22 որդեգրում, որոնցից 17-ը՝ ներպետական, 5-ը՝ արտերկիր:

Գենդերային քաղաքականության ոլորտում 2021 թվականին ապահովվել է պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բոլոր մարզերում և Երևանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների գործունեության շարունակականությունը. 2021 թվականին ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններին է դիմել և օգնություն ստացել 1516 շահառու, իսկ ապաստարանների ծառայություններից օգտվել է 160 շահառու։ Վերոգրյալ աջակցության կենտրոններն ընտանիքում բռնության ենթարկվածներին, բացի օրենսդրությամբ նախատեսված սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրումից, ուղղորդել և աջակցել են նաև հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման և կայուն աշխատանք գտնելու գործում. կայուն աշխատանքով է ապահովվել 88 կին։

2021 թվականին ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները։ Համաձայն ընդունված օրենքների՝ վերափոխվում է հաշմանդամության գնահատման համակարգը. 2023 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում հաշմանդամության գնահատման նպատակով բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կիրականացվի անձի ֆունկցիոնալության գնահատում, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու անձի կարիքների բազմակողմանի գնահատում և որոշելու յուրաքանչյուր անձի համար անհատական ծառայություններ։

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների համատեքստում 2021 թվականի ապրիլի 1-ից գործարկվել է Միասնական սոցիալական ծառայությունը, որը հիմնված է սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա՝ նպատակ ունենալով բարձրացնելու սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, սոցիալական ծառայությունների որակը։

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված ավելի քան 500 երիտասարդ ընդգրկվել է տնտեսական ակտիվությանն ուղղված ծրագրերում, որի շնորհիվ նրանց շուրջ 35%-ը ձեռք է բերել զբաղվածություն, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներով, 65%-ը ներգրավվել է ուսուցման և պրակտիկայի գործընթացներում:

Ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորվել է նաև միասնական սոցիալական ծառայության կողմից տնային այցելություններ կատարելու գործընթացը, և առաջին անգամ՝ նաև դրա դիմաց վճարման գործընթացը։ 2021 թվականի ընթացքում կատարվել են շուրջ 33000 տնային այցելություններ, և դա իր ազդեցությունն է ունեցել նաև ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացման հարցում։ 2019 թվականին ընտանեկան նպաստներ (ընտանեկան և սոցիալական նպաստ) են ստացել 86197, 2020 թվականին՝ 86927, իսկ 2021 թվականին՝ 82328 ընտանիքներ (յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի դրությամբ)։

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով հատկացվել է ավելի քան 1,1 մլրդ դրամ գումար։

Շարունակվել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց նվազ սակագներով վճարելու գործընթացը։ Այս կապակցությամբ յուրաքանչյուր ամիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին են տրամադրվում շուրջ 68000 և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ շուրջ 95000 անապահով ընտանիքների տվյալներ։ Սպառած խմելու ջրի համար նվազ սակագներով վճարելու համար անապահով ընտանիքների տվյալները «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կտրամադրվեն սկսած 2022 թվականի հուլիսից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանված նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը կդիտարկվի որպես ընտանիքի կատարած կանխավճար։ Այս արտոնությունից օգտվող անապահով ընտանիքների թիվը կանխատեսվում է, որ կլինի շուրջ 70000։

 

Առողջապահություն

 

Կառավարության գերակա քաղաքականությունը 2021 թվականին ուղղված է եղել հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցմանը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանը, բնակչության համար դեղերի հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև առողջապահության էլեկտրոնային ամբողջական համակարգի ներդրմանը:

2021 թվականին մանկական մահացության (մինչև 1 տարեկան) ցուցանիշը 2020 թվականի համեմատ նվազել է 8,1%-ով և կազմել 6,8 ‰, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը նվազել է 2,5%-ով և կազմել 8,0 ‰:

2021 թվականին մեկնարկել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Սյունիքի մարզի Սիսիանի ԲԿ-ի, Կոտայքի մարզի Չարենցավանի ԲԿի, Արագածոտնի մարզի Թալինի ԲԿ-ի վերակառուցման և Ծաղկահովտի ԱԿ-ի, Արարատի մարզի Մասիսի ԲԿ-ի, Վայոց ձորի մարզային նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները։

Հաստատվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը, ըստ որի՝ Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի շենքը, ՀՎԿԱԿ Արմավիր և Արարատ մասնաճյուղերը վերակառուցվելու են։ Շարունակվել են Մարտունու ԲԿ-ի շենքի կառուցման նպատակով 2020 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքները։

Պետական պատվերի շրջանակում երեխաներին տրամադրվող դեղորայքային փաթեթն ընդլայնվել է, որը նպաստել է առողջացման ցուցանիշների և կյանքի որակի բարելավմանը։

2021 թվականին պետական բյուջեից կենտրոնացված կարգով 10 հիվանդության և 199 679 շահառուների համար ձեռք է բերվել 58 անվանում դեղ: 2020 թվականի ընթացքում 10 հիվանդության և 179 712 շահառուների համար ձեռք էր բերվել 49 անվանում դեղ:

Քաղցկեղի դեմ պայքարի շրջանակներում մեկնարկել է նոր՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 2021 թվականին հետազոտվել է 6961 կին:

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանը միացել է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դարձել են փոխադարձ ճանաչելի։

Վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների հայտնաբերման նպատակով 15 տարեկան 6317 աղջիկ (տվյալ տարիքային խմբի 40,3%) անցել են որովայնի օրգանների և վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն:

Կատարվել է 33 շահառուի արհեստական սերմնավորում, գրանցվել է 17 հղիություն և մեկ ծննդաբերություն: Կատարվել է 393 շահառուի արհեստական բեղմնավորում, գրանցվել է 171 հղիություն, ծնվել է 74 երեխա:

Կառավարության հետևողական գործողությունների շնորհիվ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, իսկ 2022 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտնում դրանց օգտագործման արգելքը հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

 

Կրթություն

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է բարեփոխումները՝ միտված ներառական կրթական միջավայրի ստեղծմանը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացմանն ու վերազինմանը, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդմանը:

2021 թվականին պետության կողմից շուրջ 11 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցում է տրամադրվել բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում տարբեր խմբերի ավելի քան 24 հազար ուսանողների:

2021 թվականին հանրակրթության ոլորտում հաստատվել և Տավուշի մարզի բոլոր 80 դպրոցներում գործողության մեջ փորձարկվում են հանրակրթության նոր պետական չափորոշիչն ու առարկայական ծրագրերը՝ ներառելով նաև լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը։ Նոր կրթական չափորոշիչը հիմնված է կարողունակության վրա՝ շեշտելով գիտելիքի, հմտության, արժեքի և դիրքորոշման համադրված ուսուցման անհրաժեշտությունը։ Չափորոշչով սահմանվել են ութ հիմնական կարողունակությունները, որոնք արտացոլում են պետության պահանջը դպրոցից։ Դրան համահունչ՝ 2021 թվականի մայիսին ընդունվել է նաև նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի տրամաբանության ներքո մշակվել են նախադպրոցական կրթական ծրագրերը, որոնք ներկայումս փորձարկման փուլում են։

Գործարկվել է հանրակրթական հաստատությունների ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված նոր՝ կամավոր ատեստավորման ծրագիրը, որի շնորհիվ 996 մասնակիցների 47,6 % ստանում են 30-50 % հավելավճար՝ ապահովելով ուսուցիչների համար մեկ դրույքի հաշվարկով համախառն աշխատավարձի միջինը 45 հազար դրամով աճ: Ծրագիրը շարունակական է:

2021 թվականին մեկնարկել է կրթական ծառայությունների տեղորոշման և հասանելի որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումը Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար, որն իր բնույթով կրթական ծառայությունների կազմակերպման և որակի ապահովման ամբողջությամբ նոր մոտեցում է։

Էապես մեծացել են հանրակրթությանն ուղղված կապիտալ ծախսերը. միայն 2021 թվականի ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել շուրջ 63 դպրոց. ևս ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել: Այդ նպատակներով պետական բյուջեի հատկացումները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ՝ 2020 թվականի 2,7 մլրդի համեմատ:

Կառավարության ծրագրով մեկնարկել է «300 դպրոց 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը, որի շրջանակներում միայն 2022 թվականի ծրագրում ներառված է 73 դպրոց և 10 մանկապարտեզ։ 2021 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել են 27 մանկապարտեզի կառուցման և նորոգման աշխատանքները, այդ թվում՝ 8 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման աշխատանքները։ Ընդ որում՝ 4 մանկապարտեզի կառուցման, 3 մանկապարտեզի հիմնանորոգման և 7-ի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։

Երևանի քաղաքապետարանն իրականացրել է 8 մանկապարտեզի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ, նախագծվել են 16 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները:

2022 թվականի համար սուբվենցիոն ծրագրերի իրականացման ձևաչափում արվել են փոփոխություններ, որոնցով խթանվում է նախադպրոցական կրթությանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Ստացվել է 58 հայտ՝ 173 մանկապարտեզի կառուցման / վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և բարեկարգման նպատակով։

2021 թվականին հանրակրթական հաստատություններում ստեղծվել են ընդհանուր 349 բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, առկա է ինժեներական լաբորատորիայի 942 խումբ:

2021 թվականին շարունակվել է նաև դպրոցների համակարգչային համալրումը. 280 դպրոց ստացել է պրոյեկտոր և դյուրակիր համակարգիչ:

Վեց բուհերում ստեղծվել են շուրջ 1,2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ գերժամանակակից լաբորատոր ենթակառուցվածքներ:

Ժամանակակից սարքավորումներով համալրում է կատարվել նաև գիտության ոլորտում. 2021 թվականին գիտական կազմակերպություններին և բուհերին մրցութային հիմունքներով հատկացվել են աննախադեպ մեծ ծավալի` շուրջ 1,3 մլրդ դրամ դրամաշնորհներ գիտական սարքերի ձեռքբերման համար:

2021 թվականին մարզային դպրոցներում բացակա ուսուցիչների խնդիրը լուծելու նպատակով՝ «E-school Armenia» նախագծի շրջանակում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանի գրասենյակի համաֆինանսավորմամբ, ընտրված 17 մենթոր դպրոցների ուսուցիչները 8 մարզի 48 դպրոցում իրականացրել են 88 առարկայի (654 ժամ) հեռավար դասավանդում: Մարզային դպրոցներում ծրագրի շրջանակում հեռավար դասերին մասնակցել է 2335 աշակերտ:

2022 թվականի հունվարի դրությամբ ամբողջ հանրապետությունում հանրակրթության ոլորտում անցում է կատարվել համընդհանուր ներառական կրթության համակարգին:

 

Գիտություն

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը և երիտասարդ կադրերի ներգրավումը, ինչպես նաև գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

2021 թվականին Կառավարության նախաձեռնությամբ գիտության ոլորտի 2022 թվականի ֆինանսավորումն աննախադեպ չափով ավելացել է` կազմելով 25,1 մլրդ դրամ, որը 82,8 %-ով ավելի է 2021 թվականին ոլորտին հատկացված ֆինանսավորումից: Հարկ է նշել, որ պաշտպանության բնագավառում գիտական և գիտահետազոտական ծրագրերին ուղղված 2022 թվականի ֆինանսավորումը ևս ավելացել է՝ կազմելով շուրջ 5,2 մլրդ դրամ, որը 14%-ով կամ շուրջ 0,6 մլրդ դրամով ավելի է 2021 թվականին ոլորտին հատկացված ֆինանսավորումից և շուրջ 348%-ով կամ 4 մլրդ դրամով ավելի է փաստացի կատարողական ցուցանիշից:

Առավել մրցունակ գիտական կադրերի հետազոտությունների աջակցության, ինչպես նաև երիտասարդ գիտաշխատողների ներգրավման և փորձի փոխանցման նպատակով 2021 թվականին կազմակերպվել են մրցութային 6 ծրագրեր, որոնց շնորհիվ ֆինանսավորման են երաշխավորվել 343 թեմաներ, որոնց 2022 թվականին կհատկացվի 6,6 մլրդ դրամ ընդհանուր գումար:

2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորումը, համաձայն որի՝ գիտաշխատողների ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022 թվականի հունվարի 1-ից տեղի են ունեցել աշխատավարձերի հետևյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 %:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 %:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 %:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 %:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 %:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 %:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 %:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 %:

2021 թվականի ընթացքում ատեստավորում է անցել 3278 գիտաշխատող. 2022 թվականին ոլորտում աշխատավարձային ֆոնդն ավելացվել է շուրջ 2,6 մլրդ դրամով: Ատեստավորման գործընթացը շարունակական է լինելու:

 

Սպորտ

 

Հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանման նպատակով կազմակերպվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի և կրոսավազքի մրցաշարերը, որոնց մասնակցել են շուրջ երեք հազար մարդ:

2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների շնորհիվ 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկներին պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ: Պարգևատրվել են նաև ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:

Մարզիկներին և մարզիչներին տրվող անվանական թոշակների ընդհանուր գումարը 2021 թվականի 157 մլն–ից աճել է շուրջ 4 անգամ՝ 2022 թվականին կազմելով շուրջ 625 մլն դրամ, իսկ մարզիկների պատվովճարների ընդհանուր գումարը 147 մլն–ից դարձել է 166 մլն դրամ: Այսպիսով՝ պատվովճարների և պարգևավճարների ընդհանուր գումարը 335 մլն–ից 2022 թվականի հունվարի 1-ից դարձել է 882 մլն դրամ:

2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թվականին կհյուրընկալի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

 

Մշակույթ

 

2021 թվականին ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ», «Մեկնարկ» և այլ ծրագրերը (շուրջ 175 մլն դրամ ընդհանուր բյուջեով), որոնց մասնակցել են ավելի քան 330 հազար մանուկներ և պատանիներ:

2021 թվականին իրականացվել են գրահրատարակչության, մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի զարգացմանը և հանրահռչակմանն ուղղված ավելի քան 1 մլրդ դրամ բյուջեով դրամաշնորհային 181 ծրագրեր, որոնց մեջ առաջնահերթություն է տրվել նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական կարողությունների դրսևորմանը և կատարելագործմանը:

2021 թվականին իրականացվել են շուրջ 701,4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 օբյեկտների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը:

Պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման նպատակով ավելացվել են պետության կողմից հատկացված միջոցները՝ կազմելով ավելի քան 350 մլն դրամ և ընդգրկելով 25 հուշարձան:

Հավելյալ 227 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանն ու հարակից տարածքների բարեկարգմանը: Հայաստանի ազգային պատկերասրահում 2021 թվականին տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ:

Արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը, ինչպես նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 մլն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով: 2022 թվականին այդ նպատակով հատկացումները կավելանան և կկազմեն շուրջ 750 մլն դրամ։

 

ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

 

2021 թվականին Կառավարության կողմից նախաձեռնված և իրականացված բարեփոխումների առանցքային ուղղություն է եղել արդարադատության ոլորտը: Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել՝ ապահովելու երկրում օրինականության ամրապնդումը, քաղաքացիների համար վստահելի և որակյալ արդարադատության ապահովումը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացումը:

 

Ընտրական իրավունք և ինստիտուցիոնալ ժողովրդավարություն

 

Կառավարությունը 2021 թվականին շարունակել է իրականացնել ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ու ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրել Հայաստանում ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման հիմքերն ամրապնդելու ուղղությամբ:

 

Մարդու իրավունքներ

 

2021 թվականին Կառավարության քաղաքականությունն ուղղված է եղել մարդու իրավունքների համապարփակ պաշտպանությանը բոլոր բնագավառներում: Կառավարությունը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովման աշխատանքները:

Ընդունվել են քրեական ու քրեական դատավարության նոր օրենսգրքերը, օրենսդրությամբ ներդրվել են՝ 1) համաձայնեցման վարույթը, որը թույլ է տալիս առաջադրված մեղադրանքն ընդունելու դեպքում համաձայնության գալ նշանակվող պատժի, վնասի հատուցման, հանցավոր ծագում ունեցող գույքը վերադարձնելու հարցերի շուրջ, 2) համագործակցության վարույթը, որը թույլ է տալիս բացահայտել նոր հանցանքները` մեղմ պատիժ ստանալու կամ առհասարակ պատժից ազատվելու ակնկալիքով, և 3) մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը, որը հնարավորություն է տալիս իրականացնել քննություն այն դեպքերում, երբ մեղադրյալները խուսափում են դրանից և այն տանում փակուղի:

Ընդունված քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվել են կալանքին այլընտրանք հանդիսացող՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները, որոնց կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հունվարի 1-ից։ Քրեական նոր օրենսգրքով էլ սահմանվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող՝ ազատության սահմանափակում պատժատեսակը, որի կիրառումը հնարավոր կդառնա 2023 թվականի հուլիսի 1-ից։

Խոշտանգումների կանխարգելման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների շուրջ 20 տոկոսում հարցաքննությունների սենյակներում տեղադրվել են տեսաձայնագրման սարքեր, իսկ ելքերում և մուտքերում տեղադրվել են տեսահսկման համակարգեր:

Վիճակագրական տվյալների համադրման արդյունքներով ամրապնդվել են Եվրոպայի խորհրդի տարեկան քրեական վիճակագրության շրջանակներում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գրանցված դրական արդյունքները: 2021 թվականի տարեվերջին 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությունը ԵԽ ինդեքսի հենքով կազմում է շուրջ 40%՝ փաստելով գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: 2021 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանում եղել է ազատությունից զրկված 2128 անձ, 2020 թվականի սկզբի՝ 2221 անձի, 2019 թվականի սկզբի՝ 2266 անձի և 2018 թվականի սկզբի՝ 3536 անձի համեմատ:

 

Դատաիրավական բարեփոխումներ

 

2021 թվականին Կառավարությունը շարունակել է դատաիրավական ոլորտի զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքները:

2021 թվականի ընթացքում վարչական մի շարք տիպի գործերով ներդրվել է գրավոր պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն կտա առավել սեղմ ժամկետներում և օպտիմալ իրականացնել վարչական արդարադատությունը: Գործարկման փուլում են գտնվում կատարողական վարույթների ավտոմատ մակագրման և բռնագանձման գործիքները:

2021 թվականի արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ և ավելի քան 650 մլն դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը։ Ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում բռնագանձված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 41 մլրդ՝ 2020 թվականի շուրջ 31 մլրդ-ի, 2019 թվականի շուրջ 35 մլրդ-ի և 2018 թվականի շուրջ 28 մլրդ-ի համեմատ:

2021 թվականի ողջ ընթացքում Կառավարությունը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, շարունակել է ոստիկանության բարեփոխումների իրականացումը, որի շրջանակներում իրականացվել են հանցավորության դեմ պայքարում ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվել ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման ուղղությամբ:

Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատման ճանապարհին Կառավարության համար կարևորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է։

2021 թվականի հուլիսի 7-ին հաջողությամբ գործարկվել է Երևան քաղաքի գունդը: 2021 թվականի նոյեմբերին մեկնարկել է Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայողների թեկնածուների հնգամսյա ուսուցման գործընթացը, իսկ 2022 թվականի ապրիլից մեկնարկելու է Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ոստիկանության ծառայությունը:

 

Կոռուպցիայի դեմ պայքար

 

Կառավարությունը 2021 թվականին շարունակել է հակակոռուպցիոն և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանը և զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը։ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ տարբեր ատյաններում դատավորների թիվն ավելացել է 29-ով:

Հայտարարագրման համակարգի բարելավմամբ ներդրվել է ծախսերը և փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ։

Ստեղծվել է իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, իրական սեփականատերերի բացահայտման պահանջ է սահմանվել Հայաստանում գործող բոլոր իրավաբանական անձանց համար՝ փուլ առ փուլ:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021 թվականի ընթացքում քննված 553 քրեական գործերից 200-ը եղել են կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված քրեական գործեր, որոնցից 53-ը հարուցված են եղել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով (կաշառք ստանալը), 36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում), 16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում), իսկ մնացածը՝ այլ հոդվածներով:

2021 թվականին կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով վարույթում գտնվող 200 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 11 քրեական գործեր՝ 57 անձի նկատմամբ, որոնցից 25-ը պաշտոնատար անձինք են եղել, կարճվել են 14 քրեական գործեր, այլ մարմին ուղարկվել են 118 քրեական գործեր, իսկ 53-ը փոխանցվել են 2020 թվականից: Վերը նշված քրեական գործերով 20 կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողների լիազորությունների կասեցման համար միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 14-ը բավարարվել է:

 

ԱՅԼ ՓԱՍՏԵՐ

 

 Առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է Հայաստանի ողջ տարածքի օդային լուսանկարահանում, ինչը հիմք է դառնում կադաստրային քարտեզների ուղղման համար: Օդային լուսանկարահանումը կկիրառվի ինքնակամ կառույցների բացահայտման, քաղաքաշինական պլանավորման, բազային քարտեզագրական շերտերի ստեղծման և թարմացման, ինչպես նաև մի շարք այլ գործընթացներում:

 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մշակվել է 490 բնակավայրի ընդգրկմամբ 44 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:

 2021 թվականին Կառավարությունը շարունակել է աշխատանքներ իրականացնել զբոսաշրջության ոլորտի ինստիտուցիոնալացման, երկրի ճանաչելիության բարձրացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել է որոշում ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ իրականացվող՝ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» (ընդհանուր արժեքը՝ 11 մլն եվրո, որից 5,5 մլն եվրո՝ վարկ, 5,5 մլն եվրո՝ դրամաշնորհ) շրջանակներում 2021 թվականին իրականացվել են Հրազդան համայնքում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի աշնանը։

 ՀՀ Ազգային ժողովը 2021-ի նոյեմբերին ընդունել է Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել են. ոչ աշխատանքային են մնացել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

 Կառավարությունը մշակել է շատ կարևոր՝ կանխիկ միջոցների շրջանառությունը սահմանափակող՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը, որը 2022 թվականի հունվարին ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Կանխիկի շրջանառության կրճատումը կունենա թե՛ հակակոռուպցիոն, թե՛ ֆիսկալ և թե՛ քաղաքակրթական նշանակություն: 2022 թվականի հուլիսի 1-ից տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման, ծառայության մատուցման 300 հազար դրամը գերազանցող գործարքները, ինչպես նաև՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերի ու փոխառությունների տրամադրումն իրականացվելու են բացառապես անկանխիկ։ Նույն ամսաթվից սկսած՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկերն ու փոխառությունները տրամադրվելու են միայն անկանխիկ։ Օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ վճարումների առանձին տեսակների համար նույնպես (աշխատավարձ, կենսաթոշակ, ֆիզիկական անձանց միջև կատարվող գործարքներ և այլն) սահմանվել են անկանխիկ իրականացնելու պահանջներ։ Աստիճանաբար ընդլայնելով անկանխիկ գործարքների ծավալը և կիրառությունը՝ Կառավարությունը նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների գույքային պաշտպանվածության, տնտեսական գործարքների հաշվառելիության և թափանցիկության, ինչպես նաև տնտեսական կյանքի մասնակիցների հաշվետվողականության աստիճանը: Կառավարությունը շարունակելու է կանխիկ դրամական միջոցների շրջանառությունը կրճատելու քաղաքականությունը:

 Պետական ծառայությունների համընդհանուր հասանելիությունն ապահովելու նպատակով Կառավարության կողմից 2021 թվականին գործարկվել են Իջևան և Գյումրի քաղաքների քաղաքացիական կենտրոնները, որոնց շնորհիվ քաղաքացիները հնարավորություն են ստացել մեկ վարչական տարածքում օգտվելու 5 պետական մարմինների ավելի քան 110 ծառայություններից (Արդարադատության նախարարություն՝ 4 հիմնական ծառայություններ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Ազգային արխիվ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ միասնական սոցիալական ծառայություն, Կադաստրի կոմիտե, Պետական եկամուտների կոմիտե, Ոստիկանություն՝ Անձնագրերի և վիզաների վարչություն):

 Քրեակատարողական համակարգում վարչարարությունը կրճատելու, համակարգի գործունեությունը թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով ներդրվել և բոլոր քրեակատարողական հիմնարկներում ամբողջությամբ շահագործման է հանձնվել e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգը: 2021 թվականին վերափոխվել է պրոբացիայի շահառուների քրեածին կարիքների գնահատման գործիքը, որը թույլ է տալիս առավել հասցեական միջամտություն ունենալ հանցանքին նպաստող գործոնների չեզոքացմանը՝ հասնելով կրկնահանցագործության ռիսկի իրական նվազեցմանը: Պրոբացիայի ծառայությանը տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ազատության սահմանափակում պատժատեսակի կատարման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության միջոցներով զինելու նպատակով 2021 թվականին սկսվել և 2022 թվականին վերջնականացվել են 200 միավոր էլեկտրոնային հսկողության շղթայի, 150 միավոր տնային կալանքի վերահսկման սարքի, ծրագրային ապահովման, ինչպես նաև սերվերային համալիրի գնման նախապատրաստական աշխատանքները:

 Արդյունավետ, ճշգրիտ, թիրախային և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով 2021 թվականին շարունակվել են 2018 թվականից մեկնարկած տեսչական մարմինների շենքային, գույքային և նյութատեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված աշխատանքները: 2021 թվականին բացի շենքային և գույքային ապահովումից, ձեռք են բերվել ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշեռքներ, չափիչ սարքեր, վառելիքի ստուգման չափանոթներ, վառելիքի ծծմբի տեսակարար կշիռը որոշող լաբորատոր սարքավորում, թանկարժեք մետաղների անալիզատոր և վերահսկողության համար անհրաժեշտ այլ միջոցներ, որոնց կիրառումը էականորեն կնվազեցնի մեկ ստուգման վրա ծախսվող միջոցները և ժամանակը՝ միաժամանակ ապահովելով վերահսկողության օբյեկտիվությունը:

 2021 թվականին գործարկվել են բոլոր տեսչական մարմինների կայքէջերը և թեժ գծերը: 2021 թվականից տեսչական մարմինները, ըստ ոլորտների, մեկ հարթակում հրապարակում են նաև ստուգումների ստուգաթերթերը, որը հնարավորություն է տալիս տնտեսավարողներին ինքնաստուգման եղանակով գնահատելու իրենց գործունեության համապատասխանությունը սահմանված նորմերին, կանոններին և խախտումներ հայտնաբերելու դեպքում ուղղելու դրանք՝ չսպասելով տեսչական մարմինների վարչական միջամտությանը:

 Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական ծրագրի ավարտական փուլի համար 2018-2021 թվականներին հատկացվել է շուրջ 5,7 մլրդ դրամ՝ 553 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար (դրանով ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունները կհամարվեն կատարված): Զուգահեռաբար շարունակվում է երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման գործընթացը:

 2021 թվականին «իԳործ» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 մարմիններում ներգրավվել են աշխարհի 14 երկրից ժամանած 48 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ:

 4 փուլով կազմակերպվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ:

 Repat Armenia հիմնադրամի հետ համատեղ՝ իրականացվել է լիբանանահայության զբաղվածության աջակցության ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 600 լիբանանահայեր և 30 ընկերություններ։

 2021 թվականի տարեվերջի դրությամբ բանկային համակարգի ակտիվները կազմել են շուրջ 7,1 տրլն դրամ, կապիտալը՝ շուրջ 918 մլրդ դրամ, վարկերը՝ շուրջ 3,7 տրլն դրամ, ավանդները (ցպահանջ և ժամկետային)՝ շուրջ 3,6 տրլն դրամ:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ակտիվները 2021 թվականի ընթացքում ավելացել են շուրջ 394 մլրդ դրամով կամ 5.9%-ով, իսկ 2018 թվականի համեմատ՝ շուրջ 2,1 տրլն դրամ կամ 42.1%:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Վարկերը 2021 թվականի ընթացքում նվազել են 213,4 մլրդ դրամով կամ 5.5%-ով, իսկ 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 766 մլրդ դրամ կամ 26.1%:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Ավանդները (ցպահանջ և ժամկետային) 2021 թվականի ընթացքում ավելացել են շուրջ 288 մլրդ դրամով կամ 8,6%-ով, իսկ 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 889 մլրդ դրամ կամ 32,6%:

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կապիտալը 2021 թվականի ընթացքում ավելացել է շուրջ 40 մլրդ դրամով կամ 4,5%-ով, 2018 թվականի համեմատ աճը կազմել է շուրջ 170 մլրդ դրամ կամ 22,6%:

 2021 թվականի ողջ ընթացքում շարունակվել են դեռևս 2018 թվականին մեկնարկած հետևողական աշխատանքները հանրային ծառայությունների մատուցման հետ կապված անարդյունավետ ծախսերի կրճատման ուղղությամբ: Արդյունքում, 2021 թվականի վերջին 2018 թվականի համեմատ կորուստները նվազել են՝

Ներմուծեք նկարագրությունը_19954 խմելու ջրի մասով՝ 5.9 տոկոսային կետով (ինչը համարժեք է 63,3 մլն խոր. մ)՝ կազմելով 73,7%,

Ներմուծեք նկարագրությունը_19954 բնական գազի մասով՝ 1,3 տոկոսային կետով (ինչը համարժեք է 16,1 մլն խոր. մ)՝ կազմելով 4%,

Ներմուծեք նկարագրությունը_19954 էլեկտրաէներգիայի մասով՝ 1.1 տոկոսային կետով (ինչը համարժեք է 60.1 մլն կՎտ ժամ)՝ կազմելով 8.1%:

Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են անընդհատ և շարունակական:

 

***

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է կենտրոնացած մնալ անվտանգային մարտահրավերների կառավարման վրա, ինչն առաջնային խնդիր է՝ առավել ևս աշխարհաքաղաքական բախումների նոր փուլի մեկնարկի համատեքստում: Ինչպես 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը աշխարհաքաղաքական տեղաշարժերի նախաբանը դարձավ, նույնպիսի համատեքստ ունի նաև 2020 թվականի Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը: Աշխարհաքաղաքական գլոբալ շարժերի այս շրջանում Կառավարությունը շարունակելու է նվիրված մնալ տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ