Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԿԴ/0026/15/09

Գործ թիվ ԵԿԴ/0026/15/09

Նախագահող դատավոր՝  Ա.Մնացականյան

 

          

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ պաշտպան`

Ա.մկրտչյանի

     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

      

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Ռաֆայել Գևորգի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ պաշտպան Արսեն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

       

Պ Ա Ր Զ Ե Ց

             

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 30-ի դատավճռով Ռաֆայել Գևորգի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում, և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով և տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ առանց գույքի բռնագրավման: Պատժի սկիզբը հաշվվել է 2008 թվականի հունիսի 4-ից: Ռ.Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատապարտյալ Ռ.Խաչատրյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդության հիման վրա, վերջինս, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով, ազատվել է պատժի չկրած մասը՝ 5 (հինգ) տարի 1 (մեկ) ամիս 13 (տասներեք) օր ազատազրկումը կրելուց։

Դատախազ Զ․Ստեփանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, 2009 թվականի մայիսի 8-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 21-ի որոշումը բեկանել է՝ մերժելով Ռ․Խաչատրյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը։

Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի՝ 2009 թվականի մայիսի 8-ի որոշման դեմ դատապարտյալ Ռ․Խաչատրյանի պաշտպան Ռ․Թովմասյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ դատապարտյալ Ռ․Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

2․ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին Ռ․Խաչատրյանի պաշտպան Ա․Մկրտչյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը թողնվել է առանց քննության։

3․ 2019 թվականի մարտի 27-ին Ռ․Խաչատրյանի պաշտպան Ա․Մկրտչյանը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ դատապարտյալ Ռ․Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ վերջինիս գտնվելու վայրն անհայտ լինելու և նրա կողմից պատիժը կրելուց խուսափելու հիմքերով1։

4․1․ 2009 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից Առաջին ատյանի դատարան գրություն է ստացվել այն մասին, որ Ռ․Խաչատրյանը մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն2, իսկ 2010 թվականի հունիսի 25-ին՝ գրություն այն մասին, որ Ռ․Խաչատրյանը Ֆրանսիայում ձերբակալվել է և վերցվել մինչէքստրադիցիոն կալանքի3։

4․2․ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Առաջին ատյանի դատարանում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից ստացված գրության համաձայն՝ ՀՀ ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է գրություն առ այն, որ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Ռիոմի վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ իրավասու մարմինների՝ Ռ․Խաչատրյանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությունը4։

5․ Ռ.Խաչատրյանի պաշտպան Ա․Մկրտչյանը 2018 թվականի նոյեմբերի 16-ին դիմել է Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով տրամադրել նույն դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն ու դրան առնչվող փաստաթղթերը5, որոնք վերջինիս տրամադրվել են 2018 թվականի նոյեմբերի 30-ին6:

6. Ռ.Խաչատրյանի պաշտպան Ա․Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացրած վերաքննիչ բողոքում միջնորդել է նաև հարգելի համարել բողոք բերելու բաց թողնված ժամկետը՝ Ռ․Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման մասին պաշտպանական կողմին 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայտնի դառնալու պատճառաբանությամբ7։

7. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ պաշտպան Ա․Մկրտչյանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ արձանագրելով հետևյալը․ «(…) [Ա]յն դեպքում, երբ շահագրգիռ անձը տեղեկանում է (իրական հնարավորություն է ունենում տեղեկանալ) դատական ակտի առկայության մասին, ապա դրանից հետո նրա կողմից դատական ակտը բողոքարկելու ժամկետները չեն կարող անսահմանափակ լինել, քանի որ հակառակ մոտեցումը կհակասի res judicata սկզբունքին, որը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը` որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման իրավիճակներում, երբ շահագրգիռ անձը տեղեկանում է (իրական հնարավորություն է ունենում տեղեկանալ) դատական ակտի առկայության մասին և, չունենալով իր տրամադրության տակ, ցանկանում է վերաքննության կարգով բողոքարկել այն, ապա այն բողոքարկելու ժամկետների ընթացքում առնվազն պետք է միջոցներ ձեռնարկի տվյալ դատական ակտն իր տրամադրության տակ ունենալու ուղղությամբ (օրինակ` դիմում ներկայացնի իրավասու մարմնին` դատական ակտը ստանալու համար), որից հետո ստանալով դատական ակտը` օրենքով նախատեսված ժամկետում ներկայացնի վերաքննիչ բողոք:

Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ շահագրգիռ կողմի (մասնավորապես` հետախուզման մեջ գտնվող դատապարտյալի) կողմից բողոքարկվող դատական ակտն իր տրամադրության տակ ունենալու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու (օրինակ` դատական ակտը ստանալու համար իրավասու մարմնին չդիմելու) հետևանքով դատական ակտն իր տրամադրության տակ ուշ ունենալը չի կարող համարվել վերաքննիչ բողոք բերելու սահմանված ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետը վերականգնելու համար: Հակառակ մոտեցման պարագայում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ շահագրգիռ անձը, տեղեկանալով դատական ակտի առկայության մասին, դրա պատճենը ստանալու իր իրավունքից ցանկանա օգտվել միայն մի քանի տարի անց (ինչպես սույն դեպքում) և ստանալով դատական ակտի պատճենը` դրա դեմ ներկայացնի վերաքննիչ բողոք, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անթույլատրելի է:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ բողոքարկվող Որոշման կայացման ժամանակ փաստաբան Արսեն Մկրտչյանը չի հանդիսացել դատապարտյալ Ռաֆայել Խաչատրյանի պաշտպանը, հետևաբար նրա համար Որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետները պետք է հաշվարկվեն նույն կերպ, ինչ դատապարտյալ Ռաֆայել Խաչատրյանի դեպքում:

(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը դատապարտյալ Ռաֆայել Խաչատրյանի պաշտպան Արսեն Մկրտչյանի կողմից բաց չի թողնվել հարգելի պատճառով, քանի որ Ռաֆայել Խաչատրյանը, դեռևս 2010 թվականից տեղյակ լինելով բողոքարկվող Որոշման առկայության մասին, շուրջ 8 տարի միջոցներ չի ձեռնարկել տվյալ դատական ակտն իր տրամադրության տակ ունենալու ուղղությամբ, մասնավորապես` դիմում չի ներկայացրել իրավասու մարմնին` դատական ակտը ստանալու համար (դատական ակտը ստանալու համար Ռաֆայել Խաչատրյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական ակտը կայացրած դատարան է դիմել միայն 2018 թվականի նոյեմբերի 16-ին)։

Վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին պաշտպան Արսեն Մկրտչյանի միջնորդությունը մերժելու պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինի կողմից Որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, քանի որ այն բերվել է ինչպես բողոքարկվող որոշումը հրապարակվելու պահից, այնպես էլ այն Ռաֆայել Խաչատրյանին հայտնի դառնալուց ավելի քան տասն օր հետո, այսինքն` չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները։ (…)»8։

        

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից մի շարք որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, գտել է, որ ձևական առումով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելն անթույլատրելի է։ Բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Ռ.Խաչատրյանը տեղյակ է եղել իր նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման մասին և ստացել է այն, իսկ այդ որոշմանը տիրապետելու պահից ձեռնամուխ է եղել այն սահմանված կարգով բողոքարկելուն: Ըստ բողոք բերած անձի՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

8.1. Բողոքաբերը նաև գտել է, որ բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ անձն իր վերաբերյալ կայացված որոշումները պետք է կարողանա սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկել:

8.2. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը։

          

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք պաշտպան Ա․Մկրտչյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

10.1. ՀՀ սահմանադրական դատարանը, դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումներին, 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման մեջ արձանագրել է, որ. «(…) [Ս]տորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար9։

(…)

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը։ Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից:

(…)։

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը (…)»10։

10.2. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման11:

11. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»։ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Uույն դաշնագրի մաuնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի uույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիuկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապեu գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեuզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիuի պաշտպանության իրավունք uահմանվի դատական, վարչական կամ oրենuդրական իրավաuու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեuված այլ իրավաuու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավաuու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»։

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։

12.1. Դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետև՝ նաև Եվրոպական դատարան) Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ. «(…) «[Դ]ատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ։ Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման։ Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (…)։ Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (…)։

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին։ Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն։ Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (…)»12:

12.2. Եվրոպական դատարանը, գնահատելով, թե արդյոք պահպանված է ողջամիտ հավասարակշռությունը մի կողմից՝ նախատեսված սահմանափակումների, մյուս կողմից՝ իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ իրականացման պահանջների միջև, Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի խախտում է դիտարկել այն իրավիճակը, երբ դիմումատուի բողոքը ներպետական դատարանի կողմից թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով՝ այն պարագայում, երբ վերջինս հաստատապես տեղյակ չի եղել իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաբերյալ։ Ընդ որում, Եվրոպական դատարանը կոնկրետ գործով քննարկել է այն հանգամանքները, որ դիմումատուն անմիջապես դիմել է իրավաբանական օգնության համար, երբ գիտակցել է, որ իր եկամուտների վրա արգելանք դնելու մասին որոշում է կայացվել, և միայն երկրորդ անգամ նշանակված փաստաբանի միջոցով է ձեռք բերել իր բացակայությամբ կայացված որոշման պատճենը։ Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուն գործել է պատշաճ ջանասիրությամբ, և այն, որ ավելի վաղ չի դիմել իրավասու մարմնին որոշման պատճենը ստանալու համար, չի կարող ի վնաս նրա մեկնաբանվել13։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «1․ Վերաքննիչ բողոք բերվում են (…) 3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։

13.1. Վճռաբեկ դատարանը Տիգրան Հովհաննիսյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը։ Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը։ (…)

(…) [Վ]ճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը (…)14:

14. Վերահաստատելով նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձևական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասին։

15․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ դատապարտյալ Ռ․Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ վերջինիս գտնվելու վայրն անհայտ լինելու և նրա կողմից պատիժը կրելուց խուսափելու հիմքերով15,

-պաշտպան Ա․Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումն ու դրան առնչվող փաստաթղթերը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին16,

- պաշտպան Ա․Մկրտչյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի եզրափակիչ մասում միջնորդել է բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի17,

- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը դատապարտյալ Ռ.Խաչատրյանի պաշտպան Ա.Մկրտչյանի կողմից բաց չի թողնվել հարգելի պատճառով, քանի որ Ռ․Խաչատրյանը դեռևս 2010 թվականից տեղյակ է եղել տվյալ որոշման առկայության մասին և միջոցներ չի ձեռնարկել այն իր տրամադրության տակ ունենալու ուղղությամբ, մասնավորապես` դիմում չի ներկայացրել իրավասու մարմնին` դատական ակտը ստանալու համար, իսկ այն ստանալու համար պաշտպան Ա.Մկրտչյանը դատական ակտը կայացրած դատարան է դիմել միայն 2018 թվականի նոյեմբերի 16-ին18։

16․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13.1-րդ կետերում շարադրված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը։

16.1. Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ռ.Խաչատրյանի կողմից իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին տեղեկացված լինելու փաստը պայմանավորել է ըստ էության այն հանգամանքով, որ Ռ.Խաչատրյանը դեռևս 2010 թվականից պետք է տեղյակ լիներ Առաջին ատյանի դատարանի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի՝ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշման առկայության մասին, մինչդեռ սույն գործի նյութերում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ բողոքարկվող դատական ակտի վերաբերյալ Ռ.Խաչատրյանը հաստատապես տեղյակ է եղել։ Հարկ է նկատել, որ թեև Առաջին ատյանի դատարանում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից 2009 թվականի դեկտեմբերի 30-ին, 2010 թվականի հունիսի 25-ին, 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ստացված գրություններում առկա են որոշակի տեղեկություններ այն մասին, որ Ռ.Խաչատրյանը մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն19, այնուհետև այնտեղ ձերբակալվել է և վերցվել մինչէքստրադիցիոն կալանքի տակ20, իսկ 2010 թվականի նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ իրավասու մարմինների՝ Ռ․Խաչատրյանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է 21, սակայն դրանք կարող են հիմք ծառայել ենթադրելու, այլ ոչ թե հաստատված համարելու, որ Ռ.Խաչատրյանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման առկայության մասին 2010 թվականից արդեն իսկ հաստատապես տեղեկացված է եղել։ Իսկ նշված ենթադրության հիման վրա վերջինիս՝ իր նկատմամբ կայացված դատական ակտի բողոքարկման իրավունքից զրկելը կհանգեցնի դատական պաշտպանության իրավունքի և դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման։

17. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չեն պաշտպան Ա․Մկրտչյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

18. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ, հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար22։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

   

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Ռաֆայել Գևորգի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

  

__________________________

1 Տե՛ս նյութեր, թերթ 29:

2 Տե՛ս նյութեր, թերթ 40:

3 Տե՛ս նյութեր, թերթ 55:

4 Տե՛ս նյութեր, թերթ 58:

5 Տե՛ս նյութեր, թերթ 77։

6 Տե՛ս նույն տեղում։

7 Տե՛ս նյութեր, թերթ 87։

8 Տե՛ս նյութեր, թերթեր 100-102։

9 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, 8-րդ կետ:

10 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, 10-րդ կետը։

11 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետը:

12 Տե՛ս Եվրոպական դատարանի` Mamikonyan v. Armenia գործով 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27, mutatis mutandis, Miragall Escolano and others v. Spain գործով 2000 թվականի հունվարի 25-ի վճիռը, գանգատներ թիվ 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 and 41509/98, Běleš and others c. Czech Republic գործով 2002 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 47273/99, Erfar-Avef v. Greece գործով 2014 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 31150/09, RTBF v. Belgium գործով 2011 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 50084/06։

13 Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Affaire Raihani c. Belgique գործով 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 12019/08, 32-46-րդ կետեր։

14 Տե՛ս Տիգրան Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշումը, 23-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

18 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

19 Տե՛ս սույն որոշման 4․1․-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 4․2․-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 4․3․-րդ կետը:

22 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

                                    

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: