Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-57
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.12.2002-01.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/23
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.05.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«14» ապրիլի 1993թ. Հ.Ն.-0800-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմունքները, հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով նրանց իրավունքների և ընդունակությունների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների և արտոնությունների տրամադրման պետական քաղաքականության հիմնադրույթները:

Գ Լ ՈՒ Խ  I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:

(1-ին հոդվածը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հաշմանդամ՝  անձ, որը մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք է զգում.

կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման ապահովման ունակության, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար՝ նաև խաղալու) կարողությունների կամ հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ (ներառյալ՝ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների օգտագործմամբ տեղաշարժվելը, տեսնելը, լսելը և (կամ) խոսելը).

վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ օժանդակ պարագաներ՝  կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեսված հատուկ սարքեր և տեխնիկական միջոցներ (սայլակներ, քայլակներ, լսողական ապարատներ, օրթեզներ, պրոթեզներ, հենակներ, ձեռնափայտեր և այլն).

բժշկասոցիալական փորձաքննություն՝  հիվանդության, խեղման կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներով պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակումների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը, ինչպես նաև հաշմանդամի վերականգնման և սոցիալական պաշտպանության տեսակների որոշումը.

կենսագործունեության միջավայրի մատչելիության ապահովում՝ հաշմանդամների կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու նպատակով և նրանց կարիքները հաշվի առնելով՝ բնակելի և հասարակական շենքերի, փողոցների, բժշկական, արտադրական, ուսումնական, մշակութային, մարզական և այլ շինությունների նախագծումը, կառուցումը և վերակառուցումը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցների հարմարեցումը.

հաշմանդամների սոցիալական պաշտպանություն՝  տնտեսական, սոցիալական և իրավական միջոցառումների համակարգ, որը հաշմանդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ և ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:

(1-ին հոդվածը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 3. Հաշմանդամների իրավունքները և պարտականությունները

Հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպես այլ անձինք։

Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու ազատությունները տարածվում են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա:

Հաշմանդամների իրավունքները և պարտականությունները կարող են վերացվել կամ փոփոխվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դրանց իրացումն անհնար է հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման պատճառով։

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման համար մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:

(3-րդ հոդվածը խմբ. 11.10.00 ՀՕ-91, 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 4. Հաշմանդամների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուի (անկախ սեփականության ձևից) մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած և սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, առողջարանային բուժման, նրանց տրանսպորտային միջոցներով ապահովելու ծախսերի հատուցումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 5. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մասնակցությունը հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը (հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության միջոցառումների ֆինանսավորում, հաշմանդամների համար նախատեսված տեխնիկական և այլ միջոցների արտադրություն, ծառայությունների տրամադրում, հաշմանդամներին սպասարկող սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն և սպասարկում, գերազանցապես հաշմանդամների աշխատանքն օգտագործող արտադրությունների կազմակերպում և այլն), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկման և այլ արտոնություններից:

 

Հոդված 51. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

 Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) ապահովում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

բ) պետական բյուջեի կազմում Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր).

գ) հաստատում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները և դրանց ապահովման կարգը.

դ) սահմանում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու և վերականգնման անհատական ծրագրերը կազմելու, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության կարգերը.

ե) սահմանում է բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները.

զ) սահմանում է սոցիալական ծառայությունների, վերականգնման տեխնիկական միջոցների պետական ստանդարտները, ինչպես նաև հաշմանդամների համար կենսագործունեության միջավայրի մատչելիությունն ապահովող նորմերը և կանոնները.

է) աջակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին.

ը) սահմանում է հաշմանդամների առանձին խմբերին օրենքով նախատեսված նպաստների և արտոնությունների տրամադրման կարգերը.

թ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ։

(51-ին հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

 

Հոդված 52. Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմնի լիազորությունները

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) իրականացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի պետական քաղաքականությունը.

բ) վերահսկում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահանջների կատարումը.

գ) մշակում է Տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.

դ) մշակում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները և ապահովում դրանց իրականացումը.

ե) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կազմը, համակարգում և ապահովում է դրանց գործունեությունը.

զ) համակարգում և վերահսկում է հաշմանդամների վերականգնման ոլորտի կազմակերպությունների գործունեությունը.

է) ապահովում է հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության և վերականգնման ոլորտի մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը.

ը) աջակցում է հաշմանդամության և հաշմանդամների հարցերի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

թ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերի վերաբերյալ մշակում է մեթոդական փաստաթղթեր.

ժ) համագործակցում է հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.

ժա) իրականացնում է այլ լիազորություններ։

(52-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 6. Բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը

ժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները, որոնց կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրենց լիազորությունների շրջանակում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների ընդունած որոշումները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար ենթակա են պարտադիր կատարման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների որոշումները՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաև հաշմանդամության այս կամ այն խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը սահմանելու վերաբերյալ, կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

(6-րդ հոդվածը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

 

Հոդված 61. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունները

 

 

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա) որոշում են անձի կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և վերականգնողական ներուժը.

բ) անձին ճանաչում են հաշմանդամ, սահմանում են հաշմանդամության խումբը, հաշմանդամ երեխայի կարգավիճակը, որոշում են հաշմանդամության պատճառական կապը, ժամկետը և վաղեմությունը.

գ) որոշում են սոցիալական պաշտպանության միջոցառումների տեսակներից, ձևերից և ծավալներից հաշմանդամի կարիքները, մշակում և հաստատում են հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը.

դ) ապահովում են բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց լրացուցիչ հետազոտությունների անցկացումը.

ե) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում, թույլատրում են երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը.

զ) աշխատանքային խեղումների և մասնագիտական հիվանդությունների դեպքերում գործատուներից ստանում են անհրաժեշտ տվյալներ համապատասխան անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.

է) որոշում են տուժած անձանց մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ.

ը) վերահսկում են վերականգնողական միջոցառումների իրականացումը և հաշմանդամների աշխատանքային պայմանների համապատասխանությունն օրենսդրության պահանջներին.

թ) ուսումնասիրում են հաշմանդամության վիճակը և առաջացման պատճառները.

ժ) մասնակցում են հաշմանդամության կանխարգելման, հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման ծրագրերի մշակման աշխատանքներին.

ժա) ստեղծում են իրենց կողմից բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկ.

ժբ) իրականացնում են այլ լիազորություններ։

(61-ին հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

 

Հոդված 62. Անձին հաշմանդամ ճանաչելը

 

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում սույն օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։

Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝

ա) մանկուց հիվանդությունը.

բ) ընդհանուր հիվանդությունը.

գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.

դ) մասնագիտական հիվանդությունը.

ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.

ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։

Սույն հոդվածում նշված համապատասխան պատճառական կապով որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակման հայտնաբերման դեպքում տվյալ անձը ճանաչվում է հաշմանդամ։

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

Հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ վերականգնման ոչ ենթակա կենսագործունեության սահմանափակում ունեցող անձանց հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ։

Հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

Անժամկետ հաշմանդամ ճանաչված հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու, նրա հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։

(62-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Գ Լ ՈՒ Խ  II

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 7. Հաշմանդամության կանխարգելումը

Հաշմանդամության կանխարգելումը ներառում է բնակչության առողջ կենսաձևի ապահովման, բնապահպանական անվտանգության, աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման, հիվանդների ժամանակին բուժման և ժառանգական հիվանդությունների կանխման սոցիալ-տնտեսական համալիր միջոցառումների համակարգ, որը մշակվում և իրականացվում է պետական իշխանության և կառավարման շահագրգիռ մարմինների կողմից` հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոդված 8. Բժշկական վերականգնումը

Բժշկական վերականգնումը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժման միջոցառումների համակարգն է հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելու նպատակով:

Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մարմինների, գերատեսչական, ապահովագրական, բարեգործական և այլ բուժական հիմնարկների կողմից:

Հոդված 9. Բժշկամասնագիտական վերականգնումը

Բժշկամասնագիտական վերականգնումն ուղղված է հաշմանդամների նվազած կամ կորսված մասնագիտական ֆունկցիաների վերականգնմանը, մասնագիտության ընտրությանն ու դրան ընտելանալուն և նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը վերսկսելը հաշմանդամի համար հնարավոր դարձնելուն:

 

Հոդված 91. Հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները

 

Հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները պետության կողմից հաշմանդամների համար երաշխավորված և անհատույց իրականացվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների և հատկացվող տեխնիկական միջոցների ամբողջությունն են։

(91-ին հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 10. Հաշմանդամների վերականգնման անհատական ծրագիրը

Հաշմանդամի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներին համապատասխան մշակված և բժշկասոցիալական ոլորտում իրավասու պետական մարմինների հաստատած վերականգնման անհատական ծրագրով։

Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնման անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ:Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվել վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ։ Հաշմանդամն իրավունք ունի ինքնուրույն որոշել իրեն տվյալ վերականգնողական տեխնիկական միջոցով կամ վերականգնման տեսակով ապահովելու հարցը։ Հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրում նախատեսված վերականգնողական միջոցառումների ծավալը չի կարող պակաս լինել հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով սահմանված նվազագույն վերականգնողական միջոցառումներից։ Վերականգնման անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:

Վերականգնման անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:

Եթե վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված միջոցի կամ ծառայության տրամադրման անհնարինության դեպքում հաշմանդամն իր հաշվին է ձեռք բերել վերականգնման անհատական ծրագրով նախատեսված միջոցը կամ վճարել ծառայության դիմաց, ապա նրա կատարած ծախսերը փոխհատուցվում են հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված տվյալ տեխնիկական կամ այլ միջոցի արժեքի, ծառայության չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Անհատական վերականգնման ծրագրից ամբողջությամբ կամ դրա առանձին մասերի իրականացումից հաշմանդամի հրաժարվելը ազատում է համապատասխան պետական մարմիններին դրա իրականացման պարտականությունից, և հաշմանդամը զրկվում է հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչներով նախատեսված վերականգնողական միջոցառումների արժեքի չափով փոխհատուցում ստանալու իրավունքից։

(10-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-91, խմբ., լրաց., փոփ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 11. Հաշմանդամների բժշկական և առողջարանային սպասարկումը

Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:

Հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր և մասնագիտացված տիպի առողջարաններում` առողջարանային բուժմամբ:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի եզրակացության համաձայն հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրերով ապահովումը կատարվում է անվճար:

(11-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-91, 05.11.02 ՀՕ-457-Ն)

Գ Լ ՈՒ Խ  III

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Հոդված 12. Հաշմանդամների համար կրթության և մասնագիտական ուսուցման պայմանների ապահովումը

Պետությունը հաշմանդամների համար երաշխավորում է կրթության և մասնագիտական ուսուցման իրավունք, ինչպես նաև պատրաստում է դրա համար անհրաժեշտ մանկավարժական կադրեր:

Կրթության պետական համակարգի մարմինները սոցիալական ապահովության և առողջապահության մարմինների հետ համատեղ հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ապահովում են հաշմանդամ երեխաների նախադպրոցական դաստիարակությունը, հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հոդված 13. Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակությունը

Նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության և անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:

Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:

Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության անհնարինության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն և արտոնություններ: Նման հաշմանդամ երեխաների խնամքի ժամկետը խնամողի համար հաշվվում է որպես աշխատանքային ստաժ:

Համապատասխան կրթօջախները և նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(13-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10)

Հոդված 14. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունը

Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական և բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում` հատուկ ուսումնական հաստատություններում:

Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների և մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական հաստատություններ:

Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, անհրաժեշտ առաջադիմության հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում, վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

Ուսումնական պարապմունքներ կազմակերպվում են նաև բուժկանխարգելիչ կամ վերականգնողական հիմնարկներում բուժման կուրս անցնող հաշմանդամ երեխաների համար: Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(14-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10, լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 15. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը

Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումն իրականացվում են վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան` մասնագիտացված կամ ընդհանուր տիպի ուսումնական հաստատություններում, ձեռնարկություններում (այդ թվում` ուսումնաարտադրական) և կազմակերպություններում:

Մասնագիտական նախապատրաստման, վերաորակավորման և որակավորման բարձրացման ընթացքում հաշմանդամների նյութական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով: Ուսումնական պարապմունքների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(15-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10)

Հոդված 16.

Հաշմանդամների՝ տեղեկություններ ստանալու ազատության ապահովումը

       (վերնագիրը խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն) 

Պետությունն ապահովում է հաշմանդամների տեղեկություններ ստանալու ազատությունը։Պետության կողմից շարժուձևերի լեզուն ընդունվում է որպես անձնական շփման, ուսման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց:

Տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար երաշխավորվում է բրայլի համակարգով կատարվող ուսուցման ապահովումը, լսողական միջոցների և խոշոր տառատեսակների մատչելիությունը:

Մտավոր թերություններ ունեցող անձանց համար կազմակերպվում է լեզվի մատչելի ըմբռնման ուսուցման համակարգ:

Խոսակցական խանգարումներով անձանց տրամադրվում են հաղորդակցման տեխնիկական միջոցներ:

Հաշմանդամների հասարակական կազմակերպությունները սեփական միջոցների հաշվին և կանոնադրական խնդիրների շրջանակներում կարող են տրամադրել նաև անձնական շփման և հաղորդակցման այլ միջոցներ:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնած հեռուստառադիոընկերությունները օրենքով սահմանված եթերաժամանակով ապահովում են մանկական և լրատվական հեռուստահաղորդումների սուրդոթարգմանությամբ հեռարձակումը։

(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Գ Լ ՈՒ Խ  IV

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 17. Աշխատանքի իրավունքի իրականացումը հաշմանդամների կողմից

Հաշմանդամների ստեղծագործական և արտադրական ընդունակությունների իրականացման նպատակով և վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան նրանք ապահովվում են աշխատանքի սովորական պայմաններ ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված (այդ թվում` ուսումնաարտադրական) ձեռնարկություններում, արտադրամասերում և տեղամասերում աշխատելու, ինչպես նաև ձեռնարկատիրական և օրենքով չարգելված այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքով:

Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը:

Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:

Հոդված 18. Հաշմանդամների զբաղվածության ապահովումը

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝

ա) հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականության իրականացմամբ.

բ) կազմակերպություններում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար՝ օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ.

գ) հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ.

դ) հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ։

Հաշմանդամների զբաղվածության ապահովման պետական երաշխիքների իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(18-րդ հոդվածը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

Հոդված 19. Հաշմանդամների աշխատանքային պայմանները

Բոլոր կարգի գործատուների մոտ զբաղված հաշմանդամների համար վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ստեղծվում են աշխատանքի անհրաժեշտ պայմաններ:

Կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրով սահմանվող պայմանները, այդ թվում աշխատանքի վարձատրությունը, աշխատանքային և հանգստի ժամանակի ռեժիմը, տարեկան և լրացուցիչ արձակուրդների տևողությունը չեն կարող վատթարացնել հաշմանդամի վիճակը կամ սահմանափակել նրա իրավունքները այլ աշխատողների համեմատությամբ:

Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:

Հաշմանդամների պահանջով և վերականգնման անհատական ծրագրերին համապատասխան գործատուն պարտավոր է նրանց համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Նման դեպքերում հաշմանդամների աշխատանքի վարձատրությունը կատարվում է` ելնելով փաստացի աշխատած աշխատաժամանակից կամ թողարկված արտադրանքի քանակից:

Աշխատանքի ընդունելիս հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում: աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Հոդված 20. Հաշմանդամների աշխատանքային գործունեությունը

Պետական իշխանության և կառավարման տեղական մարմինները հաշմանդամների ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում` տնային պայմաններում) կազմակերպման համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ` այդ նպատակներով ոչ բնակելի տարածությունների արտահերթ տրամադրման, ինչպես նաև հումքի ձեռքբերման և արտադրանքի իրացման գործում օժանդակություն ցույց տալու միջոցով:

Աշխատանքային գործունեությամբ զբաղվող հաշմանդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են եկամուտների հարկման և այլ արտոնություններից:

Գ Լ ՈՒ Խ  V

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 21. Պետական քաղաքականությունը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի գործատուները հաշմանդամների համար ապահովում են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, հասարակական տրանսպորտից և տրանսպորտային հաղորդակցության, կապի և տեղեկատվության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմանների ստեղծումը:

Հոդված 22. Հաշմանդամների պահանջմունքների ներառումը սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների նախագծման և շինարարության ընթացքում

Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն:

Հոդված 23. Սոցիալական ենթակառուցվածքի գործող օբյեկտների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար

Տրանսպորտի, կապի, տեղեկատվության միջոցները և սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով և ժամկետներում:

Այն դեպքում, եթե նշված օբյեկտները հնարավոր չէ հարմարեցնել հաշմանդամների օգտագործմանը, համապատասխան իրավասու պետական մարմինները հաշմանդամների պահանջմունքների բավարարման նպատակով պետք է մշակեն և իրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ:

(23-րդ հոդվածը խմբ. 12.10.99 ՀՕ-10)

Հոդված 24. Բնակելի շինությունների հարմարեցումը հաշմանդամների մատչելիությանը և օգտագործմանը

Հաշմանդամների կամ իրենց կազմում հաշմանդամ ունեցող ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի շինությունները, հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, պետք է սարքավորվեն հատուկ միջոցներով և հարմարանքներով:

Նշված բնակելի շինությունների սարքավորումն իրականացվում է պետական իշխանության տեղական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, այդ թվում` հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ուսումնաարտադրական ձեռնարկությունների կողմից, որոնց տնօրինության տակ է գտնվում բնակելի ֆոնդը:

Անհատական բնակելի տների սարքավորումն իրականացվում է պետական իշխանության տեղական մարմինների կողմից, հաշմանդամների հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Նշված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է բնակելի ֆոնդի ընթացիկ և կապիտալ վերանորոգման համար հատկացվող միջոցների հաշվին: Այդ նպատակների համար կարող են օգտագործվել նաև հասարակական բարեգործական կազմակերպությունների միջոցները:

Հոդված 25. Տրանսպորտային միջոցների և երթուղիների հարմարեցումը հաշմանդամների օգտագործման համար

Հաշմանդամների կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրի իրականացման հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրերում պետք է նախատեսվեն.

ա) երկաթուղային, ավտոբուսային հանգուցային կայանների և օդանավակայանների վերասարքավորման և հաշմանդամներին մատչելի դարձնելու ժամկետները,

բ) հաշմանդամներին փոխադրող (այդ թվում` հաշմանդամային սայլակներով) տրանսպորտային միջոցների հատուկ հարմարանքներ,

գ) երթևեկության նախապես սահմանված գրաֆիկներով հատուկ երթուղիներ,

դ) տրանսպորտային միջոցների կանգառներ` հաշմանդամների պահանջով:

Հոդված 26. Հաշմանդամների համար մարզական կառույցների և մշակութային հիմնարկների մատչելիության ապահովումը

Պետական իշխանության և կառավարման տեղական մարմինները պետք է ապահովեն հաշմանդամների համար մշակութային հիմնարկների և մարզական կառույցների մատչելիությունը և դրանցից օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և հատուկ մարզական գույքի տրամադրումը:

Հաշմանդամները վերոհիշյալ ծառայություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող արտոնյալ պայմաններով:

Հոդված 27. Հաշմանդամների ապահովումը կապի միջոցներով

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունն ապահովում է հաշմանդամների սպասարկման համար անհրաժեշտ պայմաններ` հատուկ հեռուստահաղորդակցման միջոցների, իսկ լսողության խանգարումներ ունեցող բաժանորդների համար` հատուկ հեռախոսային սարքերի և կոլեկտիվ օգտագործման խոսակցական կետերի ներդրմամբ:

Իրենց կազմում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում են հեռախոսների, իսկ հաշմանդամները` հատուկ կառուցվածքի հեռախոսների արտահերթ և անվճար տեղադրման իրավունքից:

(27-րդ հոդվածը խմբ. 31.10.94 ՀՕ-120)

գ լ ու խ  VI

հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնությունը

Հոդված 28. սոցիալական օգնության տեսակները

պետությունը երաշխավորում է հաշմանդամների սոցիալական օգնությունը, որը կարող է իրականացվել դրամական վճարումների (թոշակներ, նպաստներ, միանվագ վճարումներ) ձևով, տեխնիկական և այլ միջոցների ապահովմամբ (ներառյալ ավտոմեքենաներ, թիկնասայլակներ, պրոթեզաօրթոպեդիկ սարքեր, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանք, ձայնի ուժեղացուցիչ սարքավորումներ և ազդանշանային համակարգեր), ինչպես նաև հաշմանդամների կենցաղային սպասարկման և բժշկական, մասնագիտական սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրմամբ:

հաշմանդամներին թոշակներով ապահովելու կարգն ու պայմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:


Հոդված 29. հաշմանդամին տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրումը

 

տեխնիկական կամ այլ միջոցները հաշմանդամին տրամադրվում են վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

վերականգնման անհատական ծրագրին համապատասխան տրանսպորտային միջոց ստացած հաշմանդամին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վճարվում է փոխհատուցում այդ միջոցի տեխնիկական արտահերթ սպասարկման և նորոգման համար, արտահերթ տրամադրվում է վառելանյութ:

(29-րդ հոդվածը փոփ. 05.11.02 ՀՕ-457-Ն)


Հոդված 30. հաշմանդամների տրանսպորտային սպասարկումը

       (հոդվածն ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268)


Հոդված 31. հաշմանդամների պրոթեզավորման կարգն ու պայմանները

 

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(31-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-10, խմբ. 21.11.00 ՀՕ-113)


Հոդված 32. հաշմանդամների բնակարանային ապահովումը

 

բնակտարածությունների բաշխման ընթացքում պետական իշխանության տեղական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, այդ թվում` հաշմանդամների աշխատանքը կիրառող մասնագիտացված ուսումնաարտադրական ձեռնարկությունները հաշվի են առնում հաշմանդամների պահանջները` կապված նրանց աշխատանքի կամ հարազատների բնակության վայրին, վերականգնողական հիմնարկին կամ կենցաղային սպասարկման օբյեկտներին մոտ լինելու հանգամանքի հետ:

հաշմանդամներին տրամադրվող բնակտարածության շինարարությունը պետք է իրականացվի հաշմանդամների հասարակական կազմակերպություններից ստացված պատվերի հիման վրա կազմված նախագծերին համապատասխան և բավարարի հաշմանդամների առողջական վիճակով պայմանավորված սանիտարատեխնիկական պահանջները:

հենաշարժական ապարատի խանգարումներով հաշմանդամներին տրվում է բնակության վայրին մոտ ավտոտնակ կառուցելու իրավունք:

հաշմանդամներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչելու և բնակարանների ստացման համար հերթագրելու արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


Հոդված 33. հաշմանդամների ապահովումը պարենային և արդյունաբերական ապրանքներով

 

հաշմանդամներն օգտվում են պարենային և արդյունաբերական ապրանքներով ապահովման, այդ թվում տնային պայմաններում սպասարկման արտոնյալ իրավունքներից, որոնք կարող են իրականացվել նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների միջոցների հաշվին ստեղծվող հատուկ առևտրական օբյեկտների միջոցով: արտոնյալ սպասարկման իրավունք տվող հիվանդությունների ցանկը և սպասարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:


Հոդված 34. հաշմանդամների կենցաղային սպասարկումը

       (հոդվածն ուժը կորցրել է 29.12.98 ՀՕ-268)


Հոդված 35. սոցիալական օգնության ստացիոնար հիմնարկներում գտնվող հաշմանդամների իրավունքները

 

եթե վերականգնողական միջոցառումների իրականացման շնորհիվ վերացել է սոցիալական օգնության ստացիոնար հիմնարկում հաշմանդամի հետագա գտնվելու անհրաժեշտությունը, ապա պետական իշխանության տեղական մարմինների որոշմամբ նրան տրամադրվում է սույն օրենքի 24 և 32 հոդվածների պահանջներին համապատասխանող բնակարան:

ստացիոնար հիմնարկներում գտնվող որբ կամ ծնողների խնամքից զրկված հաշմանդամ երեխաները չափահաս տարիքի հասնելուց հետո վերականգնման անհատական ծրագրին համապատասխան, արտահերթ ապահովվում են բնակտարածությամբ:

 

Հոդված 36. պետական իշխանության տեղական մարմինների և գործատուների իրավասությունները հաշմանդամների կենսաապահովման բարելավման ուղղությամբ

 

պետական իշխանության տեղական մարմինները և Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեություն իրականացնող գործատուները (անկախ սեփականության ձևից) կարող են սեփական միջոցների հաշվին հավելավճարներ սահմանել հաշմանդամներին վճարվող պետական թոշակների կամ նպաստների վրա, ինչպես նաև` սահմանել լրացուցիչ արտոնություններ հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության բոլոր տեսակների գծով:


Հոդված 37. սոցիալական օգնության ֆինանսավորման աղբյուրները

 

հաշմանդամների սոցիալական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է հանրապետական և տեղական բյուջեների միջոցների, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի, զբաղվածության ֆոնդի, սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:

գ լ ու խ  VII

հաշմանդամների հասարակական կազմակերպությունները

Հոդված 38. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը

իրենց շահերի և իրավունքների պաշտպանության, փոխադարձ օգնության և ծառայությունների մատուցման նպատակով հաշմանդամները և նրանց ներկայացնող անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ստեղծելու հասարակական կազմակերպություններ:

հաշմանդամների շահերի հետ առնչվող հարցերի քննարկումն ու լուծումը պետական իշխանության և կառավարման մարմինների կողմից իրականացվում է հաշմանդամների համապատասխան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կամ նրանց համաձայնությամբ:

 

Հոդված 39. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների տնտեսական գործունեությունը

 

Հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական և մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են հարկային արտոնություններից:

(39-րդ հոդվածը խմբ. 31.10.94 ՀՕ-120)

 

Հոդված 40. հաշմանդամների հասարակական կազմակերպությունների սեփականության տնօրինման կարգը

 

հաշմանդամների հասարակական կազմակերպությունները սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի ֆոնդը և այլ գույքը տնօրինում, տիրապետում և օգտագործում են իրենց կանոնադրություններին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V I I I

(գլուխը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն)

 

  Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները

 

Հոդված 41. Տարեկան ծրագիրը

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով։

Տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում։

 

Հոդված 42. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

 

Տարեկան ծրագիրը ներառում է՝

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության կանխարգելման և հաշմանդամների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

զ) հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

է) հաշմանդամների վերականգնման նվազագույն չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամների համար սահմանված արտոնությունների ծավալները, ձևերը և դրանց տրամադրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

թ) հաշմանդամներին տրվող սոցիալական օգնության ձևերը և ծավալները.

ժ) առողջապահական ծառայություններից հաշմանդամի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

ժա) հաշմանդամներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող ծառայությունները, արտոնությունները (այդ թվում՝ անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամների կենսագործունեության համար անհրաժեշտ վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, հաշմանդամության սայլակների, բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար տրամադրում).

ժբ) հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերաորակավորման և որակավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժգ) հաշմանդամների աշխատանքի տեղավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժդ) հաշմանդամների համար սոցիալական ենթակառուցվածքի մատչելիության ապահովման պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները.

ժե) հաշմանդամների հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

ժզ) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.

ժէ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար։

Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը։

 

Հոդված 43. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

 

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է։

 

Գ Լ ՈՒ Խ  I X

(գլուխը լրաց. 05.11.02 ՀՕ-457-Ն) 

 

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Հոդված 44. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար

 

Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 24 մայիսի 1993 թ.
ՀՕ-57

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան