Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Քրեական գործ ՎԲ-330/06

Նախագահող դատավոր՝  Պ. Օհանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ

Մ. Խաչատրյանի

մասնակցությամբ դատավորներ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար

Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

22 դեկտեմբերի 2006 թվական

ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը դատապարտյալ Ռուբիկ Առաքելի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի դատավճռով Ռուբիկ Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 4 /չորս/ տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ այդ պատժին գումարվել է նախորդ դատավճռով նշանակված, սակայն ոչ ամբողջությամբ կրած պատժի մի մասը և, ի վերջո, սահմանվել է ազատազրկում` 4 /չորս/ տարի 3 /երեք/ ամիս ժամկետով։ Միաժամանակ նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հարկադիր բուժում ալկոհոլամոլությունից, որը պետք է իրականացվի պատժի կրման ընթացքում։

2006 թվականի փետրվարի 23-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Ռ.Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով քրեական գործը` առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ։

2006 թվականի հուլիսի 28-ին Ռ.Հովհաննիսյանը «Կոշ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` հարկադիր բուժման համար։

2006 թվականի սեպտեմբերի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովի կազմած թիվ 47 մասնագիտական ակտի համաձայն` դատապարտյալն ընդունել է հակաալկոհոլային բուժման լրիվ կուրս, և նրա բուժումն ավարտված է։

Հիմք ընդունելով հանձնաժողովի ակտը` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2006 թվականի սեպտեմբերի 13-ին միջնորդագիր է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` Ռ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին։

2006 թվականի սեպտեմբերի 27-ի դատական նիստում քննելով Ռ.Հովհաննիսյանի հարկադիր բուժումը դադարեցնելու մասին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է այն։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 20.11.06 թվականին բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 23.11.06 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

2. Գործի փաստական հանգամանքները.

Ռ.Հովհաննիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնալով Վանաձոր քաղաքի Ուսանողական 10 հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 411 սենյակ, փաստացի իրենից անջատ բնակվող իր նախկին կնոջից` Մ.Առաքելյանից պահանջել է ներս թողնել իրեն ու կերակրել։ Ստանալով մերժում` նա նախ Մ.Առաքելյանից պահանջել ու ստացել է նախկինում իր կողմից գնված ու այդտեղ թողնված դանակը, ապա հրելու միջոցով բացելով սենյակի դուռը` մտել է ներս ու այնտեղ գտնվող հարևանների ներկայությամբ վիճաբանել է կնոջ հետ, տվել է խուլիգանական հայհոյանքներ, բռունցքով և դանակով հարվածներ է հասցրել Մ.Առաքելյանի մարմնի տարբեր մասերին, սպառնացել է սպանել նրան։ Այնուհետև հետապնդելով սենյակից դուրս փախած Մ.Առաքելյանին` միջանցքում ևս տվել է հայհոյանքներ ու դանակով հարվածել է նրան` պատճառելով առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս։

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ բողոք բերած անձի` առաջին ատյանի դատարանը Ռ.Առաքելյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու մասին միջնորդագիրը 27.09.06 թվականի դատական նիստում քննելիս դատախազ մասնակից չի դարձրել, այսինքն` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ և 432-րդ հոդվածների պահանջների խախտում, համաձայն որոնց` դատական որոշումների հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատախազի մասնակցությամբ։

Բողոք բերած անձը, պատճառաբանելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ նյութերով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար, խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումը և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` պալատը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Օրինականությունն իրավունքի ընդհանուր սկզբունք է։ Այդ սկզբունքն իր իրավական ամրագրումն է ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածում, որտեղ նշված է, որ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող մյուս անձինք պարտավոր են պահպանել ՀՀ Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, հսկողություն հետաքննության և դատաքննության օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, մասնակցում է դատարանի կողմից դատարանի որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը, իսկ ըստ 54-րդ հոդվածի 4-րդ մասի` դատարանի կողմից քրեական գործեր և դատական որոշումների ի կատար ածելու հետ կապված հարցերը քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի` դատական որոշման կատարման հետ կապված հարցերը դատական նիստում քննության ենթարկելիս սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի մասնակցությունը պարտադիր է։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, անտեսելով օրենքի վերոհիշյալ պահանջները, 2006 թվականի սեպտեմբերի 27-ին քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված միջնորդությունը` Ռ.Առաքելյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի դատավճռով նշանակված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը դադարեցնելու մասին, դատական նիստին դատախազին մասնակից չի դարձրել, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 398-րդ հոդվածի համաձայն` նշված խախտումը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նյութերը նոր դատական քննության վերադարձնելու համար։

Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի միատեսակ կիրառման համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 421-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Վճռաբեկ բողոքը բավարարել։

Ռուբիկ Առաքելի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված հարկադիր բուժումը դադարեցնելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը բեկանել և նյութերը վերադարձնել նոր դատաքննության։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան