ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2022 թվականի N 14-Ն
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ինքնակամ կառույցների և կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների (այսուհետ՝ ինքնակամ կառույց) հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթի վերաբերյալ պատվիրատուի համաձայնության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում և Կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված ժամկետներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգում կիրառվող ներքոնշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը․
1) ինքնակամ կառույց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կառույցը՝ անկախ դրա ավարտվածության աստիճանից.
2) չափագրող՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորման վկայական ստացած անձ.
3) պատվիրատու՝ ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին.
4) հաշվառման փաթեթ՝ հաշվառողի կողմից Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանին, սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերին համապատասխան կազմված կամ ձեռք բերված փաստաթղթեր.
5) առցանց չափագրման գրասենյակ՝ www.e-cadastre.am կայքէջում ներդրված առցանց էլեկտրոնային հարթակ, որի միջոցով չափագրողը ներբեռնում է հաշվառման փաթեթը։
2. Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին։
3. Չափագրողը հողամասի հանութագրման, ինքնակամ կառույցի չափագրման և արդյունքների փաստաթղթավորման աշխատանքներն իրականացնում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանի պահանջներին համապատասխան։ Ընդ որում՝ եթե ինքնակամ կառույցն իրականացվել է տարբեր սեփականատերերին պատկանող հողամասերում, ապա հաշվառման փաթեթը կազմվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ մասով առանձին։
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտական փաստաթղթերին կցվում են նաև կառույցի հարկայնությունը և բոլոր կողմերը հստակ արտացոլող՝ նվազագույնը 4, իսկ առավելագույնը 6 գունավոր լուսանկար:
5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված աշխատանքները կատարելուց և փաստաթղթերը կազմելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը համաձայնեցնում է պատվիրատուի հետ։
6. Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են N 2 հավելվածով սահմանված համաձայնագիրը։
7. Համաձայնագիրը ստորագրվելուց հետո չափագրողը հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ։
8. Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։
9. Ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը ենթակա չէ խմբագրման։
10. Սույն կարգի իմաստով որպես ինքնակամ կառույց Կադաստրի կոմիտեում հաշվառված է համարվում նաև այն շինությունը, որը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում սահմանված վերջնաժամկետներում պետական գրանցման համար ներկայացված, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի գույքագրման փաստաթղթերում կամ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում արտացոլված է որպես ինքնակամ կառույց:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
______________________ (համաձայնագիրը կազմելու վայրը) |
____________________________________ (համաձայնագիրը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը) |
Ես՝ _______________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________ ___________________________________________________________________________________________ (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն, անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տրամադրման տարին, իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու դեպքում՝ նաև իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը)
Հաստատում եմ, որ __________________________________________________________ -ի (հաշվառողի անունը, հայրանունը, ազգանունը) կողմից կազմված հաշվառման փաթեթը համապատասխանում է _____________________________ _____________________________________________________________________________________ _____________________________________________________________________________________ (ինքնակամ կառույցի իրականացման տարին, առկայության դեպքում՝ հասցեն)
կառուցված ինքնակամ կառույցի որակական և քանակական տվյալներին։
* Սույնով հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնագիրը և տեղյակ եմ, որ ինքնակամ կառույցը հաշվառելուց հետո առցանց չափագրման գրասենյակում ներբեռնված հաշվառման փաթեթը իմ կողմից համաձայնեցված է և վերջնական է: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|