ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 15 դեկտեմբերի 1992թ. Հ. Ն-0743-I
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:
ԲԱԺԻՆ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:
Հոդված 2. «Զինծառայող» հասկացության սահմանումը
Սույն օրենքով զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` համապատասխան նախարարություններ, վարչություն) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:
(2-րդ հոդվածը խմբ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք
Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են հոդված 13-ում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`
ա) վարժական հավաքների կանչված զինապարտների,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած աշխարհազորայինների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց,
գ) մարտական կամ հատուկ առաջադրանքով ռազմական գործողությունների գոտի գործուղված մասնագետների.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված և մեռած հայտարարված զինծառայողների ընտանիքների վրա:
Սույն օրենքով սահմանվող սոցիալական պաշտպանության առանձին դրույթներ (հոդված 34, 35, 36, 37) տարածվում են նաև կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստազոր, արձակված կամ պաշտոնաթող արված անձանց վրա:
Հոդված 4. Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում
Համապատասխան նախարարությունների, վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող մարմինները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համապատասխան նախարարության, պետական վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող մարմինները պարտավոր են`
ա) կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց աջակցել պահանջվող փաստաթղթերը ստանալու գործում.
բ) բոլոր կարգի գործատուներից, պետական ծառայություններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:
(4-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության բնագավառում
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ սույն օրենքից տարբերվող կարգի առկայության դեպքում գերակայությունը տրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին:
ԲԱԺԻՆ 2
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները
Զինծառայողներին նշանակվում են հետևյալ պետական կենսաթոշակները`
ա) երկարամյա ծառայության,
բ) հաշմանդամության,
գ) սոցիալական կենսաթոշակ զինծառայողների ընտանիքների անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում:
Հոդված 7. Կենսաթոշակների նշանակման պայմանները
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:
Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելավճարներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով և չափերով:
Զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տևողությունից:
Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը
Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող զինծառայողներին, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին նշանակվում է սույն օրենքով կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեկ կենսաթոշակ` իրենց ընտրությամբ:
Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցները
Սույն օրենքով զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակային վճարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:
Կենսաթոշակները հարկման ենթակա չեն:
Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները
Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն զինծառայողները, որոնք`
ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ.
բ) տարիքի, առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին, 50 տարին լրանալու դեպքում, ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 12 տարի 6 ամիսը կազմում է զինվորական ծառայությունը:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը
Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`
ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» ենթակետում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման 70 տոկոսի չափով: Երկարամյա ծառայության կենսաթոշակը 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց ավելանում է ամսական դրամական բավարարման 2 տոկոսի չափով.
բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» ենթակետում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման 65 տոկոսի չափով: 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է ամսական դրամական բավարարման 1 տոկոսի, իսկ 12 տարի 6 ամսից ավելի ծառայած յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար` 2 տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսի չափից:
(11-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններով ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման պայմանները
Զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում, եթե հաշմանդամությունը առաջ է եկել զինվորական ծառայության ընթացքում, կամ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, կամ առաջացել է այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ընթացքում ծագած հաշմանդամության պատճառի հետևանքով:
Սույն օրենքով հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող հաշմանդամության պատճառներ են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում ստացած վնասվածքները, խեղումները և առաջացած հիվանդությունները:
Հաշմանդամության պատճառները, խումբը, ինչպես նաև հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսի չափից.
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսի չափից.
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի չափից:
(14-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անաշխատունակ անդամներին, որոնք գտնվել են նրա խնամքի տակ, իսկ անաշխատունակ զավակներին, անաշխատունակ ծնողներին և անաշխատունակ ամուսնուն` անկախ այն բանից, նրանք զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:
Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ, եթե կերակրողը զոհվել է (մահացել է) զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում, կամ այդ ժամկետից ուշ, եթե մահվան պատճառ է հանդիսացել ծառայության ընթացքում ստացած վնասվածքը, խեղումը կամ առաջացած հիվանդությունը:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:
Ընտանիքի անդամի պահանջով կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում է և վճարվում առանձին: Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվա հաջորդ ամսվա սկզբից, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիս կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:
Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները`
ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում եղբայրները, քույրերը և թոռները, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը կամ ամուսինը, եթե չեն աշխատում.
գ) ծնողներից կամ ամուսիններից մեկը, պապը, տատը, եղբայրը կամ քույրը` անկախ տարիքից ու աշխատունակությունից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի 8 տարին չլրացած զավակների, եղբայրների, քույրերի կամ թոռների խնամքով և չի աշխատում.
դ) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:
Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների` արտադրությունից կտրված սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:
Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները
Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները` հարազատ զավակներին համահավասար:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասները այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:
Խորթ հայրը և խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հոր և մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել և դաստիարակել են առնվազն 5 տարի:
Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:
Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակի նոր ամուսնության դեպքում:
Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակումը և վճարումը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին
Կերակրողին կորցնելու դեպքում լիովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակամիջոցում որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:
Վճարվող գումարները մինչև որբ երեխայի չափահաս դառնալը փոխանցվում են վերջինիս հաշվին և չեն կարող որևէ մեկի կողմից տնօրինվել:
Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է հետևյալ չափերով`
ա) յուրաքանչյուր երեխային` կերակրողի դրամական բավարարման 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափից.
բ) երկու ծնողներին կորցրած կամ զոհված (մահացած) միայնակ ծնողի զավակներից յուրաքանչյուրին` կերակրողի դրամական բավարարման 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսի չափից.
գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` կերակրողի դրամական բավարարման 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափից:
Բոլոր դեպքերում կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում և վճարվում է անկախ այն բանից, կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:
(19-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման կարգը
Սույն օրենքով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան նախարարությունների, վարչության սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ծառայությունը` նախարարության, վարչության ղեկավարի անունով դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
Մերժման որոշում ընդունելու դեպքում ամենաուշը 5 օրվա ընթացքում համապատասխան մարմինը այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառն ու գանգատարկման կարգը` միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:
(20-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 21. Կենսաթոշակի նշանակման ժամկետները
Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`
ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` զինծառայությունից արձակվելու կամ ԲԱՓՀ-ի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամության հաստատումից հետո 6 ամիս ոչ ուշ.
բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունքի առաջացման օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո 12 ամսից ոչ ուշ:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:
Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲԱՓՀ-ի կողմից սահմանված հաշմանդամության ամբողջ ժամանակաշրջանի համար:
60 տարեկանից բարձր տղամարդկանց և 55 տարեկանից բարձր կանանց հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է ցմահ: Այդ հաշմանդամների բժշկական վերազննությունը կատարվում է միայն նրանց դիմումի համաձայն:
Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակամիջոցի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (հոդված 16):
Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամներին կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են չափի փոփոխումը կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:
Հոդված 22. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը
Վերազննության արդյունքներով ԲԱՓՀ-ի կողմից զինծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում հաշմանդամության կենսաթոշակի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում, եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքով սահմանված կարգով (հոդված 14)` անկախ հաշմանդամության խմբի փոփոխմանը հանգեցրած պատճառներից:
(22-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 23. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների գանգատարկումը
Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան նախարարությունների, վարչության որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:
(23-րդ հոդվածը խմբ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս որպես ամսական դրամական բավարարման (վաստակի) չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակվելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողի ստացած դրամական բավարարումը:
Դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամկետային ծառայության այն զինծառայողներին, որոնք մինչև զորակոչվելը կամ ծառայությունից արձակվելուց հետո չեն աշխատել, հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրանց ընտանիքների անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է սույն օրենքով սահմանված նվազագույն չափերով (հոդվածներ 14 և 19):
Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը
Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`
ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածներին` ըստ հաշմանդամության խմբերի սույն օրենքով հաշվարկվող հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով (հոդված 14).
բ) պատերազմի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.
գ) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուներին` յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալի համար նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.
դ) 1-ին խմբի հաշմանդամներին` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամներին, ինչպես նաև 75 և բարձր տարիքի կենսաթոշակառուներին` նվազագույն աշխատավարձի 40 տոկոսի չափով` նրանց խնամքի հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով: Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ, բացառությամբ «ա» և «բ» ենթակետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի եռապատիկ չափից ոչ ավելի:
(25-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 26. Կենսաթոշակի վճարումը
Զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակը վճարվում է ըստ բնակության վայրի` անկախ գրանցումից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընդհանուր կարգի համաձայն:
Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրերով` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի:
Ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են կենսաթոշակ ստանալու համար դիմելուն նախորդած ամենաշատը հինգ տարիների համար:
Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված կենսաթոշակի գումարները անցած ժամանակի համար վճարվում են առանց ժամկետի որևէ սահմանափակման:
Պետության խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին, ինչպես նաև արտասահման մշտական բնակության մեկնած անձանց կենսաթոշակների վճարումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48 հոդվածին համապատասխան:
(26-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 27. Պահումներ կենսաթոշակից
Սույն օրենքով նշանակվող կենսաթոշակներից պահումներ կատարվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածով սահմանված կարգով ու չափերով:
(27-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին
Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:
Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:
Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով` վերը նշված նպաստի սահմաններում:
Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում:
(28-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
ԲԱԺԻՆ 3.
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Զինծառայողների աշխատանքային երաշխիքները
Զինծառայողները, բացառությամբ ժամկետային ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքի ձեռքբերումը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը կասեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման, պայմանագրի ժամկետի ավարտման կամ պայմանների չկատարման կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր կարգի գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելը իրենց մոտ աշխատած ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո երկամսյա ժամկետում ընդունել աշխատանքի նախկինից ոչ ցածր պաշտոնով: Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո մեկ տարվա ընթացքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Առանց կենսաթոշակի իրավունքի զինվորական ծառայությունից արձակված անձանց զբաղվածության ապահովումը իրականացվում է «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը
Զինծառայողները պետական բյուջեի միջոցների հաշվին ստանում են նյութական, պարենային և գույքային ապահովություն կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցում` ըստ իրենց ցանկության:
Զինծառայողների նյութական, պարենային և գույքային ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը: Այն պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցնել զինծառայողները, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին վճարվում է դրամական օգնություն`
ժամկետային ծառայության զինծառայողներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով.
մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման կրկնապատիկ չափով.
10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման եռապատիկ չափով.
15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քառապատիկ չափով.
20-ից 25 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկ չափով.
25 տարուց ավելի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման վեցապատիկ չափով:
(30-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 31. Զինծառայողների աշխատաժամանակը և հանգստի ժամանակը
Զինծառայողների աշխատաժամանակի հանգստի ժամանակի տևողությունն ու բաշխումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ ենթաօրենսդրական ակտերով:
Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահությունները անցկացվում են շաբաթվա ցանկացած օրերին, առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:
Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, որոնք ծառայողական անհրաժեշտության բերումով զինվորական ծառայության պարտականությունների կատարմանը ներգրավվում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:
Նշված օրերին զինվորական ծառայության պարտականություններ կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանվում է համապատասխան հրամանատարի (պետի) կողմից:
Զինծառայողների վերակարգերը և հերթապահությունները անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի և համապատասխան այլ ենթաօրենսդրական ակտերի համաձայն:
Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդի տրամադրումը
Զինծառայողներին, բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է. մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր, 15-ից 25 տարի` 40 օր, 25 և ավելի տարիներ ծառայած զինծառայողների համար` 45 օր:
Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված զինծառայողներին տրամադրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով հրամանատարի (պետի) որոշմամբ զինծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:
Ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին զինվորական ծառայության ողջ ժամանակաընթացքում տրամադրվում է արձակուրդ զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:
Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային ծառայության զինծառայողներին կարող է տրամադրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից:
Զինծառայողների ամուսիններին, ըստ իրենց ցանկության, տարեկան արձակուրդը կարող է տրամադրվել ամուսնու արձակուրդի հետ միաժամանակ:
Հոդված 33. Զինծառայողների բուժսպասարկումը
Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բուժհիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բուժհիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բուժօգնությունը ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան նախարարության, պետական վարչության միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:
Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է համապատասխան նախարարությունների, վարչության` այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:
(33-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 331. Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը
Վարժական հավաքների և զինծառայության ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(331-ին հոդվածը լրաց. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը
Մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողները (բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամները ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` բնակելի տարածությունների վարձակալության համար:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում մահացած (զոհված) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունների սեփականաշնորհման ընթացքում օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից և արտոնություններից:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, հեռախոսի և ռադիոյի բաժանորդային վարձի 50 տոկոս զեղչով վճարման իրավունքից, իսկ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձի վճարման համար նրանց տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(34-րդ հոդվածը լրաց. 10.09.96 ՀՕ-78, խմբ. 09.06.97 ՀՕ-123)
Հոդված 35. Լրացուցիչ երաշխիքներ բնակարանային ապահովության բնագավառում
Մշտական բնակտարածություն չունեցող կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողները իրավունք ունեն անհատական կամ կոոպերատիվ բնակելի տան շինարարության համար վարկեր ստանալ մինչև 20 տարի ժամկետով, ընդ որում, վարկը վերցնելու պահին համապատասխան նախարարության, պետական վարչության միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով մարվում է`
մինչև 10 տարի ծառայած զինծառայողների համար` վարկի 15 տոկոսը.
10-ից 15 տարի ծառայած զինծառայողների համար` վարկի 25 տոկոսը.
15-ից 20 տարի ծառայած զինծառայողների համար` վարկի 50 տոկոսը.
20-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` վարկի 75 տոկոսը.
25 տարուց ավելի ծառայած զինծառայողների համար` վարկի 100 տոկոսը:
Ժամկետային զինվորական ծառայության զինծառայողները զինվորական կանոնադրությունների համաձայն տեղաբաշխվում են զորանոցներում: Նրանք պահպանում են մինչև զորակոչվելը զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները և չեն կարող հանվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակից:
(35-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը
Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից:
Արձակուրդի անցկացման վայր մեկնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում զինծառայողները մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), օգտվում են անվճար, իսկ ընտանիքի նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:
Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և պայմաններով:
Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, օգտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներով, անկախ սեփականության ձևից (բացի տաքսուց), անվճար երթևեկելու իրավունքից:
(35-րդ հոդվածը լրաց. 10.09.96 ՀՕ-78, խմբ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 37. Զինծառայողների եկամուտների հարկավորումը
Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են եկամտահարկի վճարման արտոնություններից իրենց ստացած բոլոր եկամուտների գծով:
Հոդված 38. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը
Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի հիսնապատիկ գումարի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ գումարի չափով:
Նշված ապահովագրությունը տարածվում է նաև սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնական, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:
Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(38-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
ԲԱԺԻՆ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 39. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների, ինչպես նաև համապատասխան նախարարությունների, վարչության սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող մարմինների կողմից:
(39-րդ հոդվածը փոփ. 10.09.96 ՀՕ-78)
Հոդված 40. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(40-րդ հոդվածը խմբ. 10.09.96 ՀՕ-78)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.10.1998, ՀՕ-258 | 30.11.1998, ՀՕ-49 | |
09.06.1997, ՀՕ-123 | 01.07.1997, ՀՕ-49 | |
10.09.1996, ՀՕ-78 | 12.10.1996, ՀՕ-49 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|