Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2022-31.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.25/26(1479) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2019 թվականի N 369-Լ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.01.22 N 107-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 27.01.22 N 107-Լ)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 4-ի N 369-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 27.01.22 N 107-Լ)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

I. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 15 տոկոսը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 50.0 տոկոսը կազմում է անասնաբուծական արտադրանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռևս բավարար չեն անասնաբուծության արտադրատնտեսական ցուցանիշները, որի հիմնական պատճառներից մեկն այն է, որ անասնապահությունը, հիմնականում, վարվում է էքստենսիվ եղանակով։ Տավարաբուծությամբ և գոմշաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գերակշռող մեծամասնությունն ավանդական բնամթերային տնտեսություններ են։ Վերջիններիս թիվը հասնում է շուրջ 170 հազարի, որոնք միջին հաշվով տնօրինում են շուրջ 3 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և արտադրված կաթն ու միսն օգտագործում են սեփական սպառման համար: Զարգացման ներկա փուլում ապրանքային տնտեսություններ ձևավորելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կովերի և մատակների կաթնատվությունը։ Վերոնշյալ ցուցանիշների վրա, հիմնականում ազդում են հետևյալ 3 գործոնները. կերային բազան, կենդանիների գենետիկական ներուժը և պահվածքը։ «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցություն» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը հնարավորություն կտա նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծել կենդանիների պահվածքի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմաններ։

(ներածությունը լրաց. 10.06.21 N 958-Լ)

 

1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում առկա է 590585 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 266815 գլուխը կամ 45,2 տոկոսը կովեր են։

2. Տավարաբուծությունը  Հայաստանի Հանրապետության անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղն է: Հանրապետությունում արտադրվող կաթի 95 տոկոսն ստացվում է տավարաբուծությունից: Վերջինս, հիմնականում, կենտրոնացված է Գեղարքունիքի (18 տոկոս), Շիրակի (15 տոկոս), Արագածոտնի (12 տոկոս) և Լոռու (12 տոկոս) մարզերում։ Այս բաշխվածությունը պայմանավորված է նշված մարզերի բնակլիմայական պայմաններով և աշխարհագրական դիրքով։ Հանրապետության ցածրադիր վայրերում հիմնականում տարածված է շուրջտարյա մսուրային, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում` արոտամսուրային պահվածքը: Գոմշաբուծությամբ զբաղվում են Տավուշի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում։ Ներկայումս, ըստ օպերատիվ տվյալների, Հայաստանի Հանրապետությունում առկա է շուրջ 700 գլուխ գոմեշ:

(2-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

3. Բուծվող տավարի ավելի քան 90 տոկոսը տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարված, կաթնամսային ուղղություն ունեցող կովկասյան գորշ ցեղի և մեծամասամբ տարբեր ցեղայնությամբ խառնացեղերն են, որոնց տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 2200 կգ-ի սահմաններում: Հանրապետության որոշ տնտեսություններում բուծվում են նաև հոլշտին, շվից, սիմենթալ և ջերսեյ ցեղի կենդանիներ, որոնց կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է տեղական կովերի կաթնատվության մակարդակը: Հայաստանում գոմշաբուծությամբ զբաղվում են հին ժամանակներից։ Տարեկան միջին կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի սահմաններում։ Գոմեշներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում:

(3-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

4. Տավարաբուծությամբ և գոմշաբուծությամբ զբաղվում է շուրջ 170 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց գերակշռող մասը փոքր տնտեսություններն են։ Այս տնտեսություններում չեն պահպանվում կենդանիների համար անհրաժեշտ զոոհիգիենիկ չափանիշները և կիրառվում է պահվածքի ու կերակրման ավանդական տեխնոլոգիա։ Մինչդեռ, ոչ նպաստավոր պայմաններում բարձր գենետիկական հատկանիշներով կենդանիներն անկարող են դրսևորել իրենց ամբողջ ներուժը:

(4-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

5. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար ցածր ցուցանիշները և գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը՝ անասնաբուծությունը շնորհիվ ռիսկայնության ավելի ցածր մակարդակի առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ՝ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում: Սակայն տավարաբուծությունից և գոմշաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռևս հեռու են բավարար լինելուց: Չնայած այն փաստին, որ հանրապետությունում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է (91.2 տոկոս), կովերի կաթնատվության մակարդակը դեռևս ցածր է (շուրջ 2260 կգ)։

(5-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

6. Միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ տարբեր երկրներում բավականին բարձր է կովերի կաթնատվությունը, ինչը հանգեցնում է ինքնարժեքի իջեցմանը։ Այս պայմաններում հայրենական արտադրանքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում։

 

Աղյուսակ N 1

 

ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՈՎԵՐԻ ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ (կգ)

 

Իսրայել

ԱՄՆ

Գերմանիա

Ֆրանսիա

Մեծ
Բրի-տանիա

Նիդերլանդների Թագավորություն

Ավստրալիա

ՌԴ

Նոր Զելանդիա

12,000

10,000

9,101

8,500

8,000

8,000

5500

4,300

4300

7. Արտադրական սարքավորումների և քիչ քանակությամբ տիպային կամ մասնագիտացված անասնաշենքերի պակասի պատճառով, հումքի արտադրության ընդհանուր ծավալով Հայաստանում խնդիրներ են ծագում արտադրվող կաթի որակի և անվտանգության հետ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է ներմուծել կաթի և կաթնամթերքի որակի և անվտանգության նոր չափանիշներ, սակայն փոքր գյուղացիական տնտեսությունները սեփական միջոցներով ի վիճակի չեն կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան արտադրել ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրանք:

8. Կաթի արտադրության 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային շրջանին, հետևաբար գնման գներն արոտային և մսուրային շրջաններում տարբեր են։ Արոտային շրջանում կաթնամթերք արտադրող ընկերություններում կաթի մթերման գինը կազմում է 120-140 դրամ, իսկ ձմռանը՝ 140-160 դրամ։ Չնայած սեզոնային բնույթին՝ կայուն քանակությամբ կաթ արտադրող որոշ ինտենսիվ տնտեսություններ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում վերամշակող ընկերությունների հետ և կլոր տարի վաճառում են հում կաթ՝ կայուն գնով (200-250 դրամ/կգ): Այսօր ստեղծվում են նաև նոր ընկերություններ, որոնք պատրաստ են բարձրորակ կաթ մթերելու համար պայմանագիր կնքել տնտեսավարողի հետ և ամբողջ տարին այն մթերել 200 դրամով։ Դա վկայում է այն մասին, որ հայկական շուկայում առկա է բարձր որակի հումքի և նրա կայուն մատակարարման նկատմամբ պահանջարկ: Բացի դրանից, հարկ է նշել, որ ձմռանը վերամշակող ընկերությունները, հիմնականում, օգտագործում են ավելի էժան ներմուծված չոր կաթ, քանի որ կաթի արտադրության ծավալները չեն բավարարում և տեղական արտադրության հում կաթի գնման արժեքը բավականին բարձր է:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի վերլուծությունից պարզվել է, որ հանրապետությունում տավարաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է տարեկան արտադրվող համախառն անասնաբուծական արտադրանքի ավելի քան 75 տոկոսը և համարվում է անասնաբուծության ոլորտում ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող ճյուղը: Անասնաբուծության, մասնավորապես, տավարաբուծության զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է ճյուղի ռազմավարական նշանակությամբ: Դեռևս մեծ քանակությամբ չոր կաթ և կաթնամթերք է ներմուծվում հանրապետություն, ուստի տավարաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում վարվող ագրարային քաղաքականությունում ձևավորել նոր մոտեցումներ: Անհրաժեշտ է նպաստավոր միջավայր ձևավորել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար, ինչը հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և մածունի, ինչպես նաև գոմեշի կաթից ստացվող բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպումը:

(9-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

10. Հանրապետությունում տնտեսությունների մեծամասնությունը վարում է ավանդական անասնապահություն, մինչդեռ ժամանակակից տնտեսավարման ձևերի և տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանդիսանալ տնտեսական որոշիչ լծակ:

11. Գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) իրականացնում է՝

1) Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակներում տնտեսավարողներին մինչև 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում է 3-15 մլն դրամի չափով տարեկան 0-5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 12 տոկոսի փոխարեն): Հարկ է նշել, որ 2018 թվականին սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի շուրջ 60 տոկոսն ուղղվել է անասնաբուծական ծրագրերի ֆինանսավորմանը.

2) 2019 թվականին կմեկնարկի նաև Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման նպատակով ցածր տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրում կամ գնման արժեքի մասնակի փոխհատուցում:

(11-րդ կետը փոփ. 18.03.21 N 363-Լ)

12. Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, նորմավորված կերակրման բացակայությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։ Այսինքն, ցածր արտադրողականության գլխավոր պատճառը, հիմնականում, արտադրության հանդեպ էքստենսիվ մոտեցումն է, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման, տեղեկատվության և գիտելիքների պակասը: Եվ, նույնիսկ, ինտենսիվ ֆերմաների համար այսօր կենդանիների պահվածքի հետ կապված վերը նշված խնդիրների լուծումը մնում է առաջնահերթ հարց:

13. Հանրապետության տավարաբուծական և գոմշաբուծական արտադրանքի արժեշղթայի բոլոր փուլերում առկա խնդիրները խոչընդոտում են ճյուղի զարգացմանը, և ստեղծված իրավիճակը հանգեցնում է՝

1) առաջավոր տեխնոլոգիաների ներդրման անհնարինության կամ ոչ լայնամասշտաբ կիրառման.

2) կաթնատվության ցածր մակարդակի.

3) արտադրանքի ցածր որակի և մրցունակության նվազման.

4) ինքնարժեքի ավելացման:

(13-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

14. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացմանն ուղղված՝ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլ՝ կաթնատվության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը։

15. Ծրագրով առաջարկվող արդի մոտեցումները կնպաստեն կենդանիների գենետիկական ներուժի լիարժեք դրսևորմանը՝ հնարավորություն ընձեռելով այդ տնտեսություններում կովերից առաջիկա տարիներին ստանալու տարեկան առնվազն 3500-4000 կգ կաթ, իսկ գոմեշներից՝ 1500-2000 կգ: Առաջարկվող մոտեցման արդյունավետության մասին է վկայում ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձը. նմանատիպ տնտեսություններ են ստեղծվել և արդյունավետ գործում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում, Հայաստանում (Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի ծրագրերի շրջանակներում ստեղծվել են թեթև կոնստրուկցիաներով անասնաշենքեր) և մի շարք այլ երկրներում։

(15-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)  

16. Հաշվի առնելով անասնաբուծության զարգացման գործընթացում տավարաբուծության և գոմշաբուծության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ անհրաժեշտ է մարտավարությունն ուղղել անասնապահական տնտեսությունների արդիականացմանը՝ նպաստելով գյուղացիական տնտեսությունների տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

(16-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ) 

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

17. Ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

18. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

1) փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման մատչելի տարբերակների առաջադրում.

2) անասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ ներդրումների առկայություն և ծախսերի փոխհատուցում.

3) ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերի գնահատում և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների մշակում։

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

19. Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերը կաթի արտադրության շղթայի արդյունավետության բարձրացման համալիր լուծումներից են։

20. Կենդանիների պահվածքի, կերակրման և գենետիկ ներուժի լիարժեք դրսևորման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով խթանվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի կառուցումը կամ վերակառուցումը և դրանց տեխնոլոգիական ապահովումը։ Այս առումով առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի և դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ, որոնց տեխնիկական չափանիշներն ու տեխնոլոգիական ապահովման համար անհրաժեշտ սարքերի ցանկը ներկայացված է NN 4 և 5 աղյուսակներում.

1) թեթև կոնստրուկցիայով անասնաշենք (օրինակելի հատակագիծը ներկայացված է գծապատկերում).

2) այլ տիպի անասնաշենք։

21. Կառուցման և վերակառուցման համար առաջարկվում է 3 մոդել (ծախսերի գնահատման հաշվարկներն արվել են ծրագրի բյուջեն ձևավորելու համար։ Անհրաժեշտ ֆինանսական ներդրումների կողմնորոշիչ, խոշորացված հաշվարկները ներկայացվում են NN 6, 7 և 8 աղյուսակներում)՝

1) 1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն դրամ.

2) 2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն դրամ.

3) 3-րդ մոդել՝ 451 և ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն դրամ։

21.1. Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով.

(21.1-ին կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

21.2. Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել 21.1-ին կետում նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։

(21.2-րդ կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

22. Ծրագրի մասնակիցներն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).

2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ), որոնք բավարարում են ծրագրի պահանջներին և սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմանները.

4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

5) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ):

(22-րդ կետը խմբ. 27.01.22 N 107-Լ)

22.1. Վարկերը կտրամադրվեն ծրագրի 20-րդ և 21-րդ կետերում նշված անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրի 21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոդելների գնահատված ծախսերին։

(22.1-ին կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

22.2. Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով։

(22.2-րդ կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

22.3. Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

(22.3-րդ կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

22.4. Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։

(22.4-րդ կետը լրաց. 27.01.22 N 107-Լ)

23. Ծրագրի 20-րդ կետում ներկայացված անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

1) 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի համար՝ 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 7.7 մլն դրամ.

2) 21-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մոդելի համար՝ 11.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 16.1 մլն դրամ.

3) 21-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մոդելի համար՝ 17.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների և ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ 24.5 մլն դրամ։

(23-րդ կետը լրաց. 18.04.19 N 473-Լ)

24. (նախադասությունը հանվել է 18.03.21 N 363-Լ) Կառուցումն իրականացվելու է բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ։

(24-րդ կետը փոփ. 18.03.21 N 363-Լ)

25. Ծրագրի շրջանակում կապալառուն պետք է անասնաշենքը կառուցելուց հետո իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում։

(25-րդ կետը խմբ. 18.03.21 N 363-Լ)

26. Ծրագրին մասնակցության գործընթացը՝ ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով.

1) տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի.

ա. դիմում (ձևը մշակում է նախարարությունը և հրապարակում նախարարության պաշտոնական կայքում),

բ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ(երի) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները.

2) նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.

4) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում.

5) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.

6) պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացի մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից՝ ուսուցողական դասընթացին մասնակցության արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում են Հիմնադրամի և նախարարության միջև կնքվող պայմանագրով,

բ․ շինարարության թույլտվություն,

գ. Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) պահանջներին համապատասխան (նախագծերի օրինակները հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում),

դ. դիմումատուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանք.

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և նախարարության միջև, իսկ նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված և տնտեսավարողին գրավոր տրամադրված պայմանագիր կնքելու առաջարկը համարվում է ուժը կորցրած.

8) Ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են դրույթներ հետևյալի վերաբերյալ՝

ա. պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում նախարարության համաձայնությամբ անասնաշենքի շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ ամսով),

բ. պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու,

գ. առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու,

դ. հինգ տարի նախարարություն հաշվետվություն ներկայացնելու,

ե. պայմանագրի գործողության ընթացքում անասնաշենքը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները բացառապես գյուղատնտեսության զարգացման նպատակով ներդնելու (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը),

զ. պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Ծրագրի շրջանակում տրամադրված փոխհատուցման գումարները նախարարությանը վերադարձնելու.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված հաշվետվությունը պետք է ներկայացվի տարեկան պարբերականությամբ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը։ Հաշվետվության բովանդակությանը և ձևին ներկայացվող պահանջները ամրագրվում են Ծրագրին մասնակցելու պայմանագրում.

10) Ծախսերի փոխհատուցումն իրականացվում է նախարարության կողմից.

11) փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոսի չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.

12) ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը՝ տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, յուրաքանչյուր փոխհատուցումից առաջ՝ նախանշված աշխատանքներն իրականացված լինելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում.

13) դիմումին կից ներկայացվում է՝

ա. 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի,

բ. 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը և (կամ) ծագման հավաստագրերը (առկայության դեպքում)։

(26-րդ կետը խմբ. 18.03.21 N 363-Լ, լրաց. 27.01.22 N 107-Լ)

27. Ծրագրին մասնակցության գործընթացը՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝

1) ծրագրին մասնակցելու նպատակով տնտեսավարողը դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով.

2) ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝

ա. դիմում (դիմումի ձևը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում),

բ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,

ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները.

3) նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղազննության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.

5) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում.

6) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.

7) պայմանագիր կնքելու առաջարկն ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝

ա. ծրագրի 26-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դասընթացի մասնակցության հավաստագիր,

բ․ շինարարության թույլտվություն,

գ. ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ որոշման պահանջներին համապատասխան.

8) ծրագրին մասնակցելու և ֆինանսական կառույցի հետ կնքվող վարկային պայմանագրերում պարտադիր ամրագրվում է դրույթ՝ վարկային պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու վերաբերյալ.

9) պայմանագիրը կնքելուց հետո տնտեսավարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ֆինանսական կառույցին՝ վարկի ստացման համար ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

ա. նախարարության հետ կնքված պայմանագրի պատճենը,

բ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններում և 7-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.

10) վարկերի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում.

11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ.

12) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

13) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ–ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից ԳՖԿ-ին ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.

14) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը և դրանց վերաբերյալ դրական եզրակացությունները և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին.

15) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին.

16) ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները.

17) ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն։ Ներկայացվող հաշվետվության ձևաչափը սահմանվում է ԳՖԿ-ի և նախարարության միջև կնքվող պայմանագրով.

18) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝

ա. եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել, մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների խախտում,

բ. եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,

գ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի՝ վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,

դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում,

ե. վարկառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում.

19) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել սուբսիդավորումից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք և մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել՝ 3 ամսվա ընթացքում.

20) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով մոնիթորինգն իրականացնում է ֆինանսական կառույցը՝ տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ Անասնաշենքի կառուցումը և տեխնոլոգիական ապահովումն իրականացնելուց հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի և անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը և (կամ) ծագման հավաստագրերը (առկայության դեպքում).

(27-րդ կետը փոփ. 18.03.21 N 363-Լ, խմբ. 27.01.22 N 107-Լ)

 

V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

(բաժինն ուժը կորցրել է 27.01.22 N 107-Լ)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԵՐԸ

 

31. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում՝

1) բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը.

2) տնտեսավարող սուբյեկտների (շահառուների) անբավարար քանակը.

3) տնտեսավարող սուբյեկտների կողմից կենդանիների պահվածքի ոչ պատշաճ կազմակերպումը.

4) տնտեսավարողների կողմից կառույցի ոչ լիարժեք շահագործումը։

 

VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

32. Ծրագրի տևողությունը՝ 2019-2023 թթ.։

(32-րդ կետը փոփ. 18.03.21 N 363-Լ)

33. Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք՝ ըստ տարիների ներկայացված է N 2 աղյուսակում։

34. Մեկ անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար անհրաժեշտ փոխհատուցման հաշվարկման հիմքում դրված է 3 մոդելի կառուցման կամ վերակառուցման համար նախատեսված միջին գումարը` 23 մլն դրամ։ Փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցներն ըստ տարիների կկազմեն`

 

Աղյուսակ N 2

 

Ծրագրի ֆինանսական ցուցանիշները

 

Տարիները

2019 թ.

2020 թ.

2021 թ.

Անասնաշենքերի քանակն ըստ տարիների (հատ)

30

100

100

Փոխհատուցում (մլն դրամ)

414.0

1380.0

1380.0

Ընդամենը (մլրդ դրամ)

3.2

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

 

VIII. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

35. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական և գոմշաբուծական տնտեսությունների զարգացում՝ շուրջ 230 անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում.

2) տավարաբուծության և գոմշաբուծության վարման արդիական տեխնոլոգիաների ներդրում, ճյուղի ինտենսիվացում.

3) կենդանիների պահվածքի համար բարենպաստ պայմանների ստեղծում (զոոհիգիենիկ պայմանների ապահովում, գենետիկ ներուժի արդյունավետ օգտագործում).

4) մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 3500-4000 կգ, իսկ մեկ գլուխ գոմեշի հաշվով՝ մինչև 1500-2000 կգ.

5) անասնագլխաքանակի ավելացում.

6) կաթի ինքնարժեքի իջեցում, արտադրության ծավալների ավելացում.

7) կաթի որակական հատկանիշների բարելավում.

8) տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում.

9) տնտեսավարող սուբյեկտների մասնագիտական կարողությունների բարձրացում.

10) ստեղծվող տնտեսությունները կարող են օրինակ ծառայել տնտեսավարողների լայն շերտերի համար՝ տավարաբուծության և գոմշաբուծության արդի մոտեցումներին ծանոթացնելու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

(35-րդ կետը լրաց. 10.06.21 N 958-Լ)

36. Ծրագրի տնտեսական արդյունավետության հաշվարկը ներկայացված է N 3 աղյուսակում:

37. Ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշ՝ 230 անասնաշենք (2019-2021 թթ.):

 

Աղյուսակ N 3

 

Ծրագրի տնտեսական արդյունավետության հաշվարկ*

 

NN
ը/կ

Ցուցանիշները

Չափի
միավորը

2019 թ.

2020 թ.

2021 թ.

2022 թ.

2023 թ.

1.

Կովերի գլխաքանակ

գլուխ

750

3250

5713

5588

5463

2.

Հորթերի գլխաքանակ

գլուխ

570

2470

4342

4503

5263

3.

Արտադրված կաթ

տոննա

450

7800

13710

14307.8

17000.2

4.

Արտադրված միս (սպանդային քաշով)

տոննա

0

25.7

111.2

195.4

202.6

5.

Համախառն արտադրանքի արժեք, այդ թվում՝

մլրդ դրամ

0.1

1.2

2.3

2.6

3.0

5.1.

Կաթ

մլրդ դրամ

0.1

1.1

2.0

2.1

2.5

5.2.

Միս

մլրդ դրամ

0

0.1

0.3

0.5

0.5

6.

Արտադրված կաթ (2260 կգ կաթնատվության դեպքում)

տոննա

339

5876

10328.2

10681.9

12388.2

7.

Արտադրված կաթի արժեք

մլրդ դրամ

0.05

0.8

1.5

1.5

1.8

8.

Հավելյալ կաթի արտադրություն

տոննա

111

1924

3381.8

3625.9

4612.1

9.

Հավելյալ արժեք կաթի արտադրությունից

մլրդ դրամ

0.02

0.3

0.5

0.5

0.7

*Հաշվարկների կատարման համար հիմք են հանդիսացել հետևյալ ցուցանիշները՝

Կովերի միջին գլխաքանակը՝ 25 գլուխ

Ծնելիության ցուցանիշը՝ 80%

Արու և էգ հորթերի ծնվելու հավանականությունը՝ 50%

Կովերի միջին կաթնատվությունը՝ 3000 կգ

Սերնդի կաթնատվությունը՝ 3500 կգ

1 կգ կաթի համադրելի գինը՝ 145 դրամ

1 կգ տավարի մսի համադրելի գինը՝ 2500 դրամ

Անկման ցուցանիշը՝ 5%

 

Աղյուսակ N 4

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 18.03.21 N 363-Լ)

 

Անվանումը

Ցուցանիշը

Ծանոթագրություն

Oդափոխություն

երդիկների ընդհանուր մակերեսը պետք է լինի տանիքի մակերեսի

2.5 % և ավելի

 

Տանիքի

գագաթի բարձրությունը

նվազագույնը 6.0 մ

 

Նստելատեղեր

լայնությունը՝ նվազագույնը 90,

առավելագույնը 120 սմ

(միջինում 100 սմ)

երկարությունը՝ նվազագույնը 180,

առավելագույնը 220 սմ

(միջինում 200 սմ), նստելատեղերը պետք է միմյանցից

առանձնացված լինեն մետաղյա

բաժանարար կոնստրուկցիաներով*

մետաղյա բաժանարար

կոնստրուկցիաները պետք է

պատրաստված լինեն 2 դյույմ

տրամագծով մետաղյա խողովակներով, չունենան սուր անկյուններ, դիմային մասն

ունենա կորություն(ներ), վերին մասից միմյանց ամրացվող ուղղորդող խողովակները լինեն շարժական

Սալիկապատված կթի սրահ՝ ջրահեռացման

համակարգով

կենդանիներին ուղղորդող, զսպող արգելապատնեշների առկայություն**

սառը և տաք ջրի առկայություն

Կերահրապարակ

մեկ գլխի հաշվով նվազագույն լայնությունը՝ 70 սմ

կերի սեղանի ամբողջ երկայնքով

50-70 սմ լայնությամբ մակերեսը

պետք է լինի փայլատ սալիկով կամ

պրես գրանիտով պատված

Կենդանիների համար նախատեսված

տարածքը

մեկ գլխի համար 8-9 քառ. մ, ներառյալ՝ բոքսեր

 

Զբոսատեղերի

լայնությունը

2,65 - 4,0 մետր

անասնաշենքի ներսում

 

* Մետաղյա բաժանարար կոնստրուկցիաների արտաքին տեսքը և չափորոշիչները նախագծելիս և պատրաստելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։

** Արգելապատնեշների չափորոշիչները նախագծելիս և պատրաստելիս առաջարկվում է օգտվել նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) տեղադրված նախագծերից։

(աղյուսակը խմբ. 18.03.21 N 363-Լ)

 

Աղյուսակ N 5

 

ԱՆԿԱՊ ԲՈՔՍԱՅԻՆ ՊԱՀՎԱԾՔՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐ

(վերնագիրը խմբ. 18.03.21 N 363-Լ)

 

Անասնաշենքի տեխնոլոգիական

ապահովման համար անհրաժեշտ

սարքերը

1-ին մոդելի համար անհրաժեշտ

քանակ

2-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

3-րդ մոդելի համար անհրաժեշտ

քանակ

Քամհար (յուրաքանչյուրը՝ 6000-12000

մ3/ժ հզորությամբ)

4/6 (24000-

48000 մ3/ժ)

6/8/10 (36000-

72000 մ3/ժ)

10 և ավելի*

(60000 մ3/ժ և ավելի)

Էներգախնայող (LED) լամպեր

լուսավորության համար (յուրաքանչյուրը՝

առնվազն 35 վատտ)

10-20

20-34

34 և ավելի

Կթի շարժական սարքավորում**

1

0

0

Կթի ստացիոնար համակարգ***

0

1

1

Կենդանիների համար

նախատեսված ռետինե ներքնակներ

10-15

20-25

40-45 և ավելի

Ջրի արևային տաքացուցիչ կթի

սենյակի համար

1

1

1

Անասնաշենքից գոմաղբի հեռացման

սարք-սարքավորում (մոտոբլոկ, մինի տրակտոր, ավտոմատ կառավարմամբ շղթայաքերիչ և այլն)

0

1

1

Կենդանիների խոզանակ

0

0

1

Կաթի պաղեցման տարա (առնվազն 600 լ տարողությամբ), որը պետք է ունենա սառեցնող (սառնարանային) սարք, խառնիչ, ջերմաչափ,

իսկ ներքին բաքը և կաթի հետ շփվող բոլոր մոնտաժված մասերը պետք է պատրաստված

լինեն չժանգոտվող մետաղից

0

0

1

Խմբային տաքացնող ջրախմոց

1

1

1

 

* Յուրաքանչյուր 100 քառ. մետրի հաշվով՝ 2 քամհար։

** Կարող է լինել նաև կթի ստացիոնար համակարգ։

*** Նվազագույնը 4 կենդանի միաժամանակ կթելու հնարավորությամբ։

(աղյուսակը խմբ. 18.03.21 N 363-Լ)

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 18.03.21 N 363-Լ)

 

Ձև N 2

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարին

__________________________________________________________ - ից

 (անձի անվանում/անձի անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ «ԽԵԼԱՑԻ» ԱՆԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

(ձևն ուժը կորցրել է 18.03.21 N 363-Լ)

 

(հավելվածը լրաց. 18.04.19 N 473-Լ, փոփ., խմբ. 18.03.21 N 363-Լ, լրաց. 10.06.21 N 958-Լ, փոփ., լրաց., խմբ. 27.01.22 N 107-Լ)