Գլխավոր տեղեկություն
Համար
N 2197-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 31.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2197-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-110-07.12.2021-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-110-07.12.2021-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: Վերոգրյալը հիմնավորվում է նրանով, որ՝

«Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:»:

Այս՝ «ne bis in idem» սկզբունքն ամրագրված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլև «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով և «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի» 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, ընդ որում՝ լինելով ինքնավար մարմին, «դատվել» եզրույթը մեկնաբանվում է ոչ միայն քրեական, այլև որպես ցանկացած տեսակի պատասխանատվություն:»:

Միաժամանակ նշել են նաև, որ. «Տվյալ դեպքերում առկա կրկնակի պատասխանատվության կիրառումն ապացուցվում է այն հանգամանքով, որ անձի նկատմամբ 129.3-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված պատասխանատվությունը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կամ դրանից զրկելը վրա է հասնում ոչ թե նոր արարքի, այլև արդեն իսկ կատարված արարքի համար, որի մասով զանցանքը կատարած անձը կրել է պատասխանատվություն:

Նման՝ Սահմանադրությանն առերևույթ հակասող և պատասխանատվություն նախատեսող կարգավորումները կարող են հանգեցնել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակման կամ առհասարակ խախտման, ինչն անընդունելի է ժողովրդավարական հասարակությունների կողմից:»:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունը:

Նախևառաջ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ տուգանային միավորների համակարգի ներդրման հիմնավորմանը: Այսպես՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-300-Ն օրենքի ընդունման հիմքում եղել են հետևյալ հիմնավորումները՝

«Վարչական տույժը պետք է կիրառվի անձի մոտ իրավաչափ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով: Երթևեկության ապահովման ոլորտում անվտանգության բարձր մակարդակ ունեցող երկրների փորձը ցույց է տվել, որ այդ երկրներում հաջողությամբ ներդրվել և կիրառվել է տուգանային միավորների` որպես վարչական տույժի ինքնուրույն տեսակի օրենսդրական նախատեսումը: Վարչական պատասխանատվության հիշյալ միջոցը գործում է 21 եվրոպական երկրներում և դրական արդյունքներ է տվել, օրինակ, Իտալիայում, Գերմանիայիում, Մեծ Բրիտանիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ինչպես նաև Իսրայելում: 2000-ական թվականների սկզբին ֆրանսիական ճանապարհները համարվում էին Եվրոպայում առավել վտանգավորը ՃՏՊ-ների և զոհերի թվով, ինչն իշխանություններին ստիպեց ՃԵԿ-ի նկատմամբ հսկողության ուժեղացման նպատակով ձեռնարկել առավել ակտիվ գործողություններ: Ֆրանսիայում տուգանային միավորների համակարգի ներդրումից սկսած ՃՏՊ-ների հետևանքով մահացու դեպքերի թիվը նվազել է 66 տոկոսով:

Առաջարկվում է տուգանային միավորը, որպես լրացուցիչ վարչական տույժ, նախատեսել վարչական այն իրավախախտումների համար, որոնց կատարումը, համաձայն պետական վիճակագրական հաշվառման վերցված տեղեկությունների վերլուծության, ՃՏՊ-ների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության, ինչպես նաև խցանումների հիմնական պատճառ կամ պայման են հանդիսանում:

Միաժամանակ, առաջարկվող համակարգի կիրառման արդյունքում օրենքի հարկադրական դրույթների ներգործության տիրույթում առավելապես կհայտնվեն պարբերաբար իրավախախտումներ կատարող վարորդները, իսկ օրինավոր վարորդները, որոնք, ի դեպ, բավականին մեծ թիվ են կազմում, առհասարակ կարող են այդ համակարգի գործողության տակ չընկնել:

Վարչական պատասխանատվությունը երթևեկության բնագավառի պարբերաբար խախտումների համար, վարչական պատասխանատվության նոր միջոցների` տուգանային միավորի և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման նախատեսումը, մեր կարծիքով, երթևեկության անվտանգության ապահովման հուսալի, անհրաժեշտ և պիտանի գործիքներ են: Նյութական տուգանքը, ի տարբերություն թվարկված միջոցների, չնայած խստացման միտումներին, իրավախախտումների, զոհերի, վիրավորների թիվն էապես չի կրճատում, քանի որ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների վրա թողնում է տարբեր ազդեցություն: Վարչական պատասխանատվության նոր ինստիտուտներն իրավախախտ վարորդներին նյութական լրացուցիչ զրկանքներ չեն պատճառելու, փոխարենը նպաստելու են վարչական իրավախախտումների ընդհանուր և հատուկ կանխարգելմանը:»:

Գտնում ենք՝ օրենսգրքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-300-Ն օրենքով կատարված փոփոխությունները և դրանց նպատակը բավականաչափ հիմնավորված են, բխում են միջազգային պրակտիկայից և դրանց նախատեսմամբ օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու այն իրավախախտումները, որոնք հանրության համար առավել վտանգավոր են համարվում:

Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: 2019 թվականին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-300-Ն օրենքը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 29.12.2019 թվականին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին է վերապահված Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշելու օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու լիազորությունը։

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ հղում է արված նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի ՍԴՈ-1139 որոշմանը, որում դատարանն անդրադառնալով «նույն արարքի համար կրկին անգամ չդատվելու» սահմանադրական սկզբունքին, նշել է, որ. «Կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը (սկզբունքը), որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում (2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդված), սահմանված է մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով։ Այդ սկզբունքն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը` նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը։ Իր սահմանադրաիրավական բովանդակությամբ` այդ սկզբունքի հիմքում (քրեաիրավական իմաստով) դրված է այն գաղափարը, որ ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատվել:»:

Սահմանադրական այս նորմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ, եթե անձը դատավճռով պետության անունից ենթարկվել է բարոյական պարսավանքի և կրել է դատավճռով նշանակված իրավասահմանափակումները, ապա կատարել է քրեաիրավական հարաբերության բովանդակությունը կազմող՝ իր վրա դրված պարտականությունը, ուստի անկախ քրեական պատասխանատվության արդյունավետությունից՝ կարող է պահանջել, որ պետությունն իրեն համարի մեղքը քաված ու նույն արարքի համար կրկին չդատապարտի կամ չպատժի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 25.1-ին հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ տուգանային միավորները կիրառվում են ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ կատարած անձանց նկատմամբ` օրենսգրքի հատուկ մասով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական ստանալու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից) մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետն ավարտվելու օրվանից): Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

Ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են սույն օրենսգրքի հատուկ մասին համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Բացի այդ, օրենսգրքի 129.3-րդ հոդվածի համաձայն՝ տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 1-ին, 123.5-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 124-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 21-23-րդ, 26-րդ, 124.3-րդ հոդվածի 1-ին, 124.4-րդ հոդվածի 2-4-րդ, 124.6-րդ հոդվածի 1-ին, 126-րդ հոդվածի 1-ին, 135.2-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:

Հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

Վերոնշյալ դրույթներից բխում է, որ օրենսդիրը յուրաքանչյուր մեկ տարվա համար տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին տալիս է 9 միավոր: Այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձի կողմից պարբերաբար կատարվում են օրենսգրքով նախատեսված իրավախախտումները, որոնց համար կիրառվում է տուգանային միավոր, ապա անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության:

Հարկ ենք համարում հայտնել, որ գործող կարգավորումներով անձը ոչ թե պատասխանատվության է ենթարկվում նախորդ իրավախախտումների համար, այլ այն դեպքում, երբ անձը պարբերաբար կատարում է այնպիսի խախտումներ, որոնք հանրային վտանգավորություն են ներկայացնում, արդյունքում անձը ենթարկվում է ավելի խիստ պատասխանատվության, տվյալ դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:

Վերոգրյալի համատեքստում ակներև է, որ տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար օրենսգրքի 129.3-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում խոսք չի կարող լինել նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտման մասին, քանի որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում պատժատեսակը կիրառվում է տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող զանցանքների կատարման և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանային միավորների «գումարման» կամ համակցության արդյունքում: Այլ կերպ ասած, օրենսգրքի 129.3-րդ հոդվածով ամրագրված իրավանորմի դիսպոզիցիան (իրավախախտման օբյեկտիվ կողմը) չի նույնանում առանձին վարչական տույժերի կիրառման համար հիմք հանդիսացած իրավախախտումների օբյեկտիվ կողմի հետ:

Վերոնշյալը հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ գործող կարգավորումներով նույն արարքի համար կրկին անգամ պատասխանատվություն նախատեսված չէ, ուստի առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածները թողնել անփոփոխ: