Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-01.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի

 N 395-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը և 2-րդ մասը, 94-րդ հոդվածի 4-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն որոշման կարգավորումները տարածվում են նաև 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացվող վարույթների նկատմամբ։

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

N 395-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը (այսուհետ նաև՝ Մեթոդաբանություն) կարգավորում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով (այսուհետ նաև՝ Օրենք) սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում պատասխանատվության միջոցների ընտրության և տուգանքի հաշվարկման հետ կապված հարաբերությունները։

2. Մեթոդաբանությունում օգտագործվող հիմնական հասկացությունները և տերմինները.

1) ծանրության խումբ՝ Օրենքով նախատեսված իրավախախտման ծանրության աստիճան, որը որոշվում է իրավախախտումների բնույթի և տնտեսական մրցակցության կանխման, սահմանափակման, արգելման կամ սպառողների շահերի վնասման վտանգավորության հիման վրա.

2) ապրանքների իրացումից ստացված հասույթ՝ իրավախախտման առարկա հանդիսացող կամ իրավախախտման մեջ ներգրավված ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթ.

3) ծանրացնող հանգամանքներ՝ պատասխանատվության վրա ազդեցություն ունեցող գործոններ, որոնք կարող են հանգեցնել պատասխանատվության ավելի խիստ միջոցի ընտրության.

4) մեղմացնող հանգամանքներ՝ պատասխանատվության վրա ազդեցություն ունեցող գործոններ, որոնք կարող են հանգեցնել պատասխանատվության ավելի մեղմ միջոցի ընտրության.

5) Մեթոդաբանությունում օգտագործվող այլ հասկացությունները և տերմինները կիրառվում են Օրենքով սահմանված իմաստով:

3. Մեթոդաբանության նպատակը Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման թափանցիկության, համաչափության, որոշակիության, կանխատեսելիության և պատասխանատվության միջոցի կիրառման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ սկզբունքների ապահովումն է։

4. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցի կիրառման նպատակն է.

1) պատասխանատվության ենթարկել Օրենքի խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտին.

2) կանխել Օրենքի խախտում թույլ տված կամ այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից Օրենքի հետագա խախտման հնարավոր դրսևորումները.

3) վերականգնել սոցիալական արդարությունը։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար Հանձնաժողովն իրավասու է տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

6. Պատասխանատվության միջոցի ընտրությունը և տուգանքի հաշվարկումը յուրաքանչյուր դեպքում իրականացվում է վարույթի ընթացքում հաստատված փաստական հանգամանքների քննարկման արդյունքում Հանձնաժողովի հայեցողությամբ՝ հաշվի առնելով Մեթոդաբանությամբ ամրագրված դրույթները և վարույթի առանձնահատկությունները։

7. Օրենքով նախատեսված իրավախախտումներն ըստ բնույթի բաժանվում են հետևյալ տեսակների.

1) մրցակցային իրավախախտումներ.

ա. հորիզոնական հակամրցակցային համաձայնության կնքում (կայացում), այդ համաձայնությանը մասնակցությունը.

բ. տնտեսական գործունեության արգելված համակարգումը.

գ. մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը.

դ. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.

ե. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը.

զ. անբարեխիղճ մրցակցությունը.

է. արգելված պետական օժանդակություն տալը:

2) մրցակցության վրա անուղղակիորեն ազդող իրավախախտումներ.

ա. համակենտրոնացման չհայտարարագրումը.

բ. տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը.

գ. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի (վարույթով պատասխանող չհանդիսացող)՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելը.

դ. Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չդադարեցնելը կամ չշտկելը կամ որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը:

8. Հանձնաժողովը տալիս է նախազգուշացում հետևյալ դեպքերում.

1) իրավախախտումը կատարվել է պետական մարմնի կողմից․

2) իրավախախտման համար նշանակվող տուգանքի չափը հաշվարկման արդյունքում հավասար է կամ չի գերազանցում 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը.

3) տուգանքի կիրառումը կհանգեցնի տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռային անվճարունակությանը.

9. Հանձնաժողովը կարող է տալ նախազգուշացում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքերում.

1) պատասխանողն ընդունել է իրեն վերագրվող իրավախախտման փաստը, դադարեցրել է իրավախախտումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավախախտման հետևանքները վերացնելու նպատակով.

2) տուգանքի կիրառումն անհամաչափ է կատարված իրավախախտման համեմատ։

10. Նախազգուշացում չի կարող տրվել հետևյալ իրավախախտումների դեպքում.

1) հորիզոնական հակամրցակցային համաձայնության կնքում (կայացում), այդ համաձայնությանը մասնակցություն.

2) մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահում։

11. Վարույթի շրջանակում մեկից ավելի իրավախախտումներ քննարկելիս, որոնք տնտեսավարող սուբյեկտը կատարել է տարբեր գործողություններով, անգործությամբ կամ վարքագծով, Հանձնաժողովը տուգանքի հաշվարկն իրականացնում է առանձին՝ յուրաքանչյուր իրավախախտման համար` հաշվի առնելով Օրենքի 93-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափերը։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Տուգանքը հաշվարկվում է հետևյալ փուլերով.

1) որոշվում է տուգանքի բազային գումարը.

2) գնահատվում են վարույթի ընթացքում հաստատված ծանրացնող և մեղմացնող հանգամանքները, և հիմքերի առկայության դեպքում բազային գումարը ենթարկվում է համապատասխան փոփոխությունների.

3) Մեթոդաբանությամբ նախատեսված դեպքերում համապատասխանեցվում է պատասխանատվության միջոցը։

13. Հանձնաժողովը տուգանքը հաշվարկում է հետևյալ բանաձևով.

 

Տ = Բ + Բ x (Ծ - Մ)

 

Որտեղ՝

Տ-ն տուգանքի չափն է.

Բ-ն տուգանքի բազային գումարն է.

Ծ-ն բոլոր ծանրացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է.

Մ-ն բոլոր մեղմացնող հանգամանքների համար սահմանված տոկոսների հանրագումարն է։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ՝ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Մրցակցային իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը որոշվում է ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարի, իրավախախտման համապատասխան ծանրության խմբի համար սահմանված տոկոսի և իրավախախտման տևողության արտադրյալի հաշվարկման միջոցով՝ հետևյալ բանաձևով.

 

Բ = Հ x Խ x Ժ

 

Որտեղ՝

Բ-ն տուգանքի բազային գումարն է մրցակցային իրավախախտումների դեպքում.

Հ -ն ապրանքի իրացումից ստացված հասույթի գումարն է.

Խ-ն իրավախախտման համապատասխան ծանրության խումբն է.

Ժ-ն իրավախախտման տևողությունն է:

15. Հանձնաժողովը որպես բազային գումարի հաշվարկման միավոր ապրանքի իրացումից ստացված հասույթի չափի փոխարեն հիմք է ընդունում տնտեսավարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա ընդհանուր հասույթի չափը հետևյալ դեպքերում.

1) պետական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա անհնար է որոշել ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը, և տնտեսավարող սուբյեկտի կողմից չեն ներկայացվել ապացույցներ, այդ թվում՝ ապրանքատեսակի ողջ ծավալի վերաբերյալ, կամ.

2) պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված ապրանքների իրացումից ստացված հասույթի չափի վերաբերյալ տեղեկատվության միջև առկա է հակասություն, և գործում առկա ապացույցների հիման վրա անհնար է որոշել ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացումից ստացված հասույթի չափը:

16. Ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի գումարի հաշվարկումն իրականացնելիս հիմք է ընդունվում իրավախախտման դադարեցման պահին նախորդող տարվա վաճառքի հասույթը կամ ընդհանուր հասույթը։

17. Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրացման հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող տարվա վաճառքի հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից։

18. Իրավախախտման նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի չափի հաշվարկումն իրականացվում է իրավախախտման դադարեցման պահին նախորդող, բայց ոչ ավելի քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի ապրանքի իրացումից ստացված հասույթի կամ ընդհանուր հասույթի չափից։

19. Անձանց խմբի կողմից Օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովը նախատեսված տուգանքը նշանակում է այն տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որոնք իրենց գործողությամբ կամ վարքագծով մասնակցություն են ունեցել իրավախախտմանը կամ իրավախախտման հետևանքով ստացել են կամ կարող էին ստանալ շահույթ կամ առավելություն կամ հայտնվել են առավել բարենպաստ պայմաններում, և տուգանքը հաշվարկում է այդ տնտեսավարող սուբյեկտների հասույթների ընդհանուր գումարից:

20. Մրցակցային իրավախախտումներն ըստ բնույթի դասակարգվում են երեք ծանրության խմբի.

1) առանձնապես ծանր իրավախախտումներ, որի համար կիրառվում է 6 տոկոս դրույքաչափ.

ա. հորիզոնական հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը), այդ համաձայնությանը մասնակցելը.

բ. մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը.

2) ծանր իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է 5 տոկոս դրույքաչափ.

ա. ուղղահայաց և խառը հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը), այդ համաձայնությանը մասնակցելը.

բ. տնտեսական գործունեության արգելված համակարգումը.

գ. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը.

դ. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։

3) անբարեխիղճ մրցակցություն, որի դեպքում կիրառվում է 2.5 տոկոս դրույքաչափ։

21. Ընդհանուր հասույթը որպես բազային գումարի հաշվարկման միավոր դիտարկելիս Հանձնաժողովը հիմք է ընդունում տնտեսավարող սուբյեկտի՝ իրավախախտմանը նախորդող տարվա ընդհանուր հասույթի 1 տոկոսը։

22. Իրավախախտման տևողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ժ = Ա/12

 

Որտեղ՝

Ժ-ն իրավախախտման տևողության գործակիցն է,

Ա-ն ամբողջական ամիսների քանակն է, որոնց ընթացքում տեղի է ունեցել իրավախախտումը:

23. Եթե իրավախախտումը տևել է 12 ամսից պակաս, իրավախախտման տևողությունը հաշվարկվում է 1, իսկ եթե իրավախախտումը տևել է 60 ամսից ավել՝ տևողության գործակիցը հաշվարկվում է 5:

24. Իրավախախտման տևողությունը ներառում է․

1) Հանձնաժողովի կողմից վարույթի ընթացքում հաստատված իրավախախտման առաջին գործողությունից մինչև իրավախախտման դադարեցման պահը․

2) Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելու պահին չդադարեցված իրավախախտումների դեպքում իրավախախտման տևողությունը ներառում է Հանձնաժողովի կողմից վարույթի ընթացքում հաստատված իրավախախտման առաջին գործողությունից մինչև վարույթ հարուցելու մասին որոշման ընդունմանը նախորդող ամիսը։

 

ԳԼՈՒԽ 5

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԱԶԴՈՂ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ՝ ԲԱԶԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Մրցակցության վրա անուղղակիորեն ազդող իրավախախտումների դեպքում տուգանքի բազային գումարը կազմում է Օրենքի 93-րդ հոդվածով սահմանված տուգանքի առավելագույն չափի՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի 50 տոկոսը՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։

26. Վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու, ինչպես նաև Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը կամ Հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նշանակվող տուգանքի չափը հաշվարկվում է տվյալ վարույթով քննարկվող Օրենքով նախատեսված իրավախախտման համար նախատեսված տուգանքի հաշվարկման մեթոդաբանությամբ։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐԱՑՆՈՂ ԵՎ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որը Հանձնաժողովը հաստատված է համարում, ի թիվս այլնի, հետևյալ հանգամանքներից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա. իրավախախտմամբ մրցակցության կանխումը, սահմանափակումը կամ արգելումը կամ դրա հնարավորությունը, այդ թվում՝ մրցակիցներին շուկայից նրանց դուրս մղելը կամ դուրս մղման հնարավորություն ստեղծելը.

բ. ապրանքի գնի բարձրացումը, որակի նվազեցումը, արտադրողականության նվազեցումը և դրանց հնարավորությունը ստեղծելը.

գ. մրցակցության վրա անուղղակիորեն ազդող իրավախախտումների դեպքում՝ դրանց անուղղակի ազդեցությունը մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, որն արտահայտվում է Հանձնաժողովի լիազորությունների իրականացումն անհնարին դարձնելով կամ դժվարացնելով.

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը, որն առկա է, եթե.

ա. տնտեսավարող սուբյեկտը ենթարկվել է պատասխանատվության Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նույն խախտման համար.

բ. նախորդ խախտման համար պատասխանատվության միջոց կիրառելու օրվանից չի անցել հինգ տարի:

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում իրավախախտումն իրականացնողի ակտիվ դերը իրավախախտման իրականացման ժամանակ, իրավախախտման կատարման նպատակը, իրավախախտման արդյունքում ակնկալվող արդյունքը, ապրանքային շուկայում կամ ոլորտում տիրող իրավիճակը.

28. Պատասխանատվության միջոցը ծանրացնող հանգամանքները հաշվարկվում են բազային գումարից հետևյալ դրույքաչափերով.

Ծանրացնող հանգամանքներ

Դրույքաչափ (բազային գումարից տոկոս)

Մրցակցային իրավախախտումներ

Մրցակցության վրա անուղղակիորեն ազդող իրավախախտումներ

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

20

50

2) տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ խախտման կրկնակիությունը

5

20

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները կամ հանգամանքները

10

30

 

29. Պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանքներն են.

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցության բացակայությունը շուկայում մրցակցային իրավիճակի վրա.

2) տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները, որը գնահատելիս Հանձնաժողովը, ի թիվ այլնի, հաշվի է առնում իրավախախտումն իրականացնողի պասիվ դերը իրավախախտման իրականացման ժամանակ, իրավախախտման կատարման նպատակը, իրավախախտման արդյունքում ակնկալվող արդյունքը, ապրանքային շուկայում կամ ոլորտում տիրող իրավիճակը։ Դիտավորության աստիճանը որպես մեղմացնող հանգամանք հաշվի է առնվում, երբ տնտեսավարող սուբյեկտը ներկայացնում է ապացույցներ, որ իրավախախտումը կատարվել է անուղղակի դիտավորությամբ.

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը, որը գնահատելիս հաշվի է առնվում հանգամանքը ուղղակիորեն ընդունելը, իրավախախտման հետևանքների վերացումը կամ դրանց վերացման ուղղությամբ գործողությունների ձեռնարկումը․

4) Հանձնաժողովի հետ համագործակցելը, որը գնահատելիս Հանձնաժողով, ի թիվս այլնի, հաշվի է առնում.

ա. տնտեսավարող սուբյեկտի կողմից, Օրենքով նախատեսված պարտականություններից տարբերվող լրացուցիչ գործողությունների կատարումը, որն էապես նպաստում է գործի քննությանը.

բ. տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագրի (տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) ընդունումն և ներկայացումը․

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը, որը գնահատելիս, ի թիվս այլնի, հաշվի է առնվում տնտեսավարող սուբյեկտի ունեցած դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության, համապատասխան ապրանքային շուկայի կամ ոլորտի վրա։

30. Պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հաշվարկվում են բազային գումարից հետևյալ դրույքաչափերով.

 

Մեղմացնող հանգամանքներ

Դրույքաչափ (բազային գումարից տոկոս)

Մրցակցային իրավախախտումներ

Մրցակցության վրա անուղղակիորեն ազդող իրավախախտումներ

1) իրավախախտման հնարավոր կամ փաստացի բացասական ազդեցության բացակայությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա

10

20

2) տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարվելու շարժառիթները և հանգամանքները

5

15

3) տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելը

5

5

4) Հանձնաժողովի հետ համագործակցելը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ներկայացնելու միջոցով

10

20

5) Հանձնաժողովի հետ այլ եղանակով համագործակցելը

10

20

6) տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և տնտեսավարող սուբյեկտի պատմությունը

5

10

31. Հանձնաժողովը դիտարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքները և վարչական ակտում արտացոլում միայն այն հանգամանքները, որոնք հաստատվել են համապատասխան վարույթի ընթացքում:

32. Մեղմացնող հանգամանքի առկայության ապացուցման բեռը կրում է վարույթով պատասխանողը։

 

ԳԼՈՒԽ 7

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ

 

33. Այն դեպքերում, երբ Մեթոդաբանությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքի գումարը փոքր է պատասխանատվության միջոցի կիրառման նպատակներին հասնելու համար, Հանձնաժողովը կարող է մեծացնել տուգանքի գումարը: Տուգանքի գումարը մեծացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում, ի թիվս այլնի, տուգանքի համաչափությունը իրավախախտմանը, Մեթոդաբանությամբ սահմանված սկզբունքների ապահովման հնարավորությունը և տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր հասույթի չափը։

34. Այն դեպքերում, երբ Մեթոդաբանությամբ սահմանված կարգով հաշվարկված տուգանքը գերազանցում է Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի առավելագույն չափը, Հանձնաժողովը տուգանքի գումարը նվազեցնում է մինչև Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի առավելագույն չափը։

35. Բացառիկ դեպքերում, երբ տուգանքի նշանակումը կարող է հանգեցնել տնտեսավարող սուբյեկտի հաշվեկշռային անվճարունակության, տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված դիմումի և ապացույցների հիման վրա Հանձնաժողովը կարող է հաշվի առնել Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի ազդեցությունը տնտեսավարող սուբյեկտի գործունեության վրա։

36. Օրենքով սահմանված կարգով հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու մասին դիմումի բավարարման դեպքում տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ տուգանքի չափը չի կարող գերազանցել Հանձնաժողովի կողմից տվյալ վարույթի շրջանակներում հաշվարկված տուգանքի 50 տոկոսը, երկրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ 70 տոկոսը, իսկ երրորդ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ 85 տոկոսը:

37. Արագացված վարույթի կիրառման արդյունքում Հանձնաժողովը նշանակում է Մեթոդաբանությամբ հաշվարկված տուգանքի գումարի մեկ երկրորդը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2021 թվական: