ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի մարտի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 356-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 904-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, և բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|