Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-529-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2003-30.12.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.408
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են գործողության մեջ դնելու այլ ժամկետներ և կարգ:

 

Հոդված 2. 2003 թվականի օգոստոսի 1-ից ուժը կորցրած ճանաչել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:

 

Հոդված 3. 2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:

Եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

Մահապատժի վերացման վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:

Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:

Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:

2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:

1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 4. Կալանքի ձևով պատիժների վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները գործողության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

 

Հոդված 5. 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ պաշտոնանկության (21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ), պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելու (21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ), հասարակական պարսավանքի (21-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ) ձևով պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց՝ դատավճիռը կայացրած դատարանի կողմից` դատվածությունը հանելով:

 

Հոդված 6. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. ապրիլի 29
Երևան
ՀՕ-529-Ն