Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-97
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2006-07.04.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

(վերնագիրը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Սույն օրենքը սահմանում է հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների) կարգավիճակը, կանոնակարգում է դրանց հիմնադրման, արտոնագրման (լիցենզավորման) և ղեկավարման կարգը, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, հեռուստառադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)



Հոդված 2.

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրությունը ներառում է սույն օրենքը, «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին», «Հեռահաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

Տեղեկատվության բնագավառը կարգավորվում է նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք սույն օրենքով նախատեսված չեն, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հեռուստառադիոհեռարձակում` էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածում հաղորդագծով (ներառյալ` կաբելային (լարային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյուններն ընկալելի լինեն հասարակությանը: Հեռարձակում է համարվում նաև կոդավորված ազդանշանների տարածումը, եթե դրանց ապակոդավորման միջոցները հեռուստառադիոլսարանին տրամադրել է հեռարձակող կազմակերպությունը, կամ տրամադրվել է նրա համաձայնությամբ.

հեռուստառադիոհաղորդում` տարածման համար նախատեսված պատկերներ և (կամ) հնչյուններ կամ այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված նյութի ամբողջություն, որն ստեղծել է հեռարձակող կազմակերպությունը կամ նրա պատվերով և միջոցներով` այլ կազմակերպություն.

հեռուստառադիոհաղորդաշարեր` ձայնային, տեսաշարային կամ տեսաձայնաշարային զանգվածային լրատվության և տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) ամբողջականություն, որն ունի հաստատուն անվանում, եթեր հեռարձակվելու իրավունք (որոշակի պարբերականությամբ, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ) և նախատեսված է հնարավոր լսարանի անմիջական ընկալման համար.

հեռուստառադիոհաղորդումների ծրագիր` հեռուստառադիոհաղորդումների թվարկում, հերթականություն, եթեր հեռարձակելու ժամ, ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվություն` հաղորդումների տեսքով.

հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր (լիցենզիա)` գրավոր թույլտվություն, որն իրավունք է տալիս օգտվել որոշակի եթերային հաճախությունից (կապուղուց), կաբելային (լարային) ցանցից և իրականացնել որոշակի ծրագրային քաղաքականություն` սեփական արտադրության կամ այլ անձանց արտադրած հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով.

ծրագրային քաղաքականություն` հեռուստառադիոհաղորդումների հիմնական թեմատիկան, ուղղվածությունը, տեսակները, ժանրային կառուցվածքը, հաղորդումների պատրաստման և հեռարձակման առանձնահատկությունները.

հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն)` իրավաբանական անձ, որն արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա (բացառությամբ Հանրային հեռուստառադիոընկերության) հեռարձակում կամ վերահեռարձակում է զանգվածային տեղեկատվություն` օգտագործելով սեփականության, վարձակալական կամ անհատույց օգտագործման իրավունքով իրեն պատկանող հեռուստառադիոսարքավորումներ և պատասխանատվություն է կրում արտոնագրման (լիցենզավորման) պայմանների, սույն օրենքի և այլ իրավական նորմերի կատարման համար.

հեռուստառադիոընկերության հիմնադիրներ` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնք իրենց նախաձեռնությամբ և մասնակիցների միջոցների ներդրմամբ ստեղծում են հեռուստառադիոընկերություն.

հեռուստառադիոհաղորդումներ արտադրող` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձ, որն իրականացնում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության արտադրություն.

արտոնագրատեր` հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա), իրականացնում է որոշակի ծրագրային քաղաքականություն, արտադրում, տարածում է ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվություն և տվյալներ (լրացուցիչ տեղեկատվություն).

հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել կամ պատվիրել են Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունները կամ հեռուստառադիոհաղորդումներ արտադրող այլ ընկերությունները, այդ թվում` նաև այն հաղորդումները, որոնք հեռարձակվում են հայերեն թարգմանությամբ կամ սուրդոթարգմանությամբ.

սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստել են տվյալ հեռուստառադիոընկերությունները, և հեղինակային իրավունքի օբյեկտ են.

օտարերկրյա արտադրության հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք պատրաստվել են արտերկրում, ինչպես նաև հաղորդումներ, որոնք պարունակում են 50 տոկոսից ավելի ոչ հայրենական արտադրության ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային նյութեր.

կոդավորված հեռուստառադիոհաղորդումներ` հաղորդումներ, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով.

վերահեռարձակում` հեռարձակող կազմակերպության հաղորդման (ծրագրի) միաժամանակյա կամ արդեն հեռարձակված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) հաղորդման հետագա հեռարձակում մեկ այլ հեռարձակող կազմակերպության կողմից.

հեռարձակման ցանց` ռադիոհաճախությունների և կաբելային (լարային) ցանցերի կապի ուղիների ամբողջականություն, որն օգտագործում է արտոնագրատերը հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման նպատակով.

սփռման տարածք` տարածք, որի սահմաններում հեռուստառադիոընկերությունները, տեխնիկական գործող չափանիշներին համապատասխան, ապահովում են ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային լրատվության կամ տվյալների (լրացուցիչ տեղեկատվության) տարածում.

հաճախությունների ցանկ` փաստաթուղթ, որը պարունակում է հեռահաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հեռուստառադիոհաղորդումների համար հատկացված հաճախությունների ցանկը` նշելով հեռուստառադիոալիքների աշխատանքային հաճախությունները և դրանցով գործող հեռահաղորդակցության միջոցների գտնվելու վայրն ու սփռման հնարավոր տարածքը.

արբանյակ` ցածր ուղեծրային կամ երկրաընդունիչ տիեզերական սարքավորում, որն օգտագործվում է տեղեկատվության ընդունման և վերահեռարձակման նպատակով.

հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական միջոցներ` սարքավորումներ, որոնք ապահովում են հեռուստառադիոհաղորդումների պատրաստումը և դրանց փոխանցումը հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներին.

լրացուցիչ տեղեկատվություն` ցանկացած տեղեկատվություն (լուսագրային, թվային, գրաֆիկական, ձայնային), որը կապված չէ հիմնական հաղորդման բովանդակության հետ, սակայն հեռարձակվում է այդ հաղորդման ազդանշանով և նախատեսված է անսահմանափակ թվով լսարանի անհատական ընկալման համար.

անհատական ընդունում` անմիջականորեն հաղորդող սարքերից կենցաղային սարքերով հեռուստառադիոհաղորդումների անմիջական ընդունում` առանց վերահեռարձակման իրավունքի.

պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն.

սուրդոթարգմանություն՝ հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը հայերեն ձեռք-լեզվով:

(3-րդ հոդվածը լրաց. 26.09.01 ՀՕ-233, խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 4.

Հեռուստառադիոհաղորդումների ազատությունը

 

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը, և արգելվում է հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը:

Սպառողներն իրավունք ունեն ազատ ընդունել հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկատվություն, այդ թվում` արբանյակային, կաբելային (լարային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:

Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռուստառադիոընկերության (առնվազն մեկ հեռուստաալիքի և մեկ ռադիոալիքի) ծրագրերի ընդունման համար:

Եթերային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունը, համապատասխան սփռման գոտիների համընկնման շրջաններում, չպետք է սահմանափակի հեռուստառադիոլսարանի` այլ հեռուստառադիոծրագրեր ընդունելու իրավունքը:

 

Հոդված 5.

Հեռուստառադիոհաղորդումների լեզուն

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:

Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերը և երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:

Արգելվում է արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

 

Հոդված 6.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհեռարձակում իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների վրա տարածվում է այն չափով, որքանով դրանց պատրաստած հաղորդումները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների:

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 7.

Հեռուստառադիոհաղորդումները և դրանց իրականացման կարգը

 

Հայաստանի Հանրապետությունում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա: Հեռուստառադիոընկերությունները հեռուստառադիոհեռարձակումն իրականացնում են` օգտագործելով սեփական, վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով իրենց տիրապետման ներքո գտնվող տեխնիկական միջոցները:

Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից հեռուստառադիոընկերությունների պատրաստած տեղեկատվության տարածման դեպքում հղումն այդ հեռուստառադիոընկերություններին պարտադիր է:

(7-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 8.

Ձայնային, տեսաշարային և տեսաձայնաշարային զանգվածային լրատվության որոնումը

 

Հեռուստառադիոհաղորդումներ պատրաստող լրագրողների և այլ մասնագետների իրավունքները ցանկացած տեղեկատվություն փնտրելու և գտնելու, տեսագրություններ և ձայնագրություններ կատարելու ընթացքում չեն սահմանափակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հոդված 9.

Հայրենական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ արտադրողի պաշտպանությունը

 

Հեռուստառադիոընկերությունների կողմից հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ընդհանուր եթերաժամի 65 տոկոսից պակաս լինել, ընդ որում, սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով և չեն կարող հայրենական արտադրության հեռուստահաղորդումների եթերաժամի 5 տոկոսից ավելի լինել, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Սույն հոդվածի առանձին պահանջներ կարգավորվում են սույն օրենքի անցումային դրույթներով:

Բացառություն են կազմում կարևոր տեղեկատվական, կրթական, մշակութային, մարզական և այլ միջոցառումների ուղիղ հեռարձակումները:

Սույն դրույթները չեն գործում կոդավորված հեռուստահաղորդումների նկատմամբ:

(9-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 10.

Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումների հեռարձակումը

 

Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի (լիցենզիայի) հիման վրա` օգտագործելով առկա հեռուստառադիոհաճախությունների մեկ հինգերորդից ոչ ավելին` յուրաքանչյուր ընդգրկույթի (դիապազոնի) համար (մետրային, դեցիմետրային, կարճ, գերկարճ և այլ ալիքներ): Վերահեռարձակման համար արտոնագիր (լիցենզիա) տալու կարգը սահմանում է Ազգային հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հաղորդումները կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով` պահպանելով օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների պահանջները ու արտոնագրման (լիցենզավորման) պայմանները` վերահեռարձակումից առաջ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ազգային հանձնաժողովին:

(10-րդ հոդվածը խմբ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 11.

Հեռուստառադիոհաղորդումները հանրաքվեների և ընտրությունների ժամանակաշրջանում

 

Հանրաքվեների և ընտրությունների քարոզչությանը նախորդող ու դրանց անցկացման ժամանակաշրջանում հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների ու հանրաքվեների մասին օրենսդրությանը համապատասխան:

Նշված ժամանակահատվածում արգելվում է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակել քաղաքական կամ այլ քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով: Նման հաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «քաղաքական գովազդ» կամ «նախընտրական քարոզչական հաղորդում», իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում, ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:

Հանրաքվեների և ընտրությունների քարոզչության ժամանակաշրջանում հեռուստառադիոընկերությունները հրապարակավ հայտնում են վճարովի քաղաքական գովազդի ու քարոզչական այլ հաղորդումների` իրենց եթերաժամի արժեքը: Ցանկացողները վճարովի եթերաժամից օգտվում են պայմանագրային կարգով և հավասար պայմաններով:

 

Հոդված 12.

Հեռուստառադիոընկերությունները ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ

 

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ նրա լիազորած անձին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հայտարարություններ կատարելու համար: Հատկացվող եթերաժամանակը եթերային յուրաքանչյուր ժամում չի կարող գերազանցել 10 րոպեն:

(12-րդ հոդվածը լրաց. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 13.

Ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն ստանալը

 

Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրներն ստանում են ձայնային, տեսաշարային, տեսաձայնաշարային տեղեկատվություն` անվճար կամ վճարովի, բաց ալիքով կամ հատուկ ապակոդավորում ունեցող սարքավորումների օգնությամբ:

Հեռուստադիտողները և ռադիոունկնդիրները կարող են անարգել ընդունել բոլոր հեռուստառադիոհաղորդումները (ներառյալ` արբանյակային կապի միջոցով հեռարձակվող արտասահմանյան արտադրության հեռուստառադիոհաղորդումները)` առանց վերահեռարձակման իրավունքի:

 

Հոդված 14.

Հեռուստառադիոհաղորդումների ձայնագրությունների և տեսագրությունների, ինչպես նաև այլ նյութերի պահպանման կարգը

 

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հեռարձակած հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած մեկ ամիս ժամկետով:

Հաղորդումները գրանցվում են հաշվառման մատյանում` պարտադիր նշելով հեռարձակման ամիսը, ամսաթիվը, հաղորդման սկզբի և ավարտի ժամը, համառոտ բովանդակությունը, հեռուստառադիոհաղորդման հեղինակների և հեռարձակողի անունը, ազգանունը:

Մեկ ամիսը լրանալուց հետո հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ, Ազգային հանձնաժողով կամ հեռուստառադիոընկերություններ դիմում կամ բողոք, կամ դատարան հայց չի ներկայացվել: Նշված ձայնագրությունները և տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:

 

Հոդված 15.

 Բարեգործական հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում

 

Բարեգործական հովանավորությունը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձի նյութական ներդրումն է ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորման ձևով, որի նպատակը հաղորդումների պատրաստմանն ու որակի բարձրացմանն օժանդակելն է:

(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

Կուսակցությունները և կրոնական կազմակերպությունները չեն կարող բարեգործական հովանավորության ֆինանսավորողներ լինել:

Արգելվում է լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների բարեգործական հովանավորությունը, ինչպես նաև հովանավորությամբ ստեղծվող հաղորդումների նկատմամբ հովանավորողի կողմից որևէ միջամտություն:

Բարեգործական հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում լուսագրերի տեսքով նշվում են տեղեկություններ հովանավորողների մասին, ներկայացվում են խորհրդանիշներ, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:

(15-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 16.

Հեռուստառադիոընկերությունների տեսակները

 

Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերություններ` իրավաբանական անձի կարգավիճակով:

Հայաստանի Հանրապետությունում գործում է առնվազն մեկ Հանրային հեռուստառադիոընկերություն (հեռուստաընկերություն և ռադիոընկերություն), որն ստեղծվում (հիմնադրվում) է սույն օրենքով:

Մասնավոր են համարվում այն հեռուստառադիոընկերությունները, որոնց հիմնադիրները ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերություններն օգտվում են հավասար իրավունքներից և օրենքի առջև հավասարապես պատասխանատու են` անկախ իրենց սեփականության ձևից և իրավական-կազմակերպական տեսակից:

 

Հոդված 17.

Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրները

 

Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից: Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:

Մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել`

ա) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

բ) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները.

գ) Ազգային հանձնաժողովի անդամները.

դ) կուսակցությունները.

ե) (կետն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

զ) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք.

է) 18 տարին չլրացած քաղաքացիները:

(17-րդ հոդվածը խմբ. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 18.

Հեռուստառադիոընկերությունների կանոնադրությունը

 

Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգի հաստատման կարգը սահմանվում է սույն օրենքի 28 և 42 հոդվածների դրույթներին համապատասխան:

Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներն ընդունում են իրենց կանոնադրությունը, որը պարունակում է, հեռուստառադիոընկերության գործունեության նպատակները, կառուցվածքը, անդամների իրավունքները և պարտականությունները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ տեղեկություններ:

(18-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 19.

Հեռուստառադիոընկերությունների ինքնուրույնության երաշխիքը

 

Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը:

Պետական իշխանության մարմինները կարող են հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

 

Հոդված 20.

Հակամենաշնորհային երաշխիքը

 

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ոչ ավելի, քան միևնույն սփռման գոտում եթերային հեռարձակում ունեցող մեկ հեռուստառադիոընկերության կամ մեկ հեռուստաընկերության և (կամ) մեկ ռադիոընկերության արտոնագրատեր լինել:

 

Հոդված 21.

Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող գովազդը

 

Հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 22.

Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրները

 

Հեռուստառադիոընկերությունների եկամուտների աղբյուրներ կարող են համարվել գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները:

Հանրային հեռուստառադիոընկերության եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 35 հոդվածով:

 

Հոդված 23.

Ելքային տվյալները

 

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ամեն օր եթերում հայտարարել իրենց անվանումները, ներկայացնել խորհրդանիշները` ազդականչերը, ներդիրները, այլ ելքային տվյալներ, ինչպես նաև օրվա հաղորդումների ծրագիրը: Հեռուստաընկերությունները պարտավոր են իրենց հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ:

Հեռուստառադիոընկերություններն իրենց օրական, շաբաթական և ամսական ծրագրերի մասին տեղեկատվությունը կարող են տրամադրել մամուլին և զանգվածային լրատվության մյուս միջոցներին` վճարովի կամ անվճար հիմունքներով:

(23-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 24.

Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը

 

Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`

ա) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության.

բ) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու.

գ) օրենքով պահպանվող պետական կամ այլ գաղտնիքներ հրապարակելու.

դ) պատերազմ քարոզելու.

ե) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու.

զ) պոռնկագրություն տարածելու.

է) բռնության և դաժանության պաշտամունք, մարդկային արժանապատվությունը նսեմացնող և անչափահասների դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումներ հեռարձակելու.

ը) զրպարտության, այլ անձանց իրավունքները, անմեղության կանխավարկածը խախտելու նպատակներով:

Բացառություն կարող են կազմել պատմափաստավավերագրական նյութերի օգտագործումը և ցուցադրումը:

Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների մտավոր և ֆիզիկական զարգացման, բարոյական դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ կոդավորված հեռուստառադիոհաղորդումների, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։ Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 25.

Արբանյակային հեռուստառադիոհեռարձակումը և հեռահաղորդակցությունը

 

Հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարձակալած արբանյակային կապից օգտվելու առաջնային իրավունքը պատկանում է Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ազատ եթերաժամի առկայության դեպքում դա կարող է վարձակալության հիմունքներով տրամադրվել նաև մասնավոր հեռուստառադիոընկերություններին` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում:

Մասնավոր հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին:

 

Հոդված 26.

Սպառողի իրավունքները տեղեկատվության հասանելիության նկատմամբ

 

(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

Եթե հեռուստառադիոընկերությունը հեռարձակումը և հեռահաղորդակցությունն իրականացնում է անսահմանափակ թվով սպառողների համար ու անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա սպառողն իրավունք ունի նման ծառայությունից օգտվել անհատույց և առանց հեռուստառադիոընկերությանը տեղեկացնելու:

Այլ դեպքերում հեռուստառադիոընկերության մատուցելիք ծառայության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 27.

Կոդավորված հեռուստառադիոհաղորդումները

 

Կոդավորված հեռուստառադիոհաղորդումներն այն հաղորդումներն են, որոնք համապատասխան օժանդակ սարքավորումների օգնությամբ կարող են ընդունվել եթերային և կաբելային (լարային) հեռարձակմամբ` պայմանագրային հիմունքներով:

Կոդավորված հաղորդումների նկատմամբ թեմատիկ, բովանդակային և լեզվական սահմանափակումներ չեն սահմանվում, բացառությամբ սույն օրենքի 24 հոդվածով նախատեսված դեպքերի:

Նման հաղորդումները եթեր հեռարձակելուց առաջ լսարանին են ներկայացվում հաղորդումների անվանումները, հիմնական բովանդակությունն ու ուղղվածությունը, հեռարձակման ժամերը և տևողությունը:

Արտոնագրված (լիցենզավորված) հեռուստառադիոընկերություններն իրենց գործունեության ընթացքում կոդավորված հաղորդումների անցնելու դեպքում պարտավոր են ստանալ Ազգային հանձնաժողովի թույլտվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 28. Հանրային հեռուստառադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները

 

Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, որի իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Հանրային հեռուստառադիոընկերությունն ստեղծում է պետությունը` ապահովելու համար մարդու սահմանադրական իրավունքը, այսինքն` ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսավորչական, հայոց լեզվի և պատմության, մարզական, զվարճալի և հանրության համար կարևոր ու նշանակալից այլ տեղեկատվություն, և գործում է սույն օրենքին, իր կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հանրային հեռուստառադիոընկերության հեռուստատեսային հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում գործունեությունն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը, իսկ ռադիոհաղորդումների բնագավառում` հանրային ռադիոընկերությունը, որոնց ղեկավարման մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է:

Հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռուստառադիոընկերությունը կամ այլ հեռուստառադիոընկերությունները:

Սահմանադրության 80-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հարցերով դիմելուն հատկացված` Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումների և Ազգային ժողովի որոշմամբ սահմանված դեպքերում Ազգային ժողովի նիստերի տեսագրությունների (ձայնագրությունների) արտադրությունն իրականացնում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եռօրյա նիստերի յուրաքանչյուր երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարություններին հատկացվող ժամանակահատվածի տեսագրության, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդաշարի և այլ հաղորդումների արտադրությունն իրականացնում է Ազգային ժողովի աշխատակազմը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով և ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը:

Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է`

ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաղորդումները հեռարձակել այդ օրենքով սահմանված կարգով և ժամկետում.

բ) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայրենական արտադրության հաղորդումներին.

գ) ապահովել հեռարձակվող հաղորդումների բազմազանությունը` հնարավոր հաղորդաշարերի և հաղորդումների տեսակների տեսքով.

դ) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

1) հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը) կարծիքների բազմազանությունը,

2) հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.

ե) իր ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

Հանրային հեռուստառադիոընկերությունը կարող է եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Նման հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ` շաբաթական մինչև մեկ ժամ, իսկ ռադիոյով` օրական մինչև մեկ ժամ ժամաքանակը:

Հանրային հեռուստառադիոընկերությունում`

ա) առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների հինգ տոկոսը.

բ) հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առևտրային գովազդով.

գ) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը և ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի առկայությունն արգելվում է.

դ) Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության պաշտոնական հաղորդագրությունների (տեղեկատվության) տևողությունը նրանցից յուրաքանչյուրի համար մեկ օրվա ընթացքում չի կարող գերազանցել 3 րոպեն.

ե) պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է:

Հանրային հեռուստառադիոընկերության`

ա) հեռարձակած ալիքներից առնվազն մեկ հեռուստաալիքը և մեկ ռադիոալիքը սփռվում է ամբողջ երկրի տարածքով.

բ) օգտագործվող հաճախություններով արգելվում է այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը` առանց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համաձայնության:

Հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիցների գործադուլի ժամանակ նրանք պարտավոր են ապահովել լրատվական ծրագրերի օրական առնվազն երկու թողարկում:

(Նախադասությունը հանվել է 26.09.01 ՀՕ-233)

Հանրային հեռուստառադիոընկերության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:

(28-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-223, լրաց., փոփ. 26.09.01 ՀՕ-233, փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-71-Ն)

 

Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը

 

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից:

Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ: Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանվում են սույն օրենքի անցումային դրույթներում:

Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:

Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:

Խորհրդի անդամ չեն կարող լինել`

ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.

բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.

գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.

դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք:

Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

 

Հոդված 30. Խորհրդի գործունեության կարգը

 

Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և նիստերի միջոցով:

Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`

ա) իր նախաձեռնությամբ.

բ) Խորհրդի առնվազն երկու անդամի պահանջով:

Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դա վարում է Խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Խորհրդի անդամների կեսից ավելին:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա` Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի նիստերը դռնբաց են:

Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը:

 

Հոդված 31. Խորհրդի նախագահը և անդամները

 

Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.

բ) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները.

գ) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

դ) համակարգում և ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության և Խորհրդի բնականոն աշխատանքը:

Խորհրդի նախագահը և անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում չեն կարող զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական գործունեությունից:

Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

ա) հրաժարական է տվել.

բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Խորհրդի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

ե) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

զ) մահացել է:

Նշված դեպքերում Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Խորհրդի կազմում:

(31-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

 

Հոդված 32. Խորհրդի իրավասությունները

 

Խորհուրդը`

ա) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ընդհանուր ծավալը և հեռուստառադիոծրագրերի (ալիքների) թիվը.

բ) հաստատում է ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.

գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը.

դ) սահմանում է Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.

ե) հաստատում է Հանրային հեռուստառադիոընկերության աշխատողների կարգավիճակը և պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմաններն ու վարձատրման կարգը.

զ) սահմանում է այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատել այլ հեռուստառադիոընկերություններում և զանգվածային լրատվության միջոցներում.

է) սահմանում է Հանրային հեռուստաընկերության և (կամ) Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի կարգը.

ը) նշանակում է մրցույթում հաղթած Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին, իսկ իրենց պարտականություններն անբավարար կատարելու դեպքում պաշտոնից ազատում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին.

թ) Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է գործադիր տնօրենների տեղակալներին.

ժ) առնվազն տարին մեկ անգամ լսում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կատարվում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների կողմից:

Խորհրդի գործունեությունը հրապարակային է: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին:

Խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով:

(32-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, լրաց24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 33. Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր ղեկավարության իրավասությունները

 

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեններին նշանակում է մրցութային կարգով:

Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները և նրանց տեղակալները`

ա) ղեկավարում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության ընթացիկ գործունեությունը.

բ) հաստատում են վարչական կառուցվածքը, արձակում են հրամաններ, կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.

գ) սահմանում են Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության աշխատակազմերի վարձատրման կարգը.

դ) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

ե) երկրում, արտասահմանում և միջազգային կազմակերպություններում ներկայացվում են Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը:

Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենները պաշտոնի են նշանակվում և իրենց պաշտոններից ազատվում են Խորհրդի ձայների երկու երրորդով:

 

Հոդված 34. Խորհրդի աշխատակազմը

 

Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով, որի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` Խորհրդի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 35. Հանրային հեռուստառադիոընկերության պետական ֆինանսավորումը

 

Խորհուրդը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշիվը (բյուջեն)` առանձին տողով նշելով Խորհրդին, Հանրային հեռուստաընկերությանը և Հանրային ռադիոընկերությանը հատկացվելիք գումարները, և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, վերջինս էլ դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

Խորհրդի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքում ամրագրված` Խորհրդի լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 36. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 11.09.01 ՀՕ-223)

 

Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական) մասին հաղորդում:

Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:

Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:

(36-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223)

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Հոդված 37. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը

 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անկախ մարմին է` պետական հիմնարկի կարգավիճակով, որի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ազգային հանձնաժողովի գործունեությունն առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների (հեռուստաընկերությունների կամ ռադիոընկերությունների) արտոնագրման (լիցենզավորման) և վերահսկողության հետ:

Ազգային հանձնաժողովը`

ա) իրականացնում է եթերային հաճախությունների հրապարակային և մրցութային հատկացումը ու ապահովում է մրցույթների արդյունքների մասին ամբողջական տեղեկատվության հրապարակումը.

բ) հաստատում է արտոնագրի (լիցենզիայի) ձևերը.

գ) հատկացնում է արտոնագրեր (լիցենզիաներ).

դ) կազմում և հրապարակում է արտոնագրատերերի ցուցակը, հսկում է արտոնագրում (լիցենզիայում) նշված պայմանների կատարումը.

ե) թույլատրում է հեռուստառադիոընկերությունների կողմից կոդավորված հաղորդումների հեռարձակումը.

զ) հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը.

է) հսկում է հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների համապատասխանությունը գործող ստանդարտներին և տրված հավաստագրին.

ը) սույն օրենքի խախտման դեպքում, մինչև դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը.

թ) սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքում ուժը կորցրած է ճանաչում տրված արտոնագիրը:

Ազգային հանձնաժողովի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Բյուջեում առանձին տողով նշվում է այդ մասին:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 24.10.01 ՀՕ-251)

 

 

Հոդված 38. Ազգային հանձնաժողովի ծախսերի ֆինանսավորումը

 

Ազգային հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը (բյուջեն), որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեում առանձին տողով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:

Ազգային հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքում ամրագրված` Ազգային հանձնաժողովի լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 39. Ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը

 

Ազգային հանձնաժողովը բաղկացած է ինն անդամից, նրանց նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի: Առաջին կազմի նշանակման ժամկետները սահմանված են սույն օրենքի անցումային դրույթներում:

Ազգային հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ:

(39-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-21-Ն)

 

Հոդված 40. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 11.09.01 ՀՕ-223)

 

Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:

Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում:

(40-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223)

 

Հոդված 41. Պահանջներն Ազգային հանձնաժողովի անդամների նկատմամբ. նրանց վարձատրության կարգը

 

Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության բնագավառներում երկարատև աշխատանքային փորձ, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`

ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.

բ) (կետը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

բ) Հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.

գ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, այդ թվում` նաև Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները:

Ազգային հանձնաժողովը գործում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

Ազգային հանձնաժողովը կարող է լուծարվել սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու կամ օրենքում փոփոխություն կատարվելու դեպքում:

(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

Ազգային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով և իրենց գործունեության հետ կապված ծախսերի համար ստանում են ամսական դրամական փոխհատուցում:

(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.02.01 ՀՕ-143, փոփ. 24.10.01 ՀՕ-251, 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

 

Հոդված 42. Ազգային հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը և սկզբունքները

 

Ազգային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իր կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:

Ազգային հանձնաժողովի գործունեության սկզբունքներն են` ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը:

(42-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 43. Ազգային հանձնաժողովի գործունեության կարգը

 

Ազգային հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և գործունեությունը ղեկավարում է Ազգային հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը:

Ազգային հանձնաժողովի`

ա) նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

բ) նիստն իրավազոր է, եթե դա վարում է Ազգային հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, և նիստին ներկա են Ազգային հանձնաժողովի անդամների կեսից ավելին.

գ) որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ.

դ) նիստերն արձանագրվում են, դրանք ստորագրում է նիստը նախագահողը.

ե) նիստերն անցկացվում են հրապարակայնորեն, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաև հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը կայացնում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։

Ազգային հանձնաժողովի արտահերթ նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն չորս անդամի պահանջով:

(43-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ., լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 44. Ազգային հանձնաժողովի աշխատակազմը

 

Ազգային հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Աշխատակազմի կառուցվածքը և աշխատակիցների թվաքանակը հաստատում է Ազգային հանձնաժողովը` իր նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցումը

 

Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնաժողովի անդամը`

ա) հրաժարական է տվել.

բ) ընտրվել կամ նշանակվել է որևէ այլ պաշտոնում.

գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.

դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.

ե) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

զ) մահացել է:

Նշված դեպքերում Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Ազգային հանձնաժողովի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:

(45-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 46. Ազգային հանձնաժողովի անդամների անկախության երաշխիքները

 

Ազգային հանձնաժողովի անդամները չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմնի անդամ, ինչպես նաև չեն կարող իրենց կարգավիճակը գործադրել ի շահ կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների:

Ազգային հանձնաժողովի նախագահը և տեղակալը չեն կարող միաժամանակ զբաղվել վճարովի այլ աշխատանքով, բացառությամբ մանկավարժական, գիտական և ստեղծագործական գործունեության:

Ազգային հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ անդամները չեն կարող լինել որևէ հեռուստառադիոընկերության հիմնադիր և (կամ) արտոնագրատեր և (կամ) փայատեր (բաժնետեր, մասնակից):

(46-րդ հոդվածը փոփ. 20.02.01 ՀՕ-143)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

 

Հոդված 47.  Արտոնագրում (լիցենզավորում): Արտոնագրատերը

(վերնագիրը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Արտոնագիրը (լիցենզիան) միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս իրականացնել հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում, օգտվել որոշակի հաճախությունից, կաբելային (լարային) ցանցից` Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների իրականացման նպատակով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) տրվում է մրցութային կարգով` հաճախությունների ցանկին համապատասխան:

Արտոնագիրը (լիցենզիան) իրավունք է տալիս արտոնագրատիրոջը հեռուստառադիոհաղորդումներ իրականացնելու նպատակով վարձակալման պայմանագրեր կնքել հեռահաղորդակցության միջոցներ ունեցող կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ:

Արտոնագրատերը չի կարող արտոնագիրը (լիցենզիան) փոխանցել կամ վաճառել (օտարել) այլ անձի:

(47-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 48. Հաճախությունների ցանկը

 

Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) ներկայացրած ցուցակից, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Ազգային հանձնաժողովին:

Ազգային հանձնաժողովը`

ա) ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ.

բ) ամեն տարվա սկզբին սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից.

գ) սահմանում է արտոնագրի (լիցենզիայի) համար վճարի չափը և մուծումների կարգը:

(48-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 49. Արտոնագիր (լիցենզիա) ստանալու դիմումը

 

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու համար դիմումում նշվում են`

ա) հեռուստառադիոընկերության տեսակը (եթերային, կաբելային (լարային).

բ) դիմողի անվանումը և իրավաբանական հասցեն.

գ) հեռուստառադիոհաղորդումների տարածման տեսակը (եթերային, կաբելային (լարային).

դ) հեռուստառադիոծրագրերի թեմատիկան և մասնագիտացումը.

ե) հեռուստառադիոծրագրերի պարբերականությունը և հեռուստառադիոհաղորդումների առավելագույն ծավալը.

զ) հեռուստառադիոհաղորդումների լեզուն, ինչպես նաև հեռուստառադիոդասընթացներ կազմակերպելու լեզուն, եթե այդպիսիք նախատեսվում են.

է) սփռման հնարավոր տարածքը և բնակչության թիվը.

ը) տեղեկություններ` դիմողի` այլ հեռուստառադիոընկերությունների հիմնադիր և արտոնագրատեր կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաև դրանց արտադրությամբ և տարածմամբ զբաղվելու մասին.

թ) տվյալներ` օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին (տեխնիկական հավաստագրի առկայությունը).

ժ) տեղեկանք` հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին.

ժա) նշում` հեռուստառադիոընկերության հաղորդումների եթեր հեռարձակելու ժամանակի մասին (ամիսը, ամսաթիվը, տարին).

ժբ) նախնական տեղեկություններ` աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին.

ժգ) դիմումի ամիսը, ամսաթիվը, տարին:

Դիմումին կցվում են ընկերության հիմնադիր փաստաթղթերը և իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև արտոնագրման (լիցենզավորման) մրցույթին մասնակցելու համար տուրքի մուծման անդորրագիրը:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 50. Արտոնագրատիրոջ ընտրությունը

 

Ազգային հանձնաժողովն արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ հաշվի է առնում`

ա) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

բ) հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը.

գ) դիմողի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.

դ) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

Ազգային հանձնաժողովը սահմանում է պահանջներ՝ տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից։

Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու և արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները:

Եթե դիմողը հավակնում է ստանալ կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման արտոնագիր (լիցենզիա), ապա նա պարտավոր է ներկայացնել նաև տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությունը` համապատասխան ցանց ստեղծելու ժամանակ տեխնիկական պայմանների իրականացման վերաբերյալ:

Արտոնագրի (լիցենզիայի) անհրաժեշտ պայմանների համաձայնեցումը դիմողի հետ և կազմակերպության ընտրությունը պետք է կատարվեն ոչ ուշ, քան արտոնագրող (լիցենզավորող) մարմնում գրանցվելուց 60 օր անց:

(50-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 51. Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերը

 

Արտոնագիր (լիցենզիա) չի տրվում, եթե`

ա) դիմողը սույն օրենքի համաձայն չի կարող լինել արտոնագրատեր.

բ) դիմումում նշված տվյալները չեն համապատասխանում իրականությանը.

գ) բացակայում են հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն:

Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` որոշման ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում:

Արտոնագրման (լիցենզավորման) մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

(51-րդ հոդվածը փոփ. 20.02.01 ՀՕ-143)

 

Հոդված 52. Արտոնագրի (լիցենզիայի) բովանդակությունը

 

Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է դիմողի տված հետևյալ տեղեկությունները`

ա) դիմողի լրիվ անվանումը.

բ) հեռուստառադիոընկերության կարգավիճակը.

գ) տեղեկատվության տարածման տեսակը.

դ) հեռուստառադիոընկերության հասցեն:

Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է Ազգային հանձնաժողովի տված հետևյալ տեղեկությունները`

ա) սփռման հնարավոր տարածքը.

բ) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ժամերն օրվա ընթացքում.

գ) նշում` արտոնագրի (լիցենզիայի) համար վճարումների մասին.

դ) տեղեկություններ սահմանափակումների մասին.

ե) արտոնագրի (լիցենզիայի) համարը, ամիսը, ամսաթիվը, տարին.

զ) արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը:

Արտոնագիրը (լիցենզիան) պարունակում է դիմողի և Ազգային հանձնաժողովի կողմից համաձայնեցված հետևյալ տեղեկությունները`

ա) հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման հաճախությունը.

բ) սեփական կամ վարձակալած հեռարձակման հեռահաղորդակցության միջոցների տեխնիկական տվյալները, տեղակայման վայրը.

գ) ճառագայթում ունեցող սարքավորումների առկայությունը և տեղը.

դ) սպասվելիք լսարանը.

ե) հաղորդումների լեզուն.

զ) հեռուստառադիոհաղորդումների մասնագիտացումը.

է) հաղորդումների ծավալը.

ը) հաղորդումների եթեր հեռարձակվելու սկիզբը (ամիսը, ամսաթիվը, տարին):

 

Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը

 

Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կատարելուց հետո` տասնօրյա ժամկետում:

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից:

(53-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Հոդված 54. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները

 

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) հեռուստառադիոընկերություններին տրվում է`

ա) տասը տարով` կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար.

բ) յոթ տարով` եթերային հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար:

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Ազգային հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`

ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.

բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:

Ամբողջական վերահեռարձակման համար սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռուստառադիոհաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու և վերահեռարձակման հայտի առկայության դեպքում նախապատվությունը կարող է տրվել վերահեռարձակողին:

(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 55. Արտոնագրի (լիցենզիայի) ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը խմբ. 24.10.01 ՀՕ-251)

 

Ազգային հանձնաժողովը կարող է արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչել, եթե`

ա) դա ստացվել է անօրինական ճանապարհով.

բ) խախտվել են արտոնագրի (լիցենզիայի) պայմանները, և Ազգային հանձնաժողովն այդ պատճառով մեկ տարվա ընթացքում առնվազն երեք անգամ զգուշացումներ է կատարել.

գ) հեռուստառադիոընկերության` տեխնիկական միջոցների ընդունված ստանդարտներին անհամապատասխանությունը, որը հաստատված է փորձաքննությամբ և վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ է ստեղծում այլ հեռուստառադիոընկերությունների գործունեության համար, չի ապահովում հեռուստառադիոհաղորդումների տեխնիկական որակը, և Ազգային հանձնաժողովի զգուշացումներից հետո` 15 օրվա ընթացքում, դրանք չեն վերացվել.

դ) տեղի է ունեցել արտոնագրի (լիցենզիայի) զիջում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

ե) արտոնագրատերն արտոնագիրը (լիցենզիան) ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել հեռուստառադիոհաղորդումներ.

զ) այդ մասին կա արտոնագրատիրոջ դիմումը.

է) խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:

Լուծարման հետևանքով առաջացած վնասների համար Ազգային հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում: Արտոնագրման (լիցենզավորման) համար մուծված գումարը չի վերադարձվում:

Ազգային հանձնաժողովի որոշումը` արտոնագիրը (լիցենզիան) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, կարող է գանգատարկվել դատական կարգով: Արտոնագիրն անհիմն ուժը կորցրած ճանաչելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:

(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251, լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ) ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 56. Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման պայմանները

 

Կաբելային (լարային) ցանցի համար արտոնագիր (լիցենզիա) չի պահանջվում, եթե`

ա) հեռուստառադիոընդունիչների թիվը 25-ից ավելի չէ.

բ) սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական անձին պատկանող շենքերով ու տարածքներով, բացառությամբ հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի.

գ) նախատեսված է հեռուստառադիոհաղորդումները հեռարձակել այնպիսի ժամկետում, որը չի գերազանցում 45 օրը և առնչվում է որևէ մշակութային ու մարզական միջոցառման հետ:

Արգելվում է առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման շրջանակներում հասարակական-քաղաքական ու սոցիալ-տնտեսական բնույթի հաղորդումների պատրաստումը և հեռարձակումը:

Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող հեռուստառադիոհաղորդումների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի հեռուստառադիոհաղորդումներ ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

Առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումներն իրականացվում են Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա:

Սույն օրենքի և հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառի այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոընկերությունների գործունեությունն Ազգային հանձնաժողովը դադարեցնում է:

 

Հոդված 57. Դիմում` առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ

 

Առանց արտոնագրի (լիցենզիայի) հեռուստառադիոհաղորդումներ իրականացնողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողով` հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից 40 օր առաջ:

Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`

ա) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.

բ) սփռման տարածքի մասին.

գ) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.

դ) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին:

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 58. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի դրույթների, Ազգային հանձնաժողովի որոշումների և սույն բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի, ինչպես նաև արտոնագրի (լիցենզիայի) պայմանները չկատարելու կամ խախտելու դեպքում Ազգային հանձնաժողովն այդ մասին գրավոր նախազգուշացնում է տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը), որը պարտավոր է ողջամիտ ժամկետում կատարել ներկայացվող պահանջները: Գրավոր նախազգուշացումում ներկայացվող պահանջները չկատարելու դեպքում Ազգային հանձնաժողովն իրավասու է`

ա) տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) նկատմամբ կիրառել վարչական տույժ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով.

բ) իր որոշմամբ կասեցնել տվյալ հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կամ նրա հաղորդաշարի գործունեությունը` մինչև դատարանի կողմից համապատասխան որոշման կամ վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ազգային հանձնաժողովն իրավասու է սույն օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված դեպքերում իր որոշմամբ ուժը կորցրած ճանաչել օրենսդրությունը խախտող հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) արտոնագիրը (լիցենզիան), ինչպես նաև դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ պատասխանատվության ենթարկելու հայցով:

Սույն հոդվածով Ազգային հանձնաժողովին լիազորված իրավասությունների կիրառման դեպքերը և կարգը սահմանվում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգով:

Հեռուստառադիոընկերությունները (հեռուստաընկերությունը կամ ռադիոընկերությունը) իրավունք ունեն դիմել դատարան` Ազգային հանձնաժողովի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Հայցի առկայությունը չի դադարեցնում գրավոր նախազգուշացման պահանջների կամ վարչական տույժի կիրառման մասին որոշման կատարումը:

Ազգային հանձնաժողովի կողմից հեռուստառադիոընկերության կամ հաղորդաշարի գործունեությունն անհիմն դադարեցնելու դեպքում Ազգային հանձնաժողովը պարտավոր է հատուցել տվյալ հեռուստառադիոընկերությանը պատճառած վնասը:

(58-րդ հոդվածը խմբ., փոփ. 24.10.01 ՀՕ-251)

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 59. Անցումային դրույթներ

 

Խորհրդի ձևավորումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, հայտարարվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների պաշտոնների համար մրցույթ:

Ազգային հանձնաժողովը և նրա աշխատակազմը ձևավորվում ու իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի ուժի մեջ մտնելու պահից` եռամսյա ժամկետում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:

Ազգային հանձնաժողովի և Խորհրդի գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացնում է համապատասխան տարածք, գույք և այլ անհրաժեշտ միջոցներ:

Ազգային հանձնաժողովի գործունեության պահից սկսած` մինչ այդ արտոնագրված (լիցենզավորված) և գործող հեռուստառադիոընկերությունները վերաարտոնագրվում (վերալիցենզավորվում) են անվճար` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` նախապես արտոնագրված (լիցենզավորված) ժամկետներով: Վարձակալական հիմունքներով հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը մինչև համապատասխան հաճախություններով հեռուստառադիոհեռարձակման արտոնագրի համար մրցույթի հաղթողի ճանաչվելը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2005 թվականը թույլատրվում է օտար լեզվով հեռարձակել սույն օրենքով սահմանված եթերաժամանակը գերազանցող գեղարվեստական և մուլտիպլիկացիոն կինոնկարներ` հետևյալ սանդղակով.

 

2001 թվականին

2002 թվականին

2003 թվականին

2004 թվականին

12 ժամ

9 ժամ

6 ժամ

3 ժամ

 

Հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակման ծավալի վերաբերյալ սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պահանջը` մինչև 2005 թվականը, թույլատրվում է իրագործել հետևյալ սանդղակով.

 

2001 թվականին

2002 թվականին

2003 թվականին

2004 թվականին

25%

35%

45%

55%

 

Սույն դրույթը չի տարածվում Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման ծավալի վրա:

Սույն օրենքի 28 հոդվածի 6-րդ պարբերության «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից հեռարձակվող ընդհանուր հաղորդումների մեջ առևտրային գովազդի առավելագույն չափը կազմում է տասը տոկոս:

Սույն օրենքի հրապարակման պահից «Ազգային հեռուստատեսություն» և «Ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հիմնադրի կողմից լուծարվում են և, համաձայն սույն օրենքի, ստեղծվում է «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումների հեռարձակման նվազագույն ծավալը սահմանել հետևյալ սանդղակով.

 

 

2001 թվականին

2002 թվականին

2003 թվականին

հեռուստահեռարձակում

12 ժամ

15 ժամ

18 ժամ 

ռադիոհեռարձակում

43 ժամ

48 ժամ

50 ժամ:

 

Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են.

2 անդամը` 2 տարի,

2 անդամը` 4 տարի,

1 անդամը` 6 տարի:

Ազգային հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները հետևյալն են.

3 անդամը` 2 տարի,

3 անդամը` 4 տարի,

3 անդամը` 6 տարի:

(59-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-223, լրաց24.10.01 ՀՕ-251)

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 60. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-97