Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-337
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2005-22.08.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.21/21(196) Հոդ.473
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

Հոդված 2. Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Հոդված 3. Տեղական ինքնակառավարումը

Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ և օրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի սեփականությունը տնօրինելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով երաշխավորված իրավունքն ու համայնքի կարողությունն է:

Տեղական ինքնակառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Սևանա լճի կարգավիճակը սահմանվում է օրենքով:

Հոդված 4. Համայնքը

Համայնքը պետական համակարգի ժողովրդավարական հիմքն է: Համայնքը բնակիչների հանրություն և վարչատարածքային միավոր է, որի սահմաններում համայնքի բնակիչներն ուղղակիորեն կամ օրենքով սահմանված ընտրովի մարմինների միջոցով իրականացնում են տեղական ինքնակառավարում: Համայնքն իրավաբանական անձ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով: Համայնքն ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

Հոդված 5. Համայնքի բնակիչները

Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքում:

Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:

Հոդված 6. Համայնքի վարչական տարածքը

Համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաև բնակավայրերից դուրս գտնվող հողերը, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:

Համայնքները սահմանվում են օրենքով, իսկ դրանց վարչական սահմանների նկարագրումը և սահմանների նկարագրության փոփոխությունները հաստատում է կառավարությունը:

(6-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն, 14.12.04 ՀՕ-42-Ն)

Հոդված 7. Տեղական ինքնակառավարման մարմինները

Ժողովրդի իշխանություն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով համայնքներում օրենքով սահմանված կարգով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար: Համայնքի ղեկավար և ավագանու անդամներ կարող են ընտրվել առնվազն մեկ տարի տվյալ համայնքի բնակիչ համարվող քաղաքացիները:

Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված լիազորություններ:

Համայնքի ավագանին իր լիազորություններն ստանձնում է ոչ շուտ, քան նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հաջորդ օրը:

Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքում` քաղաքապետը, Երևանի թաղային համայնքում` թաղապետը, գյուղական համայնքում` գյուղապետը) պաշտոնապես ներկայացնում է համայնքը, համայնքի գործադիր մարմինն է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու սույն օրենքով նախատեսված լիազորությունները:

Համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը:

Արտահերթ ընտրությունների միջոցով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնն ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը

Տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, գործում են իրենց որոշած նստավայրում:

Համայնքի նստավայրի շենքի վրա տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում` նաև Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման սկզբունքները

Տեղական ինքնակառավարման սկզբունքներն են`

1) ընդհանուր իրավասությունը` համայնքային շահերին վերաբերող, ցանկացած գործունեության իրականացման իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) ինքնուրույնությունը և սեփական պատասխանատվությունը տեղական ինքնակառավարումն իրականացնելիս.

3) համայնքներին օրենքով վերապահված լիազորությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների համապատասխանությունը.

4) պետական մարմինների լիազորությունների փոխանցումը համայնքներին, եթե այդ լիազորություններն առավել արդյունավետ կարող են իրականացվել համայնքներում` օրենքով դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պարտադիր ապահովմամբ.

5) համայնքի իրավունքների, օրինական շահերի և սեփականության` օրենքով սահմանված կարգով պաշտպանությունը.

6) ֆինանսապես թույլ համայնքներին ֆինանսական համահարթեցման միջոցով աջակցությունը.

7) առանձին խնդիրներ համատեղ լուծելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, այլ համայնքների հետ միջհամայնքային միավորումներ ձևավորելը.

8) համայնքի անդամների առջև հաշվետու լինելը.

9) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը:

Հոդված 10. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդհանուր բնութագիրը

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական և պետության կողմից պատվիրակված:

Սեփական լիազորությունները բաժանվում են պարտադիր և կամավոր լիազորությունների:

Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով:

Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է սույն օրենքով փոխանցվել համայնքներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ:

Պետության պատվիրակած լիազորություններն իրականացվում են օրենքով կամ կառավարության սահմանած կարգով: Պետության պատվիրակած լիազորություններն ամբողջովին և պարտադիր ֆինանսավորվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:

Պարտադիր և պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են համայնքի կողմից առաջնահերթությամբ և օրենքով սահմանված կարգով կատարման:

Կամավոր լիազորություններն իրականացվում են համայնքի բյուջեով նախատեսված հատկացումներին համապատասխան և ավագանու սահմանած կարգով:

Սույն օրենքում թվարկված կամավոր լիազորություններն սպառիչ չեն: Այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքները կարող են իրականացնել միայն որպես կամավոր լիազորություններ: Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են իրականացնել համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 11. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե ընտրվել են ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի կեսից ավելին:

Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Ավագանին կարող է անցկացնել արտահերթ նիստեր:

Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանու` սույն օրենքով, ինչպես նաև ավագանու կանոնակարգով նախատեսված կարգով գործունեության իրականացման համար:

Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: Սույն օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ:

Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին:

Պետական մարմինները կամ համայնքի ղեկավարն ավագանու ընդունած ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր են քննության առնել և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել ավագանուն:

Հոդված 12. Համայնքի ավագանու նիստի օրակարգը և որոշման նախագծերի նախապատրաստումը

Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարը և ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասը օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից:

Հարցերի հեղինակները պետք է ներկայացնեն որոշման նախագծեր: Յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և յուրաքանչյուր որոշման նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները:

Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերը նիստն սկսվելուց առնվազն յոթ օր առաջ տրամադրվում են ավագանու անդամներին:

Նիստի օրակարգը հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

(12-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն)

 

Հոդված 121.

Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

Ավագանու հերթական նիստից  առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի  ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով  և ինտերնետային ցանցի միջոցով:

Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է  դրված լինեն  համայնքի  ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում:

Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու և դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով

(121-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)

Հոդված 13. Նորընտիր ավագանու առաջին նիստը

Նորընտիր ավագանու առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան ավագանու լիազորություններն ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում:

Հոդված 14. Համայնքի ավագանու նիստը

Համայնքի ավագանու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, և նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու` նիստին ներկայացած անդամները:

Համայնքի ավագանու որոշումները և ուղերձներն ընդունվում են ավագանու` նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչև օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ և առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է` մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները և որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում և նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:

Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա  ժամկետում, կարող է պահանջել հրավիրել  ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը իր կարծիքով հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ` բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:

 Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:

 Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

 Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:
      Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:

(14-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)

Հոդված 15. Համայնքի ավագանու արտահերթ նիստը

Համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարում է համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը` իր կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նիստից մեկ օր առաջ:

Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:

Հոդված 16. Համայնքի ավագանու իրավասությունը

Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով`

1) ընդունում է իր կանոնակարգը սույն օրենքի պահանջներին համապատասխան.

2) հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը.

3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

4) վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.

5) որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.

6) նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.

7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

71) դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.

8) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.

9) որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.

10) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ.

11) որոշում է կայացնում միջհամայնքային միավորումում իր ներկայացուցիչը նշանակելու վերաբերյալ.

12) որոշում է կայացնում պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից համայնքի խնդիրներին վերաբերող և օրենքով սահմանված գաղտնի տեղեկություններ չպարունակող փաստաթղթեր ստանալու վերաբերյալ: Այդ պահանջի կատարումը մեկամսյա ժամկետում պարտադիր է պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար.

13) որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.

14) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

15) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.

16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.

17) հաստատում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները` օրենքով սահմանված կարգով.

18) սահմանում է օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը.

19) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

20) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.

21) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

22) իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.

23) որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.

24) որոշում է կայացնում գյուղական և քաղաքային համայնքների ավագանիների կողմից` իրենց կանոնակարգերին համապատասխան Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու վերաբերյալ.

25) որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ.

26) հաստատում է համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը.

27) հաստատում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը և գոտիավորման փաստաթղթերը, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.

28) հաստատում է բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը.

29) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

30) պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս համայնքի անվանափոխության վերաբերյալ:

Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 17. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ:

Այդ առաջարկությունը համայնքի ավագանին կարող է անել համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը: Այդ նիստին համայնքի ղեկավարի անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետի համար հիմք է իր կողմից համայնքի ղեկավարի անվստահության գործընթացը նախաձեռնելու համար:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին` դրան կցելով համայնքի ղեկավարի կարծիքը:

Մարզպետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին համայնքից ստացած փաստաթղթերը եռօրյա ժամկետում ներկայացնում է կառավարություն` կցելով իր կարծիքը:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

(17-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 18. Համայնքի ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը

Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

1) աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար.

2) լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ.

3) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:

Սույն հոդվածով սահմանված, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են:

Հոդված 19. Համայնքի ավագանու անդամի իրավունքները

Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի`

1) առաջարկություններ ներկայացնել ավագանու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստել և ավագանու քննարկմանը ներկայացնել հարցեր, որոշումների և ուղերձների նախագծեր.

3) համայնքի ղեկավարից պահանջել և ստանալ նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկանքներ.

4) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատարան, եթե խախտվել են նրա` որպես ավագանու անդամի իրավունքները.

5) ստանալ դրամական փոխհատուցում` սույն օրենքով սահմանված կարգով իր պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց:

Հոդված 20. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է`

1) մասնակցել ավագանու նիստերին.

2) պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.

4) չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին.

5) անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին:

Հոդված 21. Համայնքի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե`

1) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

4) նա զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.

6) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից.

8) նա հրաժարական է տվել.

9) նա մահացել է:

Բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետի, սույն հոդվածով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:

Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ավագանու որոշմամբ: Նիստ գումարելու անհնարինության դեպքում ավագանու մյուս անդամները կազմում են ավագանու անդամի լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն:

Հոդված 22. Համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը:

Տվյալ արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:

Ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

Հոդված 23. Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը

Համայնքի ավագանու անդամը, իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով:

Գ Լ ՈՒ Խ  3.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 24. Համայնքի ղեկավարը

Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, առնվազն մեկ տարի տվյալ համայնքի բնակիչ համարվող Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի:

Համայնքի ղեկավարը պետք է ունենա միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն կրթություն: Նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:

Հոդված 25. Համայնքի ղեկավարի պաշտոնի անհամատեղելիությունը

Համայնքի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի ստեղծագործական, գիտական և մանկավարժական աշխատանքից:

Հոդված 26. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը

Համայնքի ղեկավարի լիազորությունները պետական լիազորված մարմնի ներկայացմամբ վաղաժամկետ դադարեցնում է կառավարությունը, եթե`

1) նա հրաժարական է տվել.

2) դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

3) նա դադարել է համայնքի բնակիչ լինելուց.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա դատապարտվել է ազատազրկման և կրում է պատիժը.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

6) նա անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.

7) նա մահացել է:

Նշված դեպքերում համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ներկայացվում է պետական լիազորված մարմին:

Կառավարությունը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է, եթե տվյալ համայնքը, օրենքով սահմանված կարգով, վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր:

Հոդված 27. Համայնքի ղեկավարի վարձատրությունը

Համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`

1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 50 տոկոսը.

2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 60 տոկոսը.

3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 70 տոկոսը.

4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 80 տոկոսը.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 90 տոկոսը:

Հոդված 28.

Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կազմավորումը

(հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-43-Ն)

(սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն` 28-րդ հոդվածը գործել է մինչև տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան 14.12.04 ՀՕ-43-Ն օրենքն ընդունելը և սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, այն է` 26.02.05)  

Հոդված 29. Համայնքի ղեկավարի տեղակալը

Համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 30. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը

Աշխատակազմի քարտուղարն իրականացնում է սույն օրենքով և համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես`

1) համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

2) կազմակերպում և ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.

3) աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը և արխիվային գործը.

4) համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպումը.

5) ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.

6) համայնքի ղեկավարի և ավագանու կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպումը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի հսկողությունը.

7) համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

8) ավագանու որոշումների առաքումը համապատասխան մարզպետարան` յոթնօրյա ժամկետում:

Հոդված 31. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը

Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին: Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:

Գ Լ ՈՒ Խ  4.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Համայնքի ղեկավարի իրավասությունը

Համայնքի ղեկավարը սույն օրենքով սահմանված կարգով`

1) հրավիրում և վարում է ավագանու նիստերը` սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով.

11) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.

2) համայնքի զարգացման եռամյա ծրագիրը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

3) հաստատում է աշխատակազմի, ինչպես նաև բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

4) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

5) աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերն ու դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը.

6) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

7) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

8) նշանակում և ազատում է համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին.

9) համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքի բյուջետային հիմնարկների ղեկավարներին: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ.

10) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման նախագիծը.

11) կնքում է Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների համայնքների հետ համագործակցության մասին պայմանագրերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու վավերացմանը: Միջհամայնքային միավորում ստեղծելու, ինչպես նաև համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամավճարները մուծելու մասին որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

12) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.

13) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին.

14) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում առաջարկ` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.

15) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).

16) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.

17) իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ.

18) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը.

19) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.

20) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.

21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Սույն հոդվածի 1-16-րդ կետերով նախատեսված լիազորությունները համարվում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններ, իսկ 17-19-րդ կետերով նախատեսվածները` պետության պատվիրակած լիազորություններ:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)

Հոդված 33. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը.

2) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.

3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.

4) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոցներ.

5) իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումներով խթանում է տնտեսական գործունեություն նախաձեռնողների ծրագրերի իրականացմանը և նպաստում ու օժանդակում է համայնքում նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը.

6) կանոնակարգում է հանրահավաքների, երթերի, ցույցերի և զանգվածային այլ միջոցառումների անցկացումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով.

7) կազմակերպում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը համայնքի արխիվից:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) միջոցներ է ձեռնարկում տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ.

2) կազմում է ընտրողների ցուցակները.

3) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեությունն այն համայնքներում, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները.

4) վավերացնում է համայնքի բնակիչ համարվող անձանց կտակը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար.

5) հաստատում է համայնքի բնակիչ համարվող անձանց` տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու, աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ (այդ թվում` դրամական և ծանրոցային) ստանալու լիազորագիրը, եթե այդ համայնքում չկա մշտապես գործող նոտար:

Հոդված 34. Համայնքի ղեկավարի գործունեությունը ֆինանսների բնագավառում

Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն.

2) տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

3) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում վարկային և փոխատվությունների ձևով միջոցների ներգրավման, այդ թվում` համայնքային պարտատոմսերի թողարկման փաստաթղթերը.

5) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը.

6) ստորագրում է ֆինանսական փաստաթղթերը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի ու հողի հարկի գանձումը, ինչպես նաև կազմակերպում է տեղական տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

2) հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ:

(34-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 35. Համայնքի ղեկավարի գործունեությունը հասարակական կարգի պահպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար համայնքի տարածքում գործող ոստիկանությունից կարող է պահանջել համապատասխան աջակցություն, որը ենթակա է պարտադիր կատարման: Ոստիկանությունը համայնքում կատարված իրավախախտումների մասին շաբաթը մեկ անգամ տեղեկատվություն է տրամադրում համայնքի ղեկավարին.

2) անձանց, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ենթարկում է վարչական պատասխանատվության:

Հոդված 36. Համայնքի ղեկավարի գործունեությունը պաշտպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է զորակոչին, զորահավաքներին, ուսումնավարժական հավաքներին.

2) աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը.

3) միջոցներ է ձեռնարկում զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման ուղղությամբ, աջակցում է զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը.

4) աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը:

Հոդված 37. Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում

(վերնագիրը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

 

Համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, գոտիավորման այլ փաստաթղթեր:

Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը կազմում է Երևանի քաղաքապետը և Երևանի խորհրդի համաձայնությամբ ներկայացնում է կառավարության հաստատմանը.

2) սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

3) սահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին, կառուցապատողներին տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.

4) սահմանված կարգով տալիս է շինարարության (քանդման) թույլտվություն, օրենքով սահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.

5) սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.

6) սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

7) իրականացնում է համայնքային սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը և բաշխումը, կազմում է սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը.

8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

9) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.

10) կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը.

11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը.

12) կազմակերպում է աղբահանությունը.

13) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները և աջակցում է դրանց անցկացմանը, ինչպես նաև օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքերի կառավարման այլ մարմինների ձևավորմանը: Ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան.

15) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

16) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է բնակարանային և սոցիալական նշանակության այլ օբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը.

2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.

3) կազմում է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված, ըստ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերը.

4) կազմակերպում է հանգստի վայրերի խնամքը և պահպանությունը.

5) կազմակերպում է սանիտարական մաքրման կայանքների շինարարությունը և շահագործումը:

(37-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 38. Համայնքի ղեկավարի գործունեությունը հողօգտագործման բնագավառում

(վերնագիրը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

 

Համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կառավարության սահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող հողամասերը.

3) օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) սահմանված կարգով իրականացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառումը և կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը.

2) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողամասերը.

3) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողամասերի բարելավման աշխատանքներ.

2) իրականացնում է ներտնտեսային հողաշինարարական աշխատանքներ:

(38-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 39. Համայնքի ղեկավարի գործունեությունը տրանսպորտի բնագավառում

Համայնքի ղեկավարը տրանսպորտի բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը և շահագործումը.

2) կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանսպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.

3) տալիս է համայնքի տարածքում մարդատար և երթուղային տաքսիների ծառայություն իրականացնելու թույլտվություն:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

- իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում և թույլատրում է համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայումն ու հանումը: Երթևեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն:

Սույն բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունը.

- կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, կամուրջների և ինժեներական այլ կառույցների շինարարությունը:

Հոդված 40. Համայնքի ղեկավարի գործունեությունն առևտրի և սպասարկման բնագավառում

Համայնքի ղեկավարն առևտրի և սպասարկման բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) մշակում է առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները, դրանք ներկայացնում է համայնքի ավագանու հաստատմանը և վերահսկում է դրանց կատարումը.

2) համայնքի տարածքում` առևտրի համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.

3) տալիս է համայնքի տարածքում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվություն.

4) համայնքի տարածքում` սպասարկման գործունեության համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին տալիս է ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն.

5) համայնքի տարածքում` հանրային սննդի համայնքային կանոններին, իսկ Երևանում, համաքաղաքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն.

6) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մասնակցության մասին:

Հոդված 41. Համայնքի ղեկավարի գործունեությունը կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում

Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

- կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

2) աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

3) հաշվառում, դասակարգում և տարածում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը.

4) աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը.

5) աջակցում է հանրակրթական դպրոցների գործունեությանը:

(41-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 42. Համայնքի ղեկավարի գործունեությունն առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում

Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

- կազմակերպում և կառավարում է համայնքային ենթակայության առողջապահական և մարզական հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը.

2) աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.

3) նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը, իրականացնում է սպորտային հրապարակների և մարզական այլ կառույցների շինարարություն, ստեղծում է հանգստի գոտիներ:

Հոդված 43. Համայնքի ղեկավարի գործունեությունն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում

Համայնքի ղեկավարն աշխատանքի և սոցիալական ծառայության բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունը.

- համայնքի տարածքում կազմակերպում է սոցիալական օգնության ծառայության գործունեությունը:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, կազմակերպում է վճարովի հասարակական աշխատանքներ.

2) միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Հոդված 44. Համայնքի ղեկավարի գործունեությունը գյուղատնտեսության բնագավառում

Համայնքի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) կատարում է համայնքային սեփականություն համարվող ոռոգման ցանցերի շահագործումը, դրանց շինարարությունը և վերանորոգումը.

2) համաքաղաքային կանոններին համապատասխան տալիս է Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն և կատարում է դրանց ամենամյա հաշվառում:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) կազմակերպում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները.

2) կազմակերպում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումները, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքները:

Համայնքի ղեկավարը սույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.

1) աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.

2) աջակցում է տոհմային և սերմնաբուծական աշխատանքներին:

Հոդված 45. Համայնքի ղեկավարի գործունեությունը բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում

Համայնքի ղեկավարը բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.

- կազմակերպում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությունը:

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համայնքի ղեկավարն իրականացնում է պետության պատվիրակած հետևյալ լիազորությունները.

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները.

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 46. Համայնքի սեփականությունը

Համայնքն ունի սեփականություն, որի իրավունքը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով: Համայնքի սեփականություն կարող են լինել անշարժ և շարժական գույքը, դրամական միջոցները և գույքային այլ իրավունքներ:

Պետության կարիքների համար համայնքին իր սեփականություն համարվող գույքից զրկելը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Համայնքի սեփականություն համարվող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը: Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:

Հոդված 47. Համայնքի հողի սեփականությունը

Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող հողերը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին:

Համայնքն իր սեփականություն համարվող հողերը կարող է տնօրինել, տիրապետել և օգտագործել օրենքով սահմանված կարգով:

(մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)

(47-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 48. Համայնքի գույքի սեփականությունը

Համայնքի վարչական սահմաններում գտնվող գույքը, սույն օրենքին համապատասխան, սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է համայնքներին, բացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն համարվողներից, ինչպես նաև պետությանն իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքից:

Հոդված 49. Համայնքի պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը

Սույն օրենքով համայնքներին վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գույքը, որը պատկանում է պետությանը, որպես սեփականություն, անհատույց փոխանցվում է համայնքներին:

Համայնքի պարտադիր լիազորություններն իրականացվում են համայնքի ղեկավարի աշխատակազմի, բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով: Համայնքի սեփականություն կարող են դառնալ համայնքի տարածքում գտնվող մանկապարտեզները, կոմունալ տնտեսության և այլ հաղորդակցության ուղիները, ջրմուղի, կոյուղու, ոռոգման, ջեռուցման, աղբահանության համակարգերը:

Համայնքի սեփականություն կարող են դառնալ նաև համայնքի տարածքում գտնվող մասնագիտացված դպրոցները, ակումբները, մշակույթի տները, թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները, գրադարանները, ցուցահանդեսները, շուկաները, առողջապահական և տրանսպորտային կազմակերպությունները, փողոցները, հրապարակները, կամուրջները, բազմաբնակարան շենքերի բնակարանները և ոչ բնակելի տարածքները, ընդհանուր օգտագործման տարածքները, գերեզմանատները, ինչպես նաև վարչական շենքերը, կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտներն ու շինությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ներհամայնքային ցանցերը, խմելու և ոռոգման ջրատարները, ինչպես նաև անշարժ ու շարժական այլ գույք:

Համայնքներին, որպես սեփականություն փոխանցվող գույքի հետ միասին, սեփականության իրավունքով փոխանցվում է նաև գույքին ամրակցված հողը:

Գույքը համայնքներին սեփականության իրավունքով փոխանցվում է սույն օրենքով սահմանված կարգով` կառավարության որոշմամբ հաստատված ցանկերին համապատասխան:

(49-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 50. Համայնքի սեփականության գոյացման աղբյուրները

Համայնքի սեփականությունը գոյանում է`

1) պետական սեփականություն համարվող գույքը համայնքի սեփականությանը հանձնելուց.

2) համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունից.

3) համայնքի բյուջեի եկամուտներից և օրենքով չարգելված այլ ֆինանսական մուտքերից.

4) համայնքի բյուջեի հաշվին ձեռք բերված գույքից.

5) բարեգործական հատկացումներից, քաղաքացիների, հիմնարկների և կազմակերպությունների նվիրատվություններից.

6) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 51. Համայնքի սեփականության օտարման սահմանափակումը

Համայնքի սեփականություն համարվող հողերը կարող են օտարվել համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով սահմանված նպատակներին համապատասխան և համայնքի տարածքում տնտեսական գործունեության խթանման համար:

Համայնքն իր տարածքում տնտեսական գործունեությունը խթանելու նպատակով իր օտարած հողի նկատմամբ հինգ տարվա ընթացքում ունի առաջնային հետգնման իրավունք հողամասի շուկայական գնով:

Համայնքի հողի օտարման պայմանագրում պետք է ամրագրվեն համայնքի հողի առաջնային հետգնման իրավունքը և տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող ծրագրի ժամկետները: Պայմանագրի խախտման դեպքում դա կարող է լուծվել դատական կարգով:

(մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)

Գույքի օտարումից ստացվող ֆինանսական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով և ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման այլ սահմանափակումները սահմանվում են օրենքով:

(51-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 52. Համայնքի տնտեսական գործունեությունը

Համայնքը, իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել բյուջետային հիմնարկներ, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

Համայնքային հիմնարկները և կազմակերպությունները կարող են լինել`

1) բյուջետային հիմնարկներ.

2) առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ պատկանում են համայնքին.

3) առևտրային կազմակերպություններ, որոնցում համայնքը մասնակի սեփականատեր է:

Գ Լ ՈՒ Խ  6.

ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 53. Համայնքի զարգացման ծրագիրը

Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի եռամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում: Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը եռամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում կամ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

Համայնքի ավագանին քննարկում է ներկայացված ծրագիրը, կատարում է փոփոխություններ և իր որոշմամբ ընդունում է:

Համայնքի ղեկավարը տարեկան բյուջեների նախագծերը մշակելիս հաշվի է առնում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի եռամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

Հոդված 54. Համայնքի բյուջեն

Համայնքի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի եռամյա զարգացման ծրագրի և համայնքին` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:

Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին: Ավագանին համայնքի բյուջեում փոփոխություններ է կատարում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ: Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատում է ավագանին:

Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից: Համայնքի բյուջեն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 55. Համայնքի բյուջեի քննարկումը և հաստատումը

Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:

Համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացնում է բյուջեի նախագիծը, պատասխանում է ավագանու անդամների հարցերին:

Համայնքի ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվում են ավագանու նիստում: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է նոր ծախսեր, ապա նա պարտավոր է նշել համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները: Համայնքի ղեկավարը քննարկումներից հետո կարող է վերցնել մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ և ներկայացնում է իր դիրքորոշումը բյուջեի` ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը համայնքի ղեկավարի ընդունած փոփոխություններով քվեարկության է դրվում ամբողջությամբ: Չընդունվելու դեպքում նոր բյուջեի նախագծի քննարկման ժամկետները կարող է որոշել համայնքի ավագանին` համաձայնեցնելով համայնքի ղեկավարի հետ, կամ համայնքի ղեկավարը` հրավիրելով արտահերթ նիստ:

Եթե ավագանին մինչև տարվա սկիզբը համայնքի բյուջեն չի ընդունում, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Այդ դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել նախկինում կնքած պայմանագրերից բխող պարտավորությունները, չիրականացնել նոր ներդրումներ, իսկ ծախսերը կատարել նախորդ տարվա յուրաքանչյուր ամսում կատարված ծախսերից ոչ ավելի:

Պետական լիազորված մարմինը և մարզպետարանները մեթոդական և խորհրդատվական օգնություն են ցույց տալիս համայնքի բյուջեի նախագծի մշակման նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վերահսկում են բյուջետային գործընթացը:

Համայնքների բյուջեներ կազմելու և ներկայացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Եթե համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ավագանու անդամների թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի բյուջեի հաստատման առնչությամբ հրաժարական տալու միջոցով համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում կայացնելու դեպքում համապատասխան մարզպետը հարցը ներկայացնում է կառավարություն` օրենքով սահմանված կարգով:

Եթե դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կառավարությունը նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:

Համայնքի ղեկավարի` կառավարության պահանջով հրաժարական տալու դեպքում, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս համայնքի նոր ղեկավարը համայնքի ավագանուն բյուջեի նախագիծ է ներկայացնում քսան օրվա ընթացքում: Դա քննարկվում և հաստատվում է օրենքով նախատեսված կարգով` երեսուն օրվա ընթացքում:

Ավագանիների կողմից համայնքների բյուջեների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Հոդված 56. Համայնքի բյուջեին ներկայացվող պահանջները

Բյուջետային տարվա համար համայնքի բյուջեի յուրաքանչյուր (վարչական և ֆոնդային) մասում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:

Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեի հավելուրդը, իսկ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը` բյուջեի դեֆիցիտը (այսուհետ` պակասուրդ):

Համայնքի բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է օրենքով սահմանված կարգով ներգրավվող փոխառու, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքային բյուջեներ` օրենքով սահմանված չափերով մասհանվող միջոցների հաշվին: Համայնքի բյուջեի պակասուրդի գումարը չպետք է գերազանցի պակասուրդի ֆինանսավորման համար օրենքով սահմանված աղբյուրների ընդհանուր գումարը:

Համայնքի բյուջեի պակասուրդի կամ հավելուրդի չափը սահմանվում է համայնքի ավագանու` տվյալ տարվա համայնքի բյուջեի մասին որոշմամբ:

Տվյալ բյուջետային տարվա համար հաստատվող համայնքի բյուջեի`

ա) վարչական մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ծախսերի գծով առկա պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղվող տվյալ տարվա համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը.

բ) ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականությունը համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե` տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաև տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի) չի կարող գերազանցել այդ տարվան նախորդող երկրորդ և երրորդ բյուջետային տարիների համայնքի բյուջեի ֆոնդային մասում փաստացի ստացված եկամուտների (առանց պաշտոնական տրանսֆերտների գումարների և համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված պահուստային ֆոնդից ֆոնդային մաս փոխանցված միջոցների) միջին տարեկանի 30 տոկոսը:

Եթե համայնքի բյուջեն հաստատվում է առանց պակասուրդի, ապա պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

Համայնքի բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում պետական լիազորված մարմինն այդ համայնքի բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն:

Համայնքի բյուջեի պակասուրդային լինելու դեպքում համայնքի ղեկավարը պետական լիազորված մարմնի հետ համատեղ, վերջինիս սահմանած կարգով, մշակում է բյուջեի պակասուրդը ծածկող վարկային պարտքերն աստիճանաբար մարելու ծրագիր: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դա համայնքի բյուջեն կազմելու հիմք է: Այդ դեպքում պետական լիազորված մարմինը, բացի իրավական վերահսկողությունից, մշտական վերահսկողություն է իրականացնում ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ վարկային պարտքը մարելու ծրագրի իրականացման առնչությամբ:

(56-րդ հոդվածը լրաց., խմբ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 57. Համայնքի բյուջեի ձևավորման աղբյուրները

Համայնքի բյուջեն ձևավորվում է համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտներից, այդ թվում`

1. Հարկային եկամուտներ`

ա) հողի հարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար.

բ) գույքահարկ` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) եկամտահարկից մասհանումներ.

դ) շահութահարկից մասհանումներ.

ե) բնապահպանական վճարներից մասհանումներ.

զ) հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ:

Եկամտահարկի, շահութահարկի և բնապահպանական վճարների գումարներից համայնքների բյուջեներ կատարվող մասհանումների տոկոսաչափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

2. Տուրքեր`

ա) պետական տուրքեր, այդ թվում`

- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնելու կապակցությամբ վկայականներ տալու համար,

- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

բ) տեղական տուրքեր:

3. Ոչ հարկային եկամուտներ, այդ թվում`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ.

բ) համայնքի սեփականություն համարվող հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից առաջացած եկամուտներ.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից առաջացած եկամուտներ.

դ) համայնքի սեփականություն համարվող ընկերությունների տրամադրության տակ մնացած շահույթից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումներ.

ե) տեղական վճարներ.

զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարներ.

է) համայնքի սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

ը) պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորությունների իրականացման համար համայնքների բյուջեներից` ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեից տրամադրվող հատկացումներ.

թ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ պետության, հանրապետության այլ համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների) նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցները: 

4. Կապիտալի գործառնություններից եկամուտների` համայնքային սեփականության (այդ թվում` հողի) օտարումից ստացվող միջոցներ:

5. Պաշտոնական տրանսֆերտների ձևով ստացվող հատկացումներ, այդ թվում`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ.

բ) պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ և ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ).

գ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական տրանսֆերտներ:

6. Համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներ, այդ թվում`

ա) վարկերի և փոխատվությունների ձևով ներգրավված միջոցներ, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսեր թողարկելու և տեղաբաշխելու կարգը սահմանում է կառավարությունը.

ա1) համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.

բ) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցները, որոնք ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով,

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում գտնվող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի խորհուրդը սույն մասի «բ» կետում նշված միջոցները կարող են ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:

(57-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-542-Ն, խմբ. 13.12.04 ՀՕ-127-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 58. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները

Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվում են դոտացիաներ: Համայնքներին չեն կարող պարտադրվել ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված ֆինանսական միջոցներն օգտագործել որևէ կոնկրետ ծախս իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար:

Պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով տվյալ տարում տրամադրվող դոտացիաների ընդհանուր գումարը (ներառյալ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը:

(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 59. Համայնքային բյուջեների վարկերը և փոխատվությունները

Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, բյուջեի ծախսերը կատարելու նպատակով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է ստանալ բյուջետային վարկեր և փոխատվություններ (այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է նաև փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը): Համայնքը նոր փոխատվություն կարող է ստանալ նախկինում ստացված փոխատվության գծով պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:

Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր` օրենքով սահմանված կարգով: Համայնքը պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չի գերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը: Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո: Տվյալ վարկային միջոցները պարտադիր ուղղվում են համայնքային բյուջեի ֆոնդային մաս:

Վարկային պայմանագրի գրավ կարող են լինել միայն համայնքի բյուջեի եկամուտները և Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքները: Համայնքի բյուջեի միջոցների հաշվին վարկեր և փոխատվություններ չեն տրամադրվում (բացառությամբ այլ համայնքների բյուջեներին օրենսդրությամբ սահմանված կարգով փոխատվությունների տրամադրման դեպքերի) և արժեթղթեր չեն գնվում (բացառությամբ համայնքի կողմից ստեղծվող կամ ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնման դեպքերի):

(59-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-542-Ն, լրաց., փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 60. Համայնքի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարները

Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար համայնքն օրենքով սահմանված կարգով սահմանում է վճարներ:

Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքի բյուջետային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:

Այդ ծառայությունների մատուցումն առևտրային կազմակերպություններն իրականացնում են մրցութային կարգով, որին մասնակցում է համայնքային` այդ ոլորտում ծառայություն մատուցող առևտրային կազմակերպությունը: Այդ դեպքում մրցույթի պայմաններից մեկը համայնքի առաջարկած սպասարկման վճարի առավելագույն չափն է:

Համայնքի սեփականություն համարվող առևտրային կազմակերպության կողմից մրցույթը շահելու դեպքում ծառայությունների իրականացման համար վճարները գանձում է տվյալ կազմակերպությունը:

Եթե մրցույթի հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն չհամարվող այլ կազմակերպություն, ապա հաղթող կազմակերպության հետ համայնքը կնքում է պայմանագիր, որում, մրցույթի արդյունքներից ելնելով, ամրագրվում են ծառայության իրականացման պայմանները, դրանց դիմաց գանձվող վճարները, որոնք գանձում է տվյալ կազմակերպությունը:

Հոդված 61. Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերը

Համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերին ամրագրվող բյուջետային մուտքերի աղբյուրները սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ, իսկ այդ աղբյուրների հաշվին համայնքի բյուջեի համապատասխան մասերից ելքերի իրականացման ուղղությունները` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Համայնքի բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված ընթացիկ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով), բյուջետային փոխատվությունների մարման և պետության պատվիրակած լիազորությունների կատարման ծախսերը:

Համայնքի բյուջեի ֆոնդային մասից ֆինանսավորվում են պարտադիր և կամավոր լիազորությունների իրականացման հետ կապված կապիտալ (Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված իմաստով) և ստացված վարկերի մարման ծախսերը:

(61-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն, խմբ. 11.04.03 ՀՕ-542-Ն)

Հոդված 62. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը

Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով:

Համայնքի բյուջեի ֆոնդային մասում կարող է ձևավորվել պահուստային ֆոնդ, որը չի կարող գերազանցել բյուջեի ֆոնդային մասի եկամուտների 30 տոկոսը:

Վարչական մասի պահուստային ֆոնդից կարող են ֆինանսական միջոցներ ուղղվել ֆոնդային մաս: Ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս:

Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 63. Համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը

Համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը նախորդ տարվա բյուջեի կատարման ընթացքում իրականացված ելքերի նկատմամբ մուտքերի գերազանցումն է, որը համայնքի ավագանու որոշումներով կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով:

Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի գումարն ուղղվում է`

ա) նախորդ (եզրափակված) բյուջետային տարում բյուջեի վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը.

բ) վերը նշված պարտավորությունները կատարելուց հետո առաջացած միջոցների մնացորդն ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս` համայնքի ավագանու որոշմամբ սահմանված ծախսերի ֆինանսավորման համար:

(63-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-542-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 64. Համայնքի զարգացման ծրագրի և տարեկան բյուջեի հրապարակումը

Համայնքի զարգացման եռամյա ռազմավարական ծրագիրը և տարեկան բյուջեն հրատարակվում են:

Ռազմավարական ծրագիրը և բյուջեն համայնքի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:

Հոդված 65. Համայնքի բյուջեի կատարումը

Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է իր աշխատակազմի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և բյուջետային հիմնարկների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

Հոդված 66. Համայնքի բյուջեի կատարման սպասարկումը

Համայնքի բյուջեի կատարման սպասարկումն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվում է պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի գանձապետական ստորաբաժանումների (այսուհետ` գանձապետական ստորաբաժանումներ) միջոցով, որտեղ ամեն համայնք ունի իր առանձին բյուջետային հաշվի համարը:

Համայնքի հաստատված բյուջեն, ինչպես նաև բյուջեում կատարված փոփոխությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում է համայնքի բյուջեն սպասարկող գանձապետական ստորաբաժանում, որը պարտավոր է համայնքի պահանջով անհապաղ կատարել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը, եթե դրանք առկա են բյուջեի հաշվում, նախատեսված են համայնքի բյուջեով և ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին համայնքի պահանջը գանձապետական ստորաբաժանում ներկայացված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Համայնքին` հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրված ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել որևէ բանկում:

Գանձապետական ստորաբաժանումները համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի մասին համայնքի ղեկավարին ներկայացնում են ամենօրյա տեղեկություններ:

(66-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 67. Համայնքի բյուջեի մուտքերի ապահովումը

Հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի և վճարների, պետական սեփականություն համարվող հողերի վարձավճարների, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների, համայնքի մասնակցությամբ կազմակերպությունների` իրեն հասանելիք շահույթի մասնաբաժնի, համայնքի սեփականության օտարումից ստացվող գումարների և պարտադիր այլ վճարների մուտքագրումը համայնքի բյուջե ինքնուրույն ապահովում են համայնքների համապատասխան ստորաբաժանումները: Եկամտահարկի, շահութահարկի մասհանումների մուտքը համայնքի բյուջե ապահովում է պետական հարկային մարմինը:

Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը և ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից հարկային արտոնությունների տրամադրման դեպքերի:

(67-րդ հոդվածը լրաց. 06.12.04 ՀՕ-165-Ն, 14.12.04 ՀՕ-45-Ն)

Հոդված 68. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունը

Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է համայնքի ավագանին, որն իրավազոր է ստուգել ցանկացած բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջել հաշվետվություններ` կատարված ծախսերի վերաբերյալ:

Բյուջեի կատարման վերահսկողությունը մշտապես և արդյունավետ իրականացնելու նպատակով համայնքների ավագանիները կարող են սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է համայնքային բյուջեից:

Հոդված 69. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը

Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում բյուջեի ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն:

Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Համայնքի ղեկավարի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինը համայնքի ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:

Համայնքի ավագանու նիստում համայնքի ղեկավարը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս է անհրաժեշտ բացատրություններ:

Համայնքի ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ կարող է անցկացնել նաև անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում` դիմել համապատասխան իրավասու մարմիններ:

Համայնքի ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:

Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:

Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև համայնքի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:

Համայնքների բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների քննարկման և հաստատման հետ կապված` սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:

(69-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-542-Ն)

Գ Լ ՈՒ Խ  7.

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 70. Տեղական ինքնակառավարումը և պետական կառավարումը

Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է անմիջականորեն, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

Տեղական ինքնակառավարման մարմինները պետական կառավարման մարմինների մասը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:

Հոդված 71. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

Պետությունն իր ընդունած օրենքներով չի կարող ավելացնել համայնքի պարտադիր լիազորությունները կամ նվազեցնել եկամուտները` առանց համապատասխան ֆինանսական փոխհատուցման սույն օրենքի 67-րդ հոդվածի համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են դատարանում բողոքարկել համայնքի իրավունքները խախտող պետական մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները:

Պետական լիազորված մարմինը, ինչպես նաև համապատասխան մարզպետը, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը, կարող են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկել դատարան:

(71-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-45-Ն, 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 72. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ

Մարզպետի, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի ներկայացմամբ համայնքի ղեկավարը կարող է պաշտոնանկ արվել կառավարության որոշմամբ:

Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկություն ներկայացնել կառավարություն` համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում պարտադիր լիազորությունները չկատարելու կամ պետության պատվիրակած լիազորություններն անբավարար կատարելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող մի շարք որոշումները, կամ առկա է համայնքի ղեկավարի կողմից օրենքները կամ այլ իրավական ակտերը պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը: Պաշտոնանկության հարց կարող է բարձրացվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

Մարզպետը, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու որոշման նախագիծն իր հիմնավորումներով կառավարություն ներկայացնելուց առաջ ուղարկում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը, ստանալով որոշման նախագիծը, երկշաբաթյա ժամկետում գումարում է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Համայնքի ավագանին իր նիստում քննարկում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին մարզպետի հիմնավորումները և, լսելով համայնքի ղեկավարին, ընդունում է համապատասխան հիմնավորումներով որոշում: Համայնքի ավագանու որոշումը, որին կցվում է համայնքի ղեկավարի կարծիքը, եռօրյա ժամկետում ուղարկվում է պետական լիազորված մարմին և մարզպետին: Մարզպետը, պետական լիազորված մարմնի միջոցով, կառավարություն է ներկայացնում իր հիմնավորումներով որոշման նախագիծը` կցելով համայնքի ղեկավարի կարծիքը և համայնքի ավագանու որոշումը:

Մարզպետը կարող է դատական կարգով վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:

(72-րդ հոդվածը խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 73. Համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը կառավարության կողմից

Համայնքի ավագանու կամ համապատասխան մարզպետի, Երևանում` Երևանի քաղաքապետի` օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը կառավարությունը քննարկում և որոշում է ընդունում մեկամսյա ժամկետում: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:

Կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում:

Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

Պաշտոնանկ անելու` կառավարության որոշումը համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են բողոքարկել դատարան` կառավարության որոշումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:

Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել:

Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:

(73-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 74. Համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կառավարության կողմից

Սույն օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, նշանակում է արտահերթ ընտրություններ:

(74-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 75. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը

Մինչև համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը նշանակում է քաղաքային, Երևանում` թաղային, իսկ մարզպետը` գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող որպես թեկնածու առաջադրվել համայնքի ղեկավարի նոր ընտրություններում:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չի կարող կատարել համայնքի ղեկավարի աշխատակազմի փոփոխություններ:

(75-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 76. Դատական վեճերի ծախսերը

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի, ավագանու անդամի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև ծագած դատական վեճերի ծախսերն իրականացվում են համայնքի բյուջեից:

Հոդված 77. Համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ իրականացվող պետական վերահսկողությունը

Պետությունը համայնքների, միջհամայնքային միավորումների և Երևանի թաղային համայնքների միավորման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Ազգային ժողովի և կառավարության միջոցով:

Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի, ոչ ավելի, քան տարին մեկ անգամ ստուգում է պետական բյուջեից համայնքներին, միջհամայնքային միավորումներին և Երևանի թաղային համայնքների միավորմանը տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:

(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)

(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)

(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)

(մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-135-Ն)

Ստուգումների անցկացումը համայնքներում արգելվում է ընտրություններից մեկ ամիս առաջ և մինչև դրանց պաշտոնական ավարտը:

(77-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-135-Ն)

 

Գ լ ու խ  71.

 

(գլուխը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)

 

Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ

Հոդված 771.

Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները

Վարչական հսկողությունը  տարածվում է  համայնքի  ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի    ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

 Համայնքի  ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն):

 Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ  վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (այսուհետ` մասնագիտական հսկողություն):

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 772.

Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

Իրավական և  մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ), որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

Մարզպետը իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան։

Առանձին դեպքերում մարզպետը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ։

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:

Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:

Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական և իրավական հսկողություն կարող  են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի   գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:

Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով:

Հոդված 773.

Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները

Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն մատուցել նրանց իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:

Իրավական և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են  տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով, սեփական և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 774.

Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը

Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 772 -րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 775.

Վարչական  հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները

Համայնքի ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ։

Մարզպետի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով:

Համայնքի ղեկավարի` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումները փոփոխելու նպատակով մարզպետն իրավունք ունի դիմելու համայնքի ղեկավարին:

 Մարզպետի դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է քննարկել մարզպետի դիմումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ մարզպետի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել մարզպետին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում մարզպետը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետն իրավունք ունի նրանց առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները: Իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:

Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա մարզպետը վերահսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառի լիազոր մարմինը:

Սույն մասով մարզպետի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

Մարզպետը, ինչպես նաև մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները` որպես մասնագիտական հսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկավարին գրավոր ցուցումներ տալու նաև պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ձևի և բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

Հոդված 776.

Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են  բողոքարկվել դատարան:

(գլուխը լրաց. 20.05.05 ՀՕ-135-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8.

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հոդված 78. Միջհամայնքային միավորումներ կազմելու իրավունքը

Համայնքների որոշակի խնդիրներ համատեղ լուծելու և ծախսերը նվազեցնելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ստեղծել միջհամայնքային միավորումներ:

Միջհամայնքային միավորումներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:

Միջհամայնքային միավորումների խնդիրները, իրավասությունները սահմանվում են օրենքով:

(78-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 79. Միջհամայնքային միավորումներ կազմելու կարգը

Միջհամայնքային միավորումներն ստեղծվում են համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների հաստատած պայմանագրերի հիման վրա:

(79-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Հոդված 80. Միջհամայնքային միավորման մարմինները

Միջհամայնքային միավորման կառավարման համար ստեղծվում է միավորման խորհուրդ` կազմված համայնքների ղեկավարներից: Միջհամայնքային միավորումն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Միջհամայնքային միավորման խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Գ Լ ՈՒ Խ  9.

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 81. Մարզի խորհուրդը

Մարզպետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են համայնքի ղեկավարները և մարզպետը:

Մարզպետը հրավիրում և վարում է մարզի խորհրդի նիստերը` իր սահմանած օրակարգով:

Մարզի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հոդված 82. Երևանի խորհուրդը

Երևանում ստեղծվում է Երևանի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են Երևանի քաղաքապետը և թաղային համայնքների ղեկավարները: Երևանի քաղաքապետը խորհրդի ղեկավարն է:

Երևանի խորհուրդը, Երևանի քաղաքապետի ներկայացմամբ, հաստատում է Երևան քաղաքի համար օրենքով սահմանված աղբյուրներից ձևավորվող եկամուտների սահմաններում ծախսերի նախահաշիվը` բյուջեն, ինչպես նաև այն թույլտվությունների կարգը, որոնց համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի գանձում:

Երևանի քաղաքապետը, Երևանի խորհրդի մեծամասնությամբ`

1) անվանում և վերանվանում է Երևանի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, քաղաքային ենթակայության կրթական, մշակութային և այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները` օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ապահովելով դրանց գրանցումը.

2) օրենսդրությանը համապատասխան կանոնակարգում է առևտրի ու սպասարկման ոլորտի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը.

3) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կարգը:

Երևանի խորհրդի աշխատակարգը հաստատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

Երևանի խորհրդի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

(82-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

Գ Լ ՈՒ Խ  10.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 83. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել 1996 թվականի հունիսի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 84. Անցումային դրույթներ

1. Մինչև պարտադիր լիազորությունների իրականացման կարգն օրենքով սահմանվելը, դա կարող է սահմանել համայնքի ավագանին:

2. Կառավարությունը, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, մինչև 2003 թվականի հուլիսի 1-ը սահմանում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացման կարգը և համապատասխան ֆինանսական միջոցները:

3. Պետության կողմից սույն օրենքով համայնքներին որպես սեփականություն փոխանցված հողերի իրացումից առաջացած ֆինանսական միջոցներն առաջնահերթության կարգով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների և գոտիավորման այլ փաստաթղթերի մշակմանը:

4. Անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, տեղական ինքնակառավարման մարմիններին (Երևան քաղաքում` նաև Երևանի քաղաքապետին) է փոխանցում համայնքի (Երևան քաղաքի) վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի սկզբնական հաշվառման տվյալները` հողերի ընթացիկ հաշվառումը և համայնքի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը կազմելու նպատակով:

5. Սույն օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիազորությունը` իրավաբանական անձանց մասով, համայնքներին է փոխանցվում 2003 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի լիազորությունն այդ համայնքներին է փոխանցվում մինչև 2004 թվականի հունվարի 1-ը:

7. (մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-493-Ն)

8. Պետական սեփականություն համարվող հողերը համայնքներին որպես սեփականություն փոխանցելուց հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ սահմանված կարգով կնքված և պետական գրանցում ստացած վարձակալության (օգտագործման և տիրապետման) պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը: Համայնքներն այդ պայմանագրերի մասով դառնում են պետության իրավահաջորդը:

9. Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

10. Սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները գործում են մինչև Երևանի մասին օրենքի ընդունումը:

11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասության դրույթի իրականացումն ապահովվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում:

12. Սույն օրենքի 67-րդ հոդվածի դրույթները համայնքի բյուջեի ծախսերին վերաբերող մասով ուժի մեջ են մտնում պարտադիր լիազորությունների իրականացման կարգը սահմանող օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարվանից:

(84-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-103-Ն)

Հոդված 85. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերի և երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետը:

2. Սույն օրենքի 28-րդ հոդվածը գործում է մինչև տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մասին համապատասխան օրենքն ընդունելը և սահմանված կարգով ուժի մեջ մտնելը:

(85-րդ հոդվածը լրաց. 26.12.02 ՀՕ-493-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
5 հունիսի 2002 թ.
ՀՕ-337

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-423-Ն 14.11.2024, ՀՕ-337
24.10.2024, ՀՕ-442-Ն 14.11.2024, ՀՕ-337
02.05.2024, ՀՕ-215-Ն 21.06.2024, ՀՕ-337
22.05.2024, ՀՕ-227-Ն 25.05.2024, ՀՕ-337
13.07.2023, ՀՕ-261-Ն 08.02.2024, ՀՕ-337
12.09.2023, ՀՕ-278-Ն 01.01.2024, ՀՕ-337
22.11.2023, ՀՕ-372-Ն 17.12.2023, ՀՕ-337
25.10.2023, ՀՕ-322-Ն 17.11.2023, ՀՕ-337
22.03.2023, ՀՕ-117-Ն 23.04.2023, ՀՕ-337
22.03.2023, ՀՕ-114-Ն 14.04.2023, ՀՕ-337
01.03.2023, ՀՕ-88-Ն 06.04.2023, ՀՕ-337
08.12.2022, ՀՕ-525-Ն 01.02.2023, ՀՕ-337
07.12.2022, ՀՕ-552-Ն 02.01.2023, ՀՕ-337
07.12.2022, ՀՕ-521-Ն 02.01.2023, ՀՕ-337
04.03.2022, ՀՕ-53-Ն 01.01.2023, ՀՕ-337
26.10.2022, ՀՕ-411-Ն 15.11.2022, ՀՕ-337
14.07.2022, ՀՕ-312-Ն 22.07.2022, ՀՕ-337
09.06.2022, ՀՕ-267-Ն 01.07.2022, ՀՕ-337
09.06.2022, ՀՕ-177-Ն 01.07.2022, ՀՕ-337
25.05.2022, ՀՕ-134-Ն 18.06.2022, ՀՕ-337
06.05.2022, ՀՕ-105-Ն 12.05.2022, ՀՕ-337
01.04.2022, ՀՕ-71-Ն 17.04.2022, ՀՕ-337
16.12.2021, ՀՕ-426-Ն 06.01.2022, ՀՕ-337
16.12.2021, ՀՕ-398-Ն 06.01.2022, ՀՕ-337
17.11.2021, ՀՕ-354-Ն 05.12.2021, ՀՕ-337
24.09.2021, ՀՕ-329-Ն 06.10.2021, ՀՕ-337
26.05.2021, ՀՕ-235-Ն 20.06.2021, ՀՕ-337
26.05.2021, ՀՕ-218-Ն 05.06.2021, ՀՕ-337
20.01.2021, ՀՕ-63-Ն 01.06.2021, ՀՕ-337
19.04.2021, ՀՕ-168-Ն 06.05.2021, ՀՕ-337
25.03.2021, ՀՕ-136-Ն 09.04.2021, ՀՕ-337
04.03.2020, ՀՕ-98-Ն 01.04.2021, ՀՕ-337
11.02.2021, ՀՕ-77-Ն 14.03.2021, ՀՕ-337
03.11.2020, ՀՕ-484-Ն 05.11.2020, ՀՕ-337
28.10.2020, ՀՕ-468-Ն 29.10.2020, ՀՕ-337
16.09.2020, ՀՕ-416-Ն 08.10.2020, ՀՕ-337
18.06.2020, ՀՕ-335-Ն 11.07.2020, ՀՕ-337
06.05.2020, ՀՕ-257-Ն 23.05.2020, ՀՕ-337
17.04.2020, ՀՕ-228-Ն 16.05.2020, ՀՕ-337
25.03.2020, ՀՕ-191-Ն 24.04.2020, ՀՕ-337
25.03.2020, ՀՕ-170-Ն 13.04.2020, ՀՕ-337
25.03.2020, ՀՕ-169-Ն 04.04.2020, ՀՕ-337
13.02.2020, ՀՕ-93-Ն 21.03.2020, ՀՕ-337
24.01.2020, ՀՕ-78-Ն 29.02.2020, ՀՕ-337
21.01.2020, ՀՕ-24-Ն 22.02.2020, ՀՕ-337
19.12.2019, ՀՕ-308-Ն 05.01.2020, ՀՕ-337
28.06.2019, ՀՕ-116-Ն 01.01.2020, ՀՕ-337
14.11.2019, ՀՕ-255-Ն 21.12.2019, ՀՕ-337
14.11.2019, ՀՕ-246-Ն 21.12.2019, ՀՕ-337
10.09.2019, ՀՕ-154-Ն 05.10.2019, ՀՕ-337
11.09.2018, ՀՕ-380-Ն 06.10.2018, ՀՕ-337
13.06.2018, ՀՕ-361-Ն 14.07.2018, ՀՕ-337
13.06.2018, ՀՕ-349-Ն 14.07.2018, ՀՕ-337
16.01.2018, ՀՕ-66-Ն 09.04.2018, ՀՕ-337
21.03.2018, ՀՕ-178-Ն 07.04.2018, ՀՕ-337
21.03.2018, ՀՕ-175-Ն 07.04.2018, ՀՕ-337
21.03.2018, ՀՕ-201-Ն 07.04.2018, ՀՕ-337
16.01.2018, ՀՕ-75-Ն 17.02.2018, ՀՕ-337
21.12.2017, ՀՕ-16-Ն 27.01.2018, ՀՕ-337
21.12.2017, ՀՕ-38-Ն 25.01.2018, ՀՕ-337
09.06.2017, ՀՕ-94-Ն 10.07.2017, ՀՕ-337
01.03.2017, ՀՕ-54-Ն 29.04.2017, ՀՕ-337
16.12.2016, ՀՕ-237-Ն 01.01.2017, ՀՕ-337
17.06.2016, ՀՕ-101-Ն 11.07.2016, ՀՕ-337
25.05.2016, ՀՕ-60-Ն 09.06.2016, ՀՕ-337
21.12.2015, ՀՕ-186-Ն 01.01.2016, ՀՕ-337
07.12.2015, ՀՕ-174-Ն 01.01.2016, ՀՕ-337
24.11.2015, ՀՕ-149-Ն 31.12.2015, ՀՕ-337
19.06.2015, ՀՕ-92-Ն 30.07.2015, ՀՕ-337
29.04.2015, ՀՕ-29-Ն 13.06.2015, ՀՕ-337
26.02.2015, ՀՕ-9-Ն 04.04.2015, ՀՕ-337
17.12.2014, ՀՕ-232-Ն 09.01.2015, ՀՕ-337
21.06.2014, ՀՕ-138-Ն 09.08.2014, ՀՕ-337
23.12.2013, ՀՕ-194-Ն 29.12.2013, ՀՕ-337
19.06.2013, ՀՕ-72-Ն 20.07.2013, ՀՕ-337
02.05.2013, ՀՕ-30-Ն 08.06.2013, ՀՕ-337
05.02.2013, ՀՕ-6-Ն 23.03.2013, ՀՕ-337
22.12.2010, ՀՕ-259-Ն 01.01.2013, ՀՕ-337
06.12.2012, ՀՕ-227-Ն 28.12.2012, ՀՕ-337
11.09.2012, ՀՕ-177-Ն 20.10.2012, ՀՕ-337
20.03.2012, ՀՕ-40-Ն 28.04.2012, ՀՕ-337
08.02.2012, ՀՕ-14-Ն 24.03.2012, ՀՕ-337
08.12.2011, ՀՕ-342-Ն 19.01.2012, ՀՕ-337
24.10.2011, ՀՕ-271-Ն 03.12.2011, ՀՕ-337
23.06.2011, ՀՕ-240-Ն 06.08.2011, ՀՕ-337
23.06.2011, ՀՕ-227-Ն 30.07.2011, ՀՕ-337
22.06.2011, ՀՕ-216-Ն 25.07.2011, ՀՕ-337
26.05.2011, ՀՕ-167-Ն 26.06.2011, ՀՕ-337
14.04.2011, ՀՕ-75-Ն 02.05.2011, ՀՕ-337
21.12.2010, ՀՕ-6-Ն 29.01.2011, ՀՕ-337
16.09.2010, ՀՕ-123-Ն 30.10.2010, ՀՕ-337
27.04.2010, ՀՕ-53-Ն 05.06.2010, ՀՕ-337
18.11.2009, ՀՕ-216-Ն 02.01.2010, ՀՕ-337
26.12.2008, ՀՕ-8-Ն 08.06.2009, ՀՕ-337
30.09.2008, ՀՕ-166-Ն 15.11.2008, ՀՕ-337
30.09.2008, ՀՕ-164-Ն 06.11.2008, ՀՕ-337
04.12.2007, ՀՕ-291-Ն 17.01.2008, ՀՕ-337
24.10.2007, ՀՕ-225-Ն 29.11.2007, ՀՕ-337
25.12.2006, ՀՕ-5-Ն 17.06.2007, ՀՕ-337
27.02.2007, ՀՕ-132-Ն 21.04.2007, ՀՕ-337
22.02.2007, ՀՕ-101-Ն 07.04.2007, ՀՕ-337
22.12.2006, ՀՕ-3-Ն 27.01.2007, ՀՕ-337
22.12.2006, ՀՕ-17-Ն 25.01.2007, ՀՕ-337
23.05.2006, ՀՕ-85-Ն 28.12.2006, ՀՕ-337
28.11.2006, ՀՕ-226-Ն 26.12.2006, ՀՕ-337
26.09.2006, ՀՕ-166-Ն 28.10.2006, ՀՕ-337
13.06.2006, ՀՕ-137-Ն 13.07.2006, ՀՕ-337
11.11.2005, ՀՕ-219-Ն 24.12.2005, ՀՕ-337
08.07.2005, ՀՕ-169-Ն 03.09.2005, ՀՕ-337
08.07.2005, ՀՕ-145-Ն 22.08.2005, ՀՕ-337
20.05.2005, ՀՕ-135-Ն 16.07.2005, ՀՕ-337
20.05.2005, ՀՕ-103-Ն 27.06.2005, ՀՕ-337
14.12.2004, ՀՕ-45-Ն 05.02.2005, ՀՕ-337
14.12.2004, ՀՕ-42-Ն 27.01.2005, ՀՕ-337
06.12.2004, ՀՕ-165-Ն 01.01.2005, ՀՕ-337
13.12.2004, ՀՕ-127-Ն 16.12.2004, ՀՕ-337
11.04.2003, ՀՕ-542-Ն 31.05.2003, ՀՕ-337
26.12.2002, ՀՕ-493-Ն 23.01.2003, ՀՕ-337
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան