Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-13
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.01.2005-05.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/7
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.10.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.04.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«23» հոկտեմբերի 1995 թ. Ն-042-I

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 1. Հանրապետության Նախագահն արդարադատության խորհրդի նախագահն է:

Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը խորհրդի փոխնախագահներն են:

Խորհրդի կազմի մեջ մտնում են նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնական, ինը` դատավոր, երեքը` դատախազ:

Խորհրդի երեքական անդամ նշանակվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորներից:

Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով:

 

Հոդված 2. Մինչև դատական նոր համակարգի կազմավորումը արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հանրապետության Նախագահի կողմից նշանակված տասնմեկ անդամ, որոնցից երկուսը` իրավաբան գիտնականներ, վեցը` դատավորներ, երեքը` դատախազներ: Խորհրդի երեքական անդամ նշանակվում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի դատավորներից:

Սույն հոդվածով նախատեսված կազմով արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները ավարտվում են դատական նոր համակարգի կազմավորմամբ:

 

Հոդված 3. Խորհրդի դատավոր անդամների թեկնածություններն առաջադրվում են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր ժողովներում:

Մինչև դատական նոր համակարգի կազմավորումը խորհրդի դատավոր անդամների թեկնածություններն առաջադրվում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և գերագույն դատարանի դատավորների ընդհանուր ժողովներում:

Առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանների, իսկ մինչև դրանց կազմավորումը` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների դատավորների ընդհանուր ժողովները հրավիրում և մինչև ժողովներում նախագահներ ընտրելը դրանք վարում է արդարադատության նախարարը:

Վճռաբեկ դատարանի (մինչև վճռաբեկ դատարանի կազմավորումը` գերագույն դատարանի) դատավորների ժողովը հրավիրում և նիստը վարում է վճռաբեկ դատարանի (մինչև վճռաբեկ դատարանի կազմավորումը` գերագույն դատարանի) նախագահը:

Դատավորների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է դատավորների կեսից ավելին:

Արդարադատության խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի համար դատավորների ընդհանուր ժողովները յուրաքանչյուր թափուր տեղի համար գաղտնի քվեարկությամբ առաջադրում են երեքական թեկնածու: Յուրաքանչյուր տեղի համար առաջադրված է համարվում առավել շատ ձայներ ստացած երեք թեկնածուն:

Քվեարկություններն անցկացնելու և արդյունքներն ամփոփելու համար ժողովն ընտրում է առնվազն երեք անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով: Հաշվիչ հանձնաժողովում չեն կարող ընդգրկվել խորհրդի անդամության համար առաջադրված թեկնածուները:

Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Քվեարկության արդյունքները արձանագրվում և հրապարակվում են ժողովում:

Ընտրությունների արդյունքներն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը:

Առաջադրված թեկնածությունները ներկայացվում են Հանրապետության Նախագահին:

Դատավորների ժողովը, բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված քվեարկությունների, որոշումներ ընդունում է ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի դատավոր անդամի մահվան, լիազորությունների ժամկետն ավարտվելու, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ իր դիմումի համաձայն խորհրդի կազմից դուրս գալու դեպքերում թափուր տեղերի համար թեկնածությունների առաջադրումը կատարվում է սույն հոդվածով նախատեսված կարգով` երկամսյա ժամկետում:

 

Հոդված 4. Խորհրդի դատախազ անդամների թեկնածություններն առաջադրում է գլխավոր դատախազը:

Խորհրդի դատախազ անդամի մահվան, լիազորությունների ժամկետն ավարտվելու, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ իր դիմումի համաձայն խորհրդի կազմից դուրս գալու դեպքերում գլխավոր դատախազը երկամսյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու:

 

Հոդված 5. Հանրապետության Նախագահը խորհրդի իրավաբան գիտնական անդամներ է նշանակում մանկավարժության կամ գիտության ոլորտում աշխատող, իրավաբանական գիտությունների գիտական աստիճան ունեցող իրավաբաններից:

 

ԳԼՈՒԽ 2

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԹԱՓՈՒՐ ՏԵՂՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 6. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`

1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) վաղաժամկետ դադարեցվել է նրա` որպես դատավորի լիազորությունները.

3) նա երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.

4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ դիտավորությամբ կատարված հանցագործության համար.

5) լրացել է դատավորի պաշտոնավարման համար Սահմանադրությամբ սահմանված տարիքը.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 7. Խորհրդի դատախազ անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`

1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) նա ազատվել է դատախազի պաշտոնից.

3) նա երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.

4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

5) լրացել է նրա` օրենքով սահմանված պաշտոնավարման տարիքը.

6) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 8. Խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված, եթե`

1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) փոխվել են սույն օրենքի 5 հոդվածով նախատեսված պահանջները.

3) նա երեք անգամ անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել խորհրդի նիստերին: Բացակայությունն անհարգելի է համարվում, եթե չի ներկայացվել անաշխատունակության թերթիկ կամ բացակայությունը չի համաձայնեցված խորհրդի նախագահի հետ.

4) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

(8-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 9. Խորհրդի անդամի մահվան, լիազորությունների ժամկետն ավարտվելու, լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ իր դիմումի համաձայն խորհրդի կազմից դուրս գալու դեպքերում խորհրդի նոր անդամի նշանակումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` երկամսյա ժամկետում:

Խորհրդի նոր անդամը նշանակվում է հինգ տարի ժամկետով:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 10. Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայն:

 

Հոդված 11. Խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում քվեարկությանը, եթե`

1) խորհրդի կողմից Հանրապետության Նախագահին առաջարկ է ներկայացվել նրա` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելու, նրան կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին.

2) նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցված:

Խորհրդի դատախազ կամ իրավաբան գիտնական անդամը չի մասնակցում քվեարկություններին նրան մեղադրանք առաջադրելու պահից:

 

Հոդված 12. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) ծանոթանալ նիստում քննարկվող հարցերին առնչվող նյութերին.

2) հարցեր տալ.

3) իր լիազորությունների շրջանակում անել առաջարկություններ.

4) պարզաբանումներ ստանալ զեկուցողից:

Խորհրդի անդամը պարտավոր է`

1) մասնակցել նիստերին` բացառությամբ սույն օրենքի 20 հոդվածի ութերորդ մասով նախատեսված դեպքերի.

2) կատարել խորհրդի նախագահի կամ խորհրդի փոխնախագահների հանձնարարությունները.

3) անբասիր պահել խորհրդի անդամի պատիվն ու արժանապատվությունը:

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 13. Արդարադատության խորհուրդը արդարադատության նախարարի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները:

Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները նախապատրաստվում են արդարադատության նախարարության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում, Հանրապետության Նախագահին են ներկայացվում յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և հաստատվում են մեկամսյա ժամկետում:

Արդարադատության նախարարի առաջարկով, արդարադատության խորհրդի որոշմամբ, դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կարող են փոփոխվել և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացվել առանց սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետի պահպանման:

Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվում են`

1) դատարանների այն դատավորները, ովքեր մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին.

2) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և կարող են աշխատել որպես դատավոր:

Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվում են պաշտոնեական պիտանիության ցուցակներում տեղ գտած այն անձինք, ովքեր իրենց մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով արժանի են առաջխաղացման:

Դատավորների նշանակումները կատարվում են Հանրապետության Նախագահի կողմից հաստատված պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների հիման վրա:

(13-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 14. Արդարադատության խորհուրդը գլխավոր դատախազի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները:

Դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում, Հանրապետության Նախագահին են ներկայացվում յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և հաստատվում են մեկամսյա ժամկետում:

Գլխավոր դատախազի առաջարկով, արդարադատության խորհրդի որոշմամբ, դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կարող են փոփոխվել և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացվել առանց սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ժամկետի պահպանման:

Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվում են`

1) այն դատախազները, ովքեր մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին.

2) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և կարող են իրականացնել դատախազի լիազորություններ:

Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:

Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվում են պաշտոնեական պիտանիության ցուցակներում տեղ գտած այն անձինք, ովքեր իրենց մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով արժանի են առաջխաղացման:

Դատախազների նշանակումները կատարվում են Հանրապետության Նախագահի կողմից հաստատված պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների հիման վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 15. Վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահների և դատավորների, վերաքննիչ, առաջին ատյանի և այլ դատարանների նախագահների թեկնածությունները խորհրդում կարող է առաջադրել խորհրդի յուրաքանչյուր անդամ:

Եթե դատավորի կամ դատարանի նախագահի թեկնածությունը առաջադրվում է նույն դատարանի կամ նույն դատական ատյանի այլ դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնի համար, ապա բավարար է, որ թեկնածուն ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում:

Թեկնածությունն առաջադրելիս ներկայացվում են թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

Եթե թեկնածուի ներկայացումը թերի է` թեկնածության ներկայացումը նախագահողը հանձնարարում է խորհրդի որևէ անդամի:

Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:

 

Հոդված 16. Բացի սույն օրենքի 15 հոդվածով նախատեսված թեկնածություններից, այլ դատարանների դատավորների թեկնածությունները խորհրդին ներկայացնում է արդարադատության նախարարը: Դատավորների թեկնածությունների նախնական հաշվառումը և նախնական ընտրությունը կատարվում են արդարադատության նախարարության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Եթե դատարանի դատավորի թեկնածությունը առաջադրվում է նույն դատարանի կամ նույն դատական ատյանի այլ դատարանի դատավորի պաշտոնի համար, ապա բավարար է, որ թեկնածությունն ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում:

Մեկ թափուր տեղի համար նախարարը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

Եթե թեկնածությունը չի արժանանում խորհրդի հավանությանը` արդարադատության նախարարը ներկայացնում է նոր թեկնածություն:

Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:

 

Հոդված 17. Գլխավոր դատախազի տեղակալների, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների թեկնածությունները արդարադատության խորհրդին ներկայացնում է գլխավոր դատախազը:

Եթե դատախազի թեկնածությունը առաջադրվում է նույն պաշտոնի կամ դատախազության կառուցվածքային հավասարազոր ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնի համար` բավարար է, որ թեկնածուն ընդգրկված լինի դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում:

Յուրաքանչյուր տեղի համար գլխավոր դատախազը ներկայացնում է մեկ թեկնածություն` բնութագրելով թեկնածուի մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշները:

Եթե առաջադրված թեկնածությունը չի արժանանում խորհրդի հավանությանը, գլխավոր դատախազը ներկայացնում է նոր թեկնածություն:

Խորհրդի հավանությանն արժանացած թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին:

 

Հոդված 18. Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահին առաջարկներ է ներկայացնում դատախազներին որակավորման դասեր շնորհելու մասին:

Դատախազների որակավորման դասերը սահմանվում են օրենքով:

Որակավորման դասեր շնորհելիս հաշվի են առնվում դատախազի մասնագիտական պատրաստվածությունը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը:

Դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակներից դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկ կարող է անել խորհրդի յուրաքանչյուր անդամ:

Դատախազին որակավորման դաս շնորհելու առաջարկի վերաբերյալ խորհուրդը լսում է գլխավոր դատախազի կարծիքը:

(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 19. Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցով խորհրդին դիմում է արդարադատության նախարարը, իսկ դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին հարցով` գլխավոր դատախազը:

Խորհրդի եզրակացությամբ դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`

1) օրինականության կոպիտ խախտում թույլ տալը.

2) դատավորի կոչմանը անհամատեղելի արարք կատարելը:

Երկրորդ անգամ նույն հիմքերով դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին առաջարկություն չի կարող արվել:

Դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննարկելիս խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:

Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:

(19-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 20. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում խորհուրդը դատավորին ենթարկում է կարգապահական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է վճռաբեկ դատարանի նախագահին:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին:

Դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի (մինչև դատական նոր համակարգի կազմավորումը` գերագույն դատարանի) նախագահը: Հանրապետության Նախագահը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը այդ նիստերին չեն մասնակցում:

Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելիս արդարադատության խորհուրդը հրավիրում և լսում է դատավորին:

Խորհրդի երկրորդ կանչին անհարգելի պատճառով դատավորի չներկայանալու դեպքում խորհուրդն իրավունք ունի հարցը քննել նրա բացակայությամբ:

(20-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-220, փոփ. 14.12.04 ՀՕ-31-Ն)

 

Հոդված 21. Հանրապետության Նախագահի հարցմամբ արդարադատության խորհուրդը կարծիք է հայտնում ներման հարցերի վերաբերյալ:

Ներման հարցերի կապակցությամբ, մինչև եզրակացության ընդունումը, խորհուրդը լսում է արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին:

 

Հոդված 22. Արդարադատության խորհուրդը պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից և քաղաքացիներից Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում դատական, դատախազական և քննչական մարմիններից նյութեր, վարչական, քրեական, քաղաքացիական գործեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր ստանալու իրավունք ունի:

 

ԳԼՈՒԽ 5

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԽՈՐՀՐԴԻ ԱԿՏԵՐԸ

 

Հոդված 23. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:

Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` արդարադատության նախարարը կամ գլխավոր դատախազը:

Եթե խորհրդի նախագահը ներկա չէ խորհրդի նիստին, ապա դատավորներին առնչվող հարցերը քննելիս նիստը վարում է արդարադատության նախարարը, իսկ դատախազներին առնչվող հարցերը քննելիս` գլխավոր դատախազը:

 

Հոդված 24. Խորհրդի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

Հոդված 25. Խորհուրդը սույն օրենքի 13, 14, 20 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ, իսկ սույն օրենքի 15, 16, 17, 18, 19, 21 հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` եզրակացություններ:

 

Հոդված 26. Խորհրդի որոշումներն ու եզրակացություններն ընդունվում են նիստի մասնակիցների ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի որոշումները կարող են վերանայվել միայն խորհրդի կողմից:

Խորհրդի եզրակացությունները խորհրդատվական բնույթ ունեն:

Եթե մեկ տեղում առաջադրվելու համար դատավորի մեկից ավելի թեկնածուներ ստացել են հավանության համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առաջադրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 14 նոյեմբերի 1995 թ.
ՀՕ-13