ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 27-րդ և 28-րդ հոդվածների առաջին մասերի 1-ին կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետերով`
«դ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:»:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի տասներորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|