Գլխավոր տեղեկություն
Համար
N 2186-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2021 թվականի N 2186-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածի՝

ա. 1-ին կետում «շինարարական, վերակառուցման, շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքների, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման և հաստատման» բառերով,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմա՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում համայնքի մեկ կամ մեկից ավելի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման լուծումների հիման վրա կազմված և հաստատված փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տեխնիկատնտեսական պահանջներին համապատասխանող միջոցառումների ամբողջականություն՝ փոխհամաձայնեցված ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, ընթացիկ (միջին) նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերի, համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերի, գլխավոր հատակագծի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կամ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների հետ։»,

գ. 5-րդ կետի «ա» ենթակետում «ճանապարհների և ճանապարհային կառույցների նախագծման, շինարարության, վերակառուցման, կահավորման, շահագործման և պահպանման, շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման, կահավորման, շահագործման և պահպանման» բառերով,

դ. 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (այդ թվում` բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների` բացառությամբ Երևան քաղաքի) մասով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), իսկ մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարանը.»,

ե. 7-րդ կետի «է» ենթակետում «շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման» բառերով,

զ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերով,

է. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«10. Նախագծերը և սխեմաները պետք է մշակվեն հետևյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին համապատասխան`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշում.

4) ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշում,

5) ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ».

6) ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծումը և կառուցապատումը».

7) ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար».

8) ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում».

9) ՀՀՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ՝ երկաթուղային և ավտոճանապարհային».

10) ՍՆիՊ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ.

11) ԳՕՍՏ 32945-2014 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ».

12) ԳՕՍՏ Ռ 51256-99 «Ճանապարհային գծանշում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ».

13) ԳՕՍՏ 25458-82 «Ճանապարհային նշանների փայտյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները».

14) ԳՕՍՏ 25459-82 «Ճանապարհային նշանների երկաթբետոնյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները».

15) ԳՕՍՏ Ռ 52282-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսացույցներ. Տիպեր և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ».

16) ԳՕՍՏ Ռ 50970-2011 «Ճանապարհային ազդանշանային կարճասյուներ։ Ընդհանուր տեխնիկական պահանջները: Կիրառման կանոնները».

17) ԳՕՍՏ Ռ 50971-2011 «Ճանապարհային լուսանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները».

18) ԳՕՍՏ 32732-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Շինարարական հսկողության իրականացման պահանջներ».

19) ԳՕՍՏ 32758-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային երթևեկության կազմակերպությունների ժամանակավոր տեխնիկական միջոցներ. Տեխնիկական պահանջներ և ընդունման կանոններ».

20) ԳՕՍՏ 32759-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ուղեսյուներ. Տեխնիկական պահանջներ».

21) ԳՕՍՏ 32843-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ազդանշանային սյունիկներ. Տեխնիկական պահանջներ».

22) ԳՕՍՏ 32944-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Հետիոտնային անցումներ. Դասակարգում. Ընդհանուր պահանջներ».

23) ԳՕՍՏ 32948-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային նշանների հենարաններ. Տեխնիկական պահանջներ».

24) ԳՕՍՏ 32953-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային գծանշում. Տեխնիկական պահանջներ».

25) ԳՕՍՏ 33025-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Աղմուկային գծեր. Տեխնիկական պայմաններ».

26) ԳՕՍՏ 33062-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային և ճանապարհամերձ ծառայության օբյեկտների բաշխմանը ներկայացվող պահանջներ».

27) ԳՕՍՏ 33127-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային ցանկապատներ. Դասակարգում».

28) ԳՕՍՏ 33144-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային հայելիներ. Տեխնիկական պահանջներ».

29) ԳՕՍՏ 33383-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Երկրաչափական տարրեր. Ցուցանիշների որոշման մեթոդներ».

30) ԳՕՍՏ 33383-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Կամրջային կառույցների նախագծում. Ընդհանուր պահանջներ։»,

ը. 14-րդ կետում «շինարարական-նորոգման» բառերը փոխարինել «ընթացիկ (միջին) նորոգման» բառերով,

թ. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«15. Ճանապարհներին իրականացվող ընթացիկ (միջին) նորոգման աշխատանքները կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները և ճանապարհի սեփականատերը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 2-րդ կետում նշված աշխատանքների համար կազմվող թերությունների մասին ակտը, ինչպես նաև այդ աշխատանքների գծապատկերը կազմվում են գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կապալառու կազմակերպության կողմից, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ, և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության մարմնի հետ:».

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ գլխով.

 

«VII. ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Համայնքի ղեկավարը, համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման կազմում և Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով (բացառությամբ Երևան քաղաքի)՝ սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պետական ճանապարհային մարմինների հետ, իսկ երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնում է սույն գլխով սահմանված կարգին համապատասխան։

31. Համայնքների (այսուհետ՝ համայնք կամ համայնքներ) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների կազմման նպատակն է՝

1) նպաստել համայնքի ճանապարհային ցանցի զարգացմանը.

2) բարձրացնել մարդատար և բեռնատար ավտոմոբիլների երթևեկության կազմակերպման մակարդակը.

3) նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը.

4) բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման և ուղևորափոխադրումների պայմանները.

5) սոցիալական բոլոր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, ծերերի համար ստեղծել ճանապարհային երթևեկությունից օգտվելու հավասար պայմաններ.

6) օպտիմալացնել կայանատեղերը.

7) նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը.

8) բարելավել հետիոտների և հեծանվային արահետների անվտանգությունը և ճանապարհից օգտվելու պայմանները։

32. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմումն իրականացնում է՝

1) ուսումնասիրություն՝ սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերին համապատասխան.

2) համայնքի (բնակավայրերի) հնգամյա զարգացման ծրագրի ուսումնասիրություն.

3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, ընթացիկ (միջին) նորոգման ու պահպանման ծրագրերի ուսումնասիրություն.

4) հիմք ընդունելով սույն կարգի 32-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված ուսումնասիրության արդյունքները՝ համայնքի վարչական տարածքով անցնող հիմնական տրանսպորտային հանգույցների մոդելի մշակում: Այս փուլում իրականացվում է համայնքի վարչական տարածքի գործող տրանսպորտային հանգույցների վերլուծություն, և կազմվում է նոր տրանսպորտային հանգույցների մոդելի մշակում.

5) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման գործընթացի միջոցառումների մշակում, որը պետք է ներառի համայնքի ճանապարհային երթևեկության ցանցերի զարգացման, ուղևորափոխադրումների համակարգի և ավտոկայարանատեղերի օպտիմալացման, ճանապարհային անվտանգության ընդհանուր մակարդակի բարելավման, մայթերի, հեծանվային արահետների, հետիոտնային անցումների պայմանների բարելավման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումներ։

33. Համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման (նախագծման) ժամանակ պետք է հաշվի առնել՝

1) համայնքի բնակավայրերի ճանապարհների լայնության համապատասխանությունը ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության դասակարգման կարգին.

2) համայնքի բնակավայրերով անցնող տրանսպորտային միջոցների ու հետիոտնի երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը՝ ըստ յուրաքանչյուր բնակավայրի և համայնքի.

3) մայթերի, հեծանվային արահետների, անվտանգության կղզյակների առկայությունը.

4) ճանապարհի օտարման շերտի, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների տեղաբաշխումը.

5) հասարակական տրանսպորտի կանգառի կետերի, կանգառի հրապարակների և ավտոտաղավարների տեղաբաշխումը.

6) ճանապարհների փոխհատումներում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նախատեսումն ու տեղաբաշխումը.

7) լուսացուցային ազդանշաններով համակարգված կարգավորում ներդնելու դեպքում՝ դրանք օգտագործելու համար կապի գծերի առկայությունը.

8) մայթերի և բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելի մասի կորացումների համապատասխան շառավիղները.

9) քաղաքաշինական բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելը։

34. Համայնքի ղեկավարը, համայնքի երթևեկության կազմակերպման սխեմաները նախքան ավագանու կողմից հաստատմանը ներկայացնելը, դրանք համաձայնեցնում է՝

1) համայնքներով անցնող (բացառությամբ Երևան քաղաքով անցնող) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով՝ նախարարության հետ.

2) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով՝ համապատասխան մարզպետարանների հետ.

3) ճանապարհների երթևեկության անվտանգության մասով՝ ճանապարհային ոստիկանության հետ։

35. Համայնքի ղեկավարը (բացառությամբ Երևան քաղաքապետի), պետական ճանապարհային մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ նախարարություն, իսկ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ համապատասխան մարզպետարան գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է՝

1) համապատասխան գրություն (դիմում).

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի նախագիծը, որն իր մեջ ներառում է ճանապարհային երթևեկության կազմակերպման բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները.

3) սույն կարգի 32-րդ կետի 4-րդ ենթակետում նշված համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ (մեկից մինչև երեք տարիների), միջնաժամկետ (երեքից մինչև հինգ տարիների) և երկարաժամկետ (հինգ և ավելի տարիների) միջոցառումները, որոնք ներառում են յուրաքանչյուր միջոցառման իրականացման ժամկետը, առաջարկվող միջոցառումների իրականացման տարածական (հասցեական) և ժամկետային փոխկապվածությունը, առաջարկվող միջոցառման հասցեական և ամբողջական փոխկապվածությունը համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված նախագծային լուծումների հետ.

4) ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի բարելավմանն ուղղված միջոցառումներում ներառված առաջարկությունների վերաբերյալ հիմնավորումները։

36. Սույն կարգի 34-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պետական ճանապարհային մարմինները (այսուհետ՝ ճանապարհը տնօրինող), յուրաքանչյուրն իրեն վերապահված իրավասության մասով, սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում`

1) ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը.

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկությունները համադրում են իրենց զարգացման ծրագրերով նախատեսվող միջոցառումների հետ.

3) կազմում և գրավոր կամ էլեկտրոնային եղանակով համայնքի ղեկավարին են տրամադրում եզրակացություն:

37. Ճանապարհը տնօրինողը եզրակացություն կազմելիս հաշվի է առնում`

1) ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ծրագրերը (կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում, ընթացիկ (միջին) նորոգում, պահպանում ու շահագործում).

2) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայով առաջարկվող ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման առաջարկությունների համապատասխանությունը սույն կարգի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, շինարարական նորմերին և ստանդարտներին:

38. Ճանապարհը տնօրինողի կողմից անհամաձայնության մասին եզրակացություն է տրվում, եթե սույն կարգի 35-րդ կետում ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում՝

1) ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, ընթացիկ (միջին) նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերին.

2) սույն կարգի 10-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, շինարարական նորմերի և ստանդարտների պահանջներին։

39. Ճանապարհը տնօրինողի կողմից համայնքի ղեկավարին տրամադրվող անհամաձայնության մասին եզրակացության մեջ պետք է նշվի անհամաձայնության հիմքը՝ սույն կարգի 38-րդ կետի պահանջներին համապատասխան։ Անհամաձայնության մասին եզրակացության ներկայացման դեպքում համայնքի ղեկավարին են ներկայացվում նաև թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունները, որոնց հիման վրա համայնքի ղեկավարը լրամշակում և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ սույն կարգի 35-րդ կետում ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ճանապարհը տնօրինողի համաձայնեցմանը։

40. Սույն որոշման 39-րդ կետում նշված անհամաձայնության եզրակացությունը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

41. Համայնքի ղեկավարը, ճանապարհը տնօրինողի կողմից ներկայացված դրական եզրակացության դեպքում՝ երթևեկության անվտանգության ապահովման մասով ճանապարհային ոստիկանության համաձայնությունը ստանալու նպատակով, ներկայացնում է՝

1) սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերը.

2) ճանապարհը տնօրինողի եզրակացությունը (բացառությամբ Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեմայի ներկայացման դեպքում)։

42. Ճանապարհային ոստիկանությունը համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաների մասով իր համաձայնությունը (անհամաձայնությունը), Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1644-Ն որոշմամբ սահմանված կարգով, տալիս է փաստաթղթերը համայնքի ղեկավարի կողմից ստանալու օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում։

43. Ճանապարհային ոստիկանության կողմից անհամաձայնության ներկայացման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից սույն կարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերը վերանայելուց հետո, սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ կրկին համաձայնեցվում են ճանապարհը տնօրինողի և ճանապարհային ոստիկանության հետ։

44. Համայնքի ղեկավարի կողմից համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման ներառում է հետևյալ փաստաթղթերը՝

1) համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման համապարփակ սխեման.

2) համայնքի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայով նախատեսված երթևեկության կազմակերպման բարելավման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները։

45. Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող՝ սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի հետ միասին ավագանու քննարկմանն է ներկայացվում պետական ճանապարհային մարմնի եզրակացությունը և ճանապարհային ոստիկանության համաձայնությունը։

46. Սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման, համայնքի ավագանու կողմից հաստատվելուց հետո, համայնքի ղեկավարը մեկամսյա ժամկետում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ճանապարհները տնօրինողներին և ճանապարհային ոստիկանությանը։

47. Ճանապարհը տնօրինողներն իրենց տնօրինության տակ գտնվող ճանապարհների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և ընթացիկ (միջին) նորոգման ծրագրերի մշակման գործընթացում պետք է հաշվի առնեն համայնքի ավագանու կողմից հաստատված՝ սույն կարգի 44-րդ կետում նշված ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում ներառված փաստաթղթերը։

48. Սույն կարգի 47-րդ կետում նշված ծրագրերի շրջանակներում շահագործման ընդունված ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման սխեմաները ճանապարհը տնօրինողները ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայում համապատասխան փոփոխություններ իրականացնելու համար։

49. Սույն կարգի 48-րդ կետում նշված երթևեկության կազմակերպման սխեմաների փոփոխությունները հաստատում է համայնքի ավագանին։

50. Սույն կարգի 32-րդ և 33-րդ կետերով համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման գործընթացները համայնքի ղեկավարն իրականացնում է գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության միջոցով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան