Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.05.2005-01.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.16/3(669) Հոդ.44
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին

 

ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հաստատագրված վճարը

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, անմիջական ներմուծողների կողմից իրացվող բենզինի և դիզելային վառելիքի համար շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

Սույն օրենքը չի կարգավորում «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ հանդիսացող գործունեության տեսակների համար հաստատագրված վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Հաստատագրված վճար վճարողները

 

Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ (այսուհետ` վճարողներ) են համարվում Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և անհատ ձեռնարկատերերը:

 

Հոդված 3. Հարկային արտոնությունների կասեցումը

 

 Վճարողների համար սույն օրենքով նախատեսված գործունեության մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի և շահութահարկի (եկամտահարկի) գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները, ինչպես նաև հաշվի չեն առնվում այդ հարկատեսակների գծով նվազեցումները և հարկ վճարող համարվելու համար հիմք ընդունվող սահմանները:

 

Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը

 

1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ` հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`

- բենզինի համար` 112000 դրամ,

- դիզելային վառելիքի համար` 32500 դրամ:

2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ` շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է`

- բենզինի համար` տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 2500 դրամ, և`

- դիզելային վառելիքի համար` տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 1500 դրամ:

(4-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-86-Ն)

 

Հոդված 5. Հաստատագրված վճարի վճարումը

 

1. Հաստատագրված վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` հայկական դրամով:

(պարբերությունն ուժը կորցրել է 04.05.05 ՀՕ-86-Ն)

2. Շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարը վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

(պարբերությունն ուժը կորցրել է 04.05.05 ՀՕ-86-Ն)

(5-րդ հոդվածը փոփ. 04.05.05 ՀՕ-86-Ն)

 

Հոդված 6. Հաշվառումը և հարկերի վճարումը

 

1. Սույն օրենքին համապատասխան վճարողները`

ա) բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.

բ) գործունեության այլ տեսակների համար օրենքով նախատեսված հարկերը, տուրքերը, այլ պարտադիր վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Հաշվարկի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

2. Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և դիզելային վառելիքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

3. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերելու (բացառությամբ` իրացման համար) դեպքում` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից օրենքով սահմանված կարգով կարող են հաշվանցել մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված գումարի (բենզինի կամ դիզելային վառելիքի ձեռքբերման արժեքի) 16.67 տոկոսը:

4. Արտադրական և այլ առևտրային նպատակներով բենզին կամ դիզելային վառելիք ձեռք բերողների պահանջով վճարողները դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Առանց բենզին կամ դիզելային վառելիք մատակարարելու հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքերում հաշվարկային փաստաթղթերը հավասարեցվում են հարկային հաշիվներին, և դրանք դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար կիրառվում են առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու կամ հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության նորմերը:

 

Հոդված 7. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը սահմանված կարգով ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, իսկ բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասով` նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

Հոդված 8. Գանձման նկատմամբ հսկողությունը

 

Սույն օրենքով սահմանված` բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման մասով հաստատագրված վճարների գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, իսկ բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

 

Հոդված 9. Պատասխանատվությունն օրենքի խախտումների համար

 

1. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վճարողների կողմից բյուջե վճարման ենթակա հաստատագրված վճարի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

Թաքցված կամ պակաս ցույց տրված հաստատագրված վճարի գումարը, ինչպես նաև տուգանքը ենթակա է վճարման բյուջե` հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

Հոդված 10. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-175 օրենքը:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-67-Ն