Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4537/02/15

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4537/02/15

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան

 Ս. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի սեպտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հնազանդ և Աղաջան Ավագյանների ընդդեմ Նելլի Հարությունյանի, «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության` որպես ժառանգությունն ընդունած ժառանգների` «Փերի-ԱՄ» փակ բաժնետիրական ընկերությունում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի` հավասար մասերով ճանաչման և որպես հետևանք՝ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին գրանցում կատարելուն պարտավորեցնելու, ինչպես նաև վնասի հատուցման պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հնազանդ և Աղաջան Ավագյանները պահանջել են «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը և պարտադրել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին բաժնետոմսերը հավասար մասերով գրանցել իրենց անվամբ, ինչպես նաև խնդրել են որպես պատճառված վնաս Նելլի Հարությունյանից բռնագանձել 19.195.000 ՀՀ դրամ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 04.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` վճռվել է ճանաչել Հնազանդ և Աղաջան Ավագյանների՝ որպես ժառանգություն ընդունած ժառանգների, սեփականության իրավունքը «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող և ժառանգական զանգվածի մեջ մտնող` ընդհանուր 4/6 մասով (33,3 տոկոս) բաժնետոմսերի նկատմամբ՝ հավասար բաժիններով, պարտավորեցնել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին Հնազանդ և Աղաջան Ավագյանների անվամբ կատարել «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի՝ Սահակ Ավագյանին պատկանող և ժառանգական զանգվածի մեջ մտնող ընդհանուր 4/6 չափով բաժնետոմսերի նկատմամբ իրավունքի գրանցում՝ հավասար բաժիններով, իսկ հայցը՝ մնացած մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների, Նելլի Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 04.09.2017 թվականի վճիռը` որպես ժառանգություն ընդունած ժառանգների սեփականության իրավունքը «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող և ժառանգական զանգվածի մեջ մտնող` ընդհանուր 4/6 մասով (33,3 տոկոս) բաժնետոմսերի նկատմամբ՝ հավասար բաժիններով ճանաչելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության: Վճիռը չբեկանված մասով (դրամային պահանջի և դրան վերաբերող պետական տուրքի մասերով) թողնվել է անփոփոխ: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղաջան Ավագյանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Նելլի Հարությունյանը և գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները (ներկայացուցիչ Հայկանուշ Սուքիասյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը, 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է հայցվոր կողմի այն փաստարկները, որ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 10.04.2010 թվականի թիվ ՎԴ/3465/05/09 վճռով Նելլի Հարությունյանին 22.04.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր է ճանաչվել, իսկ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց հոր Սահակ Ավագյանի ժառանգությունից հօգուտ Նելլի Հարությունյանի:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները 09.02.2009 թվականին հրաժարվելով իրենց հոր՝ Սահակ Ավագյանի ժառանգությունից, այլևս չեն կարող վերացնել կամ հետ կանչել ժառանգությունից հրաժարվելը:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները և 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մերժել է վնասի հատուցման մասին հայցվորների պահանջը՝ նշելով, որ վերաքննիչ բողոքը չի պարունակում դրամային պահանջի մասին որևէ փաստարկ: Մինչդեռ վերաքննիչ բողոքում մանրամասն նշվել են վնասի հատուցման բավարար տվյալներ և փաստեր, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոն հարկային տեսչության 18.02.2017 թվականի գրությամբ հայտնվել է, որ «Փերի ԱՄ» ՓԲԸ-ում 2009 թվականից մինչև 01.01.2017 թվականը համախառն եկամուտն ըստ շահութահարկի կազմել է 11.755.500 ՀՀ դրամ, իսկ շրջանառության հարկը 7.440.000 ՀՀ դրամ, ընդամենը`19.195.000 ՀՀ դրամ, սակայն այդ գումարներից հայցվորներին որևէ դրամ չի հատկացվել: Բացի այդ, պատասխանողը Սահակ Ավագյանին պատկանող տարածքը 2008 թվականի հոկտեմբեր ամսից վարձակալության է հանձնել ամսական 160.000 ՀՀ դրամով, որից նույնպես հայցվորներին որևէ գումար չի տրվել:

 

3) Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի «գ» կետը և 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքի փաստարկներն այն մասին, որ Դատարանը չի անդրադարձել հայցվորներին պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությանը, այլ որոշում է կայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին և վճռով հայցվորներից բռնագանձել է 383.900 ՀՀ դրամ պետական տուրք՝ հաշվի չառնելով իրենց գույքային դրությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Նելլի Հարությունյանի և գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Աղաջան Ավագյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական, հիմնավոր և արդարացի դատական ակտ՝ վերականգնելով գործին մասնակից չդարձված անձանց սեփականության իրավունքը անուղղակիորեն շոշափող դատական գործով մասնակցության իրավունքը, որը խախտվել է Դատարանի կողմից:

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ վիճարկվող դատական ակտը վերաբերում է կամ կարող է վերաբերել գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին ու պարտականություններին, քանի որ վերջիններս հանդիսանում են մահացած Սահակ Ավագյանի դուստրերը:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկներին վնասի փոխհատուցման պահանջի մասով, ապա Դատարանն իրավացիորեն հայցն այդ մասով մերժել է, քանի որ դրա վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չի եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 09.02.2009 թվականին տրված Հայտարարության համաձայն՝ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց հոր՝ Սահակ Ավագյանի (մահացած՝ 21.10.2008թ.) մահից հետո մնացած ժառանգությունից, հօգուտ հանգուցյալի կնոջ՝ Նելլի Հարությունյանի (հատոր 5-րդ, գ.թ. 88):

2. 22.04.2009 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Նելլի Հարությունյանը, ով հանդիսանում է 21.10.2008 թվականին մահացած Սահակ Ավագյանի կենդանի մնացած ամուսինը, սեփականության իրավունք ունի ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասից (հատոր 4-րդ, գ.թ. 80):

3. 22.04.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Սահակ Ավագյանի գույքի նկատմամբ յուրաքանչյուրը 1/4 բաժնով ժառանգներ են հանդիսանում՝ կինը՝ Նելլի Հարությունյանը, դուստրերը՝ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները: Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց բաժնից հօգուտ Նելլի Հարությունյանի: Ժառանգական գույքը բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնից (հատոր 4-րդ, գ.թ. 83):

4. 18.05.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Սահակ Ավագյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում Աղաջան և Հնազանդ Ավագյանները: Ժառանգական գույքը բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/6 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 18):

5. Թիվ ՎԴ/3465/05/09 վարչական գործով՝ ըստ հայցի Սյուզաննա Օհանյանի ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Նելլի Հարությունյանի, Աղաջան և Հնազանդ Ավագյանների` ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և «Փերի-Ա.Մ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանը 10.04.2010 թվականի վճռով բավարարել է Սյուզաննա Օհանյանի հայցը, մասնակի՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի մասով, անվավեր է ճանաչել Նելլի Հարությունյանին 22.04.2009 թվականին տրված և Աղաջան ու Հնազանդ Ավագյաններին՝ 18.05.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ ճանաչելով Սյուզաննա Օհանյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 68-71):

6. Նույն քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշմամբ բավարարվել է Աղաջան և Հնազանդ Ավագյանների վճռաբեկ բողոքը, բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի՝ Աղաջան և Հնազանդ Ավագյանների դեմ ներկայացված հայցապահանջի բավարարման մասը և այդ մասով գործն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Մնացած՝ Նելլի Հարությունյանի դեմ ներկայացված հայցապահանջի բավարարված մասով, վճիռը մնացել է օրինական ուժի մեջ՝ համապատասխան մասով բողոքի բացակայության պատճառով (հատոր 2-րդ, գ.թ. 80-85):

7. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2011 թվականի վճռով թիվ ՎԴ/3465/05/09 գործի վարույթը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշմամբ բեկանված` Աղաջան և Հնազանդ Ավագյանների դեմ ներկայացված հայցապահանջի մասով, կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 85-89):

8. Թիվ ԵԿԴ/3167/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2012 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի ռեեստրի վարման բաժնում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի 100 տոկոս արժեթղթերի նկատմամբ սեփականատեր Նելլի Հարությունյանի անվամբ կատարված գրառումը (հատոր 1-ին, գ.թ. 24-33):

9. «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից 25.03.2017 թվականին տրված գրության համաձայն՝ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միջև 27.04.2009 թվականին կնքված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման» պայմանագրի շրջանակում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սեփականատերերի ցուցակում ներառված տեղեկությունների հիման վրա «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր 27.04.2009 թվականին գրանցվել է Նելլի Հարությունյանը: 18.04.2011 թվականին Նելլի Հարությունյանը թվով 1728 հատ բաժնետոմսերը փոխանցել է Սյուզաննա Օհանյանին, իսկ 28.12.2011 թվականին Սյուզաննա Օհանյանը նույն բաժնետոմսերը փոխանցել է Նելլի Հարությունյանին: 10.04.2013 թվականին «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միջև կրկին կնքվել է «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման» պայմանագիր, որի շրջանակում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սեփականատերերի ցուցակում ներառված տեղեկությունների հիման վրա «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի բաժնետերեր են գրանցվել Նելլի Հարությունյանը (թվով 1742 բաժնետոմս), Աղաջան և Հնազանդ Ավագյանները՝ (յուրաքանչյուրը թվով 166 բաժնետոմս): Դրանից հետո՝ մինչև 25.03.2016 թվականը, «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում որևէ փոփոխություններ չեն գրանցվել (հատոր 3-րդ, գ.թ. 4):

10. Սույն գործով հայցվորներ Աղաջան և Հնազանդ Ավագյանները հայցադիմում ներկայացնելիս միաժամանակ միջնորդել են պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով կամ ազատել պետական տուրքի վճարումից՝ պատճառաբանելով, որ Հնազադ Ավագյանը 2-րդ կարգի հաշմանդամ է: Դատարանի 06.10.2015 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ Աղաջան և Հնազանդ Ավագյանների միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու և դրա վճարման ժամկետը հետաձգելու մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 6-17):

11. Աղաջան Ավագյանը 10.09.2019 թվականին մահացել է (հատոր 9-րդ, գ.թ. 111):

12. ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Մ. Սարգսյանի կողմից 31.07.2020 թվականին տրված գրության համաձայն՝ Աղաջան Ավագյանի մահից հետո ժառանգության ընդունման համար դիմել են Քնարիկ, Հռիփսիմե ու Մարիաննա Ավագյանները (հատոր 9-րդ, գ.թ. 121):

13. 05.08.2020 թվականին Վճռաբեկ դատարան ներկայացված միջնորդությամբ Մարիաննա Ավագյանը հայտնել է, որ Աղաջան Ավագյանի իրավահաջորդության հարցը լուծված է, ուստի խնդրել է գործին ընթացք տալ (հատոր 9-րդ, գ.թ. 119-120):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վճռաբեկ բողոքի առաջին հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ժառանգության իրավունքից հրաժարված անձն իրավունք ունի որպես գործին մասնակից չդարձված անձ բողոքարկելու այն եզրափակիչ դատական ակտը, որով անդրադարձ է կատարվում այն գույքին, որի նկատմամբ ժառանգական իրավունքներից հրաժարվել է տվյալ անձը։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

 

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ 09.02.2009 թվականին տրված Հայտարարության համաձայն՝ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց հոր՝ Սահակ Ավագյանի (մահացած՝ 21.10.2008թ.) մահից հետո մնացած ժառանգությունից, հօգուտ հանգուցյալի կնոջ՝ Նելլի Հարությունյանի:

22.04.2009 թվականին տրված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն՝ Նելլի Հարությունյանը, ով հանդիսանում է 21.10.2008 թվականին մահացած Սահակ Ավագյանի կենդանի մնացած ամուսինը, սեփականության իրավունք ունի ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասից:

22.04.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Սահակ Ավագյանի գույքի նկատմամբ յուրաքանչյուրը 1/4 բաժնով ժառանգներ են հանդիսանում՝ կինը՝ Նելլի Հարությունյանը, դուստրերը՝ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները: Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց բաժնից հօգուտ Նելլի Հարությունյանի: Ժառանգական գույքը բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/2 բաժնից:

18.05.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Սահակ Ավագյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգ են հանդիսանում Աղաջան և Հնազանդ Ավագյանները: Ժառանգական գույքը բաղկացած է նաև «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի 1/6 բաժնից:

Թիվ ՎԴ/3465/05/09 վարչական գործով՝ ըստ հայցի Սյուզաննա Օհանյանի ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք Նելլի Հարությունյանի, Աղաջան և Հնազանդ Ավագյանների` ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և «Փերի-Ա.Մ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, ՀՀ վարչական դատարանը 10.04.2010 թվականի վճռով բավարարել է Սյուզաննա Օհանյանի հայցը, մասնակի՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի մասով, անվավեր է ճանաչել Նելլի Հարությունյանին 22.04.2009 թվականին տրված և Աղաջան ու Հնազանդ Ավագյաններին՝ 18.05.2009 թվականին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում՝ Սահակ Ավագյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ ճանաչելով Սյուզաննա Օհանյանի սեփականության իրավունքը:

Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշմամբ բավարարվել է Աղաջան և Հնազանդ Ավագյանների վճռաբեկ բողոքը, բեկանվել է ՀՀ վարչական դատարանի 10.04.2010 թվականի վճռի՝ Աղաջան և Հնազանդ Ավագյանների դեմ ներկայացված հայցապահանջի բավարարման մասը և այդ մասով գործն ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Մնացած՝ Նելլի Հարությունյանի դեմ ներկայացված հայցապահանջի բավարարված մասով, վճիռը մնացել է օրինական ուժի մեջ՝ համապատասխան մասով բողոքի բացակայության պատճառով:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2011 թվականի վճռով թիվ ՎԴ/3465/05/09 գործի վարույթը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշմամբ բեկանված` Աղաջան և Հնազանդ Ավագյանների դեմ ներկայացված հայցապահանջի մասով, կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Թիվ ԵԿԴ/3167/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2012 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի ռեեստրի վարման բաժնում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի 100 տոկոս արժեթղթերի նկատմամբ սեփականատեր Նելլի Հարությունյանի անվամբ կատարված գրառումը:

«Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից 25.03.2017 թվականին տրված գրության համաձայն՝ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միջև 27.04.2009 թվականին կնքված «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման» պայմանագրի շրջանակում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սեփականատերերի ցուցակում ներառված տեղեկությունների հիման վրա «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր 27.04.2009 թվականին գրանցվել է Նելլի Հարությունյանը: 18.04.2011 թվականին Նելլի Հարությունյանը թվով 1728 հատ բաժնետոմսերը փոխանցել է Սյուզաննա Օհանյանին, իսկ 28.12.2011 թվականին Սյուզաննա Օհանյանը նույն բաժնետոմսերը փոխանցել է Նելլի Հարությունյանին: 10.04.2013 թվականին «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միջև կրկին կնքվել է «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման» պայմանագիր, որի շրջանակում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սեփականատերերի ցուցակում ներառված տեղեկությունների հիման վրա «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի բաժնետերեր են գրանցվել Նելլի Հարությունյանը (թվով 1742 բաժնետոմս), Աղաջան և Հնազանդ Ավագյանները՝ (յուրաքանչյուրը թվով 166 բաժնետոմս): Դրանից հետո՝ մինչև 25.03.2016 թվականը, «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում որևէ փոփոխություններ չեն գրանցվել:

Դիմելով Դատարան Հնազանդ և Աղաջան Ավագյանները պահանջել են «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել իրենց սեփականության իրավունքը և պարտադրել «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին բաժնետոմսերը հավասար մասերով գրանցել իրենց անվամբ, ինչպես նաև խնդրել են որպես պատճառված վնաս Նելլի Հարությունյանից բռնագանձել 19.195.000 ՀՀ դրամ:

Դատարանը մասնակի բավարարել է հայցը՝պատճառաբանելով, որ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնեմասը հանդիսացել է համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք: Նշված հանգամանքի հաշվառմամբ՝ 22.04.2009 թվականին Նելլի Հարությունյանին տրվել է սեփականության իրավունքի վկայագիր, համաձայն որի՝ Նելլի Հարությունյանը հանդիսանում է 21.10.2008 թվականին մահացած Սահակ Ավագյանի կենդանի մնացած ամուսինը և ունի սեփականության իրավունք ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Այսպիսով, ժառանգական զանգվածի մեջ է մտել «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի միայն 50 տոկոս բաժնեմասը, չնայած այն հանգամանքին, որ Սահակ Ավագյանի թե՛ կենդանության օրոք, թե՛ դրանից հետո 100 տոկոս բաժնեմասը շարունակել է գրանցված մնալ Սահակ Ավագյանի անվամբ։

Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ Ընկերության 100 տոկոս բաժնեմասից ժառանգական զանգվածի մեջ է մտել միայն 50 տոկոսը, որից 1/6-ական բաժնեմասեր ժառանգել են Հնազանդ և Աղաջան Ավագյանները, իսկ մնացած 4/6 բաժնեմասի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Նելլի Հարությունյանին: Ընդ որում՝ Սյուզաննա Օհանյանի հայցի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշման ուժով թիվ ՎԴ/3465/05/09 վարչական գործի շրջանակներում անվավեր է ճանաչվել Նելլի Հարությունյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, որի հետևանքով վերջինս զրկվել է ժառանգական զանգվածի՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի 4/6 բաժնեմասի նկատմամբ իրավունքից: Ըստ այդմ, հայցվորները կարող են հավակնել Ընկերության բաժնետոմսերի ժառանգական զանգվածի մաս կազմող միայն 4/6 բաժնեմասին, որի նկատմամբ ժառանգությունը փաստորեն բաց է մնացել:

Դատարանը հարկ է համարել նշել, որ հայցվորները՝ որպես իրենց հանգուցյալ որդու ժառանգությունն ընդունած ժառանգներ՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա ընդունել են իրենց որդու ժառանգության մասը՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ժառանգական զանգվածի մաս կազմող բաժնեմասը` յուրաքանչյուրին 1/6-ական մասով, ուստիև որպես ժառանգության մաս ընդունած ժառանգ՝ վերջիններս համարվում են նաև ժառանգության ամբողջ մասն ընդունած:

Այսպիսով Դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորների պահանջը՝ իրենց՝ որպես Սահակ Ավագյանին պատկանող՝ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում ունեցած 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, սեփականության իրավունքը հավասար մասերով ճանաչելու պահանջը հիմնավորված է մասնակի՝ 4/6 մասով:

Միաժամանակ անդրադառնալով հայցվորների կողմից ներկայացված վնասի հատուցման պահանջին՝ Դատարանն արձանագրել է, որ այդ պահանջի հիմքում դրված են բաց թողնված օգուտին վերաբերող պատճառաբանություններ, մինչդեռ հայցվորների կողմից չեն ներկայացվել բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ առ այն, որ սկսած 2009 թվականից հայցվորներն ունեցել են միաժամանակ և՛ իրական մտադրություն, և՛ իրական հնարավորություն ստանալու 19.195.000 ՀՀ դրամ գումարի չափով եկամուտ: Ընդ որում, հայցվոր կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ նախ՝ տարածքը տրված է եղել վարձակալության ամբողջ ժամանակահատվածում և վարձավճարների գումարը կազմել է 160.000 ՀՀ դրամ, որպիսին հաստատված համարելու համար բավարար չէ բանավոր հայտարարության հիման վրա տրված տեղեկանքը, այն է՝ նշված փաստը կարող է հաստատվել միայն թույլատրելի ապացույցով, որպիսին անշարժ գույքի վարձակալության պարագայում հանդիսանում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ օրենքով սահմանված կարգով կնքված, վավերացված, որը պահանջում է նաև իրավունքի պետական գրանցում: Երկրորդ՝ հայցվորների կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ իրենց հավակնած չափով բաժնեմասի մասով իրավունքի պետական գրանցման առկայության պայմաններում հայցվորները կարող էին ապահովել «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի՝ նշված չափով շահույթի ստացման իրական հնարավորությունը և մտադրությունը՝ հաշվի առնելով «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ի գործունեության տեսակը (գեղեցկության սրահ, ավիատոմսերի վաճառք):

Վերաքննիչ դատարանը, բավարարելով գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների, ինչպես նաև պատասխանող Նելլի Հարությունյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վիճարկվող դատական ակտը վերաբերում է կամ կարող է վերաբերել բողոքաբերներ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների իրավունքներին և պարտականություններին, քանի որ վերջիններս հանդիսանում են մահացած Սահակ Ավագյանի դուստրերը, ում ժառանգական գույքի նկատմամբ էլ հենց ներկայացվել է սեփականության իրավունքի ճանաչման պահանջ: Այսինքն` գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հանդիսացել են առաջին հերթի ժառանգներ: Մասնավորապես՝ բողոքաբերները նշել են, որ իրենք հրաժարվել են իրենց հասանելիք ժառանգությունից հօգուտ իրենց մորը` սույն գործով պատասխանող Նելլի Հարությունյանի, մինչդեռ Դատարանի վճռով «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի 50 տոկոսը ժառանգել են ժառանգներից միայն երկուսը` Հնազանդ և Աղաջան Ավագյանները: Արդյունքում` կայացված դատական ակտն ուղղակիորեն կարող է առնչվել բողոքաբերների իրավունքներին և պարտականություններին։ Հետևաբար` Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել են գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը։

Ինչ վերաբերում է Նելլի Հարությունյանի և Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի վերաքննիչ բողոքներին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձանց վերաքննիչ բողոքի բավարարման և դատական ակտի բեկանման արդյունքում, ըստ էության, առարկայազուրկ է դառնում ոչ դրամային պահանջին` «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչմանը վերաբերող մասով վերջիններիս վերաքննիչ բողոքներին անդրադառնալը (հայցի առարկան բաղկացած է երկու պահանջից` դրամային և ոչ դրամային), քանի որ գործին մասնակից չդարձված անձանց վերաքննիչ բողոքի բավարարման արդյունքում բողոքարկվող դատական ակտը բեկանվում և գործը ոչ դրամային մասով ուղարկվում է նոր քննության, որպիսի հանգամանքն էլ, ըստ էության, հանգեցնում է նաև Նելլի Հարությունյանի և Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի վերաքննիչ բողոքների բավարարմանը:

Միաժամանակ անդրադառնալով որպես պատճառված վնաս Նելլի Հարությունյանից 19.195.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի բողոքի այդ մասին, որը Դատարանի կողմից մերժվել է բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ ներկայացված չլինելու հիմքով` Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը քննվում է դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում, արձանագրել է, որ բողոքը չի պարունակում դրամային պահանջի մասով որևէ փաստարկ` այլ կերպ ասած` դրամային պահանջին վերաբերող մասով բողոքը չունի որևէ սահման, ուստի Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի ներկայացրած վերաքննիչ բողոքն այս մասով ենթակա է մերժման:

Անդրադառնալով հայցվորներից 383.900 ՀՀ դրամ գումար՝ որպես պետական տուրք բռնագանձելու վերաբերյալ բողոքի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ 05.10.2015 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորները, մասնավորապես, խնդրել են «հետաձգել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ դատական ակտով կամ ազատել այն վճարելուց, քանի որ Հնազանդ Ավագյանը հանդիսանում է 2-րդ կարգի խմբի հաշմանդամ»: Այսինքն` հայցվորները Դատարանին չեն ներկայացրել բացառապես պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդություն, իսկ Դատարանն էլ 06.10.2015 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորների միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու մասով: Ուստի նման պայմաններում անհիմն են նաև այդ մասով Դատարանին վերագրված խախտումները:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով: (…)

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1231-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

Վերոնշյալ օրենսդրական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսգիրը նախատեսելով իրավունքների իրականացման հայեցողություն, չի ենթադրել իրավունքների չկարգավորված, անկանոն իրականացում: Այն ենթադրում է տվյալ իրավունքն իրականացնելու կամ չիրականացնելու իրավական հնարավորությունների միջև ընտրություն կատարելու իրավունք, որի իրականացումը կարող է տեղի ունենալ բացառապես օրենքով սահմանված կարգի շրջանակներում: Ընդհակառակը, իրավունքների` օրենքով սահմանված կարգից դուրս ցանկացած իրականացման հնարավորություն կխաթարի այլոց իրավունքների և ազատությունների, ներառյալ` դրանց պաշտպանության իրավունքի էությունը` միաժամանակ վտանգի տակ դնելով հասարակական հարաբերությունների կայունությունը: Այդ է պատճառը, որ, առաջնորդվելով վերը նշված իրավաչափ նպատակներով, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել է բացառություն` թույլատրելով սուբյեկտիվ իրավունքներից հրաժարվելու հետևանքով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքների դադարում: Ի թիվս այլնի, որպես վերը նշված դեպք է հանդիսանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածով սահմանված դեպքը` ժառանգությունից հրաժարվելը:

Տվյալ դեպքում ժառանգության ընդունումը կամ ժառանգությունից հրաժարվելն առնչվում են մյուս ժառանգների կամ ժառանգություն ստանալու իրավունքի օրինական ակնկալիք ունեցող այլ անձանց իրավունքներին և պարտականություններին, հետևաբար, վերը նշված իրավաչափ նպատակներից ելնելով, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետին համահունչ, օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ կետում կատարել է բացառություն` արգելելով ժառանգությունից հրաժարվելը վերացնելու կամ հետ կանչելու հնարավորությունը` միաժամանակ դադարած համարելով տվյալ անձի` ժառանգություն ստանալու սուբյեկտիվ իրավունքը: Նշված տրամաբանության վրա են հիմնված նաև նույն հոդվածի 4-րդ կետը, որն արգելում է ժառանգությունից հրաժարվելը վերապահումներով կամ պայմանով:

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն որոշման իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2009 թվականին տրված Հայտարարության համաձայն՝ Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանները հրաժարվել են իրենց հոր՝ Սահակ Ավագյանի (մահացած՝ 21.10.2008թ.) մահից հետո մնացած ժառանգությունից, հօգուտ հանգուցյալի կնոջ՝ Նելլի Հարությունյանի: Ընդ որում՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրենց հոր՝ Սահակ Ավագյանի ժառանգությունից հրաժարվելու պահից դադարել է Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների՝ իրենց հոր ժառանգությունն ստանալու սուբյեկտիվ իրավունքը: Ուստի, հաշվի առնելով, որ սույն գործով վեճը վերաբերում է «Փերի-ԱՄ» ՓԲԸ-ում հանգուցյալ Սահակ Ավագյանին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ՝ որպես ժառանգությունն ընդունած ժառանգ հայցվորներ Աղաջան և Հնազանդ Ավագյանների սեփականության իրավունքը ճանաչելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահակ Ավագյանի ժառանգությունից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու պայմաններում առկա չէ որևէ հիմք` գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների իրավունքները և օրինական շահերը խախտված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, Դատարանի վճիռը որևէ կերպ չի առնչվում գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների իրավունքներին և պարտականություններին, ուստի և նրանց գործին մասնակից դարձնելու դատավարական պարտականություն Դատարանը չուներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով Դատարանի վճիռը բեկանելիս եկել է սխալ եզրահանգման, ուստի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը համապատասխան մասով ենթակա է բեկանման:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկվի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը Նելլի Հարությունյանի մասով չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, մասնավորապես՝ ի թիվս այլնի, քննության առարկա չի դարձրել Նելլի Հարությունյանի վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ Նելլի Հարությունյանը, կատարելով Սյուզաննա Օհանյանի նկատմամբ ունեցած պարտավորությունը, հետ է ստացել վերջինիս փոխանցված արժեթղթերը և դրանց նկատմամբ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում գրանցել է իր իրավունքը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին՝ վնասի հատուցման պահանջի մասով Դատարանին, ինչպես նաև Վերաքննիչ դատարանին վերագրվող խախտումների վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ անձը չի կարող դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե այդ դատական ակտը հանդիսացել է եզրափակիչ դատական ակտ, ենթակա է եղել վերաքննության կարգով բողոքարկման, սակայն տվյալ անձը նույն հիմքերով այդ դատական ակտը վերաքննիչ դատարանում չի բողոքարկել։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 04.09.2017 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ հանդիսանում է եզրափակիչ դատական ակտ, ենթակա է եղել վերաքննության կարգով բողոքարկման, սակայն սույն գործով բողոք բերած անձի՝ Հնազանդ Ավագյանի իրավահաջորդ Աղաջան Ավագյանի՝ Դատարանի 04.09.2017 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը Նելլի Հարությունյանից 19.195.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջը մերժելու մասով որևէ փաստարկ չի պարունակել, ինչն արդարացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը:

Ուստի նման պայմաններում հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքի երկրորդ հիմքը չի կարող քննության առարկա դառնալ Վճռաբեկ դատարանում, ուստի Վճռաբեկ դատարանն այդ հիմքին հնարավոր չի համարում անդրադառնալ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին՝ հայցվորներից 383.900 ՀՀ դրամ գումար` որպես պետական տուրք բռնագանձելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.10.2015 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորները խնդրել են «հետաձգել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ դատական ակտով կամ ազատել այն վճարելուց, քանի որ Հնազանդ Ավագյանը հանդիսանում է 2-րդ կարգի խմբի հաշմանդամ»: Այսինքն` հայցվորները Դատարանին չեն ներկայացրել բացառապես պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդություն, իսկ Դատարանն էլ 06.10.2015 թվականի որոշմամբ բավարարել է հայցվորների միջնորդությունը պետական տուրքի վճարումը հետաձգելու մասով: Հետևաբար անհիմն են նաև այդ մասով վճռաբեկ բողոքի փաստարկները:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21.12.2018 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ նկատի ունենալով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը մի մասով բեկանելու և փոփոխելու, իսկ մյուս մասով գործը նոր քննության ուղարկելու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշման՝ գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների վերաքննիչ բողոքը բավարարելու և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2017 թվականի թիվ ԵԿԴ/4537/02/15 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելու մասով բեկանելու և այդ մասով գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու մասը և այդ մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշումը փոփոխել հետևյալ կերպ. գործին մասնակից չդարձված անձինք Լուսինե, Նազանի և Մարիաննա Ավագյանների վերաքննիչ բողոքը մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշումը՝ Նելլի Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2018 թվականի որոշումը՝ «Վճիռը չբեկանված մասով (դրամային պահանջի և դրան վերաբերող պետական տուրքի մասերով) թողնել անփոփոխ» մասով՝ թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական: