Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0280/01/20

Գործ թիվ ԵԴ/0280/01/20

Նախագահող դատավոր՝  Ռ. Բարսեղյան

Դատավորներ`

Տ. Սահակյան

Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի նոյեմբերի 2-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Մայիս Հովսեփի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում, 2018 թվականի նոյեմբերի 25-ին, հարուցվել է թիվ 60192818 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Մայիս Հովսեփի Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրություն:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ Մ.Արզումանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Արզումանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

2020 թվականի մարտի 19-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով Մայիս Արզումանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Ամբաստանյալ Մ.Արզումանյանի և նրա պաշտպան Ա.Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2021 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Արզումանյանի և նրա պաշտպանի բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, Մ.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով: Մ.Արզումանյանի վարքի վերահսկողությանը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնի վրա:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Ամբաստանյալ Մ.Արզումանյանի պաշտպան Ն.Ալոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան խնդրելով՝ մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանդի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Մայիս Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա «2018 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի 01 RR 043 հ/հ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաբայան փողոցի կողմից՝ Ազատության պողոտայի՝ ավտոմեքենաների համար նախատեսված գետնանցումով դեպի Պ.Սևակ փողոցի ուղղությամբ, մոտ 50-55 կմ/ժամ արագությամբ, աջ պատից մոտ 0,5մ հեռավորությամբ: Հասնելով գետնանցման վերջնամասին՝ թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի ա) ենթակետի, 23-րդ հոդվածի 3 կետի, 24-րդ հոդվածի 7 կետի ա) ենթակետի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր դրույթներ բաժնի 3-րդ կետի կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ավտոմեքենան վարելով 0,478 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում և երթևեկության ընթացքում զրուցելով իր կողքին նստած ուղևորի հետ՝ ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի արդյունքում ավտոմեքենայի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել իր երթևեկության ուղղությամբ աջ պատի մոտ մաքրության աշխատանքներ իրականացնող Աստղիկ Սերյոժայի Առաքելյանին՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ անզգուշությամբ նրան պատճառել մարմնական վնասվածքներ, որից 2018թ նոյեմբերի 25-ին վերջինս մահացել է»1:

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է հետևյալը. (...) «[Հ]աշվի առնելով՝  ամբաստանյալի կատարած հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ հանցավոր արարքի կատարման եղանակը և հանգամանքները՝ ըստ առաջադրված մեղադրանքի, ամբաստանյալի՝ դատվածություն չունենալը, (...)  ամբաստանյալի տարիքը՝ (24 տարեկան), այն, որ ամբաստանյալը բնութագրվում է դրական, (...) [ա]մբաստանյալի պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը, մասնավորապես այն, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել և տվել խոստովանական ցուցմունքներ, ինչպես նաև տուժող կողմին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների կատարումը և տուժողի իրավահաջորդ Լևոն Նորիկի Սեյրանյանի՝ ամբաստանյալի դեմ բողոք չունենալը (...), [ա]մբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

(...)

Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մայիս Հովսեփի Արզումանյանն իր կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի համար ենթակա է ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով:

 (...)

Դատարանը, (...) հանգում է հետևության, որ Մայիս Հովսեփի Արզումանյանի ուղղվելը հնարավոր է միայն նշանակված պատիժը կրելու պարագայում»2։

7. Վերաքննիչ դատարանը, Մ.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իր որոշմամբ արձանագրել է. «(...) [Վ]երաքննիչ դատարանը հաշվի է առնում ամբաստանյալին վերագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը և նախկինում դատապարտված չլինելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ հետհանցավոր դրական վարքագիծը՝ մեղադրանքը լիովին ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, այս առումով Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն դեպքում գնահատման է արժանի նաև ամբաստանյալի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների կատարումը և տուժողի իրավահաջորդ Լևոն Սեյրանյանի՝ ամբաստանյալի դեմ բողոք չունենալը, ինչը կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող կարևոր գործոն է, ինչպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ինչպես ամբաստանյալ Մայիս Արզումանյանի, այնպես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նշված հանգամանքների համակցությունը վկայում է Մայիս Արզումանյանին ազատությունից զրկելու աննպատակահարմարության և առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, որը բխում է նաև պատիժ նշանակելու կարևորագույն` մարդասիրության սկզբունքի պահանջներից, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումը հիմնավորված չէ:

(...)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտը, այն է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճիռը՝ պատժի կրման մասով բեկանելու, ամբաստանյալ Մայիս Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու և 2 (երկու) տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու (...)»3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը:

Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը, այն որ նա տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, որպիսի հանգամանքն առավել հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

Մինչդեռ, ամբաստանյալ Մայիս Արզումանյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում:

Ըստ բողոքաբերի՝ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորությունը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացմանը հասնելու համար: Հետևաբար բողոքաբերը հանգել է հետևության, որ Մ.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Միևնույն ժամանակ, բողոքաբերը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ կերպով վերլուծելով և գնահատման ենթարկելով գործում առկա՝ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, մեղսագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել է ճիշտ հետևության՝ իրավաչափորեն արձանագրելով, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր չէ հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված պատժի նպատակներին:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռին:  

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը սահմանում է. «1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ (…):

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (…)»:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձանց նկատմամբ պատիժ նշանակելիս, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս հաշվի առնվող հանգամանքների վերաբերյալ իր նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումները, Գագիկ Ղուկասյանի վերաբերյալ որոշման շրջանակներում փաստել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով «դատարանները, ի թիվս այլոց, պետք է հատկապես հաշվի առնեն`

ա. հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները (...),

բ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը բացահայտելու համար դատարանները, յուրաքանչյուր դեպքում ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքներից, պետք է գնահատման ենթարկեն, թե ճանապարհային երթևեկության կանոնների տվյալ խախտումը ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ իրադրությունում որքանով էր հավանական դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը (...): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ, ի թիվս այլոց, լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, սահմանված արագությունը գերազանցելը, տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը վտանգ են առաջացնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար և առավել հավանական դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: (...),

գ. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում փաստել է, որ դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արդյոք գիտակցաբար է թույլ տվել (...):

Զարգացնելով սույն իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևոր նշանակություն ունի այն հարցի պարզումը, թե ճանապարհային երթևեկության կանոնները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-11-րդ հոդվածների իմաստով դիտավորությամբ, թե անզգուշությամբ են խախտվել: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները դիտավորությամբ խախտելը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին,

դ. հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը (...),

ե. հանցագործությամբ պատճառված վնասը (...),

զ. հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը (...):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարած անձանց նկատմամբ պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները սույն որոշման նախորդ կետում նշված հանգամանքների` իրենց ամբողջության մեջ վերլուծության հիման վրա կառուցելն ունի առանձնապես կարևոր նշանակություն: Ուստի այդ հանգամանքները հաշվի չառնելը, դրանք անտեսելը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը (...)»4:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Մ.Արզումանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ.

- Նա «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարելով ավտոմեքենաների համար նախատեսված գետնանցումով դեպի Պ.Սևակ փողոցի ուղղությամբ, մոտ 50-55 կմ/ժամ արագությամբ, աջ պատից մոտ 0,5մ հեռավորությամբ և հասնելով գետնանցման վերջնամասին՝ թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի ա) ենթակետի, 23-րդ հոդվածի 3 կետի, 24-րդ հոդվածի 7 կետի ա) ենթակետի, ինչպես նաև Ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր դրույթներ բաժնի 3-րդ կետի կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ ավտոմեքենան վարելով 0,478 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում և երթևեկության ընթացքում զրուցելով իր կողքին նստած ուղևորի հետ՝ ուշադրությունը շեղվել է երթևեկությունից, ինչի արդյունքում ավտոմեքենայի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել իր երթևեկության ուղղությամբ աջ պատի մոտ մաքրության աշխատանքներ իրականացնող Աստղիկ Առաքելյանին՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ անզգուշությամբ նրան պատճառել մարմնական վնասվածքներ, որից 2018 թվականի նոյեմբերի 25-ին վերջինս մահացել է5:  

- Առաջին ատյանի դատարանը, Մ.Արզումանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, հաշվի է առել նրա կատարած հանցավոր արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցավոր արարքի կատարման եղանակը և հանգամանքները, դատվածություն չունենալը, ամբաստանյալի տարիքը, դրական բնութագրվելը, պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը, այն, որ նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել և տվել խոստովանական ցուցմունքներ, տուժող կողմին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների կատարումը և տուժողի իրավահաջորդ Լ.Սեյրանյանի՝ ամբաստանյալի դեմ բողոք չներկայացնելը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը՝ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ Մ.Արզումանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել ազատազրկման ձևով պատիժ, որը նա պետք է կրի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակների իրացումն ապահովելու համար6:

- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորության հարցը, արձանագրել է, որ Մ.Արզումանյանի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու, մասնավորապես հաշվի է առել ամբաստանյալին վերագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ հետհանցավոր դրական վարքագիծը՝ մեղադրանքը լիովին ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալը, կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, ամբաստանյալի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների կատարումը և տուժողի իրավահաջորդ Լ.Սեյրանյանի՝ ամբաստանյալի դեմ բողոք չունենալը, ինչպես նաև ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքը՝ հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը7:

13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մ.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից թույլ տրված երթևեկության կանոնների խախտման բնույթը, ինչպես նաև դրանց արդյունքում վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքները: Այսպես` Մ.Արզումանյանն ավտոմեքենան վարելով 0,478 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում և երթևեկության ընթացքում զրուցելով իր կողքին նստած ուղևորի հետ՝ ուշադրությունը շեղել է երթևեկությունից, ինչի արդյունքում ավտոմեքենայի աջ անկյունային մասով վրաերթի է ենթարկել իր երթևեկության ուղղությամբ աջ պատի մոտ մաքրության աշխատանքներ իրականացնող Ա.Առաքելյանին՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ անզգուշությամբ նրան պատճառել մարմնական վնասվածքներ, որից 2018 թվականի նոյեմբերի 25-ին վերջինս մահացել է:

Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։

14. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, պատշաճ վերլուծության չի ենթարկել կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են վերջինիս կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը և դրանց արդյունքում վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքը, այն է` տուժողին անզգուշությամբ մահ պատճառելը: Միևնույն ժամանակ, վերոնշյալի համատեքստում համարժեք գնահատականի չեն արժանացվել հանցավորի անձի և կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության աստիճանի մասին վկայող հանգամանքները:

Մինչդեռ, ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակի ու չափի, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման: 

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մ.Արզումանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի`  2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Մայիս Հովսեփի Արզումանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 243-244:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 80-84:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 176-188:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:

5 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան