Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ3/0003/13/20

Գործ թիվ ԿԴ3/0003/13/20

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հոկտեմբերի 15-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 24-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Հ.Պետրոսյանը (այսուհետ նաև՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի պետ) որոշում է կայացրել դատապարտյալ Տիգրան Չավուշյանի նկատմամբ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` նաև Համաներման մասին որոշում) 9-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա համաներում չկիրառելու մասին։

2. Դատապարտյալ Տ.Չավուշյանի բողոքի քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ «Հրազդան» ՔԿ հիմնարկի պետին պարտավորեցնելով վերացնել դատապարտյալ Տ.Չավուշյանի իրավունքների և ազատությունների խախտումը։

3. Դատախազ Գ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հունիսի 24-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 29-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցներից վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել դատապարտյալ Տ.Չավուշյանը՝ խնդրելով մերժել այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությամբ, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեակատարողական օրենսգրքերով սահմանված վերաբերելի իրավակարգավորումները, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ք]ննարկվող բողոքում վիճարկվում է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ պետի՝ «Համաներում կիրառելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 07-ի որոշումը, որով քննարկվել է դատապարտյալի նկատմամբ համաներումը կիրառելու հարցը, որի նյութաիրավական հիմքը քրեական օրենսդրությունն է: Նման պայմաններում ՔԿՀ պետի կայացված որոշումը չի կարող դիտվել վարչական ակտ, իսկ որոշման իրավաչափությունը կարող է գնահատվել միայն քրեադատավարական ընթացակարգով՝ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այլ կերպ ասած՝ համաներման ինստիտուտն իր բնույթով քրեաիրավական ինստիտուտ է, քանի որ նախատեսված է քրեական օրենսդրությամբ և կարգավորում է քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու, պատժի փոխարինման, ինչպես նաև դատվածության վերացմանը վերաբերող հարցեր, հետևաբար՝ Համաներման մասին օրենքի դրույթների կիրառելիության վերաբերյալ ծագած վեճերը կարող են լուծվել բացառապես քրեադատավարական օրենսդրությամբ։

Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Տիգրան Չավուշյանի կողմից ներկայացված բողոքը ենթակա է քննության ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

(...)»1։

6. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ դատապարտյալի բողոքը կարող է քննարկման առարկա դարձվել նույն դատարանում իրավաչափ է, ուստի նման պարագայում Դատախազի վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ըստ էության ի զորու չեն չեզոքացնելու առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները։

 (...)»2։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 17-րդ, 41-րդ հոդվածների և 49-րդ գլխի պահանջները, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

7.1. Բողոքաբերի պնդմամբ՝ դատական ակտն ի կատար ածելիս Առաջին ատյանի դատարանը լիազորված չէ վերանայելու դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը, քանի որ այն քրեադատավարական օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն և ենթակա է վարչական դատարանի քննությանը:

7.2. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ սխալ են մեկնաբանվել և կիրառվել 2019 թվականի նոյեմբերի 21-ի խմբագրությամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի և Համաներման մասին որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետի դրույթները, ինչի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, և կայացվել են անօրինական, չհիմնավորված և ոչ իրավաչափ դատական ակտեր։

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Տ.Չավուշյանի կողմից ներկայացված բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դատապարտյալ Տ.Չավուշյանի ներկայացրած բողոքն ընդդատյա է քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

Մեջբերված սահմանադրական նորմերով երաշխավորվում է անձի` արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը: Ազատությունից զրկված անձի դատական պաշտպանության նվազագույն երաշխիքները նախատեսված են նաև մի շարք միջազգային-իրավական ակտերով, որոնցից, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության առաջին կոնգրեսի կողմից 1955 թվականի օգոստոսի 30-ին ընդունված «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 36-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ «Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա բողոքներով և պահանջներով դիմելու քրեակատարողական մարմիններին, դատական իշխանություններին կամ այլ իրավասու մարմիններին (…)»։ Բացի այդ, դատապարտյալի բողոքարկման իրավունքը` որպես դատապարտյալի հիմնարար իրավունքների կարևորագույն բաղկացուցիչ, նախատեսվում է նաև Եվրոպական բանտային կանոնների 70.1-ին կետով, համաձայն որի՝ «Ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան բողոքներ կամ պահանջներ ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի պետին կամ ցանկացած այլ իրավասու մարմնին»:

Դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ այն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Հետևաբար, դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն` ելնելով դատարանի մատչելիության իրավունքի գերակայությունից` քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային առանձնահատկությունների նկատմամբ3:

Դատարանի մատչելիության իրավունքի հետ անմիջականորեն առնչվող գործերի պատշաճ ընդդատության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ գործերի քննության ընդդատության կանոնների պահպանումն անհրաժեշտ երաշխիք է գործը վարույթ ընդունելիս կամայականությունների բացառման և անձի՝ դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքների ապահովման համար4:

11. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշման շրջանակներում անդրադառնալով դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա գործերի (նյութերի) շրջանակին, արձանագրել է հետևյալը. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը» վերտառությամբ 44-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Համադրելով վերոգրյալ դրույթը՝ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածում ոչ սպառիչ թվարկված դատարանի լիազորությունների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Իսկ քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում, որին համապատասխան՝ դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը վերաբերում են, մասնավորապես, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը՝ կապված դատական որոշման կատարման հետ, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծմանը, դատական որոշման կատարման հետաձգմանը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուն, պատիժը կրելուց ազատելուն հիվանդության պատճառով, այն դատապարտյալին պատժից ազատելուն, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղակետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցմանը պատժի ժամկետի մեջ:

Ինչ վերաբերում է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի, գործի կամ նյութի քննությունը կհամարվի դատարանի ընդդատությանը վերապահված, եթե այդ օրենքով այն ուղղակիորեն նախատեսված կլինի որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերոհիշյալ կանոնակարգումների համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում այդպիսին են [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը (…)»5։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին:

Միաժամանակ, Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝ դատապարտյալի բողոքները քննելու դատարանի լիազորության բացակայությունը չի կարող փոխհատուցվել Օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված ընդհանուր ընթացակարգերի կիրառմամբ, քանի որ դրանցով չեն լուծվում մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ տարածքային ընդդատության, բողոքի քննության ժամկետների, կարգի առանձնահատկությունների, ապացուցման բեռի բաշխման, ինչպես նաև կայացվելիք դատական ակտի բովանդակության և դրա բողոքարկման հետ կապված խնդիրները»6:

12. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի նկատմամբ համաներման ակտ կիրառելու հետ կապված հարցերի լուծումը քրեադատավարական օրենսդրությամբ ուղղակիորեն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, ինչպես նաև նախատեսված չեն այդ հարցերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգեր և ընթացակարգեր, որպիսի պայմաններում այդ հարցերի քննությունը և լուծումը դուրս է քրեադատավարական տիրույթից և գտնվում է ՀՀ վարչական դատարանի իրավասության շրջանակում: Այլ կերպ՝ պատժի կրման ընթացքում համաներման ակտի դրույթների կիրառելիության հետ կապված վեճերը, հետևաբար նաև դրանց վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքներն ընդդատյա չեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- «Հրազդան» ՔԿ հիմնարկի պետը որոշում է կայացրել Տ.Չավուշյանի նկատմամբ համաներման կիրառումը մերժելու մասին7,

- Առաջին ատյանի դատարանը, բավարարելով վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքը և պարտավորեցնելով «Հրազդան» ՔԿ հիմնարկի պետին վերացնել դատապարտյալ Տ.Չավուշյանի իրավունքների և ազատությունների խախտումը, անդրադարձել է բողոքի քննության ենթակայության հարցին և փաստել, որ համաներման ինստիտուտն իր բնույթով քրեաիրավական ինստիտուտ է, քանի որ նախատեսված է քրեական օրենսդրությամբ և կարգավորում է քրեաիրավական հարցեր, հետևաբար դրա կիրառելիության վերաբերյալ ծագած վեճերը կարող են լուծվել բացառապես քրեադատավարական օրենսդրությամբ և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից8:

- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշումներին, այն թողել է օրինական ուժի մեջ9։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատապարտյալ Տ.Չավուշյանի բողոքի ընդդատության հարցի կապակցությամբ եկել են սխալ եզրահանգման: Մասնավորապես, ստորադաս դատարանները, մեջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ Տ.Չավուշյանի բողոքն ընդդատյա է քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, պատշաճ վերլուծության չեն ենթարկել հիշյալ որոշման մեջ տեղ գտած հիմնավորումները, մասնավորապես այն, որ քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ ներկայացված բողոքը, ըստ էության, վերաբերում է հարցերի այնպիսի շրջանակի, որի քննությունը դուրս է քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունների շրջանակից: Այսպես՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշման դեմ ներկայացված բողոքով դատապարտյալ Տ.Չավուշյանը բարձրացրել է համաներման ակտի դրույթների կիրառելիության հարց, որը քրեադատավարական օրենսդրությամբ ոչ միայն սահմանված չէ որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն, այլև բացակայում են այդ հարցի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերը և ընթացակարգերը, ուստի դրա վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի պետի որոշման դեմ բերված բողոքը ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին և կարող է քննության առնվել վարչադատավարական տիրույթում՝ վարչական դատարանի կողմից:

15. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դատապարտյալ Տ.Չավուշյանի ներկայացրած բողոքն ընդդատյա է քրեական գործեր քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, իրավաչափ չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 44-րդ հոդվածների և 49-րդ գլխի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Տ.Չավուշյանի բողոքը պետք է մերժել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում բողոքաբերի՝ սույն որոշման 7.2-րդ կետում բարձրացված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Տիգրան Ռոլանդի Չավուշյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 29-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի հունիսի 24-ի որոշումը բեկանել և փոփոխել: Դատապարտյալ Տիգրան Չավուշյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 75-78:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 48-58:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշումը:

4 Ընդդատության վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գևորգ Հարությունյանի և մյուսների գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՈ-1439 որոշումը:

6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի նույն որոշումը:

7 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան