ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/1314/06/19 | ||
Գործ թիվ ԵԴ/1314/06/19 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի նոյեմբերի 5-ին |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Իշխան Վալերիկի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 58237919 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ Իշխան Վալերիկի Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ու 308-րդ հոդվածի 1-ին մասով։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2020 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել է և Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մերժել։
4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Մեղադրյալ Ի.Գասպարյանի պաշտպանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել այն։
Դատավարության մյուս մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Նախաքննության մարմնի կողմից մեղադրյալ Իշխան Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «[Ի.Գասպարյանը], հանդիսանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության 8-րդ բաժնի ավագ տեսուչ, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով ստուգումներով, ուսումնասիրություններով արձանագրել հարկային պարտավորությունների կատարումից խուսափող կամ հարկային իրավահարաբերությունների ոլորտում այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների խախտումները և ապահովել սահմանված կարգով դրանց ընթացքը, նույն բաժնի պաշտոնատար անձանց՝ գլխավոր տեսուչ Հարություն Պողոսյանի և ավագ տեսուչ Վիգեն Բաբախանյանի հետ «Մանուկ Ղազարյան» Ա/Ձ-ի փափուկ կահույքի արտադրամասում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ որևիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումը կանխելու և բացահայտելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, իրենց լիազորությունների շրջանակներում Մանուկ Ղազարյանի օգտին գործողություններ չկատարելու, այն է՝ ստուգումներ չիրականացնելու, չգրանցված աշխատողներ պահելու փաստը չարձանագրելու, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանք մուծելուց խուսափելու համար, 2019թ. հոկտեմբերին վերջինիցս պահանջել և նրա արտադրամասում ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար Մանուկ Ղազարյանից ամսական պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք։
2019թ. նոյեմբերին Հարություն Պողոսյանն ըստ պայմանավորվածության Էջմիածին-Երևան ավտոճանապարհի ՃՈ հենակետի մոտ հանդիպելով Մանուկ Ղազարյանին, որպես կաշառք ստացել է հերթական 50.000 ՀՀ դրամը, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին գումար ստանալու նպատակով Վիգեն Բաբախանյանը հանդիպել է Մանուկ Ղազարյանին վերջինիս խանութում և տոների կապակցությամբ 2 ամսվա կտրվածքով պահանջել և որպես կաշառք ստացել 100.000 ՀՀ դրամ, սակայն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում։
Այսպիսով, Իշխան Գասպարյանը, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չի կատարել ծառայողական պարտականությունները և մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ ստացել է խոշոր՝ 450.000 ՀՀ դրամի չափով կաշառք»1։
6. Մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը հիմնավորող նյութերին, ի թիվս այլնի, Նախաքննության մարմինը կցել է վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը2։
6.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2019 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված համարելով մեղադրյալ Ի.Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններն առերևույթ կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածը, արձանագրել է. «(...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս եզրակացության հանգելու առ այն, որ Իշխան Գասպարյանը հնարավոր է կատարած լինի իրեն վերագրվող արարք[ներ]ը, ուստի վերագրվող արարք[ներ]ի կատարմանը նրա առնչության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որը հաստատվում է.
- Մանուկ Ղազարյանից հաղորդում վերցնելու մասին 2019թ. դեկտեմբերի 26-ի արձանագրությամբ և որպես կասկածյալ նրա հարցաքննության նույն օրվա արձանագրությամբ, որոնց համաձայն՝ Մ.Ղազարյանը մատնանշել է, ի թիվս այլոց, Իշխան Գասպարյանին՝ որպես կաշառք պահանջող և ստացող անձի,
- Մ.Ղազարյանի և Ի.Գասպարյանի առերես հարցաքննության՝ 2019թ. դեկտեմբերի 28-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ Մ.Ղազարյանն իր ցուցմունքները պնդել է Ի.Գասպարյանի հետ առերեսման ժամանակ (...)»3։
7. Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է, որ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը պահպանվել է և շարունակում է մնալ «հիմնավոր»՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) [Ու]սումնասիրելով [Առաջին ատյանի դ]ատարան ներկայացված նյութերը` (…) [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ Իշխան Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ ենթադրաբար կատարելու մեջ։ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ վերագրվող արարք[ներ]ի կատարմանը Իշխան Գասպարյանի առնչվելու վերաբերյալ շարունակում է առկա լինել հիմնավոր կասկած, որը հաստատվում է՝
- Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու մասին՝ 2019թ. դեկտեմբերի 26-ի արձանագրությամբ և որպես կասկածյալ նրա հարցաքննության նույն օրվա արձանագրությամբ, որոնց համաձայն՝ Մ.Ղազարյանը, ի թիվս այլոց, մատնանշել է Իշխան Գասպարյանին՝ որպես կաշառք պահանջող և ստացող անձի,
- Մ.Ղազարյանի և Ի.Գասպարյանի առերես հարցաքննության՝ 2019թ. դեկտեմբերի 28-ի արձանագրությամբ, որի համաձայն՝ Մ.Ղազարյանն իր ցուցմունքները պնդել է Ի.Գասպարյանի հետ առերեսման ժամանակ,
- Վիգեն Բաբախանյանի նկատմամբ իրականացված «կաշառք ստանալու նմանակում» և «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ 2019թ. դեկտեմբերի 26-ի արձանագրություններով, որոնց համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Վ.Բաբախանյանը այցելել է ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար ավտոմայրուղու Մայրաքաղաքային փ., 153շ. հասցեում գործող «ՄԿ» կահույքի վաճառքի խանութ-սրահ, որտեղ հանդիպել է Մ.Ղազարյանին, որի ընթացքում վերջինս Վ.Բաբախանյանին է փոխանցել նրա կողմից որպես կաշառք պահանջված 100.000 ՀՀ դրամը,
- Մարիաննա Հովհաննիսյանի հարցաքննության՝ 2020թ. հունվարի 15-ի արձանագրությամբ,
- միջնորդությանը կից ներկայացված այլ նյութերով (…)»4։
8. Վերաքննիչ դատարանը 2020 թվականի մարտի 18-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Առաջին ատյանի դատարանի որոշ[ումն] (...) առերևույթ անհիմն է հիմնավոր կասկածը հաստատելու մասով, քանի որ քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերի հիման վրա հնարավոր չէ հետևություն անել հիմնավոր կասկածի առկայության, դրա ողջամիտ և հիմնավոր լինելու մասին: Դեռ ավելին, ինչն առավել ուշագրավ է, դատարանի որոշման մեջ նշված ապացույցները և փաստական տվյալները, որոնց վրա հիմնվելով [Առաջին ատյանի դ]ատարանը հաստատած է համարել հիմնավոր կասկածի առկայությունը, դրա հիմնավոր և ողջամիտ լինելը, նյութերում բացակայում են, ինչը հիմք է տալիս Վերաքննիչ դատարանին պնդելու, որ [Առաջին ատյանի դատարանի] որոշումը կրում է ձևական բնույթ:
(...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննիչի կողմից դատարան ներկայացված նյութերում բացակայում են՝ Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու մասին արձանագրությունը, որպես կասկածյալ նրա հարցաքննության արձանագրությունը, Մ.Ղազարյանի և Ի.Գասպարյանի առերեսման արձանագրությունը, իսկ մնացած փաստական տվյալներով հնարավոր չէ հաստատված համարել մեղադրյալ Ի.Գասպարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 311-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր կասկածը: (...) [Դ]րանցում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտային հետևություն անել Ի.Գասպարյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի ոչ միայն առկայությունը, այլև դրա ողջամիտ և հիմնավոր լինելը (...)»5։
9. 2020 թվականի հուլիսի 15-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Իշխան Վալերիկի Գասպարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ ըստ էության քննելու համար, և Ի.Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ6։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմանի՝ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը կրում է ձևական բնույթ, այն ձևավորվել է մի շարք էական հանգամանքների անտեսմամբ։
Որպես հիմնավորում բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավորված է մի շարք ապացույցներով, որոնք Նախաքննության մարմնի կողմից ներկայացված չեն եղել դատարան, իրավական գնահատման չի ենթարկել այն հանգամանքը, որ նշված ապացույցներն արդեն իսկ ներկայացվել և իրավական գնահատական են ստացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից՝ մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս։ Հետևաբար, ըստ բողոքի հեղինակի, այդ նյութերը կցված են եղել դատական գործին և վերստին նույն փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայել է, ինչը բխում է նաև որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետի երկարացումը կանոնակարգող քրեադատավարական նորմերի պահանջներից։ Բողոքի հեղինակը փաստել է, որ կալանավորման եղանակով անձի անձնական ազատության սահմանափակման ժամկետը երկարացնելու միջնորդությանը կից Նախաքննության մարմինը ներկայացրել է լրացուցիչ նյութեր, որոնք ձեռք են բերվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված լինելուց հետո։
Նշվածի համատեքստում բողոքի հեղինակը նշել է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը բավարար են եղել ինչպես մեղսագրվող արարքների կատարման հիմնավոր կասկածի, այնպես էլ կալանավորման հիմքերի առկայությունը հաստատելու համար։
11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 21-ի որոշմանը։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմանի, այն է՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնված է նաև այնպիսի փաստերի և ապացույցների վրա, որոնք Նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերում բացակայում են։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (...)»։
Նույն օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ «1. (...) [Կ]ալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` (...) կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը: (...)»։
⚖13.1. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակներում, հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում ձևավորված վերաբերելի մոտեցումները, Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու նպատակով նրա անձնական ազատությունը կալանավորման եղանակով սահմանափակելու ժամկետը երկարացնելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով.
ա) շարունակվում են առկա լինել կալանավորման պայմանները (հանցանք կատարած լինելու կասկածը պահպանված է ու շարունակում է մնալ «հիմնավոր» և այլն) ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված` կալանավորման հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր,
բ) գործի քննության ընթացքն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն7:
13.2. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի շրջանակներում անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատական որոշման վերաքննիչ վերանայման առանձնահատկություններին, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ վերաքննիչ դատարանը որպես կանոն պարտավոր է հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի կարգով քննության արդյունքում կայացված որոշումը դատական ստուգման ենթարկել այն նյութերում պարունակվող փաստական տվյալների շրջանակներում, որոնք հետազոտվել են ստորադաս դատարանում, և միայն դրանց հիման վրա գնահատական տալ համապատասխան միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությանը։ Այլ խոսքով` առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդունի ստորադաս ատյանի դատարանի տրամադրության տակ եղած նյութերը և դրանց համատեքստում համապատասխան գնահատական տա բողոքաբերի փաստարկներին8։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Նախաքննության մարմինը որպես Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը հիմնավորող նյութ Առաջին ատյանի դատարան է ներկայացրել նաև մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը9,
- Նշված դատական ակտով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերով, այդ թվում՝ Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու և վերջինիս որպես կասկածյալ տված հարցաքննության արձանագրություններով, համաձայն որոնց՝ Մ.Ղազարյանը որպես կաշառք պահանջող և ստացող անձ մատնանշել է նաև Ի.Գասպարյանին, ինչպես նաև վերջինիս և Մ.Ղազարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի` Մ.Ղազարյանն առերես պնդել է իր ցուցմունքը, հաստատված է Ի.Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների առերևույթ կատարված լինելու հիմնավոր կասկածը10։
- Առաջին ատյանի դատարանը, Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության շրջանակում գնահատելով Նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերը, մեղադրյալ Ի.Գասպարյանի կողմից նրան մեղսագրվող հանցագործությունները առերևույթ կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի շարունակական առկայության վերաբերյալ հետևությունը հիմնավորված է համարել, ի թիվս այլնի, Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու, կասկածյալի կարգավիճակում վերջինիս հարցաքննության, նրա և Ի.Գասպարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրություններով11,
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և մերժելով Նախաքննության մարմնի միջնորդությունը, արձանագրել է, որ կալանավորման պայմանի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանի հետևության հիմքում դրված՝ Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու, կասկածյալի կարգավիճակում վերջինիս հարցաքննության, նրա և Ի.Գասպարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունները բացակայում են Նախաքննության մարմնի կողմից դատարան ներկայացված նյութերում, իսկ մնացած փաստական տվյալներով հնարավոր չէ հաստատված համարել մեղադրյալ Ի.Գասպարյանի կողմից նրան մեղսագրված հանցագործությունները առերևույթ կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը12։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել Նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերը։ Մասնավորապես, տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նախաքննության մարմինը որպես միջնորդությունը հիմնավորող նյութ դատարան է ներկայացրել նաև մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումը, որում վկայակոչված են Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու, կասկածյալի կարգավիճակում նրա հարցաքննության, վերջինիս և Ի.Գասպարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունները, որոնք Նախաքննության մարմինը ներկայացրել է Ի.Գասպարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությանը կից։
Նշված պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի շարունակական առկայության վերաբերյալ հետևությունը Առաջին ատյանի դատարանը կարող էր հիմնավորել՝ վկայակոչելով Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու, կասկածյալի կարգավիճակում նրա հարցաքննության, վերջինիս և Ի.Գասպարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունները՝ նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանը համապատասխան միջնորդությունը քննելիս իր տրամադրության տակ ունեցել է մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ դատական ակտը, որով բացահայտված է եղել նշված նյութերից յուրաքանչյուրի բովանդակությունը։
15.1. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում, անհրաժեշտության դեպքում Նախաքննության մարմնից կարող էր պահանջել Մ.Ղազարյանից հաղորդում վերցնելու, կասկածյալի կարգավիճակում նրա հարցաքննության, վերջինիս և Ի.Գասպարյանի միջև կատարված առերես հարցաքննության արձանագրությունները։ Հարկ է նկատել նաև, որ Վերաքննիչ դատարանի նշված նյութերը պահանջելու պարագայում չէր վտանգվի նաև դատարանների միջև գործառութային կապը կամ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգող դատարանի անկողմնակալությունը։ Վերոհիշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նրանով, որ նշված նյութերը Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ ներառված են կալանավորման պայմանը հաստատող փաստական տվյալների շրջանակներում։
Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ի.Գասպարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմանի, այն է՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնված է նաև այնպիսի փաստերի և ապացույցների վրա, որոնք Նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերում բացակայում են, հիմնավոր չէ։
16. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն դիրքորոշմանը, որ Վերաքննիչ դատարանի կողմից նշված նյութերն արդեն իսկ ներկայացվել և իրավական գնահատական են ստացել Առաջին ատյանի դատարանի կողմից՝ մեղադրյալ Ի.Գասպարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելիս, ուստի վերստին նույն փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պնդումը հակասում է Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վերաբերելի պահանջներին13։
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի դատական ակտը բեկանելու համար։ Սակայն հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, Ի.Գասպարյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում14, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Իշխան Վալերիկի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 23-24:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 2, 8-19:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 8-19:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 76-78:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 24-31:
6 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԴ1/0010/01/20 քրեական գործը:
7 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ԱՎԴ/0022/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԱՆԴ/0017/06/16 և այլ գործերով կայացված որոշումները:
8 Տե՛ս, մասնավորապես, Գոռ Դուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14, Գևորգ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ՇԴ/0182/06/16, Շահեն Կեշիշյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0097/06/17 որոշումները։
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
13 Տե՛ս, ի թիվս այլնի, սույն որոշման 13.1-րդ կետը։
14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական: