Գլխավոր տեղեկություն
Համար
N 405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-01.01.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2021
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.11.2021
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 նոյեմբերի 2021 թվականի
ք. Երևան

N 405-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 422-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ՝

ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր) ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋN 0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների (այսուհետ՝ Մանրածախ ծառայություններ) սակագների գումարային մեծությունը հաշվարկելով յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 223.7 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել է մոնիթորինգ,

գ) «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է N 24 համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների (2022-2031թթ.) ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու (այդ թվում՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու) նպատակով։ Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեն 15.11.2021թ. N 01/05/4602-2021 գրությամբ դիմել է Հանձնաժողով՝ առաջարկելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված ԼՋN 0001 լիցենզիայի պայմանների «Սակագներ և սակագների ճշգրտումներ» N 3 հավելվածի 1-ին աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ,

դ) հաշվի առնելով սույն որոշման «գ» պարբերությամբ նշված Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի գրությունը՝ Հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 400-Ա որոշմամբ հաստատել է վարձակալության առաջիկա 10 տարիների մանրածախ ջրամատակարարման բազիսային սակագները և բազիսային ծավալները, մեծածախ ջրամատակարարման և մեծածախ ջրահեռացման բազիսային սակագները՝ համաձայն Համաձայնագրի N 3 հավելվածի,

ե) Սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1880-Ն որոշումը,

և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1880-Ն որոշումը և Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին)՝

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին՝

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 142,0 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 170,4 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 25,058 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 30,07 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 33,176 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 39,811 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 16,588 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 19,906 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9,389 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց, առանց ավելացված արժեքի հարկի, և 11,267 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 27-ի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի նոյեմբերի 20-ի N 429-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 422-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

ք. Երևան

30 նոյեմբերի 2021 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2021 թվական: