Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2006-20.05.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

Հ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետ` սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերն ու վճարման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ.

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները).

Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:

(1-ին հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 2. Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը եվ կատարողները

 

1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):

(«գ» ենթակետը լրաց. 06.07.00 ՀՕ-74)

դ) (3-րդ հոդ. 4-րդ կետի «դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

ե) (3-րդ հոդ. 4-րդ կետի «ե» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:

6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

(«գ» ենթակետը լրաց. 06.07.00 ՀՕ-74)

դ) (4-րդ հոդ. 1-ին կետի «դ» ենթ. ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5.  Սոցիալական վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 20,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ

100,000 դրամից ավելի

7,000 դրամ
7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում գործատուները:

3. (5-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4. (5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման
օբյեկտի տարեկան չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 1,200,000 դրամ

 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից

1,200,000 դրամից ավելի

 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը
 երազանցող գումարի 5 տոկոսը

 

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

Պետական գրանցման վկայականը ժամանակավոր լիազորված մարմնին հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը) սույն մասով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արտարժութային փոխարժեքից:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 6.  Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

2. (6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

4. Գործատուն յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում սոցիալական վճարների հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:

41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(պարբերությունը ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-19-Ն)

Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝

1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:

9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 26.12.02 ՀՕ-503-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 16.12.05 ՀՕ-19-Ն)

 

Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարները ապահովադրին վերադարձնելու կարգը

 

Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, տուգանքների, առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի կողմից` լիազորված մարմին դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ IV

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը եվ գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:

Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման տարեկան ֆինանսական ծրագիր է, որը հաստատվում է օրենքով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատման հետ միաժամանակ:

(8-րդ հոդվածը փոփ. 02.04.02 ՀՕ-319, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`

ա) գործատուների, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

ե) պետական գրանցում ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

զ) (9-րդ հոդվածի «զ» կետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-183-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ V

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն օրենք)

 

Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

 

1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու վայրի:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք, որպես ապահովադիր, հաշվառվում են լիազոր մարմնում:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները եվ պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.

գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`

ա) հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկա-վճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:

(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել դատարան կամ 30 օրվա ընթացքում լիազոր մարմին (վերադասության կարգով): Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել դատարան կամ մեկամսյա ժամկետում՝ լիազոր վերադաս մարմին: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:

(12-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Հոդված 14. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. ՏԵՐ. ՊԵՏՐՈՍՅԱՆ


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-179

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան