Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-258
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2004-01.01.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.30/30(63)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 հոկտեմբերի 1998 թ.

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 2. «Զինծառայող» հասկացությունը

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայող են համարվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ` համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները:

 

 

Հոդված 3. Զինծառայողներին հավասարեցված անձինք

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են`

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 31, 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 13, 15, 29 (երրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները.

դ) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դրույթները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա:

(3-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-204, խմբ. 15.05.01 ՀՕ-186, փոփ. 18.11.03 ՀՕ-36-Ն)

 

Հոդված 4. Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում

 

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները, զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով, պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են`

ա) կենսաթոշակների նշանակման կարգի հետ կապված հարցերով իրենց դիմած քաղաքացիներին ապահովել խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց աջակցել պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում.

բ) գործատուներից, պետական մարմիններից կամ առանձին անձանցից պահանջել համապատասխան փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգել դրանց արժանահավատությունը:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

 

Զինծառայողներին նշանակվում են պետական կենսաթոշակներ`

ա) երկարամյա ծառայության համար.

բ) հաշմանդամության համար:

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու դեպքում:

 

Հոդված 7.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած և զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

Զինծառայողներին` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում` նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տևողությունից:

 

Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

 

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող զինծառայողներին նշանակվում է սույն օրենքով կամ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեկ կենսաթոշակ` իրենց ընտրությամբ:

 

Հոդված 9. Կենսաթոշակների վճարման միջոցները

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին նշանակված պետական կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս նրանց դրամական բավարարմանը միացվում է սննդի փոխհատուցման գումարը:

 

Հոդված 10. Երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են այն զինծառայողները, ովքեր`

ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ.

բ) տարիքի, առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին, 50 տարին լրանալու դեպքում, ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ, որից ութ տարուց ոչ պակասը կազմում է զինվորական ծառայությունը:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

Հոդված 11. Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

 

Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» կետում նշված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով: 20 տարուց ավելի ծառայած յուրաքանչյուր լրիվ տարվա դիմաց երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու, իսկ աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսի չափով.

բ) սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» կետում թվարկված զինծառայողներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 65 տոկոսի չափով: 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված յուրաքանչյուր մեկ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակն ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի չափով:

Բոլոր դեպքերում, կենսաթոշակը չի կարող գերազանցել ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի չափը և ցածր լինել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 150 տոկոսից:

 

Հոդված 12. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հաշվարկը

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում հաշվառվող, այդ թվում` արտոնյալ պայմաններում ծառայողական կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Հաշմանդամության կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Զինծառայողներին հաշմանդամության կենսաթոշակ է նշանակվում աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի հետևանքով հաշմանդամ ճանաչվելու դեպքում, եթե հաշմանդամությունն առաջացել է`

զինվորական ծառայության ընթացքում,

ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում,

այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ծագած հաշմանդամության պատճառով:

Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող հաշմանդամության պատճառներն են` զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները և առաջացած հիվանդությունները:

Հաշմանդամության պատճառները, խումբը, ինչպես նաև հաշմանդամության վրա հասնելու ժամանակը որոշում են բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ), որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 14. Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

 

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հետևյալ չափերով`

ա) 1-ին խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150 տոկոսից.

գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակից:

 

Հոդված 15. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ անաշխատունակ զավակներին, անաշխատունակ ծնողներին և անաշխատունակ ամուսնուն` անկախ այն բանից, նրանք զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:

Կերակրողին կորցնելու դեպքում զինծառայողի ընտանիքի անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում` անկախ կերակրողի զոհվելու (մահանալու) պատճառից և անցած ժամանակաշրջանից:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ:

Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամի պահանջով սոցիալական կենսաթոշակի նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:

Կենսաթոշակի բաժնի առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակով ապահովվող ընտանիքի անդամների թիվը փոխվելիս` կենսաթոշակը փոփոխվում է կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամների թվին համապատասխան:

 

Հոդված 16. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն`

ա) 18 տարին չլրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված զավակները, եղբայրները, քույրերը և թոռները, ընդ որում, եթե եղբայրները, քույրերը և թոռները չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.

բ) կենսաթոշակային տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, կինը կամ ամուսինը, եթե չեն աշխատում.

գ) ծնողներից մեկը կամ ամուսինը (կինը), պապը, տատը, եղբայրը կամ քույրը` անկախ տարիքից և աշխատունակությունից, եթե նա խնամում է զոհված (մահացած) կերակրողի` 8 տարին չլրացած զավակներին, եղբայրներին, քույրերին կամ թոռներին ու չի աշխատում.

դ) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ ու չեն աշխատում:

Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների սովորողները, կերակրողին կորցնելու դեպքում, սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:

 

Հոդված 17. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

 

Որդեգրողները կենսաթոշակի իրավունք ունեն ծնողներին համահավասար, իսկ որդեգրվածները` հարազատ զավակներին համահավասար:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող անչափահասներն այդ իրավունքը պահպանում են նաև որդեգրվելու դեպքում:

Խորթ հայրը և խորթ մայրը կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ հոր և մոր հետ համահավասար, եթե զոհված (մահացած) խորթ զավակին պահել և դաստիարակել են առնվազն 5 տարի:

Խորթ զավակները կենսաթոշակի իրավունք ունեն հարազատ զավակներին համահավասար:

Զոհված (մահացած) զինծառայողի ամուսնուն նշանակված կենսաթոշակը պահպանվում է նաև կենսաթոշակառուի նոր ամուսնության դեպքում:

 

Հոդված 18. Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակելը և վճարելը պետական խնամքի տակ գտնվող որբ երեխաներին

 

Կերակրողին կորցնելու դեպքում, ամբողջովին պետական խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում, որբ երեխաներին վճարվում է նշանակված սոցիալական կենսաթոշակի 50 տոկոսը:

Մինչև որբ երեխայի չափահաս դառնալը, վճարվող գումարները փոխանցվում են վերջինիս հաշվին և որևէ մեկը չի կարող տնօրինել դրանք:

 

Հոդված 19. Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

 

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում է`

ա) յուրաքանչյուր երեխային` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից.

բ) ծնողներին կորցրած (զոհվածի, մահացածի) զավակներից յուրաքանչյուրին` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200 տոկոսից.

գ) ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին` կերակրողի դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակից:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ նշանակվում և վճարվում է անկախ այն բանից, թե կենսաթոշակի իրավունք ունեցող անձը սահմանված կարգով այլ կենսաթոշակներ կամ սոցիալական նպաստներ ստանում է, թե ոչ:

 

Հոդված 20. Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

 

Սույն օրենքի համաձայն` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվող կենսաթոշակների նշանակման հարցը որոշում է համապատասխան մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանումը` դիմում (զեկուցագիր) և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո` ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:

Մերժման որոշում ընդունելու դեպքում` ամենաուշը 5 օրվա ընթացքում, համապատասխան մարմինն այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին` նշելով մերժման պատճառը և գանգատարկման կարգը, միաժամանակ վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

 

Հոդված 21. Կենսաթոշակների նշանակման ժամկետները

 

Սույն օրենքի համաձայն հաշվարկվող կենսաթոշակները նշանակվում են`

ա) երկարամյա ծառայության և հաշմանդամության կենսաթոշակները` զինծառայությունից արձակվելու կամ ԲՍՓՀ-ի կողմից հաշմանդամությունը հաստատվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու դիմումը տրվել է զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` 12 ամսից ոչ ուշ.

բ) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը` կենսաթոշակի իրավունք առաջանալու օրվանից, եթե կենսաթոշակի համար դիմումը տրվել է կերակրողին կորցնելու օրվանից հետո` 12 ամսից ոչ ուշ:

Սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից ավելի ուշ դիմում տալու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմում տալու օրվանից:

Զինծառայողների հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են ԲՍՓՀ-ի կողմից սահմանված` հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

60 տարեկանից բարձր տղամարդկանց և 55 տարեկանից բարձր կանանց հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է ցմահ: Այդ հաշմանդամների բժշկական վերազննությունը կատարվում է միայն նրանց դիմումի համաձայն:

Զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակները նշանակվում են ցմահ:

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակը նշանակվում է այն ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը պահպանում է կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը (սույն օրենքի 16 հոդված):

Կենսաթոշակի չափի փոփոխումը կամ ընտանիքի անդամների կենսաթոշակի վճարման դադարեցումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբից, որի ընթացքում առաջացել են կենսաթոշակի չափի փոփոխման կամ վճարման դադարեցումը պայմանավորող հանգամանքներ:

 

Հոդված 22. Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

 

Եթե վերազննության հետևանքով ԲՍՓՀ-ն զինծառայողների հաշմանդամության խումբը փոխելու վերաբերյալ որոշում է կայացնում, ապա հաշմանդամության կենսաթոշակը վճարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածներով սահմանված կարգով: Ընդ որում, եթե հաշմանդամության խումբը բարձրանում է, ապա հաշմանդամության կենսաթոշակի չափը որոշվում է սույն օրենքի 14 հոդվածով սահմանված կարգով` անկախ հաշմանդամության խմբի փոփոխման հանգեցնող պատճառներից:

 

Հոդված 23. Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների գանգատարկումը

 

Սույն օրենքով սահմանվող կենսաթոշակների նշանակման վերաբերյալ համապատասխան մարմինների որոշումները կարող են գանգատարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակները հաշվարկելիս` որպես ամսական դրամական բավարարման (վաստակի) չափ ընդունվում է զինվորական ծառայությունից արձակվելու կամ կենսաթոշակի իրավունքի առաջացման պահին նախորդող ամսում զինծառայողի ստացած դրամական բավարարումը և սննդի փոխհատուցման գումարը:

Դրամական բավարարման մեջ մտնող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին` հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրանց ընտանիքների անդամներին` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում սույն օրենքի 14 և 19 հոդվածներով սահմանված նվազագույն չափերի կրկնապատիկով:

 

Հոդված 25. Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

 

Զինծառայողների կենսաթոշակները հաշվարկելիս և նշանակելիս սահմանվում են հետևյալ հավելումները`

ա) պատերազմի, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հաշմանդամ դարձածների համար` ըստ հաշմանդամության խմբերի, սույն օրենքի 14 հոդվածով հաշվարկվող` հաշմանդամության կենսաթոշակի նվազագույն չափով.

բ) պատերազմի մասնակիցների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

գ) իրենց խնամքի տակ անաշխատունակ խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր անաշխատունակ խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.

դ) 1-ին խմբի հաշմանդամների համար` բազային կենսաթոշակի 60 տոկոսի, իսկ 2-րդ խմբի հաշմանդամների, ինչպես նաև 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների համար` բազային կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

ե) Հայաստանի ազգային հերոսների, նախկին ԽՍՀՄ հերոսների, 1-ին և 2-րդ աստիճանի Մարտական խաչ, ինչպես նաև Փառքի 3 աստիճանների շքանշանակիրների համար` բազային կենսաթոշակի չափով.

զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողների համար` հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով.

է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված շարքային զինծառայողների ընտանիքների համար` կերակրողին կորցնելու դեպքում հաշվարկված և նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված հավելումները կարող են հաշվեգրվել միաժամանակ` բացառությամբ «ա» և «բ» կետերով նախատեսվածների, բայց ընդհանուր գումարով բազային կենսաթոշակի եռապատիկից ոչ ավելի:

(25-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-56-Ն)

 

Հոդված 26. Կենսաթոշակ վճարելը

 

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի մշտական բնակության վայրի:

Կենսաթոշակը լիազորագրերով կարող է վճարվել երեք ամիս` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի:

Նշանակված, բայց ժամանակին չպահանջված կենսաթոշակի հասանելիք գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, բայց ոչ ավել երեք տարուց:

Կենսաթոշակ նշանակող կամ վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված կենսաթոշակի գումարներն անցած ժամանակի համար վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին, ինչպես նաև արտասահման մշտական բնակության մեկնած անձանց կենսաթոշակները վճարվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 27. Պահումներ կենսաթոշակից

 

Սույն օրենքով սահմանված կենսաթոշակներից պահումներ կատարվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածով սահմանված կարգով և չափերով:

 

Հոդված 28. Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

 

Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհամարվող անձինք, ապա նրանց վճարվում է թաղման նպաստ փաստացի կատարած ծախսերի չափով` վերը նշված նպաստի սահմաններում:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում են տվել կենսաթոշակառուի մահվանից հետո` ոչ ուշ, քան 12 ամսվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29. Զինծառայողների աշխատանքային երաշխիքները

 

Զինծառայողները` բացառությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը դադարեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելն իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին, զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` երկամսյա ժամկետում, ընդունել աշխատանքի` նախկինից ոչ ցածր պաշտոնով:

Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զինծառայողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից:

 

Հոդված 30. Զինծառայողների նյութական ապահովությունը

 

Զինծառայողները պետական բյուջեի միջոցների հաշվին ստանում են դրամական բավարարում, ինչպես նաև պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն` դրամական փոխհատուցում` իրենց ցանկությամբ:

Զինծառայողների դրամական բավարարում, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը: Պաշտոնների ցանկը, որոնք կարող են զբաղեցնել զինծառայողները, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն`

մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.

10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.

15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.

20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` բազային կենսաթոշակի քսանապատիկի չափով:

 

Հոդված 31. Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակը

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բաշխումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահություններն անցկացվում են շաբաթվա ցանկացած օր` առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերումով զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդ տալը

 

Ժամկետային զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է`

մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր,

15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար` 40 օր,

25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար` 45 օր,

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի համար` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային պարտադիր ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:

Զինծառայողի կնոջը (ամուսնուն), իր ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու (կնոջ) արձակուրդի հետ միաժամանակ:

Սույն հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ և վեցերորդ մասերի դրույթները չեն տարածվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

(32-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-382-Ն)

 

Հոդված 33. Զինծառայողների բժշկական սպասարկումը

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 34. Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

Մինչև մշտական բնակտարածություն ստանալը զինծառայողները, բացի ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից, և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, նրանց վճարվում է դրամական փոխհատուցում` բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներն օգտվում են գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:

(34-րդ հոդվածը փոփ. 29.12.98 ՀՕ-268-Ն)

 

Հոդված 35. Լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ` ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները` անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

Հոդված 36. Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողները, արձակուրդի անցկացման վայր մեկնելիս, Հայաստանի Հանրապետության տարածքում մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են անվճար` երկկողմանի կարգով, իսկ ընտանիքի` նրանց ուղեկցող անդամները` 50 տոկոս զեղչով:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից` անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

(36-րդ հոդվածը լրաց. 26.06.02 ՀՕ-384-Ն)

 

Հոդված 37. Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները` նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով` հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

 

Հոդված 38. Զինծառայողների եկամուտները հարկավորելը և կենսաթոշակները վերահաշվարկելը

 

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33-36 հոդվածների համաձայն` զինծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները, սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

Զինծառայողների դրամական բավարարման բարձրացման հետ միաժամանակ վերահաշվարկվում են համապատասխան պաշտոններ զբաղեցրած և պահեստ արձակված զինծառայողների կենսաթոշակների չափերը: Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

 

Հոդված 39. Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից` տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի հիսնապատիկի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից` բազային կենսաթոշակի հարյուրապատիկի չափով:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 40. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների` սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

Հոդված 42. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի հունվարի 7-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա լրացումներով և փոփոխություններով:

 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Երևան
25 նոյեմբերի 1998 թ.
ՀՕ-258

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.2017, ՀՕ-195-Ն 16.12.2017, ՀՕ-258
01.03.2017, ՀՕ-80-Ն 15.04.2017, ՀՕ-258
01.03.2017, ՀՕ-48-Ն 30.03.2017, ՀՕ-258
15.12.2016, ՀՕ-246-Ն 09.01.2017, ՀՕ-258
18.06.2015, ՀՕ-72-Ն 18.07.2015, ՀՕ-258
01.12.2014, ՀՕ-199-Ն 01.01.2015, ՀՕ-258
12.12.2013, ՀՕ-160-Ն 01.07.2014, ՀՕ-258
09.06.2014, ՀՕ-56-Ն 01.07.2014, ՀՕ-258
12.12.2013, ՀՕ-155-Ն 01.01.2014, ՀՕ-258
19.06.2013, ՀՕ-76-Ն 20.07.2013, ՀՕ-258
13.11.2012, ՀՕ-203-Ն 01.01.2013, ՀՕ-258
19.03.2012, ՀՕ-104-Ն 05.05.2012, ՀՕ-258
19.03.2012, ՀՕ-35-Ն 21.04.2012, ՀՕ-258
22.12.2010, ՀՕ-21-Ն 05.02.2011, ՀՕ-258
22.12.2010, ՀՕ-248-Ն 01.01.2011, ՀՕ-258
05.10.2010, ՀՕ-133-Ն 01.11.2010, ՀՕ-258
17.11.2009, ՀՕ-219-Ն 02.01.2010, ՀՕ-258
26.12.2008, ՀՕ-38-Ն 05.02.2009, ՀՕ-258
06.12.2007, ՀՕ-289-Ն 17.01.2008, ՀՕ-258
28.11.2007, ՀՕ-287-Ն 01.01.2008, ՀՕ-258
02.11.2007, ՀՕ-250-Ն 01.12.2007, ՀՕ-258
25.12.2006, ՀՕ-25-Ն 03.02.2007, ՀՕ-258
29.11.2006, ՀՕ-225-Ն 01.01.2007, ՀՕ-258
04.10.2006, ՀՕ-168-Ն 18.11.2006, ՀՕ-258
14.12.2004, ՀՕ-65-Ն 01.06.2006, ՀՕ-258
11.11.2005, ՀՕ-222-Ն 01.01.2006, ՀՕ-258
08.07.2005, ՀՕ-173-Ն 01.09.2005, ՀՕ-258
14.12.2004, ՀՕ-49-Ն 27.01.2005, ՀՕ-258
18.02.2004, ՀՕ-35-Ն 03.04.2004, ՀՕ-258
25.12.2003, ՀՕ-57-Ն 01.01.2004, ՀՕ-258
25.12.2003, ՀՕ-56-Ն 01.01.2004, ՀՕ-258
18.11.2003, ՀՕ-36-Ն 25.12.2003, ՀՕ-258
26.06.2002, ՀՕ-384-Ն 29.08.2002, ՀՕ-258
03.07.2002, ՀՕ-382-Ն 20.07.2002, ՀՕ-258
15.05.2001, ՀՕ-186 01.01.2002, ՀՕ-258
27.07.2001, ՀՕ-204 01.10.2001, ՀՕ-258
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան