ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5028/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5028/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հոկտեմբերի 1-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Արտյոմ և Հրաչ Օհանյանների ընդդեմ «Կենտրոն-1» համատիրության (այսուհետ՝ Համատիրություն)՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ և Հրաչ Օհանյանները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Մաշտոցի պող․, 5գ շենքի նկուղի նկատմամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ․ Չիլինգարյան, դատավորներ Ա․ Սմբատյան, Մ․ Հարթենյան) 31.05.2019 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2020 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12․05․2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ՝ բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար։
Սույն գործով կրկին վճռաբեկ բողոք է բերել Արտյոմ Օհանյանը (ներկայացուցիչ Մուրադ Ասրյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասը, 368-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և 372-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը 15.09.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի կարողացել ուղարկել հայցվորներին, ուստի նախագահող դատավորի աշխատակազմը հեռախոսային կապ է հաստատել հայցվորների ներկայացուցչի հետ և տեղեկացրել է, որ լիազորագրերի ժամկետները լրացել են:
Արտյոմ Օհանյանը 25.12.2020 թվականին ներկայացուցչին տրամադրել է իր անվամբ լիազորագիր և տեղեկացրել, որ հայրը` հայցվոր Հրաչ Օհանյանը, 16.11.2018 թվականին մահացել է:
Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք միայն Արտյոմ Օհանյանի կողմից, և վերաքննիչ բողոքի պատճենը չի ուղարկվել Հրաչ Օհանյանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի և 368-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքի պատճենը բողոք բերող անձը պետք է ուղարկի գործին մասնակցող այն անձանց, ովքեր ողջ են։
Թեև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 10.07.2020 թվականի որոշմամբ վերականգնել է բողոքաբերի խախտված իրավունքը, սակայն Վերաքննիչ դատարանը ձևական նկատառումներով վերադարձրել է վերաքննիչ բողոքը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ «բեկանել» Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը Դատարանի 07.03.2019 թվականի վճռի դեմ 29.04.2019 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշմամբ (հատոր 1, գ.թ. 111-112).
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.07.2020 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարվել է, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է (հատոր 1, գ.թ. 195-206).
3) Վերաքննիչ դատարանի 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ սահմանելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2, գ.թ. 5-6).
4) Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը 22.01.2021 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին, ի թիվս այլնի, կցել է վերաքննիչ բողոքի պատճենը պատասխանողին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ (հատոր 2, գ.թ. 25).
5) Վերաքննիչ դատարանի 04.02.2021 թվականի որոշմամբ Արտյոմ Օհանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել վերաքննիչ բողոքի պատճենը համահայցվոր Հրաչ Օհանյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույց (հատոր 2, գ.թ. 31-33)։
6) Արտյոմ Օհանյանի վճռաբեկ բողոքին կից ներկայացված Հրաչ Սմբատի Օհանյանի մահվան մասին պետական գրանցման վկայականի համաձայն՝ վերջինս մահացել է 16․11․2018 թվականին։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, մասնավորապես բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք կսահմանափակվի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, եթե անձի վրա դրվի այնպիսի պարտականություն, որն օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի է:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս Էշինգդեյնն ընդդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (տե´ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց (...) ուղարկելու մասին ապացույցները:
Նշված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման, եթե վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու մասին ապացույցը վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ, ըստ էության, բողոք բերած անձին առաջադրվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը, եթե միայն նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի պարտականություն։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը 15.09.2020 թվականի որոշմամբ Արտյոմ և Հրաչ Օհանյանների ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանելով ժամկետ՝ վերաքննիչ բողոքում առկա թերությունները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար։ 22.01.2021 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը բերվել է Արտյոմ Օհանյանի անունից։ Բողոքաբերը վերաքննիչ բողոքին կից, ի թիվս այլնի, ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատճենը պատասխանողին և դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ։ Բողոքարկվող որոշմամբ Արտյոմ Օհանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չի եղել վերաքննիչ բողոքի պատճենը համահայցվոր Հրաչ Օհանյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույց։ Միաժամանակ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցով հաստատվում է այն փաստը, որ Հրաչ Օհանյանը մահացել է դեռևս 16․11․2018 թվականին (տե՛ս փաստ 6)։
Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ Հրաչ Օհանյանի մահվան փաստը օբյեկտիվորեն անհնարին է դարձնում բողոքարկվող որոշմամբ բողոքաբերին առաջադրված պահանջի կատարումը։
Թեև Վերաքննիչ դատարանը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը քննելիս չի տիրապետել Հրաչ Օհանյանի մահվան փաստին և բողոքաբերին առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածներից բխող իրավաչափ պահանջ, սակայն այդ պահանջը կատարելու փաստացի անհնարինության պարագայում բողոքաբերին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական: