Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40156/02/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40156/02/19

Նախագահող դատավոր՝  Ն. Մարգարյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Կ. Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. սեդրակյան

 

2021 թվականի հունիս 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Միքայել Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միքայել Միքայելյանի ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ)` ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 2-րդ կետն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, դրա անհնարինության դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար բռնագանձելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Միքայել Միքայելյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 2-րդ կետը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, դրա անհնարինության դեպքում պատասխանողից բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով, պատասխանողից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ հաշվարկելով այն աշխատանքից ազատելու օրվանից մինչև սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 11.06.2020 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 2-րդ կետը, պարտավորեցրել է Հիմնադրամին՝ Միքայել Միքայելյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ վճարելով նաև հատուցում աշխատանքում չվերականգնելու դիմաց հայցվորի միջին աշխատավարձի 3-ապատիկի չափով գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.01.2021 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Միքայել Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել. Դատարանի 11.06.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է փոփոխվել է՝ Միքայել Միքայելյանի հայցն ամբողջությամբ մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Միքայելյանը (ներկայացուցիչ Լուիզա Հովհաննիսյան

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 37-րդ, 84-րդ, 105-րդ, 115-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ե՛վ Վերաքննիչ դատարանը, և՛ Դատարանը, գնահատելով ապացույցները, անտեսել են, որ թե՛ 28.08.2018 թվականի թիվ 147 § 55, թե՛ 28.09.2018 թվականի թիվ 169 § 385 և թե՛ 28.08.2019 թվականի թիվ 156/201 հրամաններն առոչինչ՝ ուժի մեջ չմտած անհատական ակտեր են, հետևաբար դրանց հիման վրա կայացված աշխատանքից ազատման հրամանն անվավեր է։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ աշխատանքից ազատման հրամանի անվավեր չլինելու մասին, հակասում է թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշմանը։ Մասնավորապես սույն գործով աշխատանքի էական պայմանը՝ ժամկետը, փոփոխելու վերաբերյալ հրամանները հայցվորի նկատմամբ չպետք է կիրառվեին, քանի որ հայցվորը դրանց մասին չի իրազեկվել, չի ծանուցվել։

Այսինքն՝ թե՛ 29.09.2017 թվականի թիվ 169 § 203 Հրամանը, որով փաստորեն փոխվել է հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, այն է՝ կատարվել է Աշխատանքային պայմանագրի պայմանի փոփոխություն, թե՛ 28.08.2018 թվականի թիվ 147 § 55, թե՛ 28.09.2018 թվականի թիվ 169 § 385 և թե՛ 28.08.2019 թվականի թիվ 156/201 հրամանների պատճենները որևէ եղանակով հայցվորին չեն հանձնվել, չեն ուղարկվել: Հայցվորը նշված հրամանների առկայության մասին իմացել է միայն 25.09.2019 թվականին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին ուղղված դիմումի արդյունքում: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշման հաշվառմամբ դրանք չէին կարող կիրառվել հայցվորի նկատմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.01.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հիմնադրամի և Միքայել Միքայելյանի միջև 24.09.2015 թվականին կնքվել է թիվ 12526 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ՝ Աշխատանքային պայմանագիր), որով Միքայել Միքայելյանը աշխատանքի է ընդունվել տնտեսագիտության տեսության ամբիոնում՝ 1 դրույքով՝ որպես ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ Աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչև 24.09.2020 թվականը գործողության ժամկետով։ Աշխատավարձը սահմանվել է ամսական 292.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 14)։

2) Աշխատանքային պայմանագրում 27.12.2016 թվականին կատարված փոփոխությամբ և Հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Ա. Սիմոնյանի 28.12.2016 թվականի թիվ 239 § 72 հրամանով Միքայել Միքայելյանը տեղափոխվել է նորաստեղծ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսորի պաշտոնին՝ 27.12.2016 թվականից մինչև մրցույթի անցկացումը։ Աշխատավարձը սահմանվել է ամսական 259.200 ՀՀ դրամ։ Միաժամանակ պահպանվել է նաև քառորդ դրույքի պրոֆեսորի պարտականությունների կատարումը մինչև ուստարվա ավարտը, համատեղության կարգով՝ վճարելով ամսական 64.800 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 18, 19)։

3) Հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Գ. Գևորգյանի 29.09.2017 թվականի թիվ 169 § 203 հրամանով Աշխատանքային պայմանագրի ժամկետ է սահմանվել 01.09.2017 թվականից մինչև 31.08.2018 թվականը։ Աշխատավարձը սահմանվել է ամսական 269.200 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 20)։

4) ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի 28.08.2018 թվականի թիվ 147 § 55 հրամանով Միքայել Միքայելյանի հետ աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են մինչև 30.09.2018 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 21)։

5) ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանի 28.09.2018 թվականի թիվ 169 § 385 հրամանով Միքայել Միքայելյանը տեղափոխվել է 0,5 դրույքի, և նրա հետ աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են մինչև 31.08.2019 թվականը՝ վճարելով ամսական 155.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 29)։

6) 09.07.2019 թվականի թվագրությամբ էլեկտրոնային փոստի արտատպվածքի համաձայն՝ «mvmiqayelyan@inbox.ru» հասցեին «tntesagitutyun.mth.17@bk.ru» հասցեից ուղարկվել է էլեկտրոնային նամակ՝ հայտնելով, որ ԵՊՀ-ի հետ Միքայել Միքայելյանի 2018-2019 ուստարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 31.08.2019 թվականին։ 2019-2020 ուստարվա համար, պայմանավորված ամբիոնային ժամաքանակի կրճատմամբ, առաջարկվել է 90 ժամ՝ ժամավճարի կարգով (հատոր 1-ին, գ.թ. 32)։

7) ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի 28.08.2019 թվականի թիվ 156/201 հրամանով Միքայել Միքայելյանի հետ աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են մինչև 30.09.2019 թվականը։ Սահմանվել է, որ նշված ժամանակահատվածում Միքայել Միքայելյանին վճարվելու է աշխատավարձ՝ 2019-2020 ուստարում նրան հատկացված ուսումնական բեռնվածությանը համապատասխանող չափով (հատոր 1-ին, գ.թ. 22)։

8) ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի և տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի կողմից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին 27.09.2019 թվականին ուղղված զեկուցագրի համաձայն՝ Միքայել Միքայելյանը հրաժարվում է կատարել 2019-2020 ուստարում իրեն առաջարկված 90 ժամ ծանրաբեռնվածությունը (50 ժամ ասպիրանտի ղեկավարում, 40 ժամ մագիստրոսական թեզի ղեկավարում)։ Զեկուցագրով խնդրել են 30.09.2019 թվականից Միքայել Միքայելյանին ազատել աշխատանքից ժամկետը լրանալու կապակցությամբ (հատոր 1-ին, գ.թ. 31)։

9) Հիմք ընդունելով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի և տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի զեկուցագիրը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 1-ին կետով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ 24.09.2019 թվականի «Միքայել Միքայելյանին ժամավճարային հիմունքով (լրացուցիչ) աշխատանք կատարելու մասին» թիվ 175/3 հրամանը։ Նույն հրամանի 2-րդ կետով 01.10.2019 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Միքայել Միքայելյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են՝ ժամկետը լրանալու պատճառով, և վերջինս ազատվել է աշխատանքից՝ վերջին աշխատանքային օր համարելով 30.09.2019 թվականը։ Նույն հրամանի 3-րդ կետի համաձայն՝ Միքայել Միքայելյանին վճարվել է տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար (ծանուցումը տրվել է 27.09.2019 թվականին) և կատարվել է վերջնահաշվարկ (հատոր 1-ին, գ.թ. 23)։

10) 27.09.2019 թվականի թվագրմամբ ծանուցման և 01.10.2019 թվականի թվագրմամբ փոստային անդորրագրի համաձայն՝ Միքայել Միքայելյանը ծանուցվել է, որ ժամկետը լրանալու պատճառով 30.10.2019 թվականից իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են, և վերջինս ազատվելու է աշխատանքից (հատոր 1-ին, գ.թ. 24)։

11) 18.10.2019 թվականի դիմումով Միքայել Միքայելյանի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին խնդրել է իրեն տրամադրել իր աշխատանքային պայմանագրերի, դրանում կատարված փոփոխությունների, ռեկտորի հրամանների համար հիմք հանդիսացած ծանուցումների, իր կողմից տրված համաձայնությունների (կնքված գրավոր համաձայնագրերի կամ այլ իրավական փաստաթղթերի) պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 17)։

12) 24.10.2019 թվականի դիմումով Միքայել Միքայելյանի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին հայտնել է, որ իրականում ինքը չի իրազեկվել իրեն առաջարկվող 90 ժամ ծանրաբեռնվածության մասին, դրանից հրաժարվելու, չհամաձայնվելու վերաբերյալ որևէ գրություն, պատասխան չի ներկայացրել, անգամ՝ բանավոր կերպով որևէ անհամաձայնություն չի հայտնել (հատոր 1-ին, գ.թ. 35-36)։

13) Ի պատասխան 24.10.2019 թվականի դիմումի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը հայտնել է, որ ի պատասխան էլեկտրոնային նամակի՝ Միքայել Միքայելյանը չի հայտնել և չի ստորագրել ամբիոնային ծանրաբեռնվածության նմուշում, որն էլ դիտվել է որպես անհամաձայնություն առաջարկվող աշխատանքին, ուստի աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել (հատոր 1-ին, գ.թ. 37)։

14) Ըստ հայցի Միքայել Միքայելյանի ընդդեմ Հիմնադրամի` ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի` 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 1-ին կետն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, դրա անհնարինության դեպքում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով գումար բռնագանձելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵԴ/41429/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 1-ին կետը, Հիմնադրամին պարտավորեցվել է Միքայել Միքայելյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ վճարելով նաև հատուցում աշխատանքում չվերականգնելու դիմաց հայցվորի միջին աշխատավարձի 3-ապատիկի չափով գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2020 թվականի վճիռը թողնելով անփոփոխ։ Սույն որոշումը վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (www.court.am պաշտոնական կայք)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 20.07.2017 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատանքային հարաբերություններում անհատական իրավական ակտերն ուժի մեջ մտնելու իրավական խնդրին՝ վերահաստատելով նախկինում իր հայտնած իրավական դիրքորոշումը։

ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներն են` (...)

3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.

1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.

2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`

(...) 2) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում.

(...) 9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում. (...

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ նույն օրենսգրքի 128-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավական ակտերի` մասնավորապես անհատական իրավական ակտերի կատարման կամ կիրառման հնարավորությունն օրենսդիրը պայմանավորել է դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքով, այսինքն` եթե այդ իրավական ակտերն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ուժի մեջ չեն մտել, ապա դրանք ի սկզբանե առոչինչ են, իրավական առումով գոյություն չունեն և կատարման կամ կիրառման ենթակա չեն: Ավելին, առոչինչ իրավական ակտերի կատարման կամ կիրառման համար օրենսդիրը սահմանել է պատասխանատվություն: Դա նշանակում է, որ ուժի մեջ չմտած իրավական ակտերը որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել իրավական ակտերի հասցեատերերի, ինչպես նաև այլ իրավակիրառողների համար, բացի դրանց կատարման կամ կիրառման համար պատասխանատվությունից: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից գործատու հանդիսացող իրավաբանական անձի ընդունած ակտերի նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ գործատուի` օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող անհատական իրավական ակտի վիճարկման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի: Իրավական ակտի հասցեատիրոջ պահանջով ակտն անվավեր ճանաչելը վերջինիս համար իրավական նշանակություն ունի այն դեպքում, երբ վիճարկվող ակտի կատարմամբ կամ կիրառմամբ խախտվել են կամ կարող են խախտվել նրա իրավունքներն ու օրինական շահերը, իսկ դա կարող է առկա լինել միայն իրավաբանական ուժի մեջ մտած ակտի պարագայում` նկատի ունենալով, որ եթե անհատական իրավական ակտի մասին հասցեատերը սահմանված կարգով չի իրազեկվել, ապա անկախ այն հանգամանքից` այդ իրավական ակտն իր բովանդակությամբ համապատասխանում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, թե` ոչ, այդ իրավաբանական ակտն ուժի մեջ չմտնելու հետևանքով ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են, որպես կանոն, անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով` նկատի ունենալով աշխատանքային հարաբերությունների կայուն և կատարվող աշխատանքի մշտական բնույթ ունենալը: Երաշխավորված աշխատանքի ապահովման և աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն առավել արտահայտվում է հենց անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններում: Ուստի, դա է պատճառը, որ օրենսդիրը սահմանափակել է աշխատանքային պայմանագրեր կնքելիս անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով պայմանագրի տեսակն ընտրելու` կողմերի կամքի ազատությունը` սահմանելով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործատուի և աշխատողի միջև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս նրանց միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սկզբից և տևում մինչև դրա գործողության ժամկետի ավարտը: Աշխատանքային իրավահարաբերությունները` որպես կամային հասարակական հարաբերություններ, ծագում, փոփոխվում և դադարում են աշխատանքային իրավունքի սուբյեկտների կամքի ազատ արտահայտության արդյունքում: Եթե աշխատանքային պայմանագրի կողմերն օրենքին համապատասխան որոշում են կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, ապա նրանք կամովին իրենց աշխատանքային հարաբերությունները սահմանափակում են պայմանագրով որոշված ժամկետով (տե՛ս Խորեն Նասիբյանի ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հիմնադրամի և Միքայել Միքայելյանի միջև 24.09.2015 թվականին կնքված Աշխատանքային պայմանագրով կողմերի միջև ծագել են որոշակի ժամկետով աշխատանքային հարաբերություններ։ Աշխատանքային պայմանագրով սահմանված՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը պարբերաբար փոփոխվել է։ Մասնավորապես, ի սկզբանե մինչև 24.09.2020 թվականը սահմանված գործողության ժամկետը 29.09.2017 թվականի թիվ 169 § 203 հրամանով սահմանվել է մինչև 31.08.2018 թվականը, 28.08.2018 թվականի թիվ 147 § 55 հրամանով՝ մինչև 30.09.2018 թվականը, 28.09.2018 թվականի թիվ 169 § 385 հրամանով՝ մինչև 31.08.2019 թվականը, 28.08.2019 թվականի թիվ 156/201 հրամանով՝ մինչև 30.09.2019 թվականը։ Նշված հրամանների մասին Հիմնադրամի կողմից հայցվորի ծանուցելու վերաբերյալ գործում ապացույցներ չեն ներկայացվել։

09.07.2019 թվականի թվագրությամբ էլեկտրոնային փոստի արտատպվածքի համաձայն՝ «mvmiqayelyan@inbox.ru» հասցեին «tntesagitutyun.mth.17@bk.ru» հասցեից ուղարկվել է էլեկտրոնային նամակ՝ առաջարկելով 90 ժամ՝ ժամավճարի կարգով։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի և տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի կողմից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանին 27.09.2019 թվականին ուղղված զեկուցագրի համաձայն՝ Միքայել Միքայելյանը հրաժարվում է կատարել 2019-2020 ուստարում իրեն առաջարկված 90 ժամ ծանրաբեռնվածությունը (50 ժամ ասպիրանտի ղեկավարում, 40 ժամ մագիստրոսական թեզի ղեկավարում)։ Հիմք ընդունելով սույն զեկուցագիրը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 2-րդ կետով 01.10.2019 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Միքայել Միքայելյանի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են՝ ժամկետը լրանալու պատճառով, և վերջինս ազատվել է աշխատանքից՝ վերջին աշխատանքային օր համարելով 30.09.2019 թվականը։

27.09.2019 թվականի թվագրմամբ ծանուցման և 01.10.2019 թվականի թվագրմամբ փոստային անդորրագրի համաձայն՝ Միքայել Միքայելյանը ծանուցվել է, որ ժամկետը լրանալու պատճառով 30.10.2019 թվականից իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են, և վերջինս ազատվելու է աշխատանքից։

Դատարանը, մասնակի բավարարելով հայցը, փաստել է, որ հայցվորի և պատասխանողի միջև ձևավորված աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են մինչև 30.09.2019 թվականը։ Դատարանը, արձանագրելով, որ հայցվորի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 30.09.2019 թվականին, եզրահանգել է, որ պատասխանողի՝ 01.10.2019 թվագրությամբ անդորրագրով ծանուցման առկայության դեպքում 27.09.2019 թվականի հրամանի 2-րդ կետն իրավաչափ համարվել և հետևանք առաջացնել չի կարող, քանի որ հրամանը ստանալուց, դրա մասին իրազեկվելուց հետո է միայն այն ստանում ուժ և կարող է առաջացնել համապատասխան հետևանք։ Ուստի Դատարանն արձանագրել է, որ Հիմնադրամը խախտել է օրենքով սահմանված ժամկետներն ու ընթացակարգը, հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքի և հայցվորին աշխատավարձ չի վճարվել։

Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը, գտել է, որ սույն դեպքում առկա են հայցվորի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու իրավական և փաստական հիմքերը, քանի որ կողմերի միջև ձևավորվել են որոշակի ժամկետով աշխատանքային հարաբերություններ, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքն էլ սահմանում է այդ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավական հնարավորություն: Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ վիճարկվող հրամանի 3-րդ կետի համաձայն՝ Միքայել Միքայելյանին վճարվել է տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար։

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում նշել, որ սույն գործով կողմերի միջև թեև ծագել են որոշակի ժամկետով աշխատանքային հարաբերություններ, սակայն ի սկզբանե կողմերի միջև կնքված Աշխատանքային պայմանագրով աշխատանքային հարաբերությունների գործողության ժամկետը սահմանվել է մինչև 24.09.2020 թվականը։ 27.12.2016 թվականին կողմերի փոխադարձ համաձայնությամբ ժամկետը սահմանվել է 27.12.2016 թվականից մինչև մրցույթի անցկացումը։ Հետագայում գործատուի՝ Հիմնադրամի հրամաններով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը փոփոխվել է։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքային պայմանագրի տեսակը (որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով) պայմանավորող աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետն աշխատանքի էական պայման է, որի փոփոխությունը նույնպես ենթադրում է կողմերի փոխադարձ համաձայնություն։ Մասնավորապես, անգամ գործատուի կողմից սույն պայմանի միակողմանի փոփոխության դեպքում աշխատողը պետք է ծանուցվի դրա վերաբերյալ՝ այդ թվում պատշաճ եղանակով ստանալով համապատասխան անհատական իրավական ակտը, որից հետո որոշի՝ համաձայնել փոփոխության հետ, թե ոչ։

Մինչդեռ սույն գործում առկա չեն աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխության վերաբերյալ անհատական իրավական ակտերը Միքայել Միքայելյանի կողմից ստացած լինելու վերաբերյալ ապացույցները։ Միակ ապացույցը, որ կարող է վկայել Միքայել Միքայելյանի կողմից անհատական իրավական ակտերի մասին հնարավոր իրազեկման մասին, արդեն վիճարկվող հրամանի կայացումից հետո՝ մասնավորապես 24102019 թվականին, Միքայել Միքայելյանի կողմից Հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի ուղղված դիմումն է։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատշաճ քննություն չի իրականացվել՝ պարզելու համար, թե արդյոք աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը որոշող անհատական իրավական ակտերը պատշաճ կարգով ստացվել են հայցվորի կողմից, և եթե այո, ապա երբ, քանի որ միայն այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահը որոշելուց հետո է հնարավոր եզրահանգում կատարել վիճարկվող հրամանի իրավաչափության և հետևաբար հայցվորի հայցապահանջների բավարարման հնարավորության մասին։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԿԴ/3295/02/15 գործով տրված մեկնաբանությունը, թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ անտեսվել է աշխատողի կողմից աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ անհատական իրավական ակտին պատշաճ կերպով ծանոթանալու իրավունքը։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է, որ թիվ ԵԴ/41429/02/19 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2020 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի 27.09.2019 թվականի թիվ 178/179 հրամանի 1-ին կետը, ԵՊՀ հիմնադրամին պարտավորեցվել է Միքայել Միքայելյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հայցվորի միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ վճարելով նաև հատուցում աշխատանքում չվերականգնելու դիմաց հայցվորի միջին աշխատավարձի 3-ապատիկի չափով գումար, որպիսի հանգամանքը նույնպես պետք է դառնա քննության առարկա։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն՝ սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի փաստական հանգամանքները պարզելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: