Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-272
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2002-30.11.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ. 1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հանրային ծառայությունը

1. Հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքականություն իրականացնելը, պետական ծառայությունը և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականությունն իրականացնում են քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված լիազորությունների շրջանակներում, քաղաքական որոշումների ընդունմամբ և դրանց կատարման համակարգմամբ:

3. Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, հարկային, մաքսային, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում, ինչպես նաև դիվանագիտական և օրենքներով նախատեսված այլ ծառայությունները:

4. Տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով` տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

5. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքների, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման և քաղաքացիական ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման, քաղաքացիական ծառայողների ատեստավորման և վերապատրաստման, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ա) քաղաքացիական ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով.

բ) քաղաքացիական ծառայության պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

գ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկ` սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

դ) քաղաքացիական ծառայող` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ.

ե) համապատասխան մարմին` սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմին.

զ) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիր` տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

է) քաղաքացիական ծառայության դասային աստիճան` քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

ը) աշխատակազմի ղեկավար` սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձ.

թ) քաղաքացիական ծառայողների ատեստավորում` զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

ժ) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում` քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

ժա) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվ` սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների հանրույթ.

ժբ) ծառայողական քննություն` սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

ժգ) քաղաքական պաշտոն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով ընտրովի կամ նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է քաղաքական որոշումներ և համակարգում դրանց կատարումը, փոփոխվում է քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում.

ժդ) հայեցողական պաշտոն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակովի պաշտոն, որն զբաղեցնող պաշտոնատար անձը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ընդունում է որոշումներ և համակարգում դրանց կատարումը, կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում.

ժե) տեխնիկական սպասարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող:

2. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով նախատեսված քաղաքական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:

3. Սույն օրենքի իմաստով` սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի քաղաքապետի) տեղակալների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները:

(3-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է հետևյալ մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերում.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների, այդ թվում` քաղաքացիական ծառայության խորհրդի), բացառությամբ կենտրոնական բանկի, աշխատակազմերում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված մարմիններում քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք քաղաքացիական ծառայողներ չեն համարվում:

Հոդված 5. Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքները

Քաղաքացիական ծառայության հիմնական սկզբունքներն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

բ) քաղաքացիական ծառայության կայունությունը.

գ) քաղաքացիական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև քաղաքացիական ծառայողների իրավահավասարությունը.

դ) քաղաքացիական ծառայության հրապարակայնությունը.

ե) քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

զ) քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

է) քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

ը) քաղաքացիական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

թ) քաղաքացիական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

ժ) քաղաքացիական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը:

Հոդված 6. Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, քաղաքացիական ծառայության խորհրդի նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Քաղաքացիական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:

Գ Լ ՈՒ Խ  2.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Հոդված 8. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանները

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները շնորհում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է ատեստավորման արդյունքում:

Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

6. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության  դասային աստիճանից զրկվում է զբաղեցրած պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «ժ», «ժա», «ժբ» և «ժէ» ենթակետերով նախատեսված հիմքերով ազատվելու դեպքերում:

7. Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանների, իջեցվում է դատական կարգով:

(8-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը` սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց ներկայացմամբ:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող, ինչպես նաև հավասարազոր պաշտոնների անվանացանկը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Հոդված 10. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երկու տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ` առանց աշխատանքային ստաժի և փորձի:

2. Մինչև 2004 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Գ Լ ՈՒ Խ  3.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 11. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Հոդված 12. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

դ) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Հոդված 13. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին քաղաքացիական ծառայության խորհրդին տեղեկացնելը

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդին:

Հոդված 14. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար համապատասխան մարմինը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

3. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար` համապատասխան մարմնի աշխատակազմը:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

գ) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջների.

դ) համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

ե) տրամաբանության, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակության ստուգման:

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում, առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

10. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տալիս է եզրակացություն, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում մրցութային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը տալիս է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երևանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում: 

11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:

12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակումը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:

2. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության վարչապետը.

գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում` մարզպետը (Երևանի քաղաքապետը), բացառությամբ սույն հոդվածի 21-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմում` այդ հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) ղեկավարը:

21. Հայաստանի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

3. Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում, իսկ սույն կետի «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը.

գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի աշխատակազմում` այդ մարմնի աշխատակազմի ղեկավարը.

դ) Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում` մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմում` այդ հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) աշխատակազմի ղեկավարը:

4. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 16. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձի և քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցչի ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողի պաշտոնը` հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով` յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը:

4. Քաղաքացիական ծառայողի կողմից երդում տալու մասին գրառում է կատարվում նրա անձնական գործում:

(16-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 17. Քաղաքացիական ծառայության ստաժը

1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակաշրջանը, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում աշխատած ողջ ժամանակաշրջանը:

2. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի` սահմանված կարգով գործուղման դեպքում պահպանվում է նրա`

ա) քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը, մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի.

բ) քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը, մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի` համաձայնեցված քաղաքացիական ծառայության խորհրդի հետ:

Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման կապակցությամբ թույլտվությունը, համաձայնեցնելով նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հետ, տալիս է համապատասխանաբար նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երևանի քաղաքապետը):

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի թույլտվությամբ երեք տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում քաղաքացիական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, իսկ գործուղման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը (ուսուցման ժամանակը) հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

5. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված հիմքով` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

(17-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 18. Քաղաքացիական ծառայողի փոխարինումը, նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքումը և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղումը

(վերնագիրը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

 

1. Քաղաքացիական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն առաջանալու` հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու, քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է`

ա) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` մինչև երկու ամիս ժամկետով, բացառությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն ենթակետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում.

բ) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում` հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայողի վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:

2. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և քաղաքացիական ծառայողի պարտադիր գործուղման կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(18-րդ հոդվածը լրաց., խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

Հոդված 19. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի, կամ քաղաքացիական ծառայողի ցանկությամբ:

Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխանաբար նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի և մարզպետի (Երևանի քաղաքապետի) պատճառաբանված որոշմամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

բ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

ա) փաստաթղթային.

բ) թեստավորման և հարցազրույցի:

10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները`

ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ կետի 4-րդ մասի «բ» ենթակետում նշված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) շնորհել ավելի բարձր դասային աստիճան.

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև այդ արդյունքները` քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) ներկայացնելը:

14. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա) քաղաքացիական ծառայողին ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու կամ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասու մարմնին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

բ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.

գ) քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե քաղաքացիական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն (մարմինն) ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:

16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

(19-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը

1. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների հիման վրա, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագիրը փոփոխվելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ` աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

2. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ անգամ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

3. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը և այդ ուսումնական հաստատությունների կողմից քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու ծրագրերը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

5. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Հոդված 21. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի`

ա) «դ», «զ», «է» և «ժթ» ենթակետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք.

բ) «ը» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք` քաղաքական կամ հայեցողական պաշտոններում իրենց պաշտոնավարման ավարտից հետո, բացառությամբ հեռացման կամ պաշտոնանկության դեպքի.

գ) «ժե» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք` գործուղման ժամկետի ավարտից հետո:

2. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում քաղաքացիական ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:

3. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Գ Լ ՈՒ Խ  5.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Հոդված 22. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են`

ա) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

բ) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

գ) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

դ) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

ե) ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

զ) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

է) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

ը) իրավական պաշտպանությունը, այդ թվում` քաղաքական հետապնդումներից.

թ) քաղաքացիական ծառայության դասային աստիճանի` սահմանված կարգով բարձրացումը.

ժ) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

ժա) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում` դատական կարգով.

ժբ) քաղաքացիական ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

(22-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

բ) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

դ) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով տված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

ե) օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

զ) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

է) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

ը) քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը.

թ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:

Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:

2. (մասը հանվել է 03.07.02 ՀՕ-399-Ն)

(23-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 24. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի`

ա) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

բ) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

գ) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

դ) իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

ե) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

զ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

է) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

ը) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում:

Հոդված 25. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

բ) հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին կետի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել քաղաքացիական ծառայության խորհրդին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:

Հոդված 26. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

ա) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

բ) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

գ) ամենամյա վճարովի արձակուրդ.

դ) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

զ) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում` նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում` բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

ը) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում:

Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող, առանց որևէ խտրականության, ունի համարժեք աշխատանքի համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Քաղաքացիական ծառայողը, այդ թվում` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողը, ստանում է վարձատրություն` քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի վերակազմակերպման ժամանակ

Համապատասխան մարմնի վերակազմակերպումը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վերակազմակերպումն ուղեկցվում է հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը և քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:

2. Քաղաքացիական ծառայողների մասին տեղեկություններն ընդգրկվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանում, որը վարում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

3. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Գ Լ ՈՒ Խ  6.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

ա) շնորհակալության հայտարարում.

բ) միանվագ դրամական պարգևատրում.

գ) հուշանվերով պարգևատրում.

դ) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

ե) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի բարձրացում.

զ) կարգապահական տույժի հանում:

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխանաբար` նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) առաջարկությամբ:

(31-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

ա) նախազգուշացում.

բ) նկատողություն.

գ) խիստ նկատողություն.

դ) օրենքով սահմանված կարգով աշխատավարձի իջեցում.

ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժի մասին քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը համապատասխանաբար` նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) առաջարկությամբ:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

5. Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել` քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

(32-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են`

ա) անձնական դիմումը.

բ) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կիրառելը.

դ) սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը.

ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

զ) հաստիքների կրճատումը.

է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

ը) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

թ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու` սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

ժբ) ազատազրկման դատապարտվելը.

ժգ) քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու` սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

ժե) սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքը.

ժզ) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

ժէ) դատական կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

ժը) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

ժթ) համապատասխան մարմնի լուծարումը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ե», «զ», «է» և «ժդ» ենթակետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողները:

(33-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 34. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

1. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ և քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ` քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

3. քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կարող է երկարաձգել մեկ անգամ` չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:

(34-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 35. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու, որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անօրինական ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հնգօրյա ժամկետում, և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

Գ Լ ՈՒ Խ  7.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 36. Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները

Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են`

ա) քաղաքացիական ծառայության խորհուրդը.

բ) աշխատակազմերի ղեկավարները:

Հոդված 37. Քաղաքացիական ծառայության խորհուրդը

1. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը`

ա) իրականացնում է համապատասխան մարմինների կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

բ) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու համար դիմում է դատարան.

գ) առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է քաղաքացիական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.

ե) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

զ) համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև պաշտոնից ազատելու դեպքերում.

է) համապատասխան և այլ մարմիններից ստանում է քաղաքացիական ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ը) հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը.

թ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.

ժ) ընդունում է սույն օրենքով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

3. Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը:

5. Քաղաքացիական ծառայության խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Քաղաքացիական ծառայության խորհրդի և նրա աշխատակազմի աշխատողների վարձատրության և պարգևավճարների չափերը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը (քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերի նախահաշվի նախագիծը):

Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի ցուցանիշների համաձայնեցումը և պետական բյուջեի նախագծում դրանց ներառումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ֆինանսավորման հայտի օրինակն առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Պետական բյուջեի ծախսային մասում քաղաքացիական ծառայության խորհրդի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

6. Քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը, նրա աշխատակազմի կազմակերպական կառուցվածքը, կանոնադրությունը, աշխատողների առավելագույն թիվը և հաստիքացուցակը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:

7. Քաղաքացիական ծառայության խորհրդի գործողությունները և որոշումները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են բողոքարկման դատական կարգով:

8. Քաղաքացիական ծառայության խորհուրդն իր գործունեության մասին ամենամյա հաղորդումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Հոդված 38. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմը

1. Քաղաքացիական ծառայության խորհուրդը կազմված է յոթ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամ:

2. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

3. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամները, բացառությամբ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի, նշանակվում են վեց տարի ժամկետով:

4. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտում աշխատանքային փորձ և տիրապետում են հայերենին:

5. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

6. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամների պաշտոնավարման ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

7. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

8. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամը պաշտոնից ազատվում է`

ա) անձնական դիմումի հիման վրա.

բ) պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.

գ) երեք ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

ե) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

զ) դատարանի կողմից անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

է) այլ պաշտոն զբաղեցնելու դեպքում.

ը) օրենքի խախտման դեպքում:

Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

9. Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամին պաշտոնից վաղաժամկետ ազատելու դեպքում տվյալ պաշտոնում նշանակում կատարվում է այդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Եթե պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա քաղաքացիական ծառայության խորհրդի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է վեց տարի` գումարած պաշտոնավարման չլրացած ժամկետը:

Հոդված 39. Աշխատակազմի ղեկավարը

1. Աշխատակազմի ղեկավարը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, քաղաքացիական ծառայող է:

2. Աշխատակազմի ղեկավարը, քաղաքացիական ծառայության կազմակերպման մասով, ղեկավարվում է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, համապատասխան մարմնի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

Հոդված 40. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

2. Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

3. Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխան մարմինների կողմից ստեղծվող մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

4. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված և պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

- մեկ երրորդը` քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացուցիչներ.

- մեկ երրորդը` համապատասխան մարմնի ներկայացուցիչներ, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և այդ աշխատակազմի ղեկավարի ատեստավորումն անցկացնելու դեպքերում` նաև նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) ներկայացուցիչներ.

- մեկ երրորդը` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են համապատասխանաբար` քաղաքացիական ծառայության խորհուրդը և համապատասխան մարմինները:

(40-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Գ Լ ՈՒ Խ  8.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 41. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

1. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  9.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հոդված 43. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատասխանեցնել քաղաքացիական ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը:

Հոդված 44. Քաղաքացիական ծառայության խորհրդի կազմավորումը

1. Քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են`

ա) մեկ անդամի համար` մեկ տարի.

բ) երկու անդամի համար` երկու տարի.

գ) մեկ անդամի համար` երեք տարի.

դ) մեկ անդամի համար` չորս տարի.

ե) մեկ անդամի համար` քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ` հինգ տարի.

զ) մեկ անդամի համար` քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ` վեց տարի:

Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից քսանօրյա ժամկետում:

2. Քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատում է քաղաքացիական ծառայության խորհրդի առաջին կազմը հաստատելու օրվանից մեկամսյա ժամկետում:

3. Մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում սույն օրենքով սահմանված կարգով նշանակումներ կատարելը քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր:

Հոդված 45. Աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանելը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմիններում աշխատակազմերի ղեկավարների հաստիքային միավորները սահմանվում և համապատասխան նշանակումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

Աշխատակազմերի ղեկավարները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ, և նրանց պաշտոնների համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ` 2002 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում:

(45-րդ հոդվածը լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հոդված 46. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Հոդված 47. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ութերորդ ամսվա ամսի 1-ից:

Հոդված 48. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

1. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):

2. Համապատասխան մարմիններում հաստիքների կրճատման դեպքում այդ մարմինների աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 49. Համապատասխան մարմինների հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

Համապատասխան մարմիններում սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո` երկամսյա ժամկետում, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել միայն այդ մարմինների անժամկետ աշխատանքային պայմանագրերով աշխատողները:

Հոդված 50. Համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը

1. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից:

2. Համապատասխան մարմինների աշխատողները, սույն հոդվածով սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողներ են համարվում` հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի պահանջները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված համապատասխան մարմինների աշխատողներին քաղաքացիական ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորման արդյունքում:

4. Համապատասխան մարմիններում, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից հետո, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով:

Հոդված 51. Համապատասխան մարմիններում ժամկետային աշխատանքային պայմանագրերի լուծումը

Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ժամկետային աշխատանքային պայմանագրերով աշխատողների հետ կնքված պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամսվա ամսի 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

Հոդված 52. Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը, սույն օրենքով սահմանված կարգով, անցկացվում և համապատասխան նշանակումներ կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իններորդ ամսվա ընթացքում:

Հոդված 53. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի մշակած և քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերին համապատասխան` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասնմեկերորդ ամսվա ամսի 1-ից:

Հոդված 54. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը

Համապատասխան մարմինների վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներեքերորդ ամսվա ամսի 1-ից:

Հոդված 55. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

Սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

Հոդված 56. Քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները պահպանելը

Քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում:

Հոդված 57. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքի ընդունման ժամկետը

Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքը ենթակա է ընդունման` մինչև 2002 թվականի մայիսի 1-ը:

Հոդված 58. Հանրապետական գործադիր առանձին մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները կարգավորող օրենքների ընդունման ժամկետները

(վերնագիրը փոփ. 03.07.02 ՀՕ-399-Ն)

 

1. Հարկային և մաքսային հանրապետական գործադիր մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները ենթակա են առանձին օրենքներով կարգավորման` մինչև 2002 թվականի հունվարի 1-ը:

2. Պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, արտաքին գործերի և արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայության հետ կապված առանձնահատկությունները ենթակա են առանձին օրենքներով կարգավորման` մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված օրենքներով կարող են սահմանվել նաև քաղաքացիական ծառայության հետ կապված առանձնահատկություններ:

(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-399-Ն)

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-272