Գլխավոր տեղեկություն
Համար
N 1807-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 06.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2021 թվականի N 1807-Լ

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-053-28.09.2021-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-053-28.09.2021-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը և դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայությամբ գործող կազմակերպությանը բացառությունների շարքում ներառելը նպատակահարմար չի համարում` հաշվի առնելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու ռիսկերը և լիցենզավորման ընթացակարգին խիստ հետևելու կարևորությունը:

Հաշվի առնել, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետ իրականացվող գործունեության հանրային վտանգավորության աստիճանը, դրանց հետ կապված գործունեությունը մշտապես գտնվում է համապատասխան մարմինների վերահսկողության ներքո: Լիցենզավորումը հանդիսանում է գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահանջների և պայմանների ուսումնասիրության և վերահսկողական գործունեություն իրականացնելու կարևոր մեխանիզմ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում թվարկված մարմիններից միայն Ոստիկանության կազմակերպաիրավական ձևը չի համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին (թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննությունն իրականացվում է կառուցվածքային ստորաբաժանման միջոցով), մյուս մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպություններն արդեն իսկ ունեն համապատասխան լիցենզիաներ և նրանց համար տվյալ տեսակով լիցենզավորվելը որևէ հակասություն չի առաջացնում օրենսդրության պահանջների հետ` նպատակահարմար է նաև վերջիններիս լիցենզավորումը` ելնելով վերոնշյալ նպատակներից:

Ըստ այդմ, առաջարկում ենք՝

1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 31.2-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների,» բառերը` հաշվի առնելով, որ վերջիններս իրենց կազմակերպաիրավական ձևով համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի պահանջներին և «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 31.2-րդ հոդվածով նախատեսված գործունեությամբ զբաղվելու համար պետք է լիցենզավորվեն:

2. Օրենքի Նախագծում սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո` հաշվի առնելով, որ առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար անհրաժեշտ է ժամանակ` համապատասխան լիցենզիա ստանալու համար: