Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-28-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.105
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի երրորդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հարկային մարմինները կարող են անցկացնել տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների (այսուհետ սույն հոդվածում՝ հաշվետվություններ) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրություններ:

Կամերալ ուսումնասիրության նպատակն է պարզել հարկերի հաշվարկման ճշտությունը, միևնույն հաշվետվության ցուցանիշների, տվյալների և թվաբանական հաշվարկների ճշտությունը, տարբեր հաշվետվություններում առկա համադրելի ցուցանիշների կամ տեղեկությունների համապատասխանությունը, հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների և տեղեկությունների համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկությունների հետ:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունը իրականացվում է հարկային մարմնի գրասենյակում` առանց տնտեսավարող սուբյեկտին այցելության և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու պահանջի:

Կամերալ ուսումնասիրության արդյունքում հաշվետվություններում խախտումներ, անճշտություններ, անհամապատասխանություններ (այսուհետ սույն հոդվածում` խախտումներ) հայտնաբերելու դեպքում դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն (երկու օրինակից), որը ուսումնասիրություն անցկացնող հարկային մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ առձեռն տրամադրում է տնտեսավարող սուբյեկտին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հինգ աշխատանքային օրվա ընթացքում արձանագրված խախտումների հետ համաձայնելու դեպքում հարկային մարմին է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ճշտված (ճշգրտված) հաշվետվությունը կամ հաշվետվությունները: Արձանագրված խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հարկային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները:

Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության ընթացքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կարող են առաջանալ միայն տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկային մարմնի հայտնաբերած խախտումները ընդունելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու արդյունքում:

Հարկային մարմինը նշված գրավոր առարկությունները կցում է տնտեսավարող սուբյեկտի հարկային գործին և կարող է դրանք օգտագործել միայն սույն օրենքով նախատեսված ստուգումների ժամանակ: Ինչ վերաբերում է նշված խախտումների հետևանքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներին, ապա այդ խախտումների հիմքով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների կրկնակի ստուգումներ կարող են անցկացվել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում`

1) «1,0 մլրդ դրամ» բառերը փոխարինել «3,0 մլրդ դրամ» բառերով.

2) «և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած» բառերը հանել.

3) «20» թիվը փոխարինել «75» թվով, իսկ «45» թիվը՝ «90» թվով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասը «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 3.0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից՝ 15 աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.
 

«ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
    

2006 թ. հունվարի  14
Երևան
ՀՕ-28-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան