ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 նոյեմբերի 2021 թվականի Երևան N 326-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Գ. Գևորգյան |
2021 թ. նոյեմբերի 10 Երևան |
Հավելված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի N 326-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման (այսուհետ՝ Մշտադիտարկում) և դրա արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները:
2. Մշտադիտարկման նպատակն է բացահայտել, գնահատել և հաղթահարել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության ոլորտում առկա իրավական բացերը, կոլիզիաները և այլ իրավական խնդիրները (այսուհետ նաև՝ իրավական խնդիրներ)։
ԳԼՈՒԽ 2
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ
3. Մշտադիտարկումն իրականացվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից։
4. Մշտադիտարկումն իրականացվում է ինչպես վարչական վարույթների, ոլորտային ուսումնասիրությունների, այնպես էլ համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ վերապահված այլ գործառույթների իրականացման շրջանակում։
ԳԼՈՒԽ 3
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
5. Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթների իրականացման արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության վերաբերյալ իրավական խնդիրներ բացահայտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի իրավաբանական վարչություն (այսուհետ՝ Վարչություն) են ներկայացնում համապատասխան տեղեկանք։
6. Վարչությանը ներկայացվող տեղեկանքը պետք է պարունակի․
1) իրավական խնդրի հակիրճ նկարագրությունը,
2) առկայության դեպքում իրավական ակտի վերնագրի նշումը, որին առնչվում է մրցակցության պաշտպանության օրենսդրության հետ կապված իրավական խնդիրը,
3) հիմնավորումներ՝ ինչպես է իրավական խնդիրն ազդում մրցակցային միջավայրի վրա,
4) հնարավորության դեպքում՝ բարձրացված խնդրի լուծման վերաբերյալ առաջարկություն։
7. Վարչությունը տեղեկանքը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է համապատասխան օրենսդրական ոլորտի ուսումնասիրություն։
8. Տեղեկանքի ուսումնասիրության արդյունքում Վարչությունը կազմում է զեկուցագիր՝ իրավական խնդրի լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորումներ։ Ուսումնասիրության արդյունքում կազմված զեկուցագիրը Վարչությունը ներկայացնում է Հանձնաժողովի նախագահին։
9. Բարձրացված իրավական խնդրի վերաբերյալ զեկուցագրի ուսումնասիրության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի նախագահն իրավական խնդիրը և խնդրի լուծման անհրաժեշտության առաջարկությունը ներկայացնում է համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին:
10. Այն դեպքում, երբ իրավական խնդիրը բացահայտվել և արձանագրվել են ոլորտային ուսումնասիրություն կամ վարույթ իրականացնելու արդյունքում ընդունված Հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, տեղեկանք չի կազմվում։
11. Ոլորտային ուսումնասիրություն կամ վարույթ իրականացնելու ընթացքում իրականացված մշտադիտարկման արդյունքում բացահայտված իրավական խնդիրը և համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին ուղղված խնդրի լուծման անհրաժեշտության առաջարկությունը ձևակերպվում է Հանձնաժողովի որոշմամբ:
ԳԼՈՒԽ 4
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
12. Յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո Վարչությունը Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է ամփոփ հաշվետվություն՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման հետ կապված։
13. Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման արդյունքում կազմված հաշվետվությունը պարունակում է.
1) իրավական խնդիրը բացահայտած հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման անվանումը,
2) իրավական խնդրի հակիրճ նկարագրությունը,
3) մրցակցային միջավայրի վրա հայտնաբերված իրավական խնդրի ազդեցության նկարագրությունը,
4) իրավական խնդրի հաղթահարմանն ուղղված առաջարկության նկարագրությունը,
5) առաջարկությունը Հանձնաժողովի նախագահի կողմից համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը,
6) առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից Հանձնաժողովի առաջարկության կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկությունը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|