Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-33-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2006-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.109
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 76-րդ հոդվածում՝
 

1) առաջին մասի «Հանրային աշխատանքների, ուղղիչ» բառերը փոխարինել «Ուղղիչ» բառով.

2) երրորդ մասում՝

ա) 3-րդ կետը «հանցագործության» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների» բառերով.

 բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերով, 391-րդ հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ և 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 258-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 258. Խուլիգանությունը

 

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,

4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,

5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի սանկցիան «հինգհարյուրապատիկի չափով» բառերից հետո լրացնել «կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 343-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

«Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք

 

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով և վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:»:
 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի 16
Երևան
ՀՕ-33-Ն