Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2336/02/17

2021 թ.      

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2336/02/17

Նախագահող դատավոր՝  Ա. Սմբատյան

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան

 Կ.  Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գուդկրեդիտ» ՈւՎԿ-ի ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի (այսուհետ`Հաշտարարի գրասենյակ) Փիրուզ Սարգսյանի, երրորդ անձ` Տիգրան Բոշյանի` Ֆինանսական համակարգի հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումն անվավեր (չեղյալ) ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ՝ Հաշտարար) 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը:

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.08.2019 թվականի որոշմամբ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի կառավարիչ, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 80-րդ հոդվածը, 74-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 1-ին մասը, 439-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել նույն օրենքի 16-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առաջին ատյանում գործը քննվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.02.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով և Դատարանին վերագրել է խախտումներ, որոնք նախատեսված չէին այդ օրենսգրքով:

Բողոքարկվող դատական ակտը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.12.2016 թվականի թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշմանը, որոնցում մանրամասնորեն վերլուծվել են Հաշտարարի որոշումների բողոքարկման ինստիտուտը և եկել են այն եզրահանգման, որ եթե ֆինանսական կազմակերպությունը չունի Հաշտարարի հետ կնքված համաձայնագիր վերջինիս որոշումները բողոքարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ, ապա ցանկացած սահմանափակում, ըստ որի ֆինանսական կազմակերպությունը չի կարող ըստ էության բողոքարկել Հաշտարարի որոշումները, խախտում են անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.08.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.02.2019 թվականի որոշմանը, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանում գործը պետք է քննվեր այդ պահին գործող դատավարության օրենսգրքի դրույթներով: Հետևաբար հաշվի առնելով, որ նոր օրենսդրությամբ նախատեսվել է, որ Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերը քննվում են հայցային չհամարվող` այլ վարույթի կարգով, հետևաբար վճռաբեկ բողոքում վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումն այլևս կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ստուգել հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերը, հակառակ պարագայում կշրջանցեր օրենքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 21.04.2016 թվականին Ընկերության և Տիգրան Բոշյանի միջև կնքվել է՝ «Սպառողական վարկի տրամադրման» թիվ 00005729 պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), որի համաձայն՝ Ընկերությունը երրորդ անձին է տրամադրել 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ, սպառողական նպատակով,  տարեկան 24% դրույքով, 18 ամսով՝ մինչև 09102017 թվականը, իսկ երրորդ անձը պարտավորվել է մինչև 09.10.2017 թվականը, մաս առ մաս, ըստ Պայմանագրին կից ժամանակացույցի՝ վճարել վարկի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները։

Պայմանագրի 1.8. կետի համաձայն՝ վարկի սպասարկման համար Վարկառուն Կրեդիտավորողին վճարում է ամսական վճար, վարկի գումարի 1,1 տոկոսի չափով, որը վճարվում է Հավելված 1-ի ժամանակացույցի համաձայն: Սպասարկման վճարի հաշվարկը Պայմանագրի 1.2 կետով նախատեսված վարկի մարման ժամկետի ավարտով դադարում է։

Պայմանագրի 29 կետի համաձայն՝ կրեդիտավորողը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել (հատոր 1-ին, գ.թ. 19-20):

2. 13.02.2017 թվականին Տիգրան Բոշյանը դիմել է Ընկերությանը՝ բողոք-պահանջով, ըստ որի նշել է, որ վճարման ժամանակացույցով նախատեսված վճարումները վաղաժամկետ է կատարել և իր վարկի գումարը նվազել է, սակայն այս ողջ ընթացքում դա հաշվի չի առնվել և անկախ վարկի գումարի մնացորդից՝ իրենից ամսական գանձվում է նույն՝ 16.500 ՀՀ դրամի չափով սպասարկման վճարներ: Տիգրան Բոշյանը խնդրել է իրեն վերադարձնել մասնավորապես ամսական սպասարկման վճարներից անհիմն հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև 300.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

3 24.02.2017 թվականին Ընկերությունն իր թիվ Ե-180 գրությամբ մերժել է Տիգրան Բոշյանի պահանջը (հատոր 1-ին գ.թ. 25-27):

4. Տիգրան Բոշյանը 28.02.2017 թվականին թիվ 09-02/17 պահանջով դիմել է Հաշտարարին ընդդեմ Ընկերության՝ պահանջելով վերադարձնել ամսական սպասարկման վճարներից անհիմն հաշվարկված ավել 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև տրամադրել 300.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գթ 90-93):

5.  Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ մասնակի` 316.387,15 ՀՀ դրամ գումարի չափով բավարարվել է Տիգրան Բոշյանի` Ընկերության դեմ ուղղված պահանջը (հատոր 1-ին գ.թ. 31-43):

6 Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան 12062017 թվականին, որը վարույթ է ընդունվել 14062017 թվականի որոշմամբ (հատոր 1-ին, գթ 3-13)։

7 Հաշտարարի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել 31052019 թվականին (հատոր 4-րդ, գթ 88-103)։

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի  4-րդ մասի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյոք վերաքննիչ դատարանը կարո±ղ է դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09042018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով քննություն իրականացրած և դատական ակտ կայացրած լինելու պայմաններում, բողոքարկված դատական ակտում թույլ տրված ենթադրյալ դատական սխալը գնահատել 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո։

 

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:  

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած՝ 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես՝ այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Միաժամանակ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը կայացվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի շրջանակներում, ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատվի տվյալ դատական ակտի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի լույսի ներքո՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը (տե°ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ գնահատելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի սահմանադրականությունը, արձանագրել է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն՝ իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է և սահմանադրականության խնդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը` այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ և հանգեցնում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը:

Արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նաև այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավակարգավորմանը՝ ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ  ՍԴՈ-1051 վերոնշյալ որոշման լույսի ներքո արձանագրել է, որ Հաշտարարի որոշումը hաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա չէ նման գրավոր համաձայնություն, ապա կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 21.04.2016 թվականին Ընկերության և երրորդ անձ Տիգրան Բոշյանի միջև կնքվել է Պայմանագիր), որի համաձայն՝ Ընկերությունը երրորդ անձին է տրամադրել 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ, սպառողական նպատակով, իսկ երրորդ անձը պարտավորվել է մինչև 09.10.2017 թվականին, մաս առ մաս, ըստ Պայմանագրին կից ժամանակացույցի վճարել վարկի գումարը և այդ գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները։

Սույն գործով Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ Ընկերությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկել է ըստ էության, այսինքն ոչ ընթացակարգային հիմքով, իսկ երբ նշված որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր, Ընկերությունը 28.06.2017 թվականին դիմել է իրավասու դատարան, այն է՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ պատասխանողի, և վիճարկել է նրա որոշումն արդեն ընթացակարգային հիմքով՝ պահանջելով որոշումը չեղյալ ճանաչել, քանի որ այն կայացվել է ընթացակարգային կանոնների խախտմամբ։

Անդրադառնալով պատասխանողի այն դիրքորոշմանը, որ որոշումը կայացվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ՝ դատարանը գտել է անհիմն, քանի որ  «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված համամասնորեն եզրույթը վերաբերում է այն դեպքին, երբ վարկառուն ժամկետից շուտ մարելով վարկի ամբողջ գումարը` պետք է ստանա ծառայության այն ողջ գումարը, որի դիմաց նա ծառայություն չի ստացել։ Դատարանն արձանագրել է, որ Պայմանագիրն իր մեջ պարունակում է խառը պայմանագրի տարրեր, այսինքն՝ վարկային իրավահարաբերություններ և ծառայությունների մատուցման իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ Ընկերությունը Տիգրան Բոշյանին տրամադրել է երկու տեսակի ծառայություն՝ վարկի տրամադրման համար կատարվող ծառայություններ, որի դիմաց ստացել է վարկի գումարի 3.50 տոկոսի չափով գումար և վարկի սպասարկման համար կատարվող ծառայություններ, որի դիմաց պետք է ստանար վարկի գումարի 1.1 տոկոսի չափով գումար: Ընդ որում, եթե վարկի տրամադրման ծառայությունն ավարտվել է դիմողի կողմից գումարը ստանալու պահից, ապա վարկի սպասարկման ծառայությունը պետք է ավարտվեր վարկի մարման ժամկետի ավարտով, ինչը սակայն կախված է բացառապես դիմողի կամքից, քանի որ նա ունի իրավունք վաղաժամկետ կատարելու իր պարտավորությունները: Այսինքն, վարկի սպասարկման ծառայությունն ավարտվում էր ոչ թե հերթական ամսական վճարումը կատարելու պահին, այլ վարկի ողջ գումարը մարելու պահից: Դրան հակառակ, եթե դիմողը սպասարկման ծառայությունների ողջ գումարը վճարեր մինչև վարկի մարման ժամկետի ավարտը, իսկ հետո վաղաժամկետ վճարեր նաև վարկի ողջ գումարը, ապա Ընկերությունը պարտավորված կլիներ վերադարձնել սպասարկման գումարից այն գումարը, որի դիմաց նա փաստացի ծառայություններ չի մատուցել: Մինչդեռ Ֆինանսական համակարգի հաշտարարը  ծառայությունների գումարը միացրել է վարկի մայր գումարի հետ, ինչը Դատարանի կարծիքով անհիմն է և հաստատված է համարել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումն իրավաչափ չէ, ուստի ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով դատական ակտը, նշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» վերտառությամբ 50-րդ գլուխը բովանդակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին: Մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը գործող 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու որևէ իրավակարգավորում չէր նախատեսել, իսկ 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը պարզապես նախատեսել էր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորություն` առանց հատուկ ընթացակարգային կանոններ սահմանելու: Այսինքն` 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու իրավակարգավորում առհասարակ չէր նախատեսել, իսկ 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսել էր ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ընդհանուր նորմ` առանց հատուկ կանոնների սահմանման: Մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» բովանդակող 09.04.2018 թվականին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ ««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-117-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը փոփոխվել է. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «կարող են» բառերից հետո լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերով` արդյունքում ստանալով հետևյալ խմբագրությունը. «Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, այն է` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը միավորող օրենքով ամրագրվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու իրավակարգավորում` հստակ ընթացակարգով և հատուկ կանոններով, որտեղ որպես հատուկ նորմ, նախատեսում է ֆինանսական համակարգի հաշտարարի համապատասխան որոշումը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննության սահմաններ` դատարանին վերապահելով միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու և համապատասխանաբար որոշում կայացնելու հնարավորություն: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը Ընկերության կողմից վիճարկվել է կիրառված նյութաիրավական օրենքի` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված առանձին ընթացակարգային կանոնների կիրառման (մեկնաբանման) կապակցությամբ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հետ չհամաձայնվելու պատճառաբանությամբ, մինչդեռ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչման հիմքերը, այդ թվում` չեղյալ ճանաչման հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում եզրակացության հանգելու արդյունքում:
Իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն, հետևաբար Դատարանի պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանը գնահատել է սխալ և գտել է, որ
Դատարանի վճիռը պետք է բեկանել և փոփոխել` հայցը մերժել:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել և գործը դատաքննության է նախապատրաստվել 14062017 թվականի որոշմամբ (հատոր  1-ին, գթ 3)։ Այսինքն՝ առաջին ատյանի դատարանում սույն քաղաքացիական գործն օրենքով սահմանված կարգով քննվել է Նախկին օրենսգրքի կարգավորումներով։ Ուստիև նկատի ունենալով այն հանգամանքը, որ բողոքարկված դատական ակտը նույնպես կայացվել է Նախկին օրենսգրքի նորմերի շրջանակներում, ապա Վերաքննիչ դատարանը ենթադրյալ դատական սխալի առկայությունը պետք է գնահատեր տվյալ բողոքարկվող դատական ակտի կայացման պահին գործող օրենսդրության իրավակարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը և նշված որոշման լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանի 02122016 թվականի թիվ ԵԿԴ/5370/02/14 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության և երրորդ անձ Տիգրան Բոշյանի միջև կնքված՝ «Սպառողական վարկի տրամադրման» թիվ 00005729 պայմանագրի 29 կետով սահմանված է, որ կրեդիտավորողը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել։

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և գործի փաստերի համադրման  արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի քննության պահին գործող օրենսդրության իրավակարգավորումների շրջանակներում Ընկերությունը կարող էր ըստ էության վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ  15-1509/17 որոշումը դատական կարգով, քանի որ Հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել գրավոր համաձայնագիր, որով կհրաժարվեր Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը» վերտառությամբ 50-րդ գլուխը բովանդակող 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի ենթադրյալ դատական սխալի առկայության կամ բացակայության հարցը պարզելիս կիրառելի չեն, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանն իրավասու չէր  գնահատելու Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը, քանի որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սպառիչ սահմանված են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման չեղյալ ճանաչելու հիմքերը, այդ թվում` չեղյալ ճանաչելու հիմք հանդիսացող ընթացակարգային կանոնները կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես նույն օրենքի համատեքստում, նույն օրենքով սահմանված իրավակարգավորումները պահպանված լինել-չլինելու վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական և փաստական հիմնավորումների շրջանակներում, նույնպես հիմնավոր չէ և չի բխում վերոգրյալ իրավական հիմնավորումներից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի 22022019 թվականի վճիռը պետք է վերանայեր Նախկին օրենսգրքի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակում, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր  անդրադառնալ նաև սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում նշված նյութական իրավունքի խախտման հիմքերին։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով դատավարական իրավունքի նորմը և նաև սխալ մեկնաբանելով նյութական իրավունքի նորմը, թույլ է տվել այնպիսի դատական սխալ, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը՝ մասնավորապես սահմանափակվել են Ընկերության դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Ուստի սույն գործով առկա է նոր քննության անհրաժեշտություն՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Ընկերության վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին։

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար՝ վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը գնահատելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան