ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1784-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշումը:
3․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
1) 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) ստացած ուսանողների վրա.
2) 22-րդից 25-րդ կետերով նախատեսված դրույթները Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար կիրառելի են 2022-2023 ուսումնական տարվանից սկսած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և կրթաթոշակ սահմանելու հետ կապված հարաբերությունները:
2․ Պետության կողմից ուսանողական նպաստ հատկացվում, ուսման վարձը փոխհատուցվում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և կրթաթոշակ սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին։
3․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստի հատկացման, ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և կրթաթոշակ սահմանելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
4․Ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստի հատկացումը, ուսման վարձի փոխհատուցումը (լրիվ կամ մասնակի (զեղչ)) և կրթաթոշակի սահմանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, ուսումնական հաստատությունների միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
II. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող՝ ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է ամբողջ ուսումնառության ընթացքում:
6. Ուսանողական նպաստի տրամադրման նպատակով՝ յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են նպաստի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսանողական նպաստ ստացողների տարեսկզբի թիվը։ Տվյալ տարում ընդունելությունների արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով ուսանողական նպաստ ստացողների միջին տարեկան թիվը։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվճար ուսուցման տեղերի քանակին համապատասխան՝ ուսանողական նպաստ տրվում է`
1) առաջին ուսումնական տարում՝ մրցույթի արդյունքներով ուսումնական հաստատություն ընդունելության կարգով անվճար ուսուցման տեղեր ընդունված ուսանողին, իսկ հաջորդ ուսումնական տարվանից` նախորդ ուսումնական տարվա առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ փոխատեղման արդյունքում.
2) միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական հաստատություն ընդունված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձանց.
3) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ֆունկցիոնալության ծանր և խոր, իսկ երեխաների դեպքում նաև միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (երեխաներին).
4) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության (ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակմամբ) զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակներին։
8. Ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ նույն կուրսի և մասնագիտությունների՝ որակավորումների, մասնագիտացումների, երաժշտական գործիքների տեսակների և մարզաձևերի, ինչը սահմանվում է ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում: Փոխատեղման արդյունքում սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի համաձայն անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ: Ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) կողմից սահմանված անվճար և վճարովի համակարգ անցած (փոխատեղված) ուսանողների անվանացուցակը ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում (առկայության դեպքում), ինչպես նաև հրապարակվում է ուսանողներին տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:
9. Ուսանողների առաջադիմությունը որոշվում է նախորդ ուսումնական տարվա գնահատականների, այդ թվում` դիֆերենցիալ ստուգարքների, միջին թվաբանականի 0,01-ի ճշտությամբ:
10․ Փոխատեղման ժամանակ առաջադիմության արդյունքների հավասար միավորների դեպքում առաջնահերթությունն ըստ հերթականության տրվում է՝
1) պետական կրթական չափորոշիչով հաստատված ընդհանուր մասնագիտական, հատուկ մասնագիտական առարկաներից առավել բարձր միավոր ստացած ուսանողներին.
2) քիչ անհարգելի բացակայություններ ունեցող ուսանողներին.
3) սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվող ուսանողներին (համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում).
4) զինվորական ծառայությունից զորացրված ուսանողներին:
11. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում ընդգրկված ուսանողներին ուսանողական նպաստ տրամադրվում է առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ սույն կարգի 7-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված կարգավիճակը ուսումնառության ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով առաջանալու կամ դադարելու դեպքում՝ այդ կարգավիճակն առաջանալու օրվանից կամ մինչև դադարելու օրը։
12․ Հարգելի պատճառով (առողջական վիճակի կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:
III. ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ (ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ (ԶԵՂՉ)
13. Ուսման վճարի փոխհատուցման (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպատակով՝ յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են նպաստի տրամադրման մասին պայմանագրեր՝ նկատի ունենալով ուսման վճարի փոխհատուցման կանխատեսվող գումարի տարեսկզբի մեծությունը։ Տվյալ տարում ընդունելությունների արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով ուսման վճարի փոխհատուցման ճշգրտված տարեկան թիվը։
14. Պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) տրվում է, ըստ առաջադիմության, առկա ուսուցմամբ ուսումնառող՝
1) ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին.
2) սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.
3) մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինվորական կոմիսարիատ) կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով.
4) երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին.
5) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողների ուսման վճարի փոխհատուցման այլ պայմաններ:
15․ Սույն կարգի 14-րդ կետում նշված ուսանողներին ուսման վճարի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվում ուսումնառության առաջադիմությունը, ընդ որում՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքներով (առաջին կուրսում` նախորդ ուսումնառած կրթական ծրագրի ավարտական արդյունքներով).
1) միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 70 տոկոս.
2) 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 50 տոկոս.
3) 50 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսման վճարի փոխհատուցման չափը կազմում է 30 տոկոս։
16․ Սույն կարգի 15-րդ կետում նշված ուսման վճարի փոխհատուցման տոկոսի չափը կիրառվում է տվյալ ուսանողի ընդունման պահին տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ մասնագիտությամբ սահմանված ուսման վճարի չափի նկատմամբ։
17․ Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու դեպքում սույն կարգի 15-րդ կետով նախատեսված չափով ուսման վճարի փոխհատուցում տրվում է կամ փոխհատուցման տրամադրումը դադարում է սույն կարգով նախատեսված կարգավիճակն ուսումնառության ընթացքում առաջանալու կամ դադարելու դեպքում՝ այդ կարգավիճակն առաջանալու օրվանից կամ մինչև դադարելու օրը։
18. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) ուսանողներին, որոնց ծնողն ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում).
6) լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների մանկավարժների երեխա ուսանողներին.
7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
19. Պետության, ինչպես նաև ուսումնական հաստատության կողմից ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն, որը փակցվում է ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև հրապարակվում է պաշտոնական կայքում (առկայության դեպքում):
20. Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև ուսումնական կիսամյակի սկիզբը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են ուսումնական տարին սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը, հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ, կցում է նաև սույն կարգի 14-րդ և 18-րդ կետերով սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում): Սույն կարգի 14-րդ և 18-րդ կետով սահմանված կարգավիճակ առաջանալու դեպքում դիմումները կարող են ընդունվել նաև այլ ժամկետում։
21. Հաջորդ ուսումնական կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում (առկայության դեպքում), ուսանողներին տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին։
III. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
22. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվճար ուսուցման տեղերի քանակին համապատասխան՝ առկա ուսուցմամբ ուսումնառող՝
1) ուսումնական հաստատության գերազանց և լավ առաջադիմություն ունեցող ուսանողին.
2) հասարակական ակտիվության համար. սույն կարգի իմաստով հասարակական ակտիվության է համարվում միջազգային և հանրապետական նշանակության մրցույթների, փառատոնների, մրցաշարերի և օլիմպիադաների մրցանակային տեղեր գրավելը, իսկ պետական կրթաթոշակ տրվում է մրցանակային տեղեր գրավելուն հաջորդող ուսումնական կիսամյակից.
3) սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին, ընդ որում՝ սույն ենթակետի իմաստով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների (բնակավայրերի) ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողները.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով.
5) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ առկա (ստացիոնար) ձևով ուսանող՝ ֆունկցիոնալության ծանր և խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում)՝ ֆունկցիոնալության ծանր և խոր աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:
23․ Սույն կարգի 22-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ուսանողներին պետական կրթաթոշակ տրվում է նաև պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, և կարգապահական տույժի ենթարկվելիս՝ վերջիններս զրկվում են այդ կրթաթոշակից առնվազն մինչև տվյալ ուսումնական կիսամյակի ավարտը։
24. Պետական կրթաթոշակ տրամադրելու նպատակով՝ յուրաքանչյուր տարվա սկզբին տվյալ տարվա պետական բյուջեի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքվում են կրթաթոշակի տրամադրման մասին պայմանագրեր՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող ուսանողների տարեսկզբի թիվը։ Տվյալ տարում ընդունելությունների արդյունքների ամփոփումից հետո պետական մարմնի և ուսումնական հաստատությունների միջև կնքված պայմանագրերում կատարվում են փոփոխություններ՝ հաշվի առնելով պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ճշգրտված տարեկան թիվը։
25. Ուսումնական հաստատությունում ուսանողի պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է հաջորդ ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում: Ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը քննարկում է ուսումնական տարվա արդյունքները և սույն կարգի 21-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելու դեպքում սահմանում է պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում (առկայության դեպքում), ուսանողներին տեսանելի վայրում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին, ինչպես նաև խորհրդի նիստի արձանագրության հետ միասին տրամադրվում է բյուջետային հատկացումների կարգադրիչ հանդիսացող պետական մարմնին։
26. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է ուսումնական հաստատությունը:
28․ Հարգելի պատճառով (առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած` կրթաթոշակ ստանալու իրավունքը:
27. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ուսումնական կրթաթոշակներ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.08.2023, N 1449-Ն | 26.08.2023, N 1784-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|