ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2007 թվականի N 818-Ն
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության և մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցման ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ` ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
1. Մարդու իրավունքները սահմանափակելիս` մարդն իրավունք ունի`
1) սահմանափակման պահից իմանալու իր իրավունքների սահմանափակման պատճառները, հիմքերը, իր իրավունքները սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով հատուցում ստանալու իրեն պատկանող տրանսպորտային կամ այլ միջոցներին` ոստիկանության ծառայողի կողմից օգտագործման հետևանքով պատճառված վնասի համար:
2. Մարդու ազատությունները սահմանափակելիս` մարդն իրավունք ունի`
1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.
2) ստանալու իրավաբանական օգնություն.
3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.
5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.
6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.
7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.
8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.
9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.
10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:
3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակելու պահից սկսած իրավունք ունի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցագրով պարզաբանում ստանալու՝ ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու իրավունքի մասին, և այդ իրավունքի մասին ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու: Ոստիկանության ծառայողն ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
(3-րդ կետը լրաց. 04.11.21 N 1791-Ն)
(հավելվածը լրաց. 04.11.21 N 1791-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին մարդուն ծանուցելու ընթացակարգը:
2. Մարդու իրավունքը սահմանափակելիս` ոստիկանության ծառայողը ներկայանում է` հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և բանավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N -Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի (այսուհետ` ցանկ) 1-ին կետով նախատեսված իրավունքները:
3. Մարդու իրավունքները սահմանափակելիս` իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրություն չի կազմվում:
4. Մարդու ազատությունը սահմանափակելիս` ոստիկանության ծառայողը ներկայանում է` հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և բանավոր ծանուցում է ցանկի 2-րդ կետով նախատեսված իրավունքների մասին:
5. Մարդուն ոստիկանություն բերելուց անմիջապես հետո կազմվում է իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, ծանուցման վայրը, ժամանակը, այն մարդու անունը, ազգանունը, ում ազատությունը սահմանափակվել է, սահմանափակման պատճառը, այն իրավական ակտը, որի հիման վրա ազատությունը սահմանափակվել է, նշում ազատության սահմանափակումից բխող իրավունքների ծանուցման փաստի, իրավունքների իրականացման կարգի պարզաբանման մասին: Արձանագրությունն ստորագրվում է ոստիկանության ծառայողի և այն անձի կողմից, ում ազատությունը սահմանափակվել է: Վերջինիս է տրամադրվում արձանագրության մեկ օրինակը: Արձանագրության ստորագրումից անձի հրաժարվելու դեպքում այն ստորագրում է ոստիկանության ծառայողը` արձանագրության մեջ նշելով հրաժարման մասին:
6. Մարդուն` իր ցանկության դեպքում, իսկ ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ պարտադիր, տրվում է գրավոր ծանուցում և դրա մասին նշվում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված արձանագրության մեջ: Եթե մարդը չի տիրապետում հայերենին, ապա գրավոր ծանուցումը տրվում է նրան հասկանալի լեզվով: Գրավոր ծանուցման մեջ նշվում են ծանուցվողի անունը, ազգանունը, ազատությունը սահմանափակելու պատճառը, այն իրավական ակտը, որի հիման վրա ազատությունը սահմանափակվել է, ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը, ցանկի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված իրավունքները, ծանուցման օրը, ամիսը և ամսաթիվը: Գրավոր ծանուցումն ստորագրում է ծանուցող ոստիկանության ծառայողը` նշելով իր պաշտոնը, կոչումը, ազգանունը:
(6-րդ կետը լրաց., փոփ. 04.11.21 N 1791-Ն)
7. Ցանկով նախատեսված իրավունքների մասին գրավոր ծանուցումը ոստիկանության ծառայողին չի ազատում օրենքով նախատեսված այլ իրավունքների մասին մարդուն ծանուցելու պարտականությունից:
(հավելվածը լրաց., փոփ. 04.11.21 N 1791-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.11.2021, N 1791-Ն | 05.11.2021, N 818-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|