ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5859/05/16 2021 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/5859/05/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Մխիթարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Մխիթարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (իրավահաջորդ` ՀՀ կադաստրի կոմիտե) (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Վարդան Մխիթարյանի` Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Անահիտ Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 19.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.12.2018 թվականի որոշմամբ Վարդան Մխիթարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 19.05.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մխիթարյանը (ներկայացուցիչ Ռուզաննա Մարգարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը .
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 50-րդ, 60-րդ հոդվածները, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 34-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածը, 191-րդ և 198-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ և 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Անահիտ Մխիթարյանը 23.02.2016 թվականի առուվաճառքի պայմանագրով գնել է Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23ա բնակարանը` 12,43քմ մակերեսով, այնուհետև Երևանի քաղաքապետի 04.03.2016 թվականի թիվ 726-Ա որոշմամբ նույն բնակարանին տրամադրվել է 23/1 հասցե, իսկ 14.03.2016 թվականին վերոգրյալ բնակարանի նկատմամբ գրանցվել է Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել Անահիտ Մխիթարյանի կողմից 23.02.2016 թվականի առուվաճառքի պայմանագրով Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23ա բնակարանը գնած լինելու և այդ բնակարանի նկատմամբ Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը պետական գրանցում ստացած լինելու վերաբերյալ ապացույցները և անդրադարձել է միայն Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությանը, որպիսի պարագայում ակներև է, որ Վերաքննիչ դատարանն ապացույցները չի գնահատել համակցության մեջ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կադաստրի կողմից Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը հանգեցրել է նույն բնակարանի 3,13քմ մակերեսով հատվածի նկատմամբ Անահիտ Մխիթարյանի՝ ավելի վաղ գրանցված սեփականության իրավունքի անվավերության, ինչը կարող էր իրականացվել միայն Անահիտ Մխիթարյանի գիտությամբ, համաձայնությամբ կամ դատական ակտի հիման վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 19.05.2017 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14032016-01-0044 վկայականի համաձայն` 14.03.2016 թվականին Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 23.02.2016 թվականի առուվաճառքի թիվ 488 պայմանագրի, Երևանի քաղաքապետի 04.03.2016 թվականի թիվ 726-Ա որոշման հիման վրա գրանցվել է Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` 12,43քմ մակերեսի նկատմամբ` սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 7):
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01082016-01-0200 վկայականի համաձայն` 01.08.2016 թվականին Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ Երևանի քաղաքապետի 23.09.1997 թվականի թիվ 1115 որոշման, Շահումյանի շրջանի ժողդատարանի 04.09.1998 թվականի թիվ 2-719 վճռի հիման վրա գրանցվել է Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` 12,43քմ մակերեսի նկատմամբ` սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառում է կատարված այն մասին, որ Շահումյանի շրջանի ժողդատարանի 04.09.1998 թվականի թիվ 2-719 վճռով 12,43քմ մակերեսից Վարդան Մխիթարյանի սեփականությունն է հանդիսանում 3,13քմ մակերեսը (հատոր 1-ին, գ.թ. 8):
3. Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի կադաստրային գործի նյութերով հաստատվում է, որ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը գրանցված է այն նույն տարածքի նկատմամբ, որի նկատմամբ գրանցված է եղել Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը (կադաստրային գործի նյութեր):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք իրավաչափ է վարչական մարմնի կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելն այն դեպքում, երբ այդ նույն անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ առկա է այլ անձի սեփականության իրավունքի գրանցում:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է սեփականության իրավունքի պաշտպանության իրավական խնդրին:
Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Սահմանադրությունը, հռչակելով սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, երաշխավորում է յուրաքանչյուրի՝ սեփականություն ունենալու բացարձակ իրավունքը` միաժամանակ ամրագրելով օրենքով նախատեսված դեպքերում այդ իրավունքից զրկելու հնարավորությունը միայն դատական կարգով (տե՛ս, Գևորգ Գևորգյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2434/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով (...):
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.
1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,
2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:
Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական գրանցման հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են` պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների (...) ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը (...):
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե` անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը, այդ թվում նաև` անձի սեփականության հիմնարար իրավունքի պաշտպանության ու երաշխավորման բնագավառում:
Այսպես՝ հաշվի առնելով վարչական վարույթի ընթացքում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը իրավունքի, այդ թվում՝ սեփականության իրավունքի գրանցումն իրականացնող լիազոր մարմնի վրա պարտականություն է դրել մերժելու գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը, եթե տվյալ գույքի կամ նրա միավորի կամ մասի նկատմամբ արդեն առկա է այլ անձի գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը: Այսինքն` վկայակոչված` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իմպերատիվ կերպով սահմանված է արգելք՝ նույն գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը գրանցելու հարցում, որի նպատակն է երաշխավորել և պաշտպանել անձի գրանցված սեփականության իրավունքը և բացառել անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված իրավունքի դեպքում այլ անձի կողմից ներկայացված իրավունքի գրանցումը: Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ գույքի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից այդ գույքի նկատմամբ նախկին սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված (ուժը կորցրած), այսինքն՝ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի գրանցումը հանգեցնում է այդ գույքի նկատմամբ ավելի վաղ գրանցված սեփականության իրավունքի դադարման, հետևաբար բոլոր դեպքերում, վարչական մարմինը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր գրանցում իրականացնելիս պարտավոր է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման ենթարկել անձի սեփականության իրավունքի ծագման հիմքերը՝ պարզելու համար, թե արդյոք գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի արդեն իսկ առկա գրանցումը չի բացառում այդ նույն գույքի նկատմամբ մեկ այլ անձի սեփականության իրավունքի նոր գրանցում կատարելը: Հակառակ պարագայում՝ երբ գրանցում իրականացնող մարմինը գույքի նկատմամբ այլ անձի արդեն իսկ գրանցված սեփականության իրավունքի առկայության պայմաններում այդ նույն գույքի նկատմամբ կատարում է սեփականության իրավունքի նոր գրանցում, ընդ որում՝ որպես նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի ծագման հիմք ընդունելով այնպիսի իրավաբանական փաստեր և դրանք հիմնավորող գրավոր փաստաթղթեր, որոնք չեն բխում արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ կամքից և գործողություններից (օրինակ՝ երբ գրանցված սեփականատերն իր գույքն օտարել է առուվաճառքի կամ նվիրատվության ձևով կամ կտակել է այլ անձի կամ հրաժարվել իր սեփականությունից) Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման պայմաններում սեփականության իրավունքի նոր գրանցումն անվավեր վարչական ակտ է, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, և որը խախտում է արդեն իսկ գրանցված սեփականատիրոջ իրավունքները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ 14.03.2016 թվականին Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 23.02.2016 թվականի առուվաճառքի թիվ 488 պայմանագրի, Երևանի քաղաքապետի 04.03.2016 թվականի թիվ 726-Ա որոշման հիման վրա գրանցվել է Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` 12,43քմ մակերեսի նկատմամբ` սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
01.08.2016 թվականին նույն հասցեի նկատմամբ Երևանի քաղաքապետի 23.09.1997 թվականի թիվ 1115 որոշման, Շահումյանի շրջանի ժողդատարանի 04.09.1998 թվականի թիվ 2-719 վճռի հիման վրա գրանցվել է Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` 12,43քմ մակերեսի նկատմամբ` սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Նույն վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառում է կատարված այն մասին, որ Շահումյանի շրջանի ժողդատարանի 04.09.1998 թվականի թիվ 2-719 վճռով 12,43քմ մակերեսից Վարդան Մխիթարյանի սեփականությունն է հանդիսանում 3,13քմ մակերեսը:
Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի կադաստրային գործի նյութերով հաստատվում է, որ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը գրանցված է այն նույն տարածքի նկատմամբ, որի նկատմամբ գրանցված է եղել Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը:
Դիմելով դատարան՝ Անահիտ Մխիթարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը բավարարել է հայցը՝ պատճառաբանելով, որ գրանցում իրականացնող մարմինը վիճարկվող գրանցմամբ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը գրանցել է այն նույն գույքի նկատմամբ, որի նկատմամբ արդեն գրանցված է եղել Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը` այդ գրանցումը կատարելով արտադատական (վարչարարական) կարգով, այն դեպքում, երբ սահմանադրական նորմով ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
Վերաքննիչ դատարանը, բավարարել է Վարդան Մխիթարյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 23.09.1997 թվականի թիվ 1115 որոշման համաձայն` Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23ա (ներկայումս 23/1) հասցեի բնակարանի 3 սենյակներից մեկը` 12,43քմ բնակելի մակերեսով, սեփականաշնորհվել է որպես 4 անձի` Վարդան, Հասմիկ, Ավետիք Մխիթարյանների և Ալմաստ Ստեփանյանի ընդհանուր սեփականություն, իսկ 35քմ օժանդակ և այլ մակերեսները՝ սեփականաշնորհվել և թողնվել են համատեղ օգտագործման: Նշված որոշման հիմքով 12.12.1997 թվականին տրվել է թիվ Ա017708 սեփականության վկայագիրը, որում որպես 12,43քմ մակերեսով սենյակի սեփականատեր ևս նշվել են Վարդան Մխիթարյանը, Ալմաստ Ստեփանյանը, Հասմիկ և Ավետիք Մխիթարյանները, իսկ 35քմ օժանդակ մակերեսը նշվել է որպես ընդհանուր համատեղ սեփականություն: Այսինքն` դեռևս 1997 թվականին կատարվել է Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքի գրանցում 12,43 քմ մակերեսով բնակելի և 35քմ մակերեսով օժանդակ տարածքների նկատմամբ:
Այսպիսով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 24.08.1998 թվականի վճռով Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը չի դադարեցվել, այլ, ըստ էության, տեղի է ունեցել ընդհանուր սեփականության բաժանում, ըստ որի՝ 9,3քմ մակերեսը հատկացվել է Ալմաստ Ստեփանյանին, Հասմիկ և Ավետիք Մխիթարյաններին, 3,13քմ մակերեսը թողնվել է Վարդան Մխիթարյանին, իսկ 35 քմ մակերեսը` ընդհանուր օգտագործման:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ 1997 թվականից ի վեր առկա չէ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքի՝ օրենքով սահմանված որևէ հիմքով դադարման կամ այդ իրավունքից Վարդան Մխիթարյանի հրաժարվելու մասին վկայող որևէ փաստ: Մասնավորապես` Վարդան Մխիթարյանը չի հրաժարվել 3,13քմ մակերեսով բնակելի և 35քմ մակերեսով ընդհանուր սեփականության իրավունքից, չի կատարել որևէ գործողություն, որը վկայեր սեփականության իրավունքից հրաժարվելու մասին:
Վերոգրյալ հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի այն պնդումը, որ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը ծագել է 01.08.2016 թվականի գրանցմամբ, անհիմն է:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործը հարուցվել է Անահիտ Մխիթարյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Սույն գործի փաստերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ տվյալ դեպքում սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք իրավաչափ է Կադաստրի կողմից 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Այսպես` գործի փաստերով հաստատվում է, որ Անահիտ Մխիթարյանը 23.02.2016 թվականի առուվաճառքի թիվ 488 պայմանագրի հիման վրա ձեռք է բերել Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 բնակարանը և 14.03.2016 թվականին նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը, մասնավորապես՝ 12,43քմ մակերեսի նկատմամբ` սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը վերոնշյալ անշարժ գույքի նույն մասերով մակերեսների նկատմամբ գրանցվել է 01.08.2016 թվականին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարչական մարմինը վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ արդեն իսկ Անահիտ Մխիթարյանի սեփականության գրանցված իրավունքի առկայության պայմաններում նույն գույքի նկատմամբ գրանցել է նաև Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը, ընդ որում՝ որպես Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքի ծագման հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 23.09.1997 թվականի թիվ 1115 որոշումը և Շահումյանի շրջանի ժողդատարանի 04.09.1998 թվականի թիվ 2-719 վճիռը:
Ելնելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծություններից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրը, 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի 12,43քմ մակերեսի նկատմամբ՝ սեփականության, իսկ 35քմ մակերեսի նկատմամբ` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցում կատարելով, խախտել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջը, այն է` մերժել սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը, եթե անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք, որը բացառում է ներկայացված իրավունքի գրանցումը, քանի որ սույն գործի փաստերի հետազոտությունից ակնհայտ է, որ Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը գրանցելու պահին Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքն անշարժ գույքի նույն միավորի նույն մասի նկատմամբ արդեն իսկ գրանցված է եղել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրի կողմից 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր վարչական ակտ է, քանի որ այն ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտմամբ, ինչպես նաև Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցմամբ խախտվել է այդ նույն հասցեի նկատմամբ արդեն իսկ գրանցված իրավունքի սուբյեկտի՝ Անահիտ Մխիթարյանի սեփականության իրավունքը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքի գրանցումը անշարժ գույքի 12,43քմ մակերեսով բնակելի և 35քմ մակերեսով օժանդակ տարածքների նկատմամբ կատարվել է դեռևս 1997 թվականին, քանի որ Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 24.08.1998 թվականի վճռով ընդհանուր սեփականության բաժանման արդյունքում տվյալ անշարժ գույքից 9,3քմ մակերեսը հատկացվել է Հասմիկ, Ավետիք Մխիթարյաններին և Ալմաստ Ստեփանյանին, իսկ 3,13քմ մակերեսը թողնվել է Վարդան Մխիթարյանին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Անահիտ Մխիթարյանը Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանը ձեռք է բերել 23.02.2016 թվականի առուվաճառքի թիվ 488 պայմանագրով, իսկ նշված առուվաճառքի պայմանագրով վեճի առարկա գույքի սեփականատերեր են հանդիսացել Ալմաստ Ստեփանյանը, Հասմիկ և Ավետիք Մխիթարյանները (հիմք` սեփականության իրավունքի 08.08.2003 թվականի թիվ 1367803 վկայական), որի հիման վրա էլ կատարվել է իրավունքի պետական գրանցումը: Մինչդեռ Վարդան Մխիթարյանի կողմից դատական կարգով չեն վիճարկվել ոչ անշարժ գույքի առուվաճառքի վերոնշյալ պայմանագիրը, ոչ էլ դրա հիման վրա Անահիտ Մխիթարյանի անվամբ 14.03.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, հետևաբար նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում սույն գործի փաստերից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարող լիազոր մարմինը, գրանցելով Վարդան Մխիթարյանի սեփականության իրավունքը, չի ապահովել վարչական վարույթի փաստական հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լիարժեք քննարկում, որի արդյունքում օրենքի խախտմամբ ընդունել է վարչական ակտ, որով խախտել է Անահիտ Մխիթարյանի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված և պաշտպանվող սեփականության իրավունքը:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը հանգել էր իրավաչափ եզրահանգման առ այն, որ վիճարկվող վարչական ակտը՝ Երևանի Շերամի փողոցի 95-րդ շենքի թիվ 23/1 հասցեի բնակարանի նկատմամբ 01.08.2016 թվականին Վարդան Մխիթարյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր վարչական ակտ է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքում ընկած հանգամանքները, ոչ իրավաչափորեն գտել է, որ հայցը ենթակա է մերժման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 06.12.2018 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Դատարանի 19.05.2017 թվականի վճիռը թերի է պատճառաբանված, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններով վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Դատարանի 19.05.2017 թվականի վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատարանի 19.05.2017 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անահիտ Մխիթարյանը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Մխիթարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կադաստրի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.12.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 19.05.2017 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. ՀՀ կադաստրի կոմիտեից հօգուտ Անահիտ Մխիթարյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա. Բարսեղյան |
Ս. Անտոնյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|