ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/3434/05/16 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան |
Դատավորներ՝ |
Ա. Բաբայան |
|
Ա. Թովմասյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Էռնեստ Մովսեսյանի իրավահաջորդ Ելենա Մովսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էռնեստ Մովսեսյանի (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի` Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի թիվ 2487-Ա որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ Երևան համայնքի՝ որպես նվիրատուի և Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի՝ որպես նվիրառուների միջև 26.08.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի անվամբ Երևանի, Տիգրան Մեծի պողոտայի, 30-րդ շենքի, թիվ 5/1՝ 50,68քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Էռնեստ Մովսեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի թիվ 2487-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել նաև Երևան համայնքի՝ որպես նվիրատուի և Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի՝ որպես նվիրառուների միջև 26.08.2015 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի անվամբ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի 30-րդ շենքի թիվ 5/1՝ 50.68քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) 07.12.2016 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վարչական դատարանի 11.07.2017 թվականի որոշումներով վարչական գործի վարույթը վերսկսվել է. հայցվոր Էռնեստ Մովսեսյանը փոխարինվել է իրավահաջորդ Ելենա Մովսեսյանով և դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել է Կադաստրը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 12.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2019 թվականի որոշմամբ Էռնեստ Մովսեսյանի իրավահաջորդ Ելենա Մովսեսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էռնեստ Մովսեսյանի իրավահաջորդ Ելենա Մովսեսյանի (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը և 124-րդ hոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2015 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ Մարինե Նիկոլայի Անտոնովան, Ջուլիաննա Մարդիի Ամիրջանյանը և Գարիկ Մարդիի Անտոնովը վիճարկվող վարչական ակտի ընդունմանը հասել են վիճարկվող որոշմամբ վկայակոչված գույքային միավորների նկատմամբ իրավունքներ ունենալու փաստի վերաբերյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու միջոցով, հետևաբար Քաղաքապետի վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ է և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ենթակա է անվավեր ճանաչման: Միաժամանակ, Մարինե Նիկոլայի Անտոնովան, Ջուլիաննա Մարդիի Ամիրջանյանը և Գարիկ Մարդիի Անտոնովը նույն հոդվածի 4-րդ մասի «գ» կետի հիմքով նշված վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունեն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2015 թվականի» ծրագրի 6-րդ կետի պահանջներին համապատասխանում է բացառապես հայցվորը, քանզի հանդիսանում է ՀՀ քաղաքացի և 1988 թվականից հաշվառված և բնակվում է նշված հասցեում, շուրջ 28 տարի:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հայցվորը (իրավահաջորդը) ամբողջությամբ համապատասխանում է Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պահանջներին, քանզի բռնագաղթել է Ադրբեջանի Հանրապետությունից 1988-1992 թվականներին, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տվյալ բնակարանում, բնակելի տանը կամ բնակելի տարածքում բնակվում է և հաշվառված է (այդ թվում փաստացի) 10 տարուց ավելի (տվյալ դեպքում 20 տարուց ավելի):
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սկսած 2000 թվականից հայցվորը (իրավահաջորդը) բազմաթիվ անգամներ դիմել է իրավասու մարմիններին նշված բնակարանը սեփականաշնորհելու պահանջով, սակայն հայտնել են, որ ներկայումս (տվյալ ժամանակահատվածում) սեփականաշնորհմաև գործընթաց առկա չէ, հետևաբար նման ծրագրի առկայության դեպքում կհայտնեն վերջիններիս (դիմումները և պատասխանները գտնվում են վարչական գործի նյութերում): Սույն պարագայում հայցվորն ունեցել է առնվազն ողջամիտ ակնկալիք նշված բնակելի տան նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործողության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով ապացուցման բեռը Դատարանի կողմից դրվել է պատասխանողի վրա, սակայն վերջինս իր վկայակոչած փաստական հանգամանքների ապացուցման նպատակով որևէ վերաբերելի ու թույլատրելի ապացույց չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի «Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 30 շենքի թիվ 5/1՝ 50.68քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» թիվ 2487-Ա որոշմամբ որոշվել է Երևան համայնքի սեփականություն համարվող Տիգրան Մեծի պողոտայի 30-րդ շենքի թիվ 5/1՝ 50.68քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ՝ Մարինե Անտոնովային, Ջուլիաննա Ամիրջանյանին և Գարիկ Անտոնովին: Որոշման երկրորդ կետով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 11):
2) 26.08.2015 թվականի թիվ 2041 «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի» համաձայն Երևան համայնքը՝ ի դեմս Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղդասարյանի, քաղաք Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա 30-րդ շենք թիվ 5/1 բնակարանն անհատույց, առանց հանդիպակաց պարտավորության հավասար բաժնեմասերով նվիրել է Մարինե Անտոնովային, Ջուլիաննա Ամիրջանյանին և անչափահաս Գարիկ Անտոնովին (հատոր 1-ին, գ.թ. 21-23):
3) Կադաստրի 01.09.2015 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա 30-րդ շենք թիվ 5/1 բնակարանի նկատմամբ 26.08.2015 թվականի թիվ 2041 նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Մարինե Անտոնովայի, Ջուլիաննա Ամիրջանյանի և Գարիկ Անտոնովի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 42):
4) 17.03.2016 թվականի ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված թիվ 23/35-Մ/805 տեղեկանքի համաձայն Էռնեստ Մովսիսյանը հաշվառված բնակվում է Տիգրան Մեծ պողոտայի 30-րդ շենքի թիվ 4 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 24):
5) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 31.03.2016 թվականի թիվ 01/11/866-16 գրությամբ Ելենա և Էռնեստ Մովսիսյաններին հայտնվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող Մովսիսյանների ընտանիքի անձնական գործում առկա են հետևյալ գրառումները` «(…) ինչ վերաբերում է վերջիններիս բնակության հասցեին, ապա 2003 թվականի մայիս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից իրականացված հաշվառման ժամանակ այն արձանագրվել է ք. Երևան, Տիգրան Մեծի 30-րդ շենք, թիվ 4 և թիվ 7 սենյակներ: Ի դեպ այդ նույն հասցեն նշված է նաև 21.03.2013 թվականի Երևանի քաղաքապետի թիվ 01/20-14718 գրությանը կից ներկայացված Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների ցուցակում: (…)» (հատոր 1-ին, գ.թ. 31):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սխալ մեկնաբանելու հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք հայցվորի բացակայությունը հանրապետությունից հիմք է տալիս ստորադաս դատարաններին վերջինիս համարել «իրական (ռեալ)» իրավունքներ չունեցող անձ իրեն հատկացված սենյակների նկատմամբ և այդ հիմքով մերժել վերջինիս կողմից ներկայացված հայցը։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե′ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով Եվրոպական դատարանի 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:
Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե′ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե′ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան:
Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե′ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):
Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե′ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե′ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):
Սույն գործով Դատարանը մերժելով հայցը պատճառաբանել է, որ հայցվորը և նրա իրավահաջորդ Ելենա Մովսեսյանը մոտ 6 տարի բացակայել են Հայաստանի Հանրապետությունից և Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն որոշմամբ հաստատված ծրագրի իրագործման պահի դրությամբ (2015 թվականի դրությամբ) հայցվորը (իրավահաջորդը) չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում և վեճի առարկա բնակելի տարածքում, հետևաբար՝ բավարարված չեն այն բոլոր պայմանները, որոնց առկայությամբ հայցվորը կունենար Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն որոշման հիմքով տվյալ բնակելի տարածքի առնչությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք: Ըստ այդմ՝ Դատարանը գտել է, որ նման օրինական ակնկալիքի բացակայության պայմաններում հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի որոշումը վիճարկելու առնչությամբ: Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից ի հիմնավորումն հայցվորի շահագրգիռ անձ լինելու փաստի ներկայացված՝ Երևան քաղաքի ավագանու 23.12.2015 թվականի որոշմանը, որով Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման համարժեք ծրագիր է հաստատվել 2016 թվականի համար, ապա Դատարանն արձանագրել է, որ (…) եթե վարչական ակտի ընդունման պահին չկա այդ ակտով շոշափվող պաշտպանության ենթակա իրավունք, բնականաբար չի կարող լինել նաև իրավունքի խախտում:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը` արձանագրել է, որ Էռնեստ Մովսեսյանը (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան), ներկայացնելով հայց ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (երրորդ անձինք` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Մարինե Նիկոլայի Անտոնովա, Ջուլիաննա Մարդիի Ամիրջանյան և Գարիկ Մարդիի Անտոնով), (…) չի հիմնավորվել այն, թե նյութական իրավունքի դաշտում իր որ ենթադրյալ խախտված իրավունքների արդյունավետ վերականգնմանն է ուղղված ներկայացված հայցապահանջը: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում հայցվորը, դիմելով Դատարան, չի մատնանշել իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք Քաղաքապետարանի կողմից խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։ Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:
Սույն գործի փաստերի համաձայն Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի «Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 30 շենքի թիվ 5/1՝ 50.68 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին» թիվ 2487-Ա որոշումը կայացվել է` հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 23.12.2014 թվականի թիվ 270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետը: Մասնավորապես, նշյալ կետով սահմանվում է, թե ովքեր կարող են ընդգրկվել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2015 թվականի ծրագրում որպես շահառուներ, այլ կերպ ասած, նշյալ դրույթով նախատեսվել են այն դեպքերը, երբ իրականացվող ծրագրի շրջանակներում անձանց և ընտանիքներին Երևանի քաղաքապետի որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով կարող են փոխանցվել Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները: Իսկ ըստ նույն կետի 6-րդ ենթակետի` Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած այն անձանց, ովքեր բնակարաններում, բնակելի տներում և բնակելի տարածքներում բնակվում և հաշվառված են (այդ թվում փաստացի) 10 տարվանից ավելի:
Երևան համայնքը՝ ի դեմս Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բաղդասարյանը 26.08.2015 թվականի թիվ 2041 «Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի» համաձայն` քաղաք Երևան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա, 30-րդ շենք, թիվ 5/1 բնակարանն անհատույց, առանց հանդիպակաց պարտավորության հավասար բաժնեմասերով նվիրել է Մարինե Անտոնովային, Ջուլիաննա Ամիրջանյանին և անչափահաս Գարիկ Անտոնովին:
Համաձայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 01.06.2016 թվականի թիվ 23/35-Կ-1469 գրության Տիգրան Մեծի պողոտա, 30-րդ շենք, թիվ 4 սենյակը 25.03.2015 թվականին չափագրվել է 5/1 սենյակի հետ և Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի թիվ 2487-Ա որոշմամբ նվիրատվության կարգով սեփականաշնորհվել է Մարինե Անտոնովայի ընտանիքին:
Միաժամանակ, սույն գործում առկա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 31.03.2016 թվականի թիվ 01/11/866-16 գրության համաձայն` 2003 թվականի մայիս ամսին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից իրականացված հաշվառման ժամանակ Ելենա և Էռնեստ Մովսեսյանների բնակության հասցե արձանագրվել է քաղաք Երևան, Տիգրան Մեծի 30-րդ շենք, թիվ 4 և թիվ 7 սենյակները: Ի դեպ այդ նույն հասցեն նշված է նաև 21.03.2013 թվականի Երևանի քաղաքապետի թիվ 01/20-14718 գրությանը կից ներկայացված Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների ցուցակում: Բացի այդ, վերոգրյալ հասցեն որպես Էռնեստ Մովսիսյանի հաշվառման և բնակության հասցե նշված է նաև ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 17.03.2016 թվականի թիվ 23/35-Մ/805 տեղեկանքում:
Փաստորեն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի քննությամբ չի հիմնավորվել Երևանի քաղաքապետի 12.08.2015 թվականի թիվ 2487-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ Էռնեստ Մովսեսյանի (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) հայցը մերժելու իրավական նախադրյալներից մեկը՝ վերջինիս մոտ նշված վարչական ակտը վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավական շահագրգռվածության բացակայությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Էռնեստ Մովսեսյանը (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) իրեն համարելով Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 30-րդ շենքի թիվ 4 հասցեում հաշվառված և օրինական հիմքերով տիրապետող անձ, նշված գույքի նկատմամբ ունի օրինական ակնկալիք։
Վերոգրյալի արդյունքում պարզ է դառնում, որ վերոնշյալ սահմանադրաիրավական կարգավորումների հիման վրա Էռնեստ Մովսեսյանը (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) ունի իրական շահ և պետք է համարվի շահագրգիռ անձ, քանի որ նշվածի արդյունքում, ինչպես գտնում է հայցվորը, ուղղակիորեն կարող է խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված սեփականության իրավունքը, հետևաբար նա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի ուժով հանդիսանում է դատարան հայց ներկայացնելու իրավասությամբ օժտված շահագրգիռ անձ, իսկ հայցվոր Էռնեստ Մովսեսյանի (իրավահաջորդ Ելենա Մովսեսյան) իրավունքների խախտման վերաբերյալ գնահատականը կարող է տրվել գործի նոր քննության արդյունքում։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|