Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18787/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/18787/02/18

Նախագահող դատավոր՝  Կ Չիլինգարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

   

2021 թվականի հուլիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Հովհաննես Ծառուկյանի և Յուղաբեր Ծարուկյանի ընդդեմ Բանկի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Բանկի ընդդեմ Հովհաննես Ծառուկյանի, Յուղաբեր Ծարուկյանի, ՀՀ կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ Վարսենիկ Ծառուկյանի` ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերը և դրանց հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հովհաննես Ծառուկյանը և Յուղաբեր Ծարուկյանը պահանջել են Բանկից հօգուտ իրենց բռնագանձել 7.250 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 1.650 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարը՝ հօգուտ Հովհաննես Ծառուկյանի, իսկ 6.600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարը՝ հօգուտ Յուղաբեր Ծարուկյանի։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Հովհաննես Ծառուկյանին և Յուղաբեր Ծարուկյանին տրված ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրերը և Յուղաբեր Ծարուկյանին տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`    Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 28.09.2020 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.01.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 28.09.2020 թվականի վճռի դեմ Բանկի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 11.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանի 28.09.2020 թվականի վճռի դեմ Բանկի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Նուրիջան Կիրակոսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը,  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են ապացույցներ, համաձայն որոնց` վերաքննիչ բողոքի օրինակը Հովհաննես Ծառուկյանին ուղարկվել է Երևան, Արաբկիր 21 փողոց, թիվ 7 տուն հասցեով, Յուղաբեր Ծարուկյանին` Երևան, Արաբկիր 21 փողոց, թիվ 7 տուն հասցեով, Վարսենիկ Ծառուկյանին` Երևան, Արաբկիր 21շ. 7 բն. հասցեով, որոնց կապակցությամբ Վերաքննիչ դատարանը չի արձանագրել որևէ խախտում և այդ հարցին չի անդրադարձել: Սկզբնական բողոքի կապակցությամբ Վերաքննիչ դատարանի արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը և հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում արձանագրված խախտումը վերացվել է:

Երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքում վերաքննիչ դատարանը արձանագրել է նոր խախտում` այն է  կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չեն կցվել դրա օրինակը հայցվորներին և երրորդ անձին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ: Վերաքննիչ դատարանի կողմից նշված` Հովհաննես Ծառուկյանին և Յուղաբեր Ծարուկյանին վերաքննիչ բողոքի օրինակների ուղարկման հասցեների սխալ նշումը /վրիպակը/ (Երևան, Արաբկիր 21 փողոց, թիվ 7 տուն հասցեի փոխարեն նշվել է Երևան, Արաբկիր 21շ. 7 բն. հասցեն) կատարվել է փոստային ծառայության աշխատակցի կողմից: Ինչ վերաբերում է Վարսենիկ Ծառուկյանին բողոքի օրինակը ուղարկելու վերաբերյալ բողոքաբերի պարտականության կատարմանը, ապա թե առաջին անգամ և թե երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից Վարսենիկ Ծառուկյանին բողոքի օրինակը ուղարկվել է միևնույն` Երևան, Արաբկիր 21 շ. 7 բն. հասցեով, որպիսի փաստի վերաբերյալ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքով Վերաքննիչ դատարանը այդ հասցեով բողոքի ուղարկումը խախտում չի համարել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի կողմից, ըստ էության, կատարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործը քննող դատարանին և դատավարության մյուս կողմերին ուղարկելու պարտականությունը, հետևաբար գործին մասնակցող նույն անձանց այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. այն դեպքում, երբ բողոքաբերի կողմից թույլ տրված խախտումը չի առնչվում բողոքի բովանդակությանը, արդյո՞ք նոր բողոք ներկայացնելիս բողոքաբերը պարտավոր է բողոքի պատճենները կրկին ուղարկել գործին մասնակցող անձանց՝ վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը): Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  հետևյալ նորմերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին [ի թիվս այլնի] կցվում են (...), բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (…) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմերի իրավական վերլուծությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է,  որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս, Ազատ և Լևոն Հակոբյաններն ընդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի և Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու և այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող և օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով և ենթակա չէ որևէ սահմանափակման: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի` առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը և ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում (…):

Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է (կամ բողոքում ներառվում է) դրա վերաբերյալ միջնորդությունը: (…) (տե՛ս, Գեորգի Ավետիսյանն ընդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ անդրադառնալով վերաքննիչ բողոքը վերադարձնելու իրավական կարգավորումներին, արձանագրել է, որ «վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը: Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։ Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը»:

Միաժամանակ վերը նշված որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարել շեշտել, որ «օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքին, այն է` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…) կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով (…) կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «(…) երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:

    

Վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

        

Սույն գործով Դատարանի վճռի դեմ Բանկն առաջին անգամ փոստային ծառայության միջոցով՝ 27.11.2020 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի վճարման անդորրագիրը` 20.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև 27.11.2020 թվականի փոստային անդորրագրերի պատճենները` վերաքննիչ բողոքը (բողոքի պատճենը) գործին մասնակցող անձանց՝ Հովհաննես Ծառուկյանին, Յուղաբեր Ծարուկյանին, Վարսենիկ Ծառուկյանին, նոտար Նունե Սարգսյանին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու վերաբերյալ: Ընդ որում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ըստ գործում առկա 27.11.2020 թվականի փոստային անդորրագրերի պատճենների՝ վերաքննիչ բողոքը Հովհաննես Ծառուկյանին ուղարկվել է ք. Երևան, Արաբկիր 21 փ., տ. 7 հասցեով, Յուղաբեր Ծարուկյանին՝ ք. Երևան, Արաբկիր 21 փ., տ. 7 հասցեով, Վարսենիկ Ծառուկյանին՝ ք. Երևան, Արաբկիր 21 շ., բն. 7 հասցեով (հատոր 3-րդ, գ.թ. 20):

Վերաքննիչ դատարանի 08.01.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց: Նշված որոշմամբ սահմանվել է տասնհինգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վերաքննիչ բողոքի խախտումը վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 24-25):

Բողոք բերած անձը սահմանված ժամկետում կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կցելով ինչպես առաջին անգամ ներկայացված` 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, այնպես էլ նոր՝ 163.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև 29.01.2021 թվականի փոստային անդորրագրերի պատճենները` վերաքննիչ բողոքը (բողոքի պատճենը) գործին մասնակցող անձանց՝ Հովհաննես Ծառուկյանին, Յուղաբեր Ծարուկյանին, Վարսենիկ Ծառուկյանին, նոտար Նունե Սարգսյանին, ինչպես նաև Դատարանին ուղարկելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ըստ գործում առկա 29.01.2021 թվականի փոստային անդորրագրերի պատճենների՝ վերաքննիչ բողոքը Հովհաննես Ծառուկյանին, Յուղաբեր Ծարուկյանին և Վարսենիկ Ծառուկյանին ուղարկվել է ք. Երևան, Արաբկիր 21 շ., բն. 7 հասցեով:  (հատոր 3-րդ, գ.թ. 42):

Վերաքննիչ դատարանը, 11.02.2021 թվականի որոշմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Բանկի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ «(...) կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չեն կցվել դրա օրինակը հայցվորներ Հովհաննես Բարդուղիմեոսի Ծառուկյանին ու Յուղաբեր Սիմոնի Ծարուկյանին և երրորդ անձ Վարսենիկ Ծառուկյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ (ինչ վերաբերում է կրկին ներկայացված բողոքին կցված` RR293134042AM, ՙRR293134087AM՚ և ՙRR293134025AM՚ կոդերով համապատասխանաբար թիվ 3266, 3264 և 3260 առաքանիների տվյալները պարունակող անդորրագրերին, ապա դրանցից առաջինում և երկրորդում նշված հասցեները չեն համապատասխանում հայցվորների հասցեներին (Երևան, Արաբկիր 21 փողոց, թիվ 7 տուն հասցեի փոխարեն նշվել է Երևան, Արաբկիր 21շ. 7 բն.), իսկ երրորդում նշված հասցեն էլ չի համապատասխանում երրորդ անձ Վարսենիկ Ծառուկյանի հասցեին (Երևան, Լվովյան փող., 11 շ, 9 բն. կամ  ՙԵրևան, Ռուբեն Սևակի փող., թիվ 7 տուն հասցեներից, որպես հաշվառման և փաստացի բնակության հասցեներից, որևէ մեկի փոխարեն նշվել է Երևան, Արաբկիր 21 շ. 7 բն. հասցեն)» (հատոր 3-րդ, գ.թ. 63):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Տվյալ դեպքում Բանկի կողմից առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.01.2021 թվականի որոշմամբ արձանագրված խախտումը չի առնչվել վերաքննիչ բողոքի տեքստին, մասնավորապես` վերաքննիչ բողոքը վերադարձվել է պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց կցված չլինելու հիմքով:

Ընդ որում, ինչպես վերը նշվեց, վերաքննիչ բողոքին կցվել են նաև առաջին անգամ ներկայացրած վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց և Դատարանին ուղարկելու 27.11.2020 թվականի փոստային անդորրագրերը, որոնց համաձայն վերաքննիչ բողոքը՝ Հովհաննես Ծառուկյանին և Յուղաբեր Ծարուկյանին ուղարկվել է՝ ք. Երևան, Արաբկիր 21 փ., տ. 7 հասցեով, իսկ Վարսենիկ Ծառուկյանին՝ ք. Երևան, Արաբկիր 21շ. բն. 7 հասցեով:

Հետագայում, վերաքննիչ բողոք բերած անձը սահմանված ժամկետում վերացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 08.01.2021 թվականի որոշամբ արձանագրված խախտումը և կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ, ի թիվս այլնի, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին բողոք բերող անձը կցել է նաև բողոքը (բողոքի պատճենը) գործին մասնակցող անձանց և Դատարանին ուղարկելու վերաբերյալ 29.01.2021 թվականի փոստային անդորրագրերը, որոնց համաձայն՝ վերաքննիչ բողոքը Հովհաննես Ծառուկյանին, Յուղաբեր Ծարուկյանին և Վարսենիկ Ծառուկյանին ուղարկել է ք. Երևան, Արաբկիր 21շ. բն. 7 հասցեով:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն իր 11.02.2021 թվականի որոշմամբ, որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք նշել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող հետևյալ անձանց՝ Հովհաննես Ծառուկյանին, Յուղաբեր Ծարուկյանին և Վարսենիկ Ծառուկյանին չուղարկելը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից տվյալ անձանց վերաքննիչ բողոքը կրկին ուղարկելու պարտականության կատարման հարցին:

  Այսպես՝ սույն գործում առկա ինչպես առաջին անգամ, այնպես էլ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք նույնաբովանդակ են: Ավելին, սկզբնական բողոքի կապակցությամբ արձանագրված խախտումը չի առնչվել բողոքի բովանդակությանը և հետագայում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերացվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արձանագրված խախտումը չի վերաբերել վերաքննիչ բողոքի բովանդակությանը, ապա վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել օրենսդրի նպատակը: Մասնավորապես` ՀՀ սահմանադրական դատարանը, 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշմամբ վերլուծելով նշված իրավանորմը, արձանագրել է, որ «վերոհիշյալ հիմքով (…) վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից: (…)»: Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույն բողոքը (բողոքի պատճենը) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը, ըստ էության, կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` բողոքը (բողոքի պատճենը) գործին մասնակցող հետևյալ անձանց՝ Հովհաննես Ծառուկյանին և Յուղաբեր Ծարուկյանին ուղարկելու պարտականությունը, հետևաբար այդ անձանց այն կրկին ուղարկելու մասին ապացույց ներկայացնելու Վերաքննիչ դատարանի պահանջն անհարկի ծանրաբեռնում է բողոքաբերին:

Ինչ է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ երկրորդ անգամ վերաքննիչ բողոքի օրինակը Վարսենիկ Ծառուկյանին ուղարկելու հասցեն չի համապատասխանում վերջինիս հաշվառման կամ փաստացի բնակության հասցեներից որևէ մեկին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու օրենսդրական կարգավորումը նպատակ ունի հնարավորություն տալ վերաքննիչ բողոք բերած անձին օրենքով սահմանված ժամկետում վերացնելու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման մեջ նշված խախտումները և բողոքը կրկին ներկայացնելու նաև առանց այդ խախտումների:

Նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև կարևորելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով սահմանելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները, ըստ էության վերաքննիչ դատարանի համար պարտականություն է նախատեսել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս դրանում նշելու բողոքում թույլ տրված բոլոր խախտումները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում նման պարտականության առկայությունը բացառում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին անգամ վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով այն ներկայացրած անձի կողմից ընդամենը մեկ խախտում թույլ տված լինելու մասին` այն պարագայում, երբ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս թույլ են տրվել մեկից ավելի խախտումներ։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նման պարտականություն նախատեսելն ինքնանպատակ չէ. տվյալ կարգավորումը նպատակ է հետապնդում խուսափելու դատարանի մատչելիության իրավունքը և իրավական որոշակիությունը խաթարելուց, որպիսի վտանգը կարող է առաջանալ այն դեպքում, երբ արդարադատությունը պատշաճ իրականացվելու փոխարեն անձի համար խոչընդոտներ ստեղծվեն իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը հասնելու համար։ Ընդ որում, օրենսդիրը ոչ բոլոր դեպքերում է վերաքննիչ բողոք ներկայացրած անձին հնարավորություն տալիս վերացնելու բողոքում թույլ տված խախտումները և այն կրկին ներկայացնելու՝ սահմանելով, որ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելու պայմաններում է հնարավոր բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելը (տե՛ս, Վեներա Մկրտչյանն ընդդեմ Լիաննա և Արման Մկրտչյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵՄԴ/1083/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.03.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ Կոնվենցիայի  6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61):

Վերը նշվածը հաշվի առնելով և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի պատճենից ակնհայտ է, որ Վարսենիկ Ծառուկյանին առաջին անգամ վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկվել է միևնույն` Երևան, Արաբկիր 21 շենք 7 բնակարան հասցեով, որպիսի փաստի վերաբերյալ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտում չի արձանագրել: Հետևաբար, երկրորդ անգամ վերաքննիչ բողոք ներկայացնելիս բողոքաբերը վերոհիշյալ մասով որևէ խախտում թույլ չի տվել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի հետևությունը կապված կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ՝ Վարսենիկ Ծառուկյանին չուղարկելու վերաբերյալ,  անհիմն է:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով վերադարձրել է Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 28.09.2020 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով Բանկի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

   

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

   

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

        

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան