ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4893/02/15 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4893/02/15 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. պետրոսյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Դավիթ Գոգյանի ընդդեմ Էդուարդ Հարությունյանի, երրորդ անձ՝ Վահան Եղիազարյանի` 28.935.200 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժեր բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ Դավիթ Գոգյանի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դավիթ Գոգյանը պահանջել է Էդուարդ Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 28.935.200 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ օրական հաշվարկել 0.15 տոկոս տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Էդուարդ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 10.02.2017 թվականի վճիռը բեկանվել և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Դավիթ Գոգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 19-րդ, 39-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով 12.02.2016 թվականին, այսինքն հայցադիմում ներկայացնելուց ամիսներ հետո «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Էդուարդ Հարությունյանի սնանկ ճանաչելու պահանջի մասին: 11.07.2016 թվականին պատասխանողը ճանաչվել է սնանկ, իսկ 25.01.2017 թվականին սնանկության գործն ավարտվել է:
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները չի գնահատել և գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ սնանկության գործը քննող դատարանը տեղյակ չի պահել սույն գործը քննող դատարանին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործի առկայության մասին։ Տվյալ դեպքում, եթե Դատարանը որոշեր կարճել գործի վարույթը, ապա դրանից հետո միայն հայցվոր կողմը մի դատական պաշտպանության ձևից հնարավորություն կունենար անցում կատարել մեկ այլ դատական պաշտպանության, սույն դեպքում որպես ապահովված պահանջատեր իր պահանջը կգրանցեր սնանկության գործը քննող դատարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը․
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 05.06.2014 թվականին կնքած փոխառության և անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի համաձայն` Էդուարդ Հարությունյանը Դավիթ Գոգյանից փոխառությամբ վերցրել է 28.935.200 ՀՀ դրամ գումար և պարտավորվել վերադարձնել մինչև 05.06.2015 թվականը:
Պայմանագրի 2.3 կետի համաձայն` գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ կետանցով վերադարձնելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վճարել տույժ`յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով:
Պայմանագրի 2.5 կետի համաձայն ի ապահովումն փոխառության պարտավորության գրավադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի անշարժ գույքը: (հատոր 1-ին գ.թ 60-61)
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը (հատոր 1-ին գ.թ 59):
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ , գ.թ 14-19):
5. Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0029/04/16 սնանկության գործը 25.01.2017 թվականին ավարտվել է (հիմք` «www.court.am» տեղեկատվական համակարգը):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները․
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության վարույթն ավարտված լինելու պայմաններում սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական վեճը կարող է քննվել առանձին քաղաքացիական գործի շրջանակներում, այն պայմաններում երբ քաղաքացիական գործով հայցը հարուցվել է մինչև պատասխանողի սնանկ ճանաչվելը, իսկ գումարի բռնագանձման պահանջով վճիռը կայացվել է սնանկության գործի ավարտից հետո:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (դատավոր` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «դատարան» եզրույթն ինքնավար նշանակություն ունի, և դրան բնորոշ հիմնական հատկություններից է պարտադիր որոշում կայացնելու հնարավորությունը (տե՛ս, Benthem v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, կետ 40): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է հնարավորություն ունենա ապահովելու նույն հոդվածով նախատեսված նյութաիրավական և ընթացակարգային բոլոր երաշխիքները: Ընդ որում, դատարանը պետք է ունենա ներկայացված հայցին վերաբերող բոլոր փաստական և իրավական խնդիրների հետ կապված պարտադիր որոշում կայացնելու հնարավորություն (տե՛ս, Rolf Gustafson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետեր 45,46):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին: Նմանատիպ դրույթ նախատեսում է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` սնանկության գործն ավարտվելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի վարույթը կարճելու կամ այդ գործերով հայցը առանց քննության թողնելու հիմքեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱռէկսիմԲանկ-ԳազպրոմԲանկի Խումբ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանել է, որ սնանկ ճանաչվելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում:
Բացի այդ, սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղաքացիական հայցերով քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր: Ընդ որում, նշված գործերը քննելիս կիրառման ենթակա են ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, եթե դրանք չեն հակասում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է, որ սնանկության գործերն առաջին ատյանի դատարանում վարվում են դատավորի կողմից միանձնյա: Հետևաբար գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումն այն մասին, որ գործը հանձնվում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը ենթակա է քննության սնանկության դատարանում, նշանակում է, որ գործը պետք է հանձնվի հենց սնանկության գործը վարող դատավորին` հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը նույն սնանկության գործի շրջանակում քննելու վերաբերյալ:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը պետք է քննի պարտապանի սնանկության գործը վարող դատավորը: Նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հատուկ կարգավորում չունի այդ վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ վեճերը պետք է քննվեն որպես առանձին քաղաքացիական գործեր` գործի առանձին համարով` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
Վերոնշյալ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էդուարդ Հարությունյանը Դավիթ Գոգյանից 05.06.2014 թվականին փոխառությամբ վերցրել է 28.935.200 ՀՀ դրամ գումար և պարտավորվել վերադարձնել մինչև 05.06.2015 թվականը: Փոխառուն պարտավորվել է նաև գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ կետանցով վերադարձնելու դեպքում վճարել տույժ`յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով: Ի ապահովումն փոխառության պարտավորության գրավադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Երևանյան փողոց թիվ 26 հասցեի անշարժ գույքը: Նշված բնակելի տան նկատմամբ Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործը 25.01.2017 թվականին ավարտվել է:
Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը հայցը բավարարել է պատճառաբանելով, որ Էդուարդ Հարությունյանը սահմանված ժամկետում չի վերադարձրել փոխառության գումարը, այսինքն` թույլ է տվել վճարման կետանց, ուստի պատասխանող Էդուարդ Հարությունյանը պարտավոր է հայցվորին վճարել պայմանագրով սահմանված գումարը և տույժերը, սկսած 2015 թվականի հունիսի 06-ից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը, գտել է, որ բռնագանձումը պետք է տարածել գրավադրված անշարժ գույքի վրա:
Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է պատճառաբանելով, որ սույն գործով առկա է հայցվորի կողմից սնանկ ճանաչված պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջ, հետևաբար նաև՝ այդպիսի պահանջի լուծման արդյունքում պարտապանի գույքային զանգվածի նվազեցման հնարավորություն: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելու պահին պատասխանողը արդեն իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել էր սնանկ, այսինքն`առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ Դատարանը պարտավոր էր սահմանված կարգով կարճել գործի վարույթը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել սույն քաղաքացիական գործով հայցվորի իրավունքների իրականացման հնարավոր եղանակներին, այն դեպքում երբ սնանկության գործն արդեն ավարտված է եղել դեռևս 25.01.2017 թվականին:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նմանատիպ դրույթ նախատեսում է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-ին հոդվածի 1-ին մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործով ներկայացված պահանջն է՝ պատասխանող Էդուարդ Հարությունյանից 28.935.200 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժեր բռնագանձելը: Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 27.10.2015 թվականին: Գործով որպես պատասխանող ներգրավված Էդուարդ Հարությունյանը սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով: Ելնելով ներկայացված պահանջի բնույթից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման տեսքով, և որի լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության: Սակայն մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, դեռևս 25.01.2017 թվականին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է: Դատարանը հայցը բավարարելու մասին վճիռ է կայացրել 10.02.2017 թվականին: Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել 27.05.2020 թվականին, այսինքն`սնանկության գործն ավարտվելուց շուրջ երեք տարի հետո`չանդրադառնալով հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման այլ հնարավորություններին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը մի դեպքում արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չի կարող պարտապանից գումար բռնագանձելու մասին վարույթ սկսվել, իսկ այդպիսի պահանջի առկայության դեպքում դրանք պետք է կենտրոնանան սնանկության վարույթում, մյուս կողմից էլ սնանկության գործն արդեն իսկ ավարտված լինելու պայմաններում սահմանափակվել է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանին պահանջ ներկայացնելու իրավունքը: Մինչդեռ սնանկության վարույթի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է և տվյալ դեպքում սնանկության գործն ավարտված լինելու պայմաններում, պարտատերն իր իրավունքների պաշտպանության այլ հնարավորություն չի ունեցել:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին , ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019 թվականի որոշումը):
Վերաքննիչ դատարանը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը 05․02․2011 թվականի խմբագրությամբ, մինչդեռ նշված իրավանորմը՝ 17.06.2016 թվականի ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերախմբագրվել է: Նշված օրենքն ուժի մեջ է մտել 23.07.2016 թվականին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով կիրառել է իրավաբանական ուժը կորցրած իրավական նորմ, որը տվյալ դեպքում կիրառելի չէր։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին վերաքննիչ բողոքը հիմնավոր համարելով, հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի 10.02.2017 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ևեզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» ենթակետի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` գործը կարճելու (...) վերաբերյալ հայցերով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» ենթակետի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2017 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Տ. պետրոսյան Ն. Տավարացյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
04.06.2021թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործով 04.06.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 04.06.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Դավիթ Գոգյանի ընդդեմ Էդուարդ Հարությունյանի, երրորդ անձ Վահան Եղիազարյանի` 28.935.200 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժեր բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ Դավիթ Գոգյանի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2017 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դավիթ Գոգյանի ներկայացուցիչը պահանջել է Էդուարդ Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 28.935.200 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ օրական հաշվարկել 0.15 տոկոս տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Էդուարդ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 10.02.2017 թվականի վճիռը բեկանվել և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Դավիթ Գոգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 19-րդ, 39-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
12.02.2016 թվականին, այսինքն՝ սույն գործով հայցադիմում ներկայացնելուց ամիսներ հետո «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Էդուարդ Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: 11.07.2016 թվականին վերջինս ճանաչվել է սնանկ, իսկ 25.01.2017 թվականին սնանկության գործն ավարտվել է:
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել և գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ սնանկության գործը քննող դատարանը տեղյակ չի պահել սույն գործը քննող դատարանին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործի առկայության մասին: Տվյալ դեպքում եթե Դատարանը որոշեր կարճել գործի վարույթը, ապա դրանից հետո միայն հայցվոր կողմը մի դատական պաշտպանության ձևից հնարավորություն կունենար անցում կատարել մեկ այլ դատական պաշտպանության, սույն դեպքում որպես ապահովված պահանջատեր իր պահանջը կգրանցեր սնանկության գործը քննող դատարանում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործընթացը չի ազդում երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.02.2017 թվականի վճռին:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1. 05.06.2014 թվականին կնքած փոխառության և անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի համաձայն` Էդուարդ Հարությունյանը Դավիթ Գոգյանից փոխառությամբ վերցրել է 28.935.200 ՀՀ դրամ գումար և պարտավորվել է վերադարձնել մինչև 05.06.2015 թվականը:
Պայմանագրի 2.3 կետի համաձայն` գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ կետանցով վերադարձնելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վճարել տույժ`յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով:
Պայմանագրի 2.5 կետի համաձայն` ի ապահովումն փոխառության պայմանագրով սահմանված պարտավորության՝ գրավադրվել է ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի անշարժ գույքը (հատոր 1-ին գ.թ 60-61):
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11062014-04-0035 վկայականի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը (հատոր 1-ին գ.թ 59):
3. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ , գ.թ 14-19):
4. Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0029/04/16 սնանկության գործը 25.01.2017 թվականին ավարտվել է (հիմք` «www.court.am» պաշտոնական կայք):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Սույն գործը հարուցվել է Դավիթ Գոգյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Էդուարդ Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 28.935.200 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ օրական հաշվարկել 0.15 տոկոս տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ Էդուարդ Հարությունյանը սահմանված ժամկետում չի վերադարձրել փոխառության գումարը, այսինքն` թույլ է տվել վճարման կետանց, ուստի պատասխանող Էդուարդ Հարությունյանը պարտավոր է հայցվորին վճարել պայմանագրով սահմանված գումարը և տույժերը, սկսած 06.06.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ Արմավիրի մարզի գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը, գտել է, որ բռնագանձումը պետք է տարածել գրավադրված անշարժ գույքի վրա:
Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է՝ պատճառաբանելով, որ սույն գործով առկա է հայցվորի կողմից սնանկ ճանաչված պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջ, հետևաբար նաև՝ այդպիսի պահանջի լուծման արդյունքում պարտապանի գույքային զանգվածի նվազեցման հնարավորություն: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելու պահին պատասխանողն արդեն իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել էր սնանկ, այսինքն` առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ Դատարանը պարտավոր էր սահմանված կարգով կարճել գործի վարույթը:
Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2017 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք սնանկության վարույթն ավարտված լինելու պայմաններում սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական վեճը կարող է քննվել առանձին քաղաքացիական գործի շրջանակներում, այն պայմաններում, երբ քաղաքացիական գործով հայցը հարուցվել է մինչև պատասխանողի սնանկ ճանաչվելը, իսկ գումարի բռնագանձման պահանջով վճիռը կայացվել է սնանկության գործի ավարտից հետո և վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից Benthem v. The Netherlands գործով 23.10.1985 թվականի վճռով (կետ 40) և Rolf Gustafson v. Sweden գործով 01.07.1997 թվականի վճռով (կետեր 45,46) արտահայտված իրավական դիրքորոշումները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ մասերը, իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետը, «ԱռէկսիմԲանկ-ԳազպրոմԲանկի Խումբ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշմամբ և «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է. «(...)պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղաքացիական հայցերով քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր: Ընդ որում, նշված գործերը քննելիս կիրառման ենթակա են ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, եթե դրանք չեն հակասում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է, որ սնանկության գործերն առաջին ատյանի դատարանում վարվում են դատավորի կողմից միանձնյա: Հետևաբար գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումն այն մասին, որ գործը հանձնվում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը ենթակա է քննության սնանկության դատարանում, նշանակում է, որ գործը պետք է հանձնվի հենց սնանկության գործը վարող դատավորին` հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը նույն սնանկության գործի շրջանակում քննելու վերաբերյալ» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 6-7-րդ էջերը):
Միևնույն ժամանակ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածում «սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: (...) նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 7-րդ էջը):
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ որոշման վերաբերյալ:
Գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, սակայն գործը պետք է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ հետևյալ պատճառաբանությամբ.
1. Սույն քաղաքացիական գործի հարուցման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:
Նշված քաղաքացիական գործը կարող է վերսկսվել սնանկության գործի ավարտից հետո պարտապանի ֆինանսապես առողջացման դեպքում: Հակառակ դեպքում դատարանի սնանկության գործն ավարտելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք է քաղաքացիական գործի վարույթի կարճման համար` լուծարված պարտապանի մասով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Դիլանյանի, «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի և Մանվել Տեր-Առաքելյանի թիվ ԵԿԴ/5306/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին և արձանագրել է, որ դրանում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
Հարկ է նշել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը վերաշարադրվել է և ներկայումս ունի հետևյալ տեսքը.
2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` (…).
4) կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով (…):
Նշված իրավանորմի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող այն քաղաքացիական գործի վարույթն է ենթակա կարճման, որով հայցվորի կողմից պատասխանողին ուղղված է գումարի բռնագանձման պահանջ կամ գույք հանձնելու պահանջ, սակայն միայն այն դեպքում, երբ սնանկության գործի վարույթը դեռևս չի ավարտվել՝ նկատի ունենալով, որ օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում:
2. Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվությունը:
2. Դատարան ներկայացվող վերջնական հաշվետվությանը կցվում են`
ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.
բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.
գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:
Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն` պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն` սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
3. Վերջնական հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց` իր մոտ դեպոնացված օրինակին:
4. Դատավորը վերջնական հաշվետվությունը ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին:
Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը:
Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
5. Դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:
6. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է նույն հոդվածով սահմանված կարգով:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Սնանկության գործի ցանկացած փուլում կառավարչի կամ պարտապանի միջնորդության հիման վրա գործը կարող է ավարտվել, եթե պարտատերերի պահանջները բավարարվել են (այդ թվում` հիմնադիրների, մասնակիցների, բաժնետերերի, փայատերերի կողմից պարտապանի պարտավորությունների կատարման համար սնանկության հատուկ հաշվին անհատույց դրամական միջոցներ փոխանցելու միջոցով), կամ նրանք հրաժարվել են իրենց պահանջներից կամ երկարաձգել են դրանց կատարման ժամկետը, կամ պահանջներ չեն ներկայացվել, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից և առկա չէ որևէ պարտավորության գծով 60 օրից ավելի կետանց։ Կառավարչի հաշվետվությունը և վերջնական հաշվեկշիռը քննարկվում և դատարանի կողմից վճիռ է կայացվում նույն օրենքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով։
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի համաձայն՝
1. Սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և խորհրդի համաձայնության առկայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե`
ա) պարտապանը չունի որևէ գույք.
բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ.
գ) պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը.
դ) պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:
2. Եթե պարտատերը (պարտատերերը) առարկում է սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեմ, ապա սնանկության վերաբերյալ գործը կարող է շարունակվել առարկող պարտատիրոջ (պարտատերերի) հաշվին: Նման դեպքերում առարկող պարտատերը (պարտատերերը) պարտավոր է դատարանի որոշմամբ սահմանված չափով դեպոզիտ վճարել սնանկության հատուկ հաշվին` ի ապահովումն սնանկության գործի վարույթի հետ կապված ծախսերի հատուցման:
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ`
ա) նույն օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված պարտավորությունների.
բ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների.
գ) ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության.
դ) պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում ֆիզիկական անձ պարտապանի համար կարող է կանխորոշվել սնանկության գործի ավարտի երկու տարբերակ.
1. Սնանկության գործի վարույթը ավարտվում է ֆիզիկական անձ պարտապանի «առողջացմամբ» («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդված).
2. Սնանկության գործի վարույթն ավարտվում է ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարումից ազատելով («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ, 105-րդ, 97-րդ հոդվածներ):
Ընդ որում, առաջին դեպքի մասով օրենսդիրը չի նշել որևէ հետևանք ֆիզիկական անձ պարտապանի՝ սնանկության վարույթից դուրս մնացած (սնանկության վարույթում չներկայացված) պարտավորությունների (պահանջների) կապակցությամբ, հետևաբար դրանք պետք է պահպանեն իրենց ուժը և ենթակա են կատարման պարտապանի կողմից:
Երկրորդ դեպքում իրավիճակն այլ է. օրենսդիրն ամրագրել է դրույթ, որի համաձայն՝ ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելու ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից: Այնուամենայնիվ, օրենսդիրն ամրագրել է նաև նշված ընդհանուր կանոնից բացառություններ. մասնավորապես՝ եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում: Այսինքն՝ այն դեպքում, երբ պարտապան ֆիզիկական անձի սնանկության գործի վարույթն ավարտվել է վերջինիս պարտավորությունների կատարումից ազատելով, սակայն սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում իր կողմից ստանձնված այն պարտավորությունների կատարումից, որոնք չեն ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Ավելին, ֆիզիկական անձ պարտապանը չի ազատվում նաև սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորություններից, ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորությունից, պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:
Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ հարկ է նշել, հետևյալը.
սույն գործով ներկայացված հայցապահանջն է՝ պատասխանող Էդուարդ Հարությունյանից 28.935.200 ՀՀ դրամ գումար, այդ գումարի նկատմամբ տույժեր բռնագանձելը, ինչպես նաև բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելը:
Հայցադիմումը ներկայացվել է 27.10.2015 թվականին: Պատասխանող Էդուարդ Հարությունյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով ճանաչվել է սնանկ: Նշված սնանկության գործն ավարտվել է 25.01.2017 թվականին:
Ելնելով ներկայացված պահանջի բնույթից՝ գտնում ենք, որ սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման տեսքով, որի լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության: Սակայն մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, դեռևս 25.01.2017 թվականին, Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է: Դատարանը հայցը բավարարելու մասին վճիռ է կայացրել 10.02.2017 թվականին: Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել 27.05.2020 թվականին, այսինքն` սնանկության գործն ավարտվելուց շուրջ երեք տարի հետո:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել սույն քաղաքացիական գործով հայցվորի իրավունքների իրականացման հնարավոր եղանակներին այն դեպքում, երբ սնանկության գործն արդեն իսկ ավարտված է:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը մի դեպքում արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չի կարող պարտապանից գումար բռնագանձելու մասին վարույթ սկսվել, իսկ այդպիսի պահանջի առկայության դեպքում դրանք պետք է կենտրոնանան սնանկության վարույթում, մյուս կողմից էլ սնանկության գործն արդեն իսկ ավարտված լինելու պայմաններում սահմանափակվել է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանին պահանջ ներկայացնելու իրավունքը: Մինչդեռ սնանկության վարույթի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել հետևյալը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019 թվականի որոշումը):
Հարկ ենք համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը 25.12.2006 թվականի խմբագրությամբ, մինչդեռ նշված իրավանորմը՝ 17.06.2016 թվականի ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերախմբագրվել է: Նշված օրենքն ուժի մեջ է մտել 23.07.2016 թվականին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով կիրառել է իրավաբանական ուժը կորցրած իրավական նորմ, որը տվյալ դեպքում կիրառելի չէր։
Ելնելով վերոշարադրյալ իրավական վերլուծություններից՝ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում ենք բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ գտնում ենք, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ սույն հատուկ կարծիքում հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո նոր քննություն իրականացնելու և պարզելու համար, թե ինչ հիմքով է ավարտվել թիվ ԵԿԴ/0029/04/16 սնանկության գործը (ֆիզիկական անձ պարտապանի «առողջացմամբ», թե ֆիզիկական անձ պարտապանի պարտավորությունների կատարումից ազատելով):
Գտնում ենք, որ նշված հարցը պարզելուց հետո միայն կարելի է գալ իրավաչափ եզրահանգման, թե արդյոք սույն գործով ներկայացված հայցապահանջը հիմնավոր է, թե ոչ:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա ճիշտ չենք համարում Դատարանի 10.02.2017 թվականի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի եզրահանգումը և գտնում ենք, որ տվյալ դեպքում վճռաբեկ բողոքը պետք է բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
ԴԱՏԱՎՈՐ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/4893/02/15 քաղաքացիական գործով 04.06.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
04.06.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հունիսի 4-ին գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Գոգյանի ներկայացուցիչ Ցոլակ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Դավիթ Գոգյանի հայցի ընդդեմ Էդուարդ Հարությունյանի և երրորդ անձ Վահան Եղիազարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2020 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2017 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Դավիթ Գոգյանը պահանջել է Էդուարդ Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 28.935.200 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ օրական հաշվարկել 0.15 տոկոս տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 10.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2020 թվականի որոշմամբ Էդուարդ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 10.02.2017 թվականի վճիռը բեկանվել և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Դավիթ Գոգյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 19-րդ, 39-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով 12.02.2016 թվականին, այսինքն հայցադիմում ներկայացնելուց ամիսներ հետո «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ Էդուարդ Հարությունյանի սնանկ ճանաչելու պահանջի մասին: 11.07.2016 թվականին պատասխանողը ճանաչվել է սնանկ, իսկ 25.01.2017 թվականին սնանկության գործն ավարտվել է:
Վերաքննիչ դատարանը, գործում առկա ապացույցները չի գնահատել և գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ սնանկության գործը քննող դատարանը տեղյակ չի պահել սույն գործը քննող դատարանին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործի առկայության մասին։ Տվյալ դեպքում, եթե Դատարանը որոշեր կարճել գործի վարույթը, ապա դրանից հետո միայն հայցվոր կողմը մի դատական պաշտպանության ձևից հնարավորություն կունենար անցում կատարել մեկ այլ դատական պաշտպանության, սույն դեպքում որպես ապահովված պահանջատեր իր պահանջը կգրանցեր սնանկության գործը քննող դատարանում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործընթացը չի ազդում երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
« Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 05.06.2014 թվականին կնքած փոխառության և անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի համաձայն` Էդուարդ Հարությունյանը Դավիթ Գոգյանից փոխառությամբ վերցրել է 28.935.200 ՀՀ դրամ գումար և պարտավորվել վերադարձնել մինչև 05.06.2015 թվականը:
Պայմանագրի 2.3 կետի համաձայն` գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ կետանցով վերադարձնելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վճարել տույժ`յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով:
Պայմանագրի 2.5 կետի համաձայն ի ապահովումն փոխառության պարտավորության գրավադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի անշարժ գույքը: (հատոր 1-ին գ.թ 60-61)
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 հասցեի բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը (հատոր 1-ին գ.թ 59):
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ , գ.թ 14-19):
5. Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0029/04/16 սնանկության գործը 25.01.2017 թվականին ավարտվել է (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության վարույթն ավարտված լինելու պայմաններում սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական վեճը կարող է քննվել առանձին քաղաքացիական գործի շրջանակներում, այն պայմաններում երբ քաղաքացիական գործով հայցը հարուցվել է մինչև պատասխանողի սնանկ ճանաչվելը, իսկ գումարի բռնագանձման պահանջով վճիռը կայացվել է սնանկության գործի ավարտից հետո:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (դատավոր` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով «դատարան» եզրույթն ինքնավար նշանակություն ունի, և դրան բնորոշ հիմնական հատկություններից է պարտադիր որոշում կայացնելու հնարավորությունը (տե՛ս, Benthem v. The Netherlands գործով Եվրոպական դատարանի 23.10.1985 թվականի վճիռը, կետ 40): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է հնարավորություն ունենա ապահովելու նույն հոդվածով նախատեսված նյութաիրավական և ընթացակարգային բոլոր երաշխիքները: Ընդ որում, դատարանը պետք է ունենա ներկայացված հայցին վերաբերող բոլոր փաստական և իրավական խնդիրների հետ կապված պարտադիր որոշում կայացնելու հնարավորություն (տե՛ս, Rolf Gustafson v. Sweden գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետեր 45,46):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին: Նմանատիպ դրույթ նախատեսում է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (...) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` սնանկության գործն ավարտվելու դեպքում առանձին քաղաքացիական գործերի քննությունը շարունակվում է, եթե առկա չեն այդ գործերի վարույթը կարճելու կամ այդ գործերով հայցը առանց քննության թողնելու հիմքեր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը գործը հանձնում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության սնանկության դատարանում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս, «ԱռէկսիմԲանկ-ԳազպրոմԲանկի Խումբ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի թիվ ԵՄԴ/0049/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունները կենտրոնանում են սնանկության վարույթում: Այդ իսկ նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում 17.06.2016 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում դրա 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում: Նույն տրամաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանել է, որ սնանկ ճանաչվելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում:
Բացի այդ, սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից (տե՛ս, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանի հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով հարուցվող քաղաքացիական հայցերով քաղաքացիական գործերը պետք է քննվեն սնանկության գործը վարող դատավորի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում՝ որպես առանձին քաղաքացիական գործեր: Ընդ որում, նշված գործերը քննելիս կիրառման ենթակա են ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, եթե դրանք չեն հակասում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին:
Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար կարևորում է, որ սնանկության գործերն առաջին ատյանի դատարանում վարվում են դատավորի կողմից միանձնյա: Հետևաբար գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումն այն մասին, որ գործը հանձնվում է սնանկության դատարանի քննությանը, եթե գործը ենթակա է քննության սնանկության դատարանում, նշանակում է, որ գործը պետք է հանձնվի հենց սնանկության գործը վարող դատավորին` հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը` պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը նույն սնանկության գործի շրջանակում քննելու վերաբերյալ:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը պետք է քննի պարտապանի սնանկության գործը վարող դատավորը: Նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը հատուկ կարգավորում չունի այդ վեճերի լուծման ընթացակարգի վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ վեճերը պետք է քննվեն որպես առանձին քաղաքացիական գործեր` գործի առանձին համարով` պահպանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
Վերոնշյալ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էդուարդ Հարությունյանը Դավիթ Գոգյանից 05.06.2014 թվականին փոխառությամբ վերցրել է 28.935.200 ՀՀ դրամ գումար և պարտավորվել վերադարձնել մինչև 05.06.2015 թվականը: Փոխառուն պարտավորվել է նաև գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու կամ կետանցով վերադարձնելու դեպքում վճարել տույժ`յուրաքանչյուր ուշացած օրվա համար չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով: Ի ապահովումն փոխառության պարտավորության գրավադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Երևանյան փողոց թիվ 26 հասցեի անշարժ գույքը: Նշված բնակելի տան նկատմամբ Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով Էդուարդ Հարությունյանը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործը 25.01.2017 թվականին ավարտվել է:
Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը հայցը բավարարել է պատճառաբանելով, որ Էդուարդ Հարությունյանը սահմանված ժամկետում չի վերադարձրել փոխառության գումարը, այսինքն` թույլ է տվել վճարման կետանց, ուստի պատասխանող Էդուարդ Հարությունյանը պարտավոր է հայցվորին վճարել պայմանագրով սահմանված գումարը և տույժերը, սկսած 2015 թվականի հունիսի 06-ից մինչև պարտավորության փաստացի կատարման պահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց թիվ 26 բնակելի տան նկատմամբ գրանցված է Դավիթ Գոգյանի գրավի իրավունքը, գտել է, որ բռնագանձումը պետք է տարածել գրավադրված անշարժ գույքի վրա:
Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է պատճառաբանելով, որ սույն գործով առկա է հայցվորի կողմից սնանկ ճանաչված պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջ, հետևաբար նաև՝ այդպիսի պահանջի լուծման արդյունքում պարտապանի գույքային զանգվածի նվազեցման հնարավորություն: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելու պահին պատասխանողը արդեն իսկ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել էր սնանկ, այսինքն`առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ Դատարանը պարտավոր էր սահմանված կարգով կարճել գործի վարույթը:
Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել սույն քաղաքացիական գործով հայցվորի իրավունքների իրականացման հնարավոր եղանակներին, այն դեպքում երբ սնանկության գործն արդեն ավարտված է եղել դեռևս 25.01.2017 թվականին:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նմանատիպ դրույթ նախատեսում է նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-ին հոդվածի 1-ին մասը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Սույն գործով ներկայացված պահանջն է՝ պատասխանող Էդուարդ Հարությունյանից 28.935.200 ՀՀ դրամ, ինչպես նաև տույժեր բռնագանձելը: Հայցադիմումը Դատարան է ներկայացվել 27.10.2015 թվականին: Գործով որպես պատասխանող ներգրավված Էդուարդ Հարությունյանը սնանկ է ճանաչվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2016 թվականի թիվ ԵԿԴ/0029/04/16 վճռով: Ելնելով ներկայացված պահանջի բնույթից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման տեսքով, և որի լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության: Սակայն մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, դեռևս 25.01.2017 թվականին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է: Դատարանը հայցը բավարարելու մասին վճիռ է կայացրել 10.02.2017 թվականին: Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել 27.05.2020 թվականին, այսինքն` սնանկության գործն ավարտվելուց շուրջ երեք տարի հետո`չանդրադառնալով հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման այլ հնարավորություններին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանը մի դեպքում արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից չի կարող պարտապանից գումար բռնագանձելու մասին վարույթ սկսվել, իսկ այդպիսի պահանջի առկայության դեպքում դրանք պետք է կենտրոնանան սնանկության վարույթում, մյուս կողմից էլ սնանկության գործն արդեն իսկ ավարտված լինելու պայմաններում սահմանափակվել է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանին պահանջ ներկայացնելու իրավունքը: Մինչդեռ սնանկության վարույթի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է և տվյալ դեպքում սնանկության գործն ավարտված լինելու պայմաններում, պարտատերն իր իրավունքների պաշտպանության այլ հնարավորություն չի ունեցել:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանել հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին , ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում այդպիսի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով 19.02.2019 թվականի որոշումը):
Վերաքննիչ դատարանը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը 25.12.2006 թվականի խմբագրությամբ, մինչդեռ նշված իրավանորմը՝ 17.06.2016 թվականի ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերախմբագրվել է: Նշված օրենքն ուժի մեջ է մտել 23.07.2016 թվականին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով կիրառել է իրավաբանական ուժը կորցրած իրավական նորմ, որը տվյալ դեպքում կիրառելի չէր։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին վերաքննիչ բողոքը հիմնավոր համարելով, հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատարանի 10.02.2017 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ նշելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, այնպես էլ՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.02.2017 թվականի վճռին` նույն որոշման պատճառաբանություններով:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի խախտում վերագրելու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝
1) «Վերաքննիչ դատարանը սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը 25.12.2006 թվականի խմբագրությամբ, մինչդեռ նշված իրավանորմը՝ 17.06.2016 թվականի ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով վերախմբագրվել է: Նշված օրենքն ուժի մեջ է մտել 23.07.2016 թվականին: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով կիրառել է իրավաբանական ուժը կորցրած իրավական նորմ, որը տվյալ դեպքում կիրառելի չէր»․
2) «Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ գործի վարույթը կարճել է՝ անտեսելով, որ մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը՝ դեռևս 25.01.2017 թվականին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է»։
Վերը նշված առաջին շարժառիթի առումով հայտնում եմ իմ անհամաձայնությունն այն մասին, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը կիրառել է ոչ թե 25.12.2006 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, այլ՝ 05.02.2011 թվականի խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը։
Ինչ վերաբերում է վերը նշված երկրորդ շարժառիթին, ապա կարծում եմ, որ այն ևս չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանող Էդուարդ Հարությունյանը թիվ ԵԿԴ/0029/04/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11․07․2016 թվականի վճռով ճանաչվել է սնանկ։ Նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
Վերը նշված վճիռը կայացվելուց հետո սույն գործով 05․09․2016 և 30․01․2017 թվականներին տեղի է ունեցել դատաքննություն, իսկ սույն գործով վճիռը հրապարակվել է 10․02․2017 թվականին։
Մինչև սույն գործով վճիռը հրապարակելը՝ 25․01․2017 թվականին Էդուարդ Հարությունյանի վերաբերյալ սնանկության գործն ավարտվել է։
Նման պայմաններում, հիմք ընդունելով սույն գործի հարուցման հիմք հանդիսացող հայցի առարկան, պատասխանող Էդուարդ Հարությունյանի դատավարական կարգավիճակը, գտնում եմ, որ Էդուարդ Հարությունյանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև նրա վերաբերյալ սնանկության գործն ավարտելու մասին դատական ակտ կայացնելը Դատարանում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն, առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որի պայմաններում սույն գործով հայցվորը կարող էր իր պահանջը մինչև սնանկության գործն ավարտելու մասին դատական ակտ կայացնելը ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում, սակայն Դատարանն այդ ժամանակահատվածում գործի վարույթը չի կարճել։
Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով Դատարանի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին, դատական ակտի եզրափակիչ մասի առումով, ըստ էության, կայացրել է ճիշտ դատական ակտ՝ թեկուզև կիրառելով այն նորմը, որը չպետք է կիրառեր։
Դատավոր` |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: