ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1197-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ ու 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետերի պահանջները`
1. Ստեղծել ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով):
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1197-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1197-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործման և ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման և տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց համարժեք փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացնող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:
2. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշումներով ու սույն աշխատակարգով:
3. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որն ուսումնասիրում է փոխհատուցում տալու վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների ներկայացրած դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը և առաջարկություններ է ներկայացնում փոխհատուցում տրամադրելու կամ այն մերժելու մասին՝ սույն աշխատակարգով սահմանված կարգով: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն է:
4. Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը: Նիստերը հրավիրվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ փոխհատուցում տալու դիմումների առկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստն իրավազոր է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ կամ հրավերով նիստերին կարող են ըստ անհրաժեշտության մասնակցել նաև դիմում ներկայացրած և (կամ) նիստի օրակարգի շրջանակներում քննարկվող հարցերի հետ առնչություն ունեցող անձինք՝ առանց քվեարկության իրավունքի: Ներկայացված դիմումների վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկություններն ընդունվում են նիստին ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
6. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպականտեխնիկական աշխատանքների և անհրաժեշտ գրագրությունների իրականացումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումների և կից փաստաթղթերի ընդունումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որի ներկայացուցիչը հանդիսանում է միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը, ով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ չէ: Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը.
3) միջգերատեսչական հանձնաժողովի անունից դիմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման չափը գնահատելու համար.
4) իր բացակայության դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
8. Միջգերատեսչական հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին և քվեարկում.
2) ներկայացնում է առաջարկություններ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության, միջգերատեսչական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ, կարող է ներկայացնել հատուկ կարծիք՝ միջգերատեսչական հանձնաժողովի ընդունած առաջարկությունների վերաբերյալ.
3) ծանոթանում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:
9. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`
1) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին.
2) փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ ստացված դիմումները և համապատասխան փաստաթղթերի պատճենները, ռազմական դրության հետևանքների վերացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքի ու այլ միջոցների օգտագործումը և օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ներգրավումը հաստատող փաստաթղթերը՝ տրված գույքը և այլ միջոցներն օգտագործած ու տրանսպորտային միջոցներ ներգրաված մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշմամբ սահմանված կարգով գնահատված փոխհատուցման չափի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստին.
3) վարում է նիստի արձանագրումը և կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները.
4) միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի ստորագրմանն է ներկայացնում ընդունված առաջարկությունները.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
10. Ֆիզիկական և իրավաբանական անձինք փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն են ներկայացնում դիմում, անձը հաստատող (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի) և գույքի կամ այլ միջոցի կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթերի պատճենները: Սույն կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր առաջարկվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ այդ ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ դիմումի մերժման մասին՝ նշելով նաև մերժման հիմքերը:
11. Միջգերատեսչական հանձնաժողովը փոխհատուցում տալու կամ փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին առաջարկություններն ընդունում է սույն աշխատակարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերի հիման վրա՝ մեկամսյա ժամկետում: Փոխհատուցում տալու մասին առաջարկությունը, ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, և ստացված դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով: Փոխհատուցում տալու մասին առաջարկությունում պարտադիր նշվում է փոխհատուցման չափը: Փոխհատուցման տրամադրումը մերժելու մասին առաջարկությունում պարտադիր նշվում են մերժման հիմքերը, և առաջարկությունն ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է դիմումատուին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |